9 օգոստոսի, 2011թ., Երեւան
Նախաբան
Հայաստանում խախտված է սահմանադրական կարգը, գործում է ոչ լեգիտիմ իշխանություն, ինչը ներքաղաքական ճգնաժամի ու դրա ածանցյալ տնտեսական, սոցիալական եւ այլ ճգնաժամերի հիմքն է։ Իշխանության ոչ լեգիտիմությունը կարող է առաջանալ իրավական հիմքով՝ երբ այն ձեռք է բերվում սահմանված օրենքների խախտմամբ, ընտրակեղծիքներով ու բռնություններով։ Իշխանության ոչ լեգիտիմությունը կարող է առաջանալ նաեւ քաղաքական հիմքով՝ իբրեւ արդյունք իշխանության չարաշահման, հանցավորության, իշխանության սահմանադրական գործառույթների խեղման, ապօրինի կառավարման կամ կառավարման անկարողության, որոնք հանգեցնում են տնտեսության զարգացման խոչընդոտների ստեղծման, սոցիալական իրավիճակի սրման, ժողովրդավարության սահմանափակումների, մարդու իրավունքների ոտնահարումների, ժողովրդագրական վիճակի վատթարացման եւ այլն, իշխանության նկատմամբ հարուցում հասարակության դժգոհությունն ու անվստահությունը։ Երկու դեպքում էլ լեգիտիմության առաջացած ճգնաժամը լուծվում է արտահերթ ընտրություններով՝ ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ իշխանության ձեւավորմամբ։
Հայաստանի ներկա իշխանական համակարգը բնորոշվում է ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական ոչ լեգիտիմությամբ, լիովին հակաժողովրդավարական եւ կոռումպացված բնույթով։ Այն՝
- ձեւավորվել է ժողովրդի կամքը ամբողջությամբ աղավաղող համատարած եւ լայնածավալ ընտրակեղծիքների եւ բռնությունների արդյունքում,
- ժողովրդի կողմից չընտրված իշխանության բռնի պարտադրման ընթացքում չի խորշել սեփական ժողովրդի վրա կրակելուց եւ 10 անմեղ մարդկանց սպանելուց,
- ժողովրդի խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով ներքաղաքական խնդիրների մեջ է ներքաշել եւ օգտագործել Հայաստանի զինված ուժերը, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում է,
- իրականացրել է մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պարբերական խախտումներ,
- ամբողջությամբ, վերից վար կոռումպացված է եւ, չլինելով հաշվետու ժողովրդի առաջ, բացառապես սպասարկում է մի քանի բարձրագույն պաշտոնյաների եւ ապօրինի մենաշնորհային արտոնություններ վայելող օլիգարխների տնտեսական շահերը,
- երկրի խորհրդարանը` Ազգային Ժողովը, վերածել է մի լոբբիստական կոռուպցիոն կառույցի, որում ընդգրկված պատգամավորների ճնշող մեծամասնությունը, Սահմանադրության խախտումով զուգահեռաբար զբաղվելով գործարար գործունեությամբ, ծառայեցնում է պետության օրենսդիր իշխանությունը սեփական հարստացման գործին,
- ձախողել է երկրի կառավարումը, արձանագրել տնտեսական աննախադեպ անկում, ստեղծել սոցիալական համատարած դժգոհություն, առաջացրել աղետալի չափերի հասնող արտագաղթ։
Ըստ այդմ՝ սահմանադրական կարգի վերականգնումը եւ լեգիտիմ իշխանության հաստատումը հրատապ անհրաժեշտություն է, ինչին կարելի է հասնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով։
Ստորեւ ներկայացվում են Հայաստանում հաստատված հակադեմոկրատական իշխանական համակարգի ոչ լեգիտիմության բաղադրիչները` որպես այդ անհրաժեշտության հիմնավորումներ:
Կեղծված ընտրություններ
2008թ. նախագահական ընտրություններում ընտրական իրավախախտումները, հանցագործությունները եւ կեղծիքները, լինելով աննախադեպ մասշտաբների, կրել են կազմակերպված բնույթ, եւ դրանում ներգրավված են եղել իշխանության բոլոր օղակները` գործադիր, օրենսդիր եւ դատական, ընտրական, ինչպես նաեւ տարաբնույթ այլ գերատեսչություններ: Նախագահական ընտրություններում գործված կեղծիքները բազմիցս փաստվել են նախագահի թեկնածուների, տեղական եւ միջազգային դիտորդական առաքելությունների, վստահված անձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների եւ պետական կառույցների կողմից:
Այսպես.
1. Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածը սահմանում է. «Գրանցման պահից ՀՀ նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց եւ իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունները։ Հանրապետության նախագահը կամ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնակատարը՝ ԱԺ նախագահը կամ վարչապետը հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը»։ Օրենքի պահանջը իմպերատիվ է եւ որեւէ մեկնաբանության չի ենթարկվում։ Գործող նախագահը 2008թ. նախագահական ընտրություններում առաջադրվեց եւ նախընտրական արշավը վարեց այդ պահանջի կոպիտ խախտմամբ. Սերժ Սարգսյանը միայն մի դեպքում կարող էր մասնակցել նախընտրական արշավին եւ քվեարկվեր՝ պահպանելով վարչապետի պաշտոնը եւ գործառույթը՝ եթե ունենար ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակ։ Այդպիսի կարգավիճակ նա չուներ եւ ընտրություններին մասնակցեց որպես գործող վարչապետ եւ նախագահի թեկնածու։ Միայն այս փաստը բավարար է նրա ընտրությունը անօրինական, ոչ լեգիտիմ ճանաչելու համար։
2. Սահմանադրության 53.1 հոդվածը սահմանում է. «Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում, եւ հանրապետության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը»։ Նախագահի ընտրություն` նշանակում է ընտրական ողջ գործընթացը՝ սկսած առաջադրումից, մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ ՍԴ որոշումը։ Մինչդեռ ընտրական գործընթացի մաս հանդիսացող բողոքարկման քննարկումը Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ մարտի 5-ին՝ արտակարգ դրության պայմաններում։ Նման ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել։
3. Սահմանադրական դատարանում խախտված էր կողմերի հավասարության սկզբունքը։ Արտակարգ դրությամբ մտցված լրատվական սահմանափակումները կողմերից մեկին՝ ընդդիմությանը իսպառ զրկել էին ՍԴ-ում հայցի քննարկման գործընթացի լուսաբանման հնարավորությունից։ Հավասարության սկզբունքը խախտված էր նաեւ ՍԴ դատաքննության ընթացքում, քանի որ նույն՝ ընդդիմադիր կողմի ամենակարեւոր վկաները ձերբակալված էին կամ գտնվում էին հետախուզման մեջ։ Իսկ ընդդիմության նախագահի թեկնածուն մարտի 1-ից գտնվում էր փաստական տնային կալանքի տակ։
Վերոնշյալ հարցերը ընդդիմադիր թեկնածուի կողմից բարձրացվեցին Սահմանադրական դատարանում (5 մարտի, 2008թ.) որոնցից եւ ոչ մեկին դատարանը չանդրադարձավ իր որոշման մեջ։ Խուսափելով անդրադառնալ ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնող անառարկելի փաստերին ու դրանք շրջանցելով՝ Սահմանադրական դատարանն, ըստ էության, արձանագրեց դրանց անհերքելիությունը՝ դրանով իսկ լռելյայն անվավեր ճանաչեց ընտրությունները։ Մյուս կողմից՝ նա ցուցաբերեց իր անզորությունը արտակարգ դրության պայմաններում։ Նման պայմաններում ՍԴ կայացրած որոշումը չի կարող օրինական եւ իրավազոր համարվել եւ ճանաչվել նախագահի լեգիտիմության հիմք։
4. Ընտրական օրենսգրքի 4-րդ հոդվածը սահմանում է. «Պետությունը հավասար պայմաններ է ստեղծում քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման համար»։ Ողջ ընտրարշավի ընթացքում խախտվել է նախագահի թեկնածուների հավասար քարոզչական հնարավորությունների սկզբունքը։ Այսպես՝ «Երեւանի մամուլի ակումբի» անցկացրած անկախ դիտարկման տվյալներով՝ Հայաստանի յոթ գլխավոր հեռուստակայանները եւ հանրային ռադիոն հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին արձակել են Սերժ Սարգսյանին վերաբերող 218 դրական, 16 բացասական եւ 1504 չեզոք, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին հիշատակող՝ 16 դրական, 404 բացասական եւ 468 չեզոք հաղորդագրություն։ Բուն քարոզարշավի շրջանում (հունվարի 21-փետրվարի 17) այդ թվերն ունեն այսպիսի պատկեր. Ս. Սարգսյանը հիշատակվել է 1384 անգամ, որից 264 անգամ` դրական, 60 անգամ` բացասական, 1066 անգամ` չեզոք։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշատակվել է 1232 անգամ, որից 22 դեպքում` դրական, 406 անգամ` բացասական, 804 անգամ` չեզոք։ Բացի դա, որպես գործող վարչապետ, Ս. Սարգսյանն ունեցել է 17.045 վրկ. լրացուցիչ խմբագրական լուսաբանում, Լեւոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար՝ 0։ Պաշտոնական քարոզարշավի ընթացքում քարոզչական անհավասար հնարավորությունների մասին արձանագրվել է նաեւ ԵԽԽՎ/ԺՀՄԻԳ Վերջնական զեկույցում (30.05.2008թ). «ԿԸՀ-ն եւ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) չեն ապահովել, որպեսզի լրատվամիջոցները համապատասխանեն իրենց պարտավորություններին, եւ լրատվամիջոցների կողմնակալությունն ակներեւ է եղել։ Վարչապետ Սարգսյանի, այդ թվում նաեւ նրա պաշտոնական պարտականությունների լուսաբանումը բարենպաստ լույսի ներքո, նրան ոչ տեղին առավելություն շնորհեց։ Ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ունեցել է բացասական լուսաբանման մեծ ծավալ, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով»։ Նույն առիթով՝ «Վարչապետ Սարգսյանին շնորհված նպաստավոր վերաբերմունքը անհամատեղելի է պետության իրավական պահանջների հետ, համաձայն որոնց՝ պետք է ստեղծվեն քարոզչության հավասար պայմաններ, եւ պաշտոնյաները պետք է զերծ մնան քաղաքացիների ազատ կամքի վրա ազդելու իրենց իշխանության օգտագործումից»։ Այդ մասին խոսվում է ԵԽԽՎ 1609 բանաձեւում՝ արձանագրելով, որ «թեկնածուների համար քարոզարշավի իրականացման պայմաններն անհավասար էին», իսկ ԱՄՆ պետքարտուղարության 2008թ. տարեկան զեկույցը, որպես ընտրությունների կեղծման մի ատրիբուտ, համարում է «իշխանական թեկնածուի բարենպաստ լուսաբանումը» լրատվամիջոցներով։
5. 2008թ. փետրվարի 19-ի երեկոյան ժամը 7-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկությանը մասնակցածների թիվը՝ շուրջ 1.100000։ Մեկ ժամ անց՝ ժամը 20-ին, քվեարկության ավարտին, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը դարձավ 1.671000 մարդ։ Այսինքն՝ նախորդ տասնմեկ ժամերից յուրաքանչուրում միջին հաշվով քվեարկել էր 100.000 մարդ, վերջին մեկ ժամում՝ գրեթե 6 անգամ ավելի՝ 571.100։ Իսկ եթե նկատի ունենանք, որ գյուղական շուրջ 900 համայնքներում քվեարկությունն ըստ էության ավարտվում է արդեն իսկ օրվա առաջին կեսին, ապա 1000 տեղամասը (ժամում 571 մարդ) ոչ մի հաշվարկով չէր կարող սպասարկել 571.000 մարդուն։ (Հիշեցնենք, որ հենց ընտրական տեղամասերի թողունակությունը նկատի ունենալով է, որ ընտրական տեղամասերում ընտրողների թիվը նախկին 3000-ից իջեցվեց 2000-ի՝ մեկ ժամի հաշվարկով նրանց թողունակությունը գնահատելով առավելագույնը 165 մարդ)։ Տվյալ դեպքում առեղծվածն այլ բան չէ, քան մոտ 500.000 այն մարդկանց ձայների կեղծումը, որոնք մշտապես բացակայում են երկրից, բայց, հաշվառումից դուրս եկած չլինելով, արտահայտված են ընտրացուցակներում։ Միայն այս հանգամանքը, չհաշված այլ տիպի օրինախախտումները, իշխանական թեկնածուի համար ապահովել է մինչեւ 40% կեղծված ձայն՝ քվեարկության մասնակիցների արձանագրված թվից։ ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում արձանագրված դիտարկումը, թե այս ընտրությունն ունեցել է «մասնակցության կասկածելիորեն բարձր թիվ»՝ մեկնաբանելի է հենց այս կոնտեքստում։
Նախաբան մաս 1
http://aregevorgyan.blogspot.com/2012/01/1.html
Նախաբան մաս 2 http://aregevorgyan.blogspot.com/2012/01/2.html
մաս 6 http://aregevorgyan.blogspot.com/2012/01/6.html
No comments:
Post a Comment