PropellerAds

Wednesday, June 6, 2012

Կոնգրեսի երիտասարդները ցուցմունք տվեցին

Հիշեցնեմ, որ 2011 թվականի օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը: 
Առաջինը հարցաքննվեց Արտակ Կարապետյանը: Նա պատմեց միջադեպի մասին, ըստ էության` հաստատելով Տիգրանի ցուցմունքը, նշելով, որ ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ 2 երիտասարդի խուզարկող կարմիրբերետավորները, տեսնելով Տիգրան Առաքելյանին, ասել են` «սրանք լեւոնականներ են», վիճաբանություն են սկսել, հարվածել ու գետնին են գցել Տիգրանին, իսկ հետո` Արտակին: Ըստ Արտակ Կարապետյանի ցուցմունքի, երբ ինքը տեսել է Տիգրանին գետնին ընկած, փորձել է կռանալ, որ օգնի, իրեն էլ են խփել ոստիկանները. «Ես այդ ժամանակ մտածում էի` հանկարծ շորերս չճղվեն, որովհետեւ մտածում էի` տուն եմ գնալու, ծիծաղելի տեսք չունենամ, չգիտեի` ինչ է լինելու դրանից հետո: Ձեռքերս կապելու ժամանակ ակնհայտ լկտի կերպով էին անում հասարակության մեջ` Տերյանով քարշ տալով տանելով: Ես չգիտեմ` ինչն էր իրենց նպատակը, թե` տեսեք, ի՞նչ կանենք բոլորիդ, հասարակությանը ցույց տալու՞, որովհետեւ ես մտադիր չէի դիմադրել: Ինձ տարել են երկու պարեկային, չեն բացատրել, թե ուր են տանում, ինչի համար»:

Արտակը պատմեց նաեւ, որ արդեն ոստիկանության բաժնում օպերլիազոր Կարենը իրեն գետնին է տապալել, քարշ տվել, նստել վրան ու դեմքին հարվածներ հասցրել` ասելով. «Ինձ չես ճանաչում, նայի, որ ճանաչես»:

«Ի՞նչը դրդեց, որ դուք պոկեք ոստիկանի ուսադիրները». մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի այս հարցը` ուղղված Արտակ Կարապետյանին, ներկաների դժգոհությունը հարուցեց, քանի որ, բացի ոստիկանների սուտ ցուցմունքներից, այլ փաստ չկա, որ նման բան եղել է:

Արտակից հետո ցուցմունք տվեց Սարգիս Գեւորգյանը: Նա եւս պատմեց, որ Կարեն անունով օպերը մյուս երիտասարդներին նույնպես հայհոյել է, ինչին Սարգիսը պատասխանել է հայհոյանքով: «Ես հայհոյեցի Կարենին, որ սթափվի, բայց չսթափվեց, ավելի կատաղեց»,- ասաց Սարգիսը: Մեղադրող դատախազի հարցին` Գեւորգյանի կարծիքով, ոստիկանին մայր հայհոյելը սթափեցնե՞լ է, Սարգիսը ասաց. «Ես ոստիկանին երբեք չեմ հայհոյում, ես հայհոյել եմ ինչ-որ մարդու, ով ներխուժել էր ոստիկանական բաժին, ծեծի էր ենթարկում Արտակին, հետո` լկտիաբար հայհոյում: Էդ մարդը չի ներկայացել. եթե ես ճիշտ գիտեմ` ոստիկանը պետք է ներկայանա խոսելուց առաջ: Ես Կենտրոնի ոստիկանության բաժնում չեմ եղել, որովհետեւ այնտեղ, որտեղ մենք գտնվում էինք` դա Կենտրոնի ոստիկանության բաժին չէր, դա մի վայր էր, որտեղ ինչ-որ մարդիկ ներկայանում էին ոստիկան, բայց պահում էին իրենց` ինչպես շարքային հանցագործներ: Ես իրենց էլ եմ ասել դա»:

Մեղադրողի հարցին, թե Խնկո-Ապոր գրադարանի մոտ ի՞նչն էր ստիպել իրեն` մոտենալ Տիգրանին ու Արտակին, Սարգիսը ասաց. «Իմ միջամտությունը կապված էր նրա հետ, որ Արտակի ու Տիգրանի առողջությանն ու կյանքին վտանգ էր սպառնում, եւ ես չէի կարող մնացածի պես հետեւել, թե ինչպես են ծեծի ենթարկում նրանց»: Հիշեցնենք, որ միջադեպի սկզբում Սարգիս Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը եւ մյուս ամբաստանյալը` Դավիթ Քիրամիջյանը, ներկա չեն եղել, նրանք Կարապի լճի մոտ զբոսնելիս իրարանցում են նկատել, մոտեցել են եւ տեսել` ոստիկանները ծեծի են ենթարկում Տիգրանին ու Արտակին:

Մեղադրող դատախազի հարցին, թե ի վերջո` ինչու՞ է նա խառնվել ոստիկանների գործողություններին, Սարգիսը ասաց. «Հարգելի մեղադրող, դուք ամենալավը պետք է իմանաք, որ ոստիկանությունը, ինչ ուզում ա արած լինի քաղաքացին, իրավունք չունի գետնին գցել ու ծեծի ենթարկել քաղաքացուն: Իրավունք ունի ուժ գործադրելով տանել բաժին: Օրենքով սահմանվա՞ծ է` հինգ ոստիկանով մի քաղաքացուն ծեծի ենթարկել»: Սարգիսը նշեց նաեւ, որ բերման ենթարկելիս կարմիրբերետավորները որեւէ պահանջ չեն ներկայացրել, որպեսզի ինքն այդ պահանջը կատարած լինի կամ չլինի:

Մեղադրող կողմը նաեւ հետաքրքրվեց` դեպքի վայրում հասարակական կարգը խախտվե՞լ է: Սարգիսը պնդեց, որ խախտվել է ոստիկանության կողմից. «Նրանց հայհոյանքները հասարակությանը մեծ վնաս են հասցրել ու տրավմայի են ենթարկել»:

Դավիթ Քիրամիջյանը երեկվա իր դատաքննական ցուցմունքում նշեց, որ օգոստոսի 9-ի միջադեպի ժամանակ ոստիկաններին չի դիմադրել, չի հայհոյել, իսկ ոստիկանները բռնություն են գործադրել իր ու իր ընկերների նկատմամբ: «Եւ այդ ամենը հիմք է դարձել այս շինծու դատավարության»,- ասաց Քիրամիջյանը:

Աղբյուրը` Հայկական Ժամանակ

No comments:

Post a Comment