Մեզանից վախենում են, որովհետև մրցակցությունը հավասար պայմաններում նրանց ոչ մի շանս չի թողնում: Իսկ մրցակցից ազատվելը այս իրողությունից ազատվելու լավագույն միջոցն է: Չկա մրցակից ՝ չկա մրցակցություն: Սակայն մարդկության փորձը մեզ ցույց է տալիս, որ սա շատ անգամ արդեն փորձված և նույնքան անգամ ձախողված մեթոդ է: Եթե չկա մրցակցություն, ապա չի կարող լինել նաև առաջընթաց և զարգացում , ինչը իր հերթին կարող է բերել ետընթացի ու կործանման:
Մրցակցությունը դա առողջ և անդադար գործընթաց է, որը թույլ է տալիս նույնիսկ լավագույն արդյունքը դարձնել էլ ավելի լավը: Օրինակ՝ ֆուտբոլի թիմը պարտված առաջին խաղակեսից հետո երկրորդ խաղակեսին դուրս է գալիս ոչ թե հրացաններով վերացնելու մրցակցին, այլ մարզչի կողմից մշակված և էլ ավելի կատարելագործված խաղային ոճով: Շախմատիստը չի գնդակահարում իրեն շախի մատնած հակառակորդին , իսկ երբ իմանում է , որ եզրափակչում պետք է խաղա ուժեղ մրցակցի հետ, սկսում է կատարելագործել ու հղկել սեփական խաղը:
Մեր իրականության մեջ տեղի է ունենում լիովին հակառակ մի գործընթաց: Շատերը , տեսնելով ուժեղ մրցակից ցանկացած բնագավառում, ոչ թե ձգտում են իրենք ուժեղանալ, այլ սկսում են արագորեն նրան վերացնելու ճանապարհներ փնտրել: Օրինակ օլիգարխները ՝ օգտագործելով պետական մեխանիզմները, հաստատում և ամրապնդում են սեփական մենաշնորհները, հասարակ քաղաքացին ստիպված է օր ու գիշեր հեռուստատեսությամբ նայել անորակ սերիալներ ու հաղորդումներ, ստանալ իրականության հետ ոչ մի կապ չունեցող տեղեկատվություն: Պատճառը մեկն է: Չկան մրցակիցներ , չկա այլընտրանք: Նրանք ուղղակի վերացված են:
Նույնը արել ու փորձում է անել իշխանությունը, որը տարիներ շարունակ անհաջող փորձեր է արել վերացնել ընդիմությանը ՝ Հայ ազգային կոնգրեսին, ցանկացել է արմատախիլ անել, արյան մեջ խեղդել բողոքի ցանկացած ալիք:
Այս գործելավոճին են հավատարիմ նաև իշխանությանը սպասարկող «ընդիմությունները», որոնք շատ լավ գիտակցելով իրենց համար Հայ ազգային կոնգրեսի հետ մրցակցության կործանարար(նրանց իսկ կեղծ լինելու պատճառով) լինելը մեկ անգամ չէ, որ անհույս ու էժանագին փորձեր են կատարել վերջինիս խաղից դուրս թողնելու ուղղությամբ:
Բայց երբ ժողովրդի դեմ օգտագործված են բոլոր զենքերը, իսկ ժողովուրդը նույն և էլ ավելի մեծ համառությամբ է կանգնած ու պատրաստ է կանգնել մինչև վերջ, ուրեմն այլևս սպառված են ոչ մրցակցային ճանապարհով իշխանություն պահելու բոլոր ռեսուրսները: Իսկ մրցակցության պայմաններում ավազակապետության գոյության շանսերը հավասար են զրոյի:
Իշխանություններին մնացել է միայն մեկ քայլ ՝ գնալ բանակցությունների ընդիմության հետ, որից հետո փորձել մրցել նրա հետ արտահերթ ընտրություններում: Հակառակ դեպքում Հայ ազգային կոնգրեսը կգնա արտահերթ ընտրությունների արդեն առանց ավազակապետության ներկայացուցիչ մրցակիցների...
Իշխանություններին մնացել է միայն մեկ քայլ ՝ գնալ բանակցությունների ընդիմության հետ, որից հետո փորձել մրցել նրա հետ արտահերթ ընտրություններում: Հակառակ դեպքում Հայ ազգային կոնգրեսը կգնա արտահերթ ընտրությունների արդեն առանց ավազակապետության ներկայացուցիչ մրցակիցների...
No comments:
Post a Comment