Ներկայացված է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության կողմից
9 օգոստոսի, 2011թ., Երեւան
Աննախադեպ քաղաքական հալածանքներ
Գործող իշխանության ոչ լեգիտիմությունը առավել խորացավ ընդդիմության դեմ ձեռնարկված աննախադեպ քաղաքական հալածանքների եւ տոտալ հետապնդումների շնորհիվ։ Բացի 150 ձերբակալվածներից, ընդդիմության մի քանի հարյուր ակտիվիստ ստիպված էր անցնել ընդհատակ կամ լքել երկրի սահմանները։ Իրավապահ մարմինների կողմից բռնության եւ տարատեսակ ահաբեկումների ենթարկվեցին մի քանի հազար մարդ։ Աշխատանքից ազատվելու, ուսումնական հաստատություններից հեռացվելու ձեւով պատժվեցին ընդդիմադիր թեկնածուի օգտին քվեարկած պարզ համակիրներ։ Քաղաքական հալածանքների ծավալի մասին անհերքելի ու ամբողջական պատկերացում է տալիս 2008թ. մարտի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի հեղինակած շրջաբերական հրահանգը կամ «քննչական հանձնարարականը» մարզային դատախազներին, որոնց հանձնարարվում էր «պարզել հանրահավաքներին մասնակցած նոր անձանց», «հարցաքննել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերի հարեւաններին», «պարզել հանրահավաքներին մասնակցած անձինք, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետերն ինչ գույք ունեն», «պարզել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերի հեռախոսահամարները, դրանց մուտքային եւ ելքային զանգերը վերծանելու թույլտվություն ստանալու համար համապատասխան միջնորդությամբ դիմել դատարան»։ Այս փաստաթուղթն անհերքելիորեն պարզում է ընդդիմության դեմ հարուցված քրեական գործի քաղաքական բնույթը, ինչի շնորհիվ այն արժանացավ թե՛ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, թե՛ Մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համարբերգի առանձնահատուկ ուշադրությանը։
Ընդդիմության հալածանքների ամենացայտուն արտահայտությունը ավելի քան երեք տարի քաղբանտարկյալների գոյության փաստն է։ Նրանք քաղբանտարկյալներ են համարվել երկրի ներսում՝ հասարակության մեջ լայնորեն տարածված պատկերացումներում։ Առաջին իսկ օրից այդպիսին են եղել նաեւ միջազգային հանրության գնահատականները՝ ընդհուպ մինչեւ վերջին քաղբանտարկյալների ազատ արձակումը 2011թ. մայիսի վերջին։ Այսպես՝ Եվրոմիության նախագահության երեք (4.03.2008, 12.03.2008, 10.03.2010) հայտարարություններում նրանք կոչված են «քաղաքական գործունեության առնչությամբ կալանավորվածներ» (detained in connection with their political activities), ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերում՝ «արհեստական ու քաղաքական շարժառիթ պարունակող մեղադրանքների հիման վրա կալանավորվածներ» (detained on artificial and politically motivated charges)։ ԵԽԽՎ 1609 բանաձեւը Հայաստանի իշխանությունների սանձազերծած հալածանքները բնութագրել է ոչ այլ կերպ, քան «ընդդիմության փաստացի ջախջախում» (a de-facto crackdown on the opposition by the authorities), Եվրոխորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը դա կոչել է «քաղաքական հաշվեհարդար» (political vendetta. «Ժամանակ» օրաթերթ 26.11.2008)։ Եվրոպայի Լիբերալ-Դեմոկրատական եւ Բարեփոխումների կուսակցությունը իր վերջին համագումարում (15.10.2010) արձանագրեց, որ «Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը հաստատված փաստ է, ինչն իր արտացոլումն է գտել բազմաթիվ միջազգային փաստաթղթերում, զեկույցներում եւ հայտարարություններում»։ Նույն պահանջով հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Միջազգային նման հետեւողական պահանջ, հասկանալի է, կարող էր լինել միայն քաղաքական բանտարկյալների դեպքում, ոչ թե քրեական հանցագործների, ինչպես համառորեն ներկայացնում են ՀՀ իշխանությունները։
Անկախ դատական իշխանության բացակայություն
ՀՀ Սահմանադրության Հոդված 49-ը սահմանում է. «Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:
ՀՀ Սահմանադրության 91 եւ 94 հոդվածները համապատասխանաբար սահմանում են. «Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան», «Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով»։ Այսպիսով, նախագահական իշխանությունը, որը չի ապահովում դատարանների բնականոն գործունեությունը՝ որպես անկախ դատական իշխանություն, չի կարող դիտարկվել որպես լեգիտիմ իշխանություն:
Հայաստանում դատական իշխանությունն իսպառ զրկված է անկախությունից, կոռումպացված է եւ չի կատարում իր սահմանադրական գործառույթը։ Դատավորները գործում են բացառապես վերեւից իջած հրահանգներով կամ կամայականորեն՝ առաջնորդվելով կողմերի վարչական եւ ֆինանսական հնարավորությունների հարաբերակցության հանգամանքով։ Չնչին տոկոս են կազմում արդարացման դատավճիռները: Վերադաս դատական ատյանները չեն համարձակվում փոփոխել կամ վերանայել ստորադաս դատական ատյաններին թելադրված դատական ակտերն ու որոշումները։ Սովորական քաղաքացին, ըստ էության, զրկված է Սահմանադրությամբ արձանագրված՝ դատական պաշտպանության իրավունքից։
Դատարանները վերածվել են քաղաքական պատվեր կատարող գործիքի։ Դրա վկայությունն են, մասնավորապես, դատարանների 100-ից ավելի վճիռները, որոնց շնորհիվ մարդիկ անազատության դատապարտվեցին կեղծ քրեական մեղադրանքներով, իսկ իրականում՝ իրենց քաղաքական հայացքների համար։ Նույն գնահատականն ինքնաբերաբար տարածվում է նաեւ դատախազության եւ քննչական մարմինների վրա, որոնք հարուցել եւ պաշտպանել են տվյալ գործերը։
ՀՀ դատական համակարգի ճգնաժամային վիճակը արձանագրվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներում։ Մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Դատավարությունների դիտարկում» հայաստանյան ծրագրի 2010թ. «Վերջնական զեկույցում» ասված է.
1. «Ձերբակալման ու կալանավորման նկատմամբ դատական վերահսկողությունը միշտ չէ, որ բավարարել է միջազգային չափանիշներին եւ ներպետական օրենսդրության պահանջներին» (ինչով խախտվել է քաղաքացիների ազատության իրավունքը)
2. Մի շարք դատավորներ կատարել են անբարենպաստ մեկնաբանություններ՝ ակնարկելով ամբաստանյալների մեղավորությունը (ինչով խախտվել է քաղաքացիների անմեղության կանխավարկածը)։
3. «Դատավորները հակված են եղել դրսեւորել անհավասար վերաբերմունք կողմերի նկատմամբ՝ ցուցաբերելով ակնհայտ բարյացակամ վերաբերմունք մեղադրող կողմի եւ ակնհայտ թշնամական վերաբերմունք պաշտպանական կողմի նկատմամբ (ինչով խախտվել է կողմերի հավասարության սկզբունքը)։
4. «ԺՀՄԻԳ-ի ուշադրությանն են արժանացել ոստիկանական խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունները։ Բացառությամբ շատ քիչ թվով գործերի, թե՛ դատախազները, թե՛ դատավորները անգործություն են դրսեւորել այդպիսի հանգամանքներում, երբ ներպետական օրենսդրությունը եւ միջազգային իրավունքը պահանջում են որոշակի գործողությունների կատարում» (այսինքն՝ խախտվել է քաղաքացիների՝ ցուցմունք տալուց ազատ լինելու իրավունքը եւ չի կատարվել ապօրինի ձեռք բերված ապացույցը չօգտագործելու պարտականությունը)։
5. «Որոշ դեպքերում պաշտպանության կողմի փաստաբանները զրկվել են իրենց պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Ի նշան բողոքի՝ մի քանի պաշտպաններ դիմել են դատական նիստերի դահլիճը լքելու միջոցին» (այսինքն՝ խախտվել է դատական պաշտպանության իրավունքը)։
6. «Մեղադրանքի կողմի նկատմամբ հակվածության դրսեւորումներն ու պաշտպանության կողմին ուղղված անվայելուչ հայտարարությունները կարող են վնասել դատարանի՝ որպես անկողմնակալ ու արժանավայել հաստատության նկատմամբ հանրային ընկալումը։ Դատավորների կողմից դատավարության անցկացման կարգը կասկածի տակ է դրել վերջիններիս անկողմնակալությունը» (այսինքն՝ դատավորները խախտել են անկողմնակալ լինելու իրենց պարտականությունը եւ դրսեւորել իրենց մասնագիտական կոչմանն անհարիր վարքագիծ)։
ԱՄՆ Պետքարտուղարության 2009թ. եւ 2010թ. «Մարդու իրավունքների զեկույցում» ասված է.
1. «... դատարանները շարունակում են ենթարկվել գործադիր իշխանության ճնշումներին... կա ինքնապարտադրված ակնկալիք, որ դատարանները մեղավոր են ճանաչելու գրեթե բոլորին, ում մեղադրանք է առաջադրված»։
2. «... դատավորներն իրենց հարկադրված են զգում դատախազների հետ հասնել դատապարտման», «... շատ դատավորներ վախենում են հաշվեհարդարից, եթե արդարացման դատավճիռ կայացնեն իշխանությունների համար կարեւոր, զգայուն գործերով»։
3. «... դատարանները լայնորեն ընկալվում են որպես կոռումպացված կառույց, եւ քաղաքացիական գործերով հնարավոր հայցվորները հաճախ հայց հարուցելուց առաջ քննության են առնում այն հանգամանքը, թե ով ունի ավելի շատ ռեսուրսներ դատավորների վրա ներազդելու համար՝ իրե՞նք, թե՞ պատասխանողը»։
4. «Իշխանությունները շարունակում են կամայականորեն կալանավորել անհատների՝ ընդդիմադիր քաղաքական կապերի կամ քաղաքական գործունեության համար»։
5. «Տարվա ընթացքում իշխանությունները քաղաքացիների նկատմամբ, հատկապես նրանց, ում կառավարությունը համարել է քաղաքական ընդդիմադիր, կիրառել են կամայական ձերբակալություններ, կալանավորումներ եւ ազատազրկում՝ նրանց քաղաքական գործունեության համար։ Խնդրահարույց է մնում երկարատեւ նախնական կալանքը»։
6. «Թեեւ օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, այնուամենայնիվ դատարանները շարունակում են կանոնավոր կերպով ենթարկվել գործադիր իշխանության քաղաքական ճնշումներին, իսկ դատական կոռուպցիան լուրջ խնդիր է»։
Դատարանների անկախության բացակայությունն արձանագրված է նույնիսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Արդար դատաքննության իրավունքի ապահովումը Հայաստանի Հանրապետությունում» 2009թ. արտահերթ զեկույցում. «Իրավակիրառական պրակտիկայում արդար դատաքննության իրավունքի խախտումները հաճախ պայմանավորված են նրանով, որ ՀՀ-ում դատարանները դեռեւս լիովին ձերբազատված չեն քրեական հետապնդման մարմնին հարելու՝ նախկին քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված իրենց կարգավիճակից»։
Զրկվելով միայն Սահմանադրությամբ եւ օրենքներով արդարադատություն իրականացնելու իր գործառութային հատկանիշից՝ դատական իշխանությունը ինքը դարձել է ոչ լեգիտիմ՝ խորացնելով իշխանության ընդհանուր ոչ լեգիտիմությունը։
Նախաբան մաս 1
http://aregevorgyan.blogspot.com/2012/01/1.html
Նախաբան մաս 2 http://aregevorgyan.blogspot.com/2012/01/2.html
մաս 6 http://aregevorgyan.blogspot.com/2012/01/6.html
No comments:
Post a Comment