PropellerAds

Thursday, January 19, 2012

Հայ Ազգային Կոնգրեսի` Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ


Ընտրական համակարգի արատները 

  2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների աղմկալի ընթացքից, ետընտրական հուզումներից եւ դրանց հետ կապված միջազգային ճնշումներից հետո Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ եղան ընտրական կեղծիքների այնպիսի մի համակարգի ձեւավորմանը, որը թույլ կտա առավել աննկատ դարձնել կեղծիքները տեղական եւ միջազգային դիտորդների համար, կնվազեցնի ինչպես վերջիններիս, այնպես էլ` ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացի վերահսկելիությունը:



1. Մշակված համակարգի առանցքը կազմում է հանրապետությունից բացակա մոտ 500,000 քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող, բայց ընտրություններին չմասնակցած քաղաքացիների զգալի մասի ապօրինի հաշվառումը որպես քվեարկությանը մասնակցած քաղաքացիների եւ նրանց ձայների կեղծումը հոգուտ կառավարող ուժի: Այդ նպատակով իշխող ուժը ստեղծել է հազարավոր մարդկանց կազմակերպված մի բանակ, որը ընտրության օրը մասնակցում է ընտրակեղծիքների իրականացմանը կամ՜ որպես ընտրական հանձնաժողովների անդամներ, կամ՜ կառավարության կողմից վերահսկվող ուժերի վստահված անձինք, կամ՜ որպես հատուկ դերակատարություն ստանձնած ընտրողներ` կեղծ քվեարկողներ: Մասնավորապես, կեղծ քվեարկողները, օգտվելով այն հանգամանքից, որ տեղամասերում իրենց փաստաթղթերը ստուգողները եւ մատյանում համապատասխան գրառումներ կատարողները, հատուկ գաղտնանշանների կամ գաղտնաբառերի փոխանակման շնորհիվ, թույլ են տալիս նրանց անարգել քվեարկել հանրապետությունից բացակա կամ քվեարկությանը չմասնակցած քաղաքացիների փոխարեն, ամբողջ օրվա ընթացքում բազմաթիվ տեղամասերում բազմակի քվերկություն են կատարրում հօգուտ իշխող քաղաքական ուժի:

2. Ընտրակեղծիքների մեկ այլ աղբյուրը պետական իշխանության մարմինների կողմից /սոցիալական ապահովության պետական ծառայություն, ոստիկանություն, բանակ, համատիրություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ/ տարատեսակ ճնշումների համար խոցելի ընտրողների հաշվարկումն է, այդ ճնշումների կազմակերպումը, ընտրակաշառքի միջոցով նրանց ձայների գնումը, ընտրության օրը նրանց կազմակերպված կերպով, հատուկ տրամադրված հանրային եւ մասնավոր տրանսպորտի միջոցով դեպի տեղամասեր փոխադրումը, նրանց քվեարկության վերահսկումը:

3. Գյուղական տեղամասերում, ինչպես նաեւ այն տեղամասերում, ուր թույլ է լինում լրագրողական կամ դիտորդական վերահսկողությունը, քաղաքացիներին պարտադրվում է բաց քվեարկություն:

4. Վստահված անձանց նկատմամբ կիրառվում են բարոյահոգեբական ճնշումներ, ներառյալ սպառնալիքներ եւ կաշառքի առաջարկներ, ինչպես նաեւ բռնություններ, ինչի շնորհիվ վստահված անձանց կամ ստիպում են լռել ապօրինությունների մասին եւ հաստատել կեղծված արդյունքները, կամ ուղղակի վտարում են ընտրատեղամասից: Ճնշումների իրականացման համար օգտագործվում են տեղական կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները, որոնք անարգել թափանցում են տեղամասերը, իսկ որոշ դեպքերում նույն նպատակով օգտագործվում են նաեւ ոստիկանները:

5. Ձայների կեղծման մի հսկայական աղբյուր է բանակը. զինվորներին ստիպում են քվեարկել մի քանի տեղամասում, սպաների հսկողությամբ տեղի է ունենում բաց քվեարկություն:

6. Հայաստանի Խորհրդարանի 131 տեղից 41-ը որոշվում են մեծամասնական քվեարկությամբ, ինչը նույնպես նպաստում է ընտրական համակարգի կոռումպացմանը եւ ընտրակեղծիքներին: Այդ 41 ընտրատարածքներում առաջադրվում են օլիգարխներ կամ տեղական «հեղինակություններ», որոնք ընտրակեղծիքների կազմակերպման գործում համագործակցում են իշխանությունների հետ: Մեծամասնական մանդատ ստանալու փոխարեն նրանք պարտավորվում են իրենց ողջ ռեսուրսը` ֆինանսական, ուժային եւ կրիմինալ, օգտագործել նաեւ համամասնական քվեարկության համար անհրաժեշտ կեղծիքները ապահովելու նպատակով:

7. Նախընտրական քարոզչության համար նախորդ ընտրություններում սահմանված էր չափազանց փոքր ժամանակ`2-ից 4 րոպե օրական, իսկ հեռարձակումը կատարվում էր մարդկանց համար անհարմար ժամանակ` ժամը 17.00-18.00-ի միջակայքում` հեռուստադիտողների լսարանը նվազագույնի հասցնելու նպատակով:





Ընտրական գործընթացը առավելագույնս թափանցիկ եւ օրինական դարձնելուն ուղղված առանցքային առաջարկներ



1. Բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին պետք է թողնել թանաքի կայուն հետք:

2. ԱԺ ընտրական համակարգից իսպառ պետք է բացառել մեծամասնական ընտրակարգը, բոլոր 131 տեղերը համալրել համամասնական ընտրակարգով:

3. Վստահված անձանց եւ դիտորդներին պետք է թույլատրել ծանոթանալ ստորագրված ընտրացուցակներին եւ ստանալ դրանց պատճենները, կամ քվեարկությունից հետո տեղամասի պատին փակցնել ստորագրված ընտրացուցակները, ինչը թույլ կտա դիտորդների եւ վստահված անձանց ստուգել դրանց իսկությունը եւ բացառել Հայաստանից բացակա քաղաքաացիների փոխարեն քվեարկությունը:

4. Համաձայն օրենքի պահանջի անհրաժեշտ է մաքրել ընտրական ռեգիստրը Հայաստանից մշտապես եւ առավելապես բացակայող քաղաքացիներից: Ընտրական օրենսգրքի 7.1 հոդվածում ասված է, որ «Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի և համայնքների: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:» Հայաստանից դուրս ապրող քաղաքացիների համար նախատեսցած է ընտրելու համար հաշվառվելու այլ կարգ: Համաձայն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 7.2 հոդվածի «Հայաստանի տարածքից դուրս վեց ամիս եւ ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանըկամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարողին»: Մյուս կողմից, համաձայն Ընտրական օրենգրքի 2.5 հոդվածի, «Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ըտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցում են սույն օրենքով սահմանված կարգով ընտրողների լրացուցիչ ցուցակում ընգրկվելու դեպքում:» Հայաստանի իշխանությունները, ի խախտումն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 12.1 հոդվածի համալրել են պետական ռեգիստրը ոչ թե, ինչպես օրենքն է պահանջում, Հայաստանի Հանրապետությունում բնակվող, այլ նախկինում հաշվառված, սակայն մշտապես կամ առավելապես արտասահմանում բնակվող անձանց տվյալներով: Իշխանությունները պարտավոր են շտկել այդ ապօրինության հետեւանքները: Պետությունը պետք է լրացուցիչ միջոցառումներ եւ, եթե անհրաժեշտ է, նաեւ օրենսդրական փոփոխություններ ձեռնարկի` վերոհիշյալ կարգը իրագործելու համար, ինչը թույլ կտա հանել ընտրական ցուցակներից մոտ 500,000 քաղաքացիների, որոնց անունները օգտագորվում են ընտրակեղծիքների համար, բայց մյուս կողմից կպահպանի նրանց համար օրինականորեն ընտրական իրավունքից օգտվելու հնարավորությունը լրացուցիչ ցուցակների միջոցով:

5. Պետք է լրիվ եւ մշտապես բացել ընտրական ռեգիստրը հանրության համար, ինչպես պահանջվում է Ընտրական օրենգրքի 7.4 հոդվածով. «Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, իսկ համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է»: Հակառակ օրենքի այդ դրույթի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամբողջական ցուցակը հրապարակում է միայն ընտրություններից 41օր առաջ, մինչդեռ նույն ամբողջական ցուցակը ըստ համայնքների պետք է լիներ կայքի մշտական և անբաժանելի մաս: Ցուցակի հրապարակումը թույլ կտա ավելի տեւական վերահսկողություն կատարել ցուցակի մաքրությունը ապահովելու նպատակով:

6. Հանրային հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տեւողությունը պետք է սահմանել օրական մինչեւ 15 րոպե, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ի միջակայքում։

7. Բոլոր տեղամասերում եւ դրանց մուտքի մոտ պետք է տեղադրել տեսախցիկներ, որոնք կտեսագրեն քվեարկության, ձայների հաշվարկման եւ արդյունքների ամփոփման ողջ ընթացքը: Վստահաված անձի պահանջով տեսագրության պատճենը պետք է տրամադրվի նրան:

8. Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովները պետք է ձեւավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը` դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը:

9. Պետք է ապահովել քաղաքացիական վերահսկողության հնարավորություն զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակների նկատմամբ: Բազմակի քվեարկումը կանխելու նպատակով զինվորականների ընտրական ցուցակները պետք է տրամադրել ԿԸՀ-ին եւ հնարավորություն ընձեռել այնտեղ գրանցված վստահված անձանց ունենալ այդ ցուցակների ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ տեղամասերի տարանջատված թվային տվյալները։


No comments:

Post a Comment