PropellerAds

Tuesday, January 3, 2012

Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում (մաս 5/2)


Ներկայացված է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության կողմից
9 օգոստոսի, 2011թ., Երեւան

 
3. Մենաշնորհներ

 
  Հաստատված ապօրինի մենաշնորհները խոչընդոտում են տնտեսության զարգացմանը։ Ամբողջական մենաշնորհներ են հաստատված մասնավորապես ներկրվող ապրանքների բնագավառում։ Լայն սպառման այնպիսի արտադրատեսակներ, ինչպես շաքարավազը, հացահատիկը, կենդանական եւ բուսական յուղը, բրինձը, ինչպես նաեւ դեղորայքը, հրուշակեղենը, փայտանյութը, կենցաղային եւ շինարարական ապրանքները, բենզինն ու դիզվառելիքը եւ այլ ապրանքներ գտնվում են այս կամ այն օլիգարխի կամ կլանի մենաշնորհային վերահսկողության ներքո։ Մենաշնորհացված է գազի լիցքավորման բնագավառը։ Մենաշնորհների տերերն օգտվում են իշխանությունների կողմից շնորհված ապօրինի արտոնություններից, մասնավորաբար՝ ցույց են տալիս ներմուծվող ապրանքների շատ ավելի քիչ քանակ կամ ցածր գին, կամ այլ` ավելի էժան ապրանք՝ դրանով խուսափելով հարկերից ու մաքսերից, ստանում ահռելի գերշահույթ` մի մասը վճարելով իրենց հովանավորյալներին։ Մենաշնորհները ոչնչացնում են ազատ տնտեսական մրցակցությունը, նպաստում են գնաճին, ոչնչացման տանում մանր ու միջին բիզնեսը։ Ապօրինի մենաշնորհների վերացման հարցում իշխանությունը կա՛մ անկարող է, կա՛մ իրական ցանկություն չունի։ Երկու դեպքում էլ դա, որպես սահմանադրորեն իր վրա դրված գործառույթների չկատարում, խորացնում է նրա ոչ լեգիտիմությունը։

Նույնիսկ հիմք ընդունելով պաշտոնական վիճակագրությունն ու տեղեկատվությունը, ակնառու է, որ տարեցտարի խորանում են տնտեսության մենաշնորհացման միտումները: Այսպես. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տնտեսության մրցակցային իրավիճակը, մասնավորապես` ապրանքային շուկայի համակենտրոնացման աստիճանը, մասնակիցների թիվը, գերիշխող դիրքի առկայությունը գնահատում է ապրանքային շուկաների ուսումնասիրությամբ եւ նախորդ տարիներին ուսումնասիրված շուկաների դիտանցմամբ։ Ըստ պետական հանձնաժողովի օգտագործած սահմանումների, Շուկան ունի կենտրոնացվածության բարձր աստիճան, եթե 70%<CR-3<100%, միջին աստիճան` եթե 45%<CR-3<70%, ցածր աստիճան` եթե CR-3<45%: (CR-3-ը տվյալ շուկայի իրացման ընդհանուր ծավալում առավել խոշոր երեք տնտեսվարող սուբյեկտների բաժինների գումարն է):

Համաձայն այդ ուսումնասիրությունների` 2010 թվականին 41 ապրանքային շուկա, որից 12-ը պարենային ապրանքների ապրանքային շուկաներ, բարձր եւ միջին կենտրոնացված են։ 2010թ. իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ 5 ապրանքային շուկաներ բարձր կենտրոնացված են (կենտրոնացվածության աստիճանը կազմում է 80.6-99.9 տոկոս), 4-ը` միջին կենտրոնացված (կենտրոնացվածության աստիճանը կազմում է 62.3-67.6 տոկոս)։ Ցածր կենտրոնացված ապրանքային շուկա չկա։

Ինչ վերաբերում է մասնակիցների թվին, ապա նկատվում է այդ թվի նվազում։ Այսպես, բացառությամբ 2 ապրանքային շուկաների, մնացած ապրանքային շուկաներում մասնակիցների թիվը նվազել է առնվազն 2, իսկ առավելագույնը՝ 10 տնտեսվարող սուբյեկտով։ Եթե նախորդ ուսումնասիրության արդյունքում բոլոր ապրանքային շուկաներում մասնակիցների թիվը կազմում էր 207 տնտեսվարող սուբյեկտ, ապա 2010թ. ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով կազմել է 179 տնտեսվարող սուբյեկտ։

Պարենային ապրանքների շուկայում կա մի յուրատեսակ ապրանք, որն իր կենտրոնացվածության աստիճանով գերազանցում է բոլորին. խոսքը վերաբերում է շաքարավազին: 2009թ. այդ ապրանքատեսակը ներկրող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ ունեցել է առաջատար դիրք շուկայում` բաժինը -99,9%, չնայած ապրանքային շուկայում վեց մասնակիցների առկայությանը: Ընդ որում, նախորդ ուսումնասիրության ժամանակ շուկայում մասնակիցների թիվը եղել է 21:

Նմանատիպ է պատկերը `

ա/ «Ցորենի ալյուրի» դեպքում - երկու ընկերությունների `«Ալեքս Գրիգ» ՍՊԸ եւ «Մանանա Գրեյ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 87,6%, 51 մասնակիցների առկայության դեպքում :

բ/ «Բրնձի» դեպքում- մեկ ընկերության` «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 62.8%, 27 մասնակիցների առկայության դեպքում:

գ/ «Ձիթապտղի բուսական յուղի» դեպքում- մեկ ընկերության `«Վեգեքոմ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 88,0%, 14 մասնակիցների առկայության դեպքում:

Հանձնաժողովն ուսումնասիրել է նաեւ ոչ պարենային ապրանքների 7 ապրանքային շուկաներ, որոնցից երկուսը ապրանքային շուկաներ բարձր կենտրոնացված են` կենտրոնացվածության աստիճանը կազմում է 93.9-ից մինչեւ 95.1 տոկոս, իսկ մասնակիցների թիվը` 5-ից («Բենզին» ապրանքային շուկա) մինչեւ 7 տնտեսվարող սուբյեկտներ («Դիզելային վառելիք» ապրանքային շուկա)։ Համեմատության համար՝ 2001թ. վերը նշված ապրանքները ապրանքային շուկայում դեռեւս գերիշխող դիրք չունեին, իսկ այդ ապրանքատեսակների ներկրումը իրականացվում էր 14 -ական սուբյեկտների կողմից։

Էականորեն փոխվել է դեղերի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաների մրցակցային իրավիճակը։ Այսպես, 2001թ. ուսումնասիրված ապրանքային շուկաներից միայն մեկում (դեղորայքի) չկային գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ։ Դեղորայքի շուկայում կենտրոնացվածության աստիճանի ցածր մակարդակը (առաջին երկու եւ առաջին երեք սուբյեկտների մասնաբաժինները կազմում էին, համապատասխանաբար, մոտ 23 տոկոս եւ 29 տոկոս) վկայում էր շուկայի մրցակցային լինելու փաստի մասին։ Ավելին, 2001թ. դեղերի շուկայում գործունեություն էր ծավալում 72 տնտեսվարող սուբյեկտ, իսկ 2009թ.` ընդամենը 13 ընկերություն:

2010թ. իրականացված ուսումնասիրության արդյունքներով 8 ապրանքային շուկաներ բարձր կենտրոնացված են (կենտրոնացվածության աստիճանը կազմում է 71.49-ից 100.0 տոկոս), 12-ը` միջին կենտրոնացված (կենտրոնացվածության աստիճանը կազմում է 52.5-ից 66.25 տոկոս) եւ ընդամենը 2 ապրանքային շուկա` ցածր կենտրոնացված (կենտրոնացվածության աստիճանը` 41.0-ից 42.98 տոկոս)։ Ապրանքային շուկաներից 13-ում առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ 9 ապրանքային շուկաներում` մեկ տնտեսվարող սուբյեկտ (ընդ որում՝ 3 ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներից տնտեսվարող սուբյեկտ է համարվել անձանց խումբ), երկու ապրանքային շուկաներում առկա են երկու գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ` յուրաքանչյուրն առանձին, իսկ մյուս երկու ապրանքային շուկաներում տնտեսվարող սուբյեկտները համարվել են համատեղ գերիշխող դիրք ունեցող։ Ինչ վերաբերում է մասնակիցների թվին, ապա դրա նվազում է նկատվում։ Այսպես, բացառությամբ 2 ապրանքային շուկաների, մնացած ապրանքային շուկաներում մասնակիցների թիվը նվազել է առնվազն 2, իսկ առավելագույնը` 10 տնտեսվարող սուբյեկտով։ Ընդ որում՝ եթե նախորդ ուսումնասիրության արդյունքում բոլոր ապրանքային շուկաներում մասնակիցների թիվը կազմում էր 467 տնտեսվարող սուբյեկտ, ապա 2010թ. ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով այն կազմել է 358 տնտեսվարող սուբյեկտ (մասնակիցների թիվը նվազել է 23.3 տոկոսով)։

Նույն պատկերն է նաեւ «Կենդանական յուղ» եւ «Բուսական յուղ» ապրանքային շուկաներում, որտեղ 2001թ. գերիշխող դիրք եւ շուկայական իշխանություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներ չեն եղել, իսկ 2010թ. արդեն շուկայում առկա էին եւ՛ գերիշխող դիրք ունեցող, եւ՛ շուկայական իշխանություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, որոնց թիվը տարեցտարի պակասում է։ Այսպես,

ա/ «Արեւածաղկի եւ եգիպտացորենի բուսական յուղի» դեպքում- մեկ ընկերության` «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 63,8%, 36 մասնակիցների առկայության դեպքում

բ/ «Կարագի» դեպքում մեկ ընկերության «Ալեքս Գրիգ» ՍՊԸ բաժինը շուկայում կազմել է 67,6%, 28 մասնակիցների առկայության դեպքում:

Այս փաստերը արձանագրում են խայտառակ մի իրողություն, որը լիովին բացատրում է հատկապես պարենային ապրանքների շուկայում գների աննախադեպ եւ անվերահսկելի աճը: Շուկայում նման բացահայտ եւ բացարձակ մենաշնորհի պարագայում պետության անգործությունը նշանակում է, որ երկրի բարձրագույն իշխանությունները հովանավորում են ներմուծող օլիգարխների շահերը եւ նրանց գերշահույթները: Այսպիսով, ստեղծված է ժողովրդի հարստահարման մեխանիզմ, որի հետեւանքով երկրում ձեւավորվել են արհեստականորեն բարձր գներ, խեղդվում է մրցակցությունը, մանր եւ միջին գործարարությունը, աճում են սոցիալական բեւեռացումը եւ աղքատությունը:

4. Դրամի արհեստական արժեվորում
Մենաշնորհային տնտեսության հետ փոխկապակցվում է տնտեսական եւս մեկ կործանարար երեւույթ՝ դրամի արհեստական արժեվորումը: Սկսած 2003 թվականից՝ ՀՀ դրամավարկային քաղաքականությունը կառուցվեց հիմնականում ներկրող օլիգարխիայի շահերը սպասարկելու, ինչպես նաեւ արտերկրից մեր հայրենակիցների ուղարկած դրամական միջոցներն ըստ էության հարկելու շուրջ: Այն շարունակվում է՝ ի հեճուկս տնտեսագիտական տարրական օրենքների ու կանոնների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների պահանջների, գործող նախագահի՝ դրամի սահուն արժեզրկման մասին հրապարակայնորեն տված հրահանգի եւ ԿԲ-ի նախագահի նույնօրինակ հրապարակային խոստման։ Դրամի արհեստական արժեվորման հետեւանքով՝

- ծանր հարված է հասցվում ներքին արտադրողին, աճում է գործազրկության մակարդակը

- աճում է երկրից կապիտալի արտահանումը,

- արդեն սկսվել է նաեւ ձեռնարկատիրության փախուստը հարեւան երկրներ։

Դրամի արհեստական արժեվորումը չափազանց շահութաբեր իրավիճակ է ստեղծում մենաշնորհների տիրացած ներկրող օլիգարխների համար։ Դրամը գերարժեվորված պահելու, այս կերպ օլիգարխիայի շահերն սպասարկելու վրա վերջին երեք տարում Հայաստանի արտաքին պահուստներից վատնվել է 1.2 միլիարդ դոլար։ Իշխանությունների հիմնական խնդիրը եղել եւ մնում է ոչ թե պետական շահը, ժողովրդի կարիքները, այլ առաջին հերթին օլիգարխիայի սպասարկումը, դրանով իսկ՝ սեփական հարստացումը։

5. Կառավարման ձախողում (bad governance)
1. սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացում

Շարունակվում է տնտեսական անկումը, սոցիալական վիճակի վատթարացումը։

ա. Գործող իշխանությունը ծրագրել էր 5 տարվա ընթացքում կրկնապատկել Հայաստանի ՀՆԱ-ն։ Անցած երեք տարիների արդյունքում Հայաստանն արձանագրել է ՀՆԱ-ի 4,7% անկում, իսկ եթե այս տարվա բյուջեն կատարվի, կարձանագրվի եւս 2 %-ի անկում։ Բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը 2008թ. եղել է 114-րդ տեղում, 2009թ.՝ 124-րդ, 2010թ.՝ 139-րդ։ Եթե կատարվի 2011թ. պետական բյուջեն, ապա Հայաստանը կհայտնվի 141-րդ տեղում, քանզի 2011թ. Հայաստանը նախատեսում է 4% աճ, իսկ աշխարհը՝ 4,4%։

բ. Արտաքին պարտքը մոտենում է սահմանային ցուցանիշի։ Ըստ ԱԺ Վերահսկիչ պալատի՝ արտաքին պարտքը 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3,795 միլիարդ դոլար (2007թ. վերջում այն կազմում էր 1,6 միլիարդ դոլար։ Թեեւ արտաքին պետական պարտքի բեռը (արտաքին պարտք/ՀՆԱ) չի գերազանցում 50%-ը, սակայն առաջիկա 3 տարիների ընթացքում արտաքին վարկերի մարման եւ սպասարկման ծախսերը մեծանում են մի քանի անգամ. եթե 2010թ. այն կազմել է 91 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2013թ. կկազմի 433,6 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընդ որում՝ այստեղ ներառված չեն 2011թ. վարկերը։ Ըստ Վերահսկիչ պալատի եզրակացության (2011, մայիսի 10)՝ «Եթե տնտեսական աճը եւ հարկային եկամուտների հավաքման ծավալները մնան 2010թ. մակարդակին, ապա վտանգ կա, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ նախկինում վերցրած պարտավորությունների մարման եւ դրանց սպասարկման իրականացման գործում։ Այսինքն՝ կառաջանա պարտքային ճգնաժամ»։

գ. Շարունակում է վատթարանալ սոցիալական իրավիճակը։ Ըստ ՀՀ ԱՎԾ, 17.12.2010թ տվյալների՝ 2009թ. ընթացքում Հայաստանում աղքատությունը նկատելի աճել է. աղքատության մակարդակը 2009թ. կազմել է 34,1 %՝ 2008թ. 27,6%-ի դիմաց։ Շատ աղքատների տեսակարար կշիռը 2009թ. կազմել է 20,1%՝ 2008թ. 12,6%-ի դիմաց, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը 2009թ. կազմել է 3,6%՝ 2008թ. 1,6%-ի դիմաց։ Աղքատության խորությունը 2009թ գնահատվել է 7,8%՝ 2008-ի 1,5-ի դիմաց, աղքատության սրությունը 2009թ. գնահատվել է 2,4%՝ 2008թ. 1,4%-ի համեմատ։ Եթե նկատի ունենանք , որ 2010թ. գների աճը կազմել է 2009թ. համեմատ 9,6%, իսկ 2011թ. 2010թ. համեմատ՝ արդեն 8,5%, իսկ միջին աշխատավարձի եւ կենսաթոշակի աճը շատ ավելի փոքր է, ապա այժմ աղքատության ե՛ւ մակարդակի, ե՛ւ խորության, ե՛ւ սրության ցուցանիշները, բնականաբար, զգալիորեն աճել են։

Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2011թ. զեկույցի՝ ընդհանուր մրցակցության ինդեքսով Հայաստանը 98-րդ տեղում է՝ զիջելով Ադրբեջանին եւ Վրաստանին եւ գրանցելով նահանջ անցած երկու տարիների համեմատ։ Արդյունավետության բարձրացման ինդեքսով, որը ներառում է տվյալներ բարձրագույն կրթության, ապրանքների, աշխատանքային եւ ֆինանսական շուկաների, տեխնոլոգիական պատրաստվածության, շուկայի չափի վերաբերյալ, Հայաստանը զբաղեցնում է 106-րդ տեղը՝ զգալի զիջելով Վրաստանին եւ Ադրբեջանին։

Կառավարման անկարողության ու դրա հետեւանքով սոցիալական իրավիճակի սրման դրսեւորումներ են «գերակա պետական շահ» ճանաչելու հետ կապված հազարավոր մարդկանց անհամարժեք փոխհատուցմամբ սեփականազրկումը, տաքսու վարորդների իրավունքների սահմանափակման, փողոցային առեւտրի արգելման, մանր առեւտրականների կողմից ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսատուրքերի բարձրացման, վրացական համարանիշերով մեքենաների խնդրի, Երեւանի «Վերնիսաժի» խնդրի, հարսանյաց եւ ծաղկի սրահների հարկային բեռի ծանրացման եւ միջին խավ հանդիսացող սոցիալական այլ շերտերին առնչվող չմտածված որոշումները։ Կառավարման անկարողության արդյունք է նաեւ գյուղատնտեսության բնագավառում ստեղծված ծանր իրավիճակը, ինչի հետեւանքով գյուղացու համար հողի մշակումը դարձել է անարդյունավետ, տասնյակ հազարավոր հեկտար հողեր մնում են անմշակ։

Տնտեսական կտրուկ անկումը լուրջ վնաս է հասցնում ցանկացած իշխանության դիրքերին երկրի ներսում եւ որպես առանձին վերցրած գործոն՝ ինքնին դառնում է իշխանության լեգիտիմության կորստի բաղադրիչ: Հայաստանից շատ ավելի լավ վիճակում գտնվող երկրներում, որտեղ որեւէ կասկած չկա իշխանությունների օրինական ընտրության մասին, տնտեսական ճգնաժամով պայմանավորված անկումը դարձել է կառավարության նկատմամբ վստահության կորստի պատճառ, որի հետեւանքով տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ: Միայն Եվրոպայում 2008թ. ի վեր արդեն 12 երկրներում անցկացվել են արտահերթ ընտրություններ. Ավստրիայում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2008թ. սեպտեմբերի 28-ին, Իսլանդիայում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2009թ. ապրիլի 25-ին, Մոլդովայում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2009թ. հուլիսի 29-ին եւ 2010թ. նոյեմբերի 28-ին, Հունաստանում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2009թ հոկտեմբերի 4-ին, Չեխիայի Հանրապետությունում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2010թ. մայիսի 28-ին, Նիդեռլանդներում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2010թ. հունիսի 9-ին, Բելգիայում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2010թ. հունիսի 13-ին, Իռլանդիայում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2011թ. փետրվարի 26-ին, Պորտուգալիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2011թ. հունիսի 5-ին: Արտահերթ ընտրություններ են նշանակված նաեւ Լատվիայում` սեպտեմբերի 17-ին եւ Իսպանիայում` նոյեմբերի 20-ին:

Արտահերթ ընտրությունների անցկացման հիմնական պատճառը նշված օրինակների մեծամասնությունում եղել է տնտեսության կտրուկ անկումը եւ աճող սոցիալական դժգոհությունը: Ստորեւ բերված աղյուսակը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսական անկման ցուցանիշները էապես գերազանցում են (բացառությամբ Լատվիայի) այն երկրների ցուցանիշները, որտեղ տնտեսական անկումը բավարար հիմք դարձավ կառավարության նկատմամբ վստահության կորուստի համար:

ՀՆԱ աճ (տոկոսային փոփոխություն, մշտական գներով)
երկրներ 2008թ. 2009թ. 2010թ.
Ավստրիա 2,2
-3,9 2,0
Իսլանդիա
1,4
-6,9
-3,5
Մոլդովա 7,8 -6,0 6,9
Հունաստան 1,0 -2,0 -4,5
Չեխիա 2,5 -4,1 2,3
Հոլանդիա 1,9 -3,9 1,7
Բելգիա 0,8 -2,7 2,0
Իռլանդիա -3,5 -7,6 -1,0
Պորտուգալիա 0,0
-2,5 1,4
Լատվիա 2,9 -14,7 1,3
Իսպանիա 0,9 -3,7
-0,1
Հայաստան 6,9 -14,2 2,6

Source: International Monetary Fund, World Economic Outlook Database, April 2011


մաս 6 http://aregevorgyan.blogspot.com/2012/01/6.html

No comments:

Post a Comment