Ներկայացված է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության կողմից
9 օգոստոսի, 2011թ., Երեւան
Կոռուպցիա եւ պետական կառավարման ձախողում
Իշխանության ոչ լեգիտիմության հիմքում ընկած կարեւորագույն պատճառներից է նաեւ կոռուպցիան: Այն Հայաստանում կրում է կազմակերպված եւ մինչեւ վերջին երանգը համակարգված բնույթ: Կոռուպցիոն շղթան ձգվում է պետական եւ տեղական ինքնակառավարման ամենաստորին օղակներից մինչեւ իշխանության բարձրագույն մարմինները եւ ախտահարել է պետական, հասարակական եւ սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտները: Երկրի քաղաքական իշխանությունն ըստ էության երկրի պետական մարմինները հանցավոր կերպով ներգրավել է ապօրինի մի համակարգի մեջ, հարստահարում է քաղաքացիներին, յուրացնում եւ վատնում է պետական միջոցներն ու ազգային հարստությունը: Այս ամենը բերում է պետության զարգացման հետ անհամատեղելի այնպիսի երեւույթների, ինչպիսիք են պետական իշխանության եւ բիզնեսի սերտաճումը, մենաշնորհների ծավալումը, մանր եւ միջին բիզնեսի ոչնչացումը, արտագաղթի աճող տեմպերը, ընտրությունների կեղծումն ու քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարումը, օրենքների բռնաբարումը, ժողովրդավարության սահմանափակումը, դատարանների անկախության բացակայությունը, մարտի 1-ի սպանդի կազմակերպումը եւ պարտակումը։
Կոռումպացված իշխանավորների համար լեգիտիմ իշխանության ձեւավորումը հափշտակած հսկայական հարստության կորուստի, դրա ծագման մասին բացատրություն տալու, դրանից զրկվելու, ընդհուպ պատասխանատվության ենթարկվելու ամենաիրական վտանգ է պարունակում։ Ուստիեւ ներկա իշխանությունը իր կոռուպցիոն բնույթով ի վիճակի չէ որեւէ ոլորտում որեւէ բարեփոխման, քանզի ամեն ինչ արդեն լիակատար հարմարեցված է հենց այդ՝ կոռուպցիոն համակարգի պահպանմանը։
Այս գնահատականները կիսում են ոչ միայն հայաստանյան հասարակությունն ու քաղաքական ուժերը: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպական Միությունը եւ արտասահմանյան անկախ փորձագետները բազմիցս նշել են, որ Հայաստանը գտնվում է աշխարհի ամենակոռումպացված պետությունների շարքում, եւ որ նրա իշխանություններն, ըստ էության, չեն պայքարում այդ համատարած չարիքի դեմ։ «Թրանսփարենսի ինթերնեյշնել» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի գնահատականներով` Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2008 թվականից հետո սկսել է վատանալ՝ 3.1-ից իջնելով 2.6-ի (10 բալանոց այս համակարգում որքան ցածր է համաթիվը, այնքան բարձր է համարվում կոռուպցիայի մակարդակը)։ Հայաստանը կիսում է 123-126 տեղերը Մադագասկարի, Նիգերիայի եւ Էրիթրեայի հետ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների վերջին տարիների զեկույցներում ավելի ու ավելի խիստ է խոսվում այդ մասին։ 2009-ի զեկույցում ասված է. «Չնայած օրենքը քրեական պատասխանատվություն է նախատեսում կոռուպցիայի համար, իշխանությունը արդյունավետ եւ հավասարապես չի կիրառում օրենքը, եւ կոռումպացված պաշտոնյաները հաճախ անպատիժ շարունակում են իրենց կոռուպցիոն գործունեությունը։ Իշխանությունները չեն գործադրում նշանակալի միջոցներ՝ պայքարելու համակարգված բնույթ ունեցող կոռուպցիայի դեմ, միեւնույն ժամանակ միջին եւ ցածր պաշտոնյաները տարվա ընթացքում պատժվել են փոքր կոռուպցիայի, հաճախ՝ ծառայությունների դիմաց կաշառք վերցնելու համար։ Համաշխարհային բանկի համաշխարհային կառավարման ինդիկատորները (ցուցիչները) նույնպես նշում են, որ կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր լինել։ Համաշխարհային բանկի տնօրենը հոկտեմբերին կայացած այցի ընթացքում հրապարակայնորեն մտահոգություն հայտնեց իշխանական ատյաններում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության առնչությամբ»։
Պետդեպի 2010թ զեկույցը գրեթե նույնությամբ կրկնում է նախորդ տարվա գնահատականը եւ եզրակացնում. «Իշխանության հակակոռուպցիոն ծրագրերը շարունակում են անարդյունավետ մնալ»։
1. Պետական միջոցների յուրացում եւ վատնում
2008-09-10թ.թ. ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից կատարված ստուգումների արդյունքում կազմված շուրջ 120 հաշվետվության համաձայն՝ արձանագրվել են ավելի քան 20 մլրդ դրամի խախտումներ, յուրացումներ եւ անարդյունավետ ծախսեր: Եթե ընդունենք, որ սա կազմում է ՀՀ բյուջետային հատկացումների շատ չնչին մասը միայն, անառարկելի է, որ տեղի է ունենում պետական միջոցների մասշտաբային յուրացում, մսխում եւ վատնում: Մասնավորապես, միայն 2008թ. պատահական ընտրանքով ստուգվել է ՀՀ բյուջետային ծախսերի ընդամենը 4%-ը եւ հայտնաբերվել են 8 մլրդ դրամի խախտումներ եւ յուրացումներ: Թվերի էքստրապոլյացիայի պարագայում ձեւավորվում է ավելի սահմռկեցուցիչ պատկեր: Ստացվում է, որ բյուջետային ծախսերի 100 տոկոսի ստուգման պարագայում պետական բյուջեի յուրացումներն ու վատնումները կկազմեին միջինը 200 միլիարդ դրամ կամ ավելի քան 500 միլիոն դոլար:
Սոցիալական ապահովության ոլորտում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 58.921 մահացած թոշակառու, որոնց անունով դուրս են գրվել եւ յուրացվել թոշակային վճարումներ: Միայն 2011թ. հունվար ամսին այս զտումների արդյունքում տնտեսվել է 1 մլրդ 365 մլն դրամ: Այս թիվը միջինացված (հաշվի առնելով կենսաթոշակների բարձրացումը) տարածելով վերջին երեք տարիների (36 ամիս) վրա՝ ստացվում է, որ պետական միջոցներից գոյություն չունեցող թոշակառուներին վճարվել, իսկ իրականում` յուրացվել է շուրջ 40-45 մլրդ դրամ:
Նույն Վերահսկիչ պալատի հաշվետվություններից կարելի է եզրակացնել, որ այս երեւույթը կրում է համատարած բնույթ եւ չունի ոլորտային սահմանափակում: Այն ընդգրկում է վարկային ռեսուրսների օգտագործման, գնագոյացման, վարկավորման, մանկական խնամակալության, մշակույթի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներ:
Խոսքը վերաբերում է կառավարության կողմից 2008-2011 թվականներին մի քանի հարյուր միլիոն դոլարի վատնման եւ յուրացման` պաշտոնապես բացահայտված փաստերին: Բայց ամենաապշեցուցիչն այն է, որ այս խայտառակ եւ աղաղակող ապօրինությունների համար մինչեւ օրս ոչ մի պաշտոնատար անձ չի պատժվել կամ չի կրել քրեական պատասխանատվություն: Սա ապացուցում է, որ բացահայտումները չեն ծառայել կոռուպցիայի վերացմանը, այլ միայն կատարվել են կոռուպցիոն համակարգում «կոմպրոմատների» միջոցով կառավարելիության ապահովման նպատակով:
2. Պետական իշխանության եւ բիզնեսի սերտաճում
Ձեւավորված կոռուպցիոն համակարգի գոյությունը բերել է նրան, որ տեղի է ունեցել պետական իշխանության ինստիտուտների եւ բիզնեսի` նախադեպը չունեցող սերտաճում, դրանով իսկ՝ պետական համակարգի գործառույթների աղճատում եւ դրանք անձնական ու շահադիտական նկատառումներով գործադրելու արատավոր ավանդույթ: Ինչպես նախկին 13 տարիներին, այնպես էլ ներկայումս գործող իշխանության բարձրագույն պաշտոնյաների, նախարարների, մարզպետների, գերատեսչությունների ղեկավարների, դատախազների, ոստիկանների, ԶՈՒ գեներալների, դատավորների գերակշռող մասը խոշոր սեփականատերեր ու ձեռնարկատերեր են: Գործող եւ նրան նախորդած, իսկ իրականում՝ նույն իշխանության օրոք կոռուպցիայի համակարգայնացման արդյունքում արդեն 2010թ. երկրի ազգային հարստության 52%-ը կենտրոնացել է 44 ընտանիքների ձեռքում:
Հայ ազգային կոնգրեսը հետեւողականորեն բարձրացրել է այս հարցը, բազմիցս կոնկրետ մատնանշել պետական պաշտոնյաների, նրանց` ապօրինի ճանապարհով ձեռք բերված եկամուտների, ինչպես նաեւ ձեռնարկատիրությամբ զբաղվելու օրինակներ: Այս հարցին լայնորեն անդրադարձել են նաեւ տեղական եւ արտերկրի լրատվամիջոցները: Դրա լավագույն արտացոլումը ռուսաստանյան մամուլի («Վերսիա» եւ «Վեկ» պարբերականներ) հրապարակումներն էին 2010 թվականին՝ ամենակոռումպացված պետական պաշտոնյաների ունեցվածքի մասին։ Ընդ որում՝ նրանց մեծագույն մասը պաշտոնի բերումով իրավունք չի ունեցել զբաղվել գործարարությամբ, բայց իրենց պաշտոնավարման տարիներին դարձել է միլիոնավոր, իսկ որոշ դեպքերում միլիարդավոր հարստությունների տեր: Նրանց թվում` Ռոբերտ Քոչարյան - ՀՀ նախկին նախագահ, Սերժ Սարգսյան - Հայաստանի նախկին վարչապետ, գործող նախագահ, նրա եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյան - ԱԺ պատգամավոր, Տիգրան Սարգսյան - վարչապետ, Հովիկ Աբրահամյան - ԱԺ խոսնակ, Արթուր Բաղդասարյան - Անվտանգության խորհրդի քարտուղար, Արմեն Գեւորգյան - փոխվարչապետ, Վարդան Այվազյան - ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, Գագիկ Խաչատրյան - պետեկամուտների կոմիտեի նախագահ, Արթուր Ջավադյան - Կենտրոնական բանկի նախագահ, Անդրանիկ Մանուկյան - կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, ներկայումս դեսպան, Երվանդ Զախարյան - Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս ՀՀ ԿԱ Անշարժ գույքի եւ կադաստրի վարչության պետ, Կարեն Կարապետյան - Երեւանի քաղաքապետ, Գագիկ Բեգլարյան - Երեւանի նախկին քաղաքապետ: Հատկանշական է, որ ըստ այդ ցուցակների՝ կարողության հիերարխիան հիմնականում համապատասխանում է տվյալ մարդկանց պաշտոնների հիերարխիային՝ սկսած Ռ. Քոչարյանից։ Միայն վերջինիս՝ իր պաշտոնավարման շրջանի համար արձանագրված 4 միլիարդ դոլարի կարողության կուտակումը մի կողմից ցուցադրում է կատարված պետական ռեկետի մասշտաբը, մյուս կողմից՝ հասկանալի դարձնում, թե ինչ մեխանիզմով է ազգային հարստության կեսը կարճ ժամանակում հայտնվել ընդամենը չորս տասնյակ ընտանիքի ձեռքում։ Սույն ցուցակների հավաստիությունը ապացուցվում է նաեւ այն փաստով, որ այս երկու տասնյակ պաշտոնյաներից ոչ մեկը դատի չտվեց այդ պարբերականներին:
Նախաբան մաս 1
http://aregevorgyan.blogspot.com/2012/01/1.html
Նախաբան մաս 2 http://aregevorgyan.blogspot.com/2012/01/2.html
մաս 6 http://aregevorgyan.blogspot.com/2012/01/6.html
No comments:
Post a Comment