PropellerAds

Sunday, January 15, 2012

Ի՞նչ Հայաստանի մասին ենք մենք երազում

  
  Ի՞նչ է պատկերացնում հայ մարդը՝ նորմալ երկիր ասելով, կամ ինչի՞ մասին է նա գրեթե անդադար երազում։ Որքան էլ տխուր է, ո՛չ ամենեւին հարստության, ճոխության, պերճանքի կամ ճամփորդության, այլ մարդկային ամենատարրական կարիքների բավարարման մասին։


Մար­դիկ այսօր Հայաստանում ընդամենը երազում են.

- Ունենալ մշտական աշխատանք, սեփական քրտինքով վաստակել իրենց հանապազօրյա հացը,արժանապատվությամբ հոգալ իրենց ընտա­նիք­ների ապ­րուստը, պատշաճ կերպով սնել եւ հագցնելիրենց երեխաներին, նրանց կա­նոնավոր կրթություն տալ եւ չմտահոգվել նրանց ապագայի անորոշությամբ.

- Հարկադրված չլինել արտագնա աշխատանքի մեկնելու՝ թեկուզ ժա­մա­նակավորապես լքելով իրենց ընտանիքները, չանհանգստանալ պանդխտած­ների ճակատագրով, չտառապել կարոտախտով, ինչը հատկապես բացա­սա­բար է անդրադառնում երեխաների հոգեբանության եւ դաստիարակության վրա.
- Չվախենալ, որ բանակում ծառայող իրենց զավակներին, մի հարբեցող եւ կաշառակեր հրամանատարի մեղքով, կարող է դժբախտություն պատահի կամ, զինված ուժերում առկա «ոչ կանոնադրական հարաբերությունների» պատճառով, ճարահատյալ չմտածել ծառայությունից խուսափելու մասին.

- Չենթարկվել բյուրոկրատական քաշքշուկների, չնվաստացվել պաշ­տոն­յաների կողմից, պետական մարմինների աշխատասենյակներում չհան­դի­պել կոպիտ վերաբերմունքի, օրենքով իրենց հասանելիք փաստաթղթերն ստա­նալու համար ստիպված չլինել միջնորդ-ծանոթներ փնտրել կամ կաշառք տալ.

- Միջոցների սղության պատճառով զուրկ չմնալ մարդկային փոքր հա­ճույքներից՝ ընթերցանությունից, թատրոն կամ սրճարան հաճախելուց, երե­խաներին թեկուզ էժանագին նվերներ մատուցելուց, ընկերական հանդի­պում­ներից ու ազգականներին այցելելուց, զբոսանքից ու հանգստից.

- Հպարտանալ հայրենիքի հաջողություններով եւ միջազգային ասպա­րեզում վայելած վարկով, չամաչել սեփական իշխանավորների տգիտության կամ անպարկեշտ պահվածքի համար, չբարդույթավորվել ուչընկնել հոռե­տե­սու­թյան կամ անտարբերության գիրկը, հարգել իրենց եւ հարգված լինել ուրիշների կողմից։

Մի խոսքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պար­զա­պես երազում են ապրել քիչ թե շատ նորմալ երկրում, որի մասին նրանց պատկերացումներն, ընդհանուր առմամբ, հանգում են հետեւյալին.

- Որ իշխանությունը կենտրոնացած չլինի մեկ-երկու մարդու ձեռքում, այլ լիովին ապահովվի նրա օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերի ան­կախությունը, այսինքն՝ ստեղծվի մի վիճակ, որում հանրապետության նա­խագահը, վարչապետը, Խորհրդարանը, դատավորները, ինչպես նաեւ դատա­խազությունը, նախարարություններն ու պետական մյուս կառույցները գործեն միայն Սահմանադրությամբ եւ օրենքով իրենց տրված իրա­վասու­թյունների շրջանակում.

- Որ պետության մեջ չգործեն չգրված օրենքներ, տնտեսական հա­րա­բերությունները չկարգավորվեն քրեական աշխարհի կանոններով եւ վերջ տրվի աղետալի մակարդակի հասած կոռուպցիային, որը ոչմիայն ժողովրդից կորզում է ազգային հարստության մի զգալի մասը, այլեւ լրջորեն խոչըն­դո­տում երկրի բնականոն տնտեսական զարգացմանը, չխոսած այդ երեւույթի պատ­ճառած բարոյական վնասների մասին.

- Որ ուժային մարմինները՝ ոստիկանությունը, անվտանգության ծառա­յու­թյունը, ազգային բանակը չներքաշվեն քաղաքականության կամ տնտե­սական գործունեության մեջ, այլ զբաղվեն բացառապես հանցագոր­ծու­թյուննե­րի դեմ պայքարելու, հասարակական կարգը պահպանելու եւ երկրի ան­վտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու իրենց բուն գործառույթներով.

- Որ մարդիկ չվախենան ոստիկանից, դատավորից կամ դատախազից, այլ ընդհակառակը, նրանց մեջ տեսնեն իրենց պաշտպաններին, եւ չենթարկ­վեն հարկային տեսուչների ու մաքսային ծառայության աշխատակիցների կա­մայականություններին, չարաշահումներին ու խտրական վերաբերմունքին.

- Որ գործարարության եւ ձեռնարկատիրության բնագավառներում դեր չխաղան կաշառակերությունը, հովանավորչությունը, կողմնակալությունը, եւ բոլորի համար ստեղծվեն հավասար պայմաններ՝ թույլ չտալու համար ամե­նակուլ մոնոպոլիաների ձեւավորումը.

- Որ իշխանությունները ժողովրդին կողոպտելու եւ անհամար հարստու­թյուններ դիզելու փոխարեն,պատասխանատվությամբ վերաբերվեն քաղա­քացիների հանդեպ իրենց ստանձնած պարտավորությունների կատար­մանը, մասնավորապես, հստակ ժամանակացույցով եւ պատշաճ փոխար­ժե­քով հա­տուցեն բնակչության՝ խնայբանկերում սառեցված ավանդները. միայն երկու տա­րում նրանց կողմից հափշտակված գումարը լիուլի բավարար էր սոցիա­լական լուրջ լարվածություն առաջացնող այդ չարաբաստիկ հարցը լուծելու համար.

- Որ պետական աստիճանակարգում, ծանոթության կամ հավա­տար­մության հիմունքներով, չհայտնվեն կիսագրագետ, ապաշնորհ, անբարեկիրթ անձնավորություններ, առավել եւս հանցավոր ու քրեական տարրեր, այլ պաշտոնյաները նշանակվեն ու առաջ քաշվեն զուտ իրենց մասնագիտական ունակությունների եւ մարդկային արժանիքների շնորհիվ.

- Որ հասարակության գիտակցության մեջ արժեւորվեն մարդու հիմ­նական առաքինությունները՝ բարոյականությունը, ազնվությունը, այլասիրու­թյունը, անձնազոհությունը, իսկ քծնանքը, ստորաքարշությունը, խարդա­խու­թյունը, կարիերիզմը ոչ թե ընդօրինակման առարկա դառնան, այլ արժա­նա­նան միահամուռ պարսավանքի.

- Որ պետությունը, վերջապես, ձգտի բարիդրացիական հարա­բերու­թյուն­ներ հաստատել իր բոլոր հարեւանների հետ՝ ազգային շահերին հա­մապատասխան կարգավորելով առկա տարաձայնություններն ու ճանա­պարհ հարթելով տարածաշրջանի երկրների սերտ եւ համակողմանի համա­գործակցության համար։
Ահա, ընդհանուր գծերով, հայ ժողովրդի ամենօրյա հոգսերի ու մտա­տանջությունների ամբողջությունը կամ, այլ կերպ, նրա երազած «վերագտյալ դրախտի» մոտավոր պատկերը:

Լևոն Տեր-Պետրոսյան
6 հունվարի, 2008 թ.

No comments:

Post a Comment