PropellerAds

Friday, June 8, 2012

Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները. ՀԱԿ հայտարարություն

  Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի են ունեցել հրադադարի խախտման դեպքեր, ինչը հանգեցրել է ողբերգական հետեւանքների։ Ադրբեջանի ռազմական մեքենան դիվերսիոն հարձակումներ է գործել սահմանային Չինարի, Ոսկեպար, Ճամբարակ, Հորադիզ բնակավայրերի շրջաններում, ինչի հետեւանքով կան մարդկային զոհեր և ավերածություններ։ Դիվերսիոն հարձակումները հետ մղելիս զոհված զինծառայողները Հայաստանի Հանրապետության հերոսներ են։ Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է զոհվածների հարազատներին եւ իր զորակցությունը հայտնում սահմանամերձ գոտու բնակիչներին։
  
  Ակնհայտ է, որ գործելով մարդկային կյանքեր արժեցած այս բացահայտ դիվերսիան, քստմնելի հանցագործությունը՝ Ադրբեջանը յուրահատուկ քաղաքական ուղերձ է հղում Հայաստանին եւ միջազգային հանրությանը։ Սրանով նա ողջ աշխարհին շանտաժի է ենթարկում՝ ռազմական գործողությունների դիմելու միջոցով փոխել հաստատված ստատուս քվոն։
  
  Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները։ Դրանցով նա խախտում է նաեւ ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնական` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները: Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ ագրեսիայի դիմելու եւ լայնածավալ պատերազմ հրահրելու դեպքում հանդիպելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի եւ ժողովուրդների միահամուռ դիմադրությանը։

No comments:

Post a Comment