PropellerAds

Tuesday, January 3, 2012

Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում (մաս 6)



Ներկայացված է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության կողմից
9 օգոստոսի, 2011թ., Երեւան


2. «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ծրագրի ձախողում
 
  Վատ կառավարման հետեւանքով Հայաստանը զրկվել է միջազգային օգնության այնպիսի կարեւոր ծրագրից, ինչպիսին Հազարամյակների մարտահրավերների ծրագիրն էր: Այդ ծրագրով, որն իրականացնելու նպատակով Հազարամյակների մարտահրավերների կորպորացիան 2006 թ. պայմանագիր կնքեց Հայաստանի հետ, նախատեսվում էր Հայաստանին հատկացնել 235, 650 միլիոն ամերիկյան դոլար: Այդ ընդհանուր թվից Հայաստանին հատկացվել էր ընդամենը 32 միլիոն դոլար, երբ 2009 թ. Կորպորացիան դադարեցրեց Հայաստանի ֆինանսավորումը՝ հիմնավորելով իր որոշումն այն հանգամանքով, որ Կորպորացիայի սահմանած 17 չափանիշներից 8-ի դեպքում Հայաստանի միավորները ցածր էին միջին կետից: Մասնավորապես, Հայաստանի իշխանություններն անբավարար գնահատականներ էին ստացել քաղաքական իրավունքների, քաղաքացիական ազատությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, օրինականության ապահովման, հանրությանը հաշվետու լինելու, առողջապահությանը հատկացվող ծախսերի, կրթությանը հատկացվող ծախսերի եւ դրամավարկային քաղաքականության բնագավառներում: Հատկապես աղաղակող է Հայաստանի իշխանությունների ստացած միավորը կոռուպցիայի դեմ պայքարի կամ ավելի ճիշտ` դրա բացակայության համար: Նույնիսկ այդ որոշումից երկու տարի անց Հայաստանի միավորները մնում են անմխիթարական:

Այս ծրագրի հիմնական նպատակը գյուղական ենթակառուցվածքների` ոռոգման համակարգերի եւ ճանապարհների նորոգմանն ու կառուցմանն էր ուղղված, ինչը հնարավորություն կտար չքավորության դուռը հասած տասնյակ հազարավոր գյուղական ընտանիքներին մի փոքր բարելավել իրենց տնտեսական վիճակը եւ խուսափել արտագաղթելու պարտադրանքից:

Արտագաղթ
Արտագաղթն այլեւս դարձել է ազգային անվտանգության խնդիր։ Ըստ ՀՀ միգրացիոն ծառայության տվյալների՝ 2007թ. մեկնողներից Հայաստան չեն վերադարձել 3.223 մարդ, 2008թ.՝ 23.059 մարդ, 2009թ.` 24.978 մարդ, 2010թ.՝ 29.860 մարդ։ Միայն այս տարվա առաջին կեսում, համաձայն ՀՀ Միգրացիոն ծառայության «Ընթացիկ միգրացիոն իրավիճակի» տվյալների, արտաքին միգրացիայի բացասական սալդոն կազմել է - 67.272 մարդ։ Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի՝ ուղեւորների հաշվառման տվյալների` 2011թ. հունվար-հունիս ամիսներին միգրացիայի բացասական մնացորդը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 15.0 հազարով, կամ 28.6%-ով եւ կազմել է -67,3 հազար մարդ, միեւնույն ժամանակ նշելով, որ ՀՀ քաղաքացիների մասով բացասական սալդոն կազմել է -89.3 հազար մարդ։

Եթե նկատի ունենանք 2008-2010թ.թ. արձանագրված սեզոնային միգրացիոն օրինաչափությունները, ապա անգամ աշնանը արտագնա աշխատանքի մեկնածների «վերադարձի սեզոնից» հետո չվերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը կարող է կազմել40- 45.000 մարդ։

Արտագաղթի պաշտոնական տվյալներն ու դրանց ցուցադրած միտումը ինքնին խիստ մտահոգիչ են, սակայն դրանք էականորեն նվազեցված են, իսկ իրականությունն ավելի մռայլ է։ ՀՀ միգրացիոն ծառայության տվյալներով` 1998 -2010թ.թ. հանրապետությունից մեկնողների եւ վերադարձողների հաշվեկշիռը կազմել է. 1998թ.՝ -24.400 (միայն օդային տրանսպորտով), 1999թ.՝ -7000 (միայն օդային տրանսպորտով), 2000թ.՝ -57.500, 2001թ.՝ -60.400, 2002թ.` -2.700, 2003թ.՝ -10.200, 2004թ.` +2.060, 2005թ.` +12.500, 2006թ.՝ +21.800, 2007թ.՝ -3.223, 2008թ.՝ -23.059, 2009թ.՝ -24.978, 2010թ.՝ -29.860 Այսինքն՝ 1998-2010թ.թ. արտագաղթողների թիվը ներկայացվում է 182.560՝ բնակչության թվաքանակի (մոտ 3.200.000) 5.7%-ը։ Սակայն նույնպես պաշտոնական այլ տվյալներ միջնորդավորված ցուցադրում են արտագաղթի իրական ծավալի շատ ավելի սահմռկեցուցիչ պատկեր։ Մասնավորապես.

- Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների` 1998թ. Հայաստանում հանրակրթական դպրոցների աշակերտների թվաքանակը կազմել է 602.500 մարդ: Միեւնույն ժամանակ, ԱՎԾ կողմից հրապարակված «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2010» փաստաթղթի տվյալներով, վերջին 10 տարիներին հանրակրթական դպրոցների աշակերտների թվաքանակի բացասական փոփոխության դինամիկան ունի հետեւյալ տեսքը.


Թվական
Բացարձակ արժեք Նախորդ տարվա համապատասխան
ժամանակաշրջանի նկատմամբ (%)
2010
2009
2008
2007
2006
2005
2004
2003
2002
2001
2000

370892.0
392946.0
414781.0
431280.0
465403.0
477857.0
488124.0
501886.0
523079.0
538436.0
566590.0
94.4
94.7
96.2
92.7
97.4
97.9
97.3
95.9
97.1
95
97.1


Ընդ որում` 2010-11թ.թ. հանրակրթական դպրոցների աշակերտների թվաքանակն առաջին անգամ ներառում է նաև 11-րդ դասարանցի 39018 աշակերտների: 11-րդ դասարանցիների թիվը չհաշվարկելու պարագայում, աշակերտների թիվը կազմում է331874 մարդ: Այսինքն՝ 1998թ. համեմատությամբ դպրոցականների թիվն իրականում կրճատվել է 45%-ով, ինչը ոչ մի կերպ չի կարող բացատրվել բնակչության 5.7%-անոց արտագաղթով, եթե անգամ նկատի ունենանք նաեւ դպրոցականների թվի կրճատման հնարավոր որեւէ այլ պատճառ։

- Հայտնի է, որ Հայաստանում 6-18 տարեկանների (դպրոցական տարիք) թվաքանակը մշտապես տատանվել է բնակչության ընդհանուր թվի 17-22 տոկոսի սահմաններում: Ստացվում է, որ, ըստ այդմ՝ այսօր ՀՀ բնակչության իրական թիվը կարելի է հաշվել շուրջ 2.000.000։ Եթե անգամ շռայլորեն նկատի ունենանք «նրբությունները» (ինչպես օրինակ՝ որ արտագաղթել են հիմնականում երիտասարդ ընտանիքները, իջել է ծնելիությունը, դպրոցահասակների մի մասը սոցիալապես հնարավորություն չունի դպրոց հաճախել եւ այլն), այս թիվը կարող է բարձրանալ առավելագույնը 2.3-2.5 միլիոնի։ Ինչը նշանակում է, թե 1998-2010թ.թ. արտագաղթի պաշտոնական թվերի գումար 136.764-ը պետք է առնվազն հնգապատկել։ Ասել է թե՝ վերջին երեք տարվա արտագաղթողների թիվը կլինի ոչ թե 77.897 (2008թ.՝ -23.059, 2009թ.՝ -24.978, 2010թ.՝ -29.860), այլ մի քանի անգամ ավելի՝ չհաշված 2011թ. համար արդեն ակնհայտ 40-45.000-ը։

Եւս մի ցուցանիշ. վերջին 10 տարում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի բնակչության թիվն աճել է 1%-ով, այնինչ վիճակագրական բոլոր տվյալները ցույց են տալիս, որ խաղաղ պայմաններում երկրի բնակչությունը պետք է աճեր 10-15%-ով։

Արտագաղթի այս մռայլ ֆոնին պակաս մտահոգիչ չեն Հայաստանի ժողովրդագրական պատկերի ակնհայտ բացասական միտումները, որոնք ներկայացված են աղյուսակում: Մասնավորապես, ըստ ԱՎԾ-ի, շուրջ 20%-ով կրճատվել է բնակչության բնական հավելաճը եւ շուրջ 6%-ով աճել է մանկական մահացությունների թիվը:

Ժողովրդագրություն
Հունիս 2011

Հունիս 2011
Հունիս 2010
Մշտական բնակչության միջին
թվաքանակը, հազ. մարդ 3264.5 100.4
Ծնելիության ընդհանուր գործակիցը,
1000 բնակչի հաշվով (‰) 12.4 95.4
Մահացության ընդհանուր գործակիցը,
1000 բնակչի հաշվով (‰) 9.1 102.2
Բնական հավելաճի գործակիցը,
1000 բնակչի հաշվով (‰) 3.3 80.5
Ամուսնության ընդհանուր գործակիցը,
1000 բնակչի հաշվով (‰) 5.8 107.4
Ամուսնալուծության ընդհանուր գործակիցը,
1000 բնակչի հաշվով (‰) 1.0 111.1
Պտղաբերության գործակիցը,
1 կնոջ հաշվով, երեխա 1.6 100.3
Կյանքի սպասվող տևողությունը
ծննդից, ընդամենը, տարի 73.1 98.9
Մանկական մահացության գործակիցը,
1000 կենդանի ծնվածի հաշվով (‰) 13.0 105.7


Արտագաղթի վերաբերյալ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագիտական շրջանակները առաջ են քաշում այն խթանող հետեւյալ պատճառները.

- սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը
- իրավազրկությունը, իրավական անպաշտպանվածությունը եւ անկախ դատարանների բացակայություն
- քաղաքական հետապնդումների առկայությունը
- կուռուպցիայի բարձր մակարդակը
- ապագայի նկատմամբ հավատի բացակայությունը

Ամենաբարձր լեգիտիմությունը ունեցող իշխանությունն անգամ այն իսպառ պիտի կորցներ՝ խաղաղ պայմաններում նման ցուցանիշներ գրանցելու համար։

Եզրափակում
ՀՀ Սահմանադրության 49 հոդվածը սահմանում է. «Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»։

Սույն փաստաթղթում բերված փաստերը վկայում են, որ գործող նախագահը չի հետեւում Սահմանադրության պահպանմանը Մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովման տեսակետից, չի կարողանում ապահովել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, ինչի հետեւանքով ջախջախվել է իշխանությունների հակակշռման սահմանադրական մեխանիզմը, գործնականում այլակերպվել են նրանց սահմանադրական գործառույթները։ Առաջացել է իշխանության քաղաքական հիմքով համընդհանուր ոչ լեգիտիմություն՝ ի հավելումն նախագահական իշխանության իրավական ոչ լեգիտիմության՝ ծագած 2008թ. նախագահական ընտրություններում։ Դրա հետեւանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանն ակնհայտորեն հայտնվել է ներքին եւ արտաքին ամենածանր մարտահրավերների, ընդհուպ՝ պետականության քայքայման, կորստի վտանգի առջեւ։

Սույն փաստաթղթում բերված տասնյակ փաստերն առանձին վերցրած բավարար հիմք են արտահերթ ընտրությունների անցկացման միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության ճանաչման համար։ Եւ հենց այդպես են վարվում աշխարհի ժողովրդավար երկրները՝ ունենալով տասնյակ այս հիմքերից թեկուզ մեկը։ Բոլոր խնդիրների համադարմանը երկրում օր առաջ սահմանադրական կարգի վերականգնումն է՝ արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումը։ Հակառակ դեպքում՝ մինչ այժմ արդեն իսկ գրանցված ահռելի վնասները կվերածվեն արհավիրքի։ Հայ ժողովուրդը 21-րդ դարում դա թույլ չի տա, բայց ընդդիմացման մեթոդները կարող են դառնալ անվերահսկելի եւ անկառավարելի, ինչը, անդառնալի կորուստներ բերելով հանդերձ, երկիրը եւ ապագա լեգիտիմ իշխանությանը կդնի ելակետային շատ վատ պայմաններում։ Խնդրի քաղաքական լուծման՝ Հայ ազգային կոնգրեսի առաջարկած ճանապարհը ապահովագրում է ազգային մասշտաբով լրացուցիչ որեւէ նոր կորստից, ինչպես նաեւ երաշխավորում խաղաղ անցում դեպի ժողովրդավարություն եւ արդյունավետ կառավարում ։

Ելնելով վերոշարադրյալ հիմնավորումներից՝ Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով Հայ ազգային կոնգրեսը առաջարկում է իշխող Կոալիցիային` համաձայնություն տալ Հայաստանում ժողովրդավարության անցման հետեւյալ ճանապարհային քարտեզին.

1. Հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ:

2. Անմիջապես հետո, սահմանված ժամկետների պահպանմամբ, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

3. Նախապես ընդունել ընտրությունների օրինականության ապահովման հետեւյալ փաթեթը.

ա. Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովները ձեւավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը` դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը:

բ. ԱԺ ընտրական համակարգից իսպառ բացառել մեծամասնական ընտրակարգը եւ բոլոր 131 տեղերը համալրել համամասնական ընտրակարգով:

գ. Առնվազն հնգապատկել Հանրային հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տեւողությունը, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ին։ Վճարովի եթերի համար վճարը սահմանել ոչ ավելի, քան բիզնես գովազդների համար։

դ. Ստորագրված ցուցակները փակցնել՝ ծանոթանալ ցանկացողների համար մատչելի տեղում, վստահված անձանց եւ դիտորդներին, ըստ պահանջի, տրամադրել դրանց պատճենները:

ե. Ապահովել քաղաքացիական վերահսկողության հնարավորություն զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակների նկատմամբ: Բազմակի քվեարկումը կանխելու նպատակով զինվորականների ընտրական ցուցակները տրամադրել ԿԸՀ-ին եւ հնարավորություն ընձեռել այնտեղ գրանցված վստահված անձանց ունենալ այդ ցուցակների ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ տեղամասերի տարանջատված թվային տվյալները։

զ. Բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին թողնվում է թանաքի կայուն հետք:

է. Բոլոր տեղամասերում եւ դրանց մուտքի մոտ տեղադրել տեսախցիկներ, որոնք կտեսագրեն քվեարկության, ձայների հաշվարկման եւ արդյունքների ամփոփման ողջ ընթացքը: Վստահված անձի պահանջով տեսագրության պատճենը պետք է տրամադրվի նրան:

ը. Ապահովել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2000 դիտորդների հրավեր՝ յուրաքանչյուր տեղամասում մեկ արտասահմանյան դիտորդ։

թ. Քարոզչության եւ իրական բազմակարծության ապահովման նպատակով հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառում ստեղծել հեռարձակման արտոնագրերի շնորհման այնպիսի համակարգ, որը քաղաքական դաշտի ողջ ներկապնակին, այդ թվում նաեւ Հայ ազգային կոնգրեսին թույլ կտա ստանալ հեռարձակման արտոնագիր եւ օգտվել հավասար հնարավորություններից։



մաս 6 http://aregevorgyan.blogspot.com/2012/01/6.html

No comments:

Post a Comment