Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում, դատական նիստի ընթացքում, կարմիրբերետավոր Տիգրան Ավետիսյանը փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ ձեռնամարտի հնարք օգտագործեց եւ ոլորեց փաստաբանի ձեռքը:
Երեկվա իր ցուցմունքում Տիգրան Ավետիսյանը նշեց, որ Տիգրան Առաքելյանը ոստիկանական մեքենայով բերման ենթարկվելիս իրեն խաբել էր` ասելով, թե իրեն լավ չի զգում, եւ խնդրել էր, որ ոստիկանն ազատի իր ոլորած ձեռքը: Ըստ կարմիրբերետավորի, դրանից հետո Տիգրանը դիտավորյալ հարվածել էր Ավետիսյանի քթին: Հենց դա է պատճառը, որ փաստաբան Վահե Գրիգորյանը խնդրեց իր վրա ցույց տալ, թե ինչպես են կարմիրբերետավորները ոլորում բերման ենթարկվողների ձեռքերը, որպեսզի ապացուցի, որ ոլորած ձեռքով էլ է հնարավոր գլուխը շարժել եւ պատահաբար կպչել ետեւում կանգնած անձի դեմքին: Նրա այդ փորձը ձախողվեց, քանի որ Տիգրան Ավետիսյանը ոլորեց փաստաբանի ձեռքը, սակայն գլուխը ետ պահեց:Երեկ դատարանում Տիգրան Ավետիսյանը մանրամասն հարցաքննության ենթարկվեց: Նա նախ պատմեց, որ դեպքի վայր էր հասել կանչով, եւ երբ տեղ էր հասել, տեսել էր, թե ինչպես է Տիգրան Առաքելյանը թիկունքից հարվածել ինչ-որ ոստիկանի, ինչից հետո հրաման է ստացել բերման ենթարկել միջադեպի «առավել ակտիվ մասնակիցներին»: Կարմիրբերետավորը բացասական պատասխան տվեց Տիգրան Առաքելյանի հարցին` ոստիկանական մեքենայում նա չի՞ փորձել խեղդել իրեն: «Դուք չէի՞ք պարանոցս սեղմում եւ ասում` խեղդվի, մեռի»,- հարցրեց Տիգրանը: «Ոչ»,- հերքեց կարմիրբերետավորը:
Փաստաբան Վահե Գրիգորյանը կարմիրբերետավորին հարցրեց, թե այն ժամանակ, երբ դեպքից հետո տեղափոխվել էր հիվանդանոց, իրեն այցելե՞լ են բարձրաստիճան պաշտոնյաներ: Ավետիսյանը հաստատեց եւ պատմեց, որ իրեն այցելողների թվում են եղել նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսիկ Նազարյանը: Գրիգորյանը հարցրեց, թե դեպքի մասին Ավետիսյանը ինչ է զեկուցել Ալիկ Սարգսյանին: Դատավորը հանեց այդ հարցը, սակայն Վահե Գրիգորյանը չհամաձայնեց դատավորի հետ. «Արդեն երկրորդ անգամն է, որ հանրապետության նախկին ոստիկանապետի վերաբերյալ հարցերը հանում եք, ես այստեղ միտում եմ նկատում: Թույլ տվեք, որ տուժողները ու վկաները արտահայտվեն»:
Տիգրան Ավետիսյանին երեկ հարցեր ուղղեց Սարգիս Գեւորգյանը:
- Դուք հոգեկան տեսանկյունից խնդիրներ ունե՞ք:
- Բացարձակ:
- Տիգրան Առաքելյանին ոստիկանության մինչեւ ո՞ր հատվածն եք դուք տարել:
- Մինչեւ հերթապահ մաս:
- Հերթապահ մասում մնացե՞լ եք:
- Ոչ:
- Իսկ հիշո՞ւմ եք, որ դուք հերթապահ մասում բղավում էիք ու հարվածում էիք գետնին ընկած Տիգրան Առաքելյանին, նաեւ հայհոյում էիք:
- Նման բան չի եղել:
- Հնարավո՞ր է, որ դա կապված լինի ուղեղի ցնցում ստանալու հետ:
- Նման բան չի եղել:
Գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 31-ին, ժամը 12.00-ին:
Հայկական Ժամանակ
No comments:
Post a Comment