PropellerAds

Sunday, March 25, 2012

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Առաջատար երկրներում գիտության և բարձրագույն կրթության զարգացումը տնտեսության առաջընթացի հիմնական երաշխիքն է: Գիտության, հատկապես հիմնարար (ֆունդամենտալ) գիտության զարգացումը, գիտատար ապրանքի ստեղծման, բարձր տեխնոլոգիական տնտեսության ստեղծման գլխավոր գործոնն է: Փաստ է, որ զարգացած երկրների հաջողության անկյունաքարը հիմնարար գիտությունների ու բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությունն է:

Գիտության և բարձրագույն կրթության զարգացումը խիստ կենսական նշանակություն ունի հատկապես բնական պաշարներով ոչ հարուստ, բարդ աշխարհաքաղաքական խնդիրներ ունեցող Հայաստանի համար: Հիմնարար գիտությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացումը արդյունավետ և մրցունակ հիմք է գիտատար ապրանքի վրա հիմնված տնտեսության հիմնադրման և արդի մարտահրավերների հաղթահարման համար:

Երկրի գիտության ոլորտի զարգացումը կոչված է ապահովելու ՀՆԱ-ի կայուն աճ:

Պետության կողմից գիտության կառավարումը պետք է ներդաշնակվի կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող քաղքականության հետ, նկատի ունենալով, որ վերոգրյալ ոլորտները փոխկապակցված են հետևյալ բանաձևով՝ «գիտությունը նոր գիտելիք է գեներացնում, այն` կրթության միջոցով, փոխանցում է սերունդներին, իսկ ձեռք բերած գիտելիքը պահպանում է մշակույթը»:

Գիտության և կրթության կարևորագույն առաքելությունն է գիտելիքի «կուտակման տնօրինման, փոխանցման» կամ «ստանալու, զարգացնելու, հաղորդելու» փիլիսոփայությունը: Այն քաղաքացի-պետություն փոխհարաբերության և պետության զարգացման հիմնական կենսափիլիսոփայության առանցքն է` երբ յուրաքանչյուրը հնարավորություն ունի ազատորեն ինքնադրսևորվելու և պատասխանատվություն ստանձնելու իր «ստացածի, զարգացրածի և հաղորդածի» համար:

Գիտական և կրթական քաղաքականության հիմքում պետք է լինեն ստեղծագործական նախաձեռնություններին աջակցելը, ինքնությունների ստեղծման ողջունումը, մշակութային բազմազանության և միջմշակութային հաղորդակցության քաջալերումը:

Պետության դերը գիտության և կրթության ոլորտների կառավարման գործում ինքնակազմակերպման մեխանիզմների ստեղծումն է և ստեղծագործական գործընթացներին միջամտության բացառումը: Համակարգի կենտրոնում պետք է լինի գիտական, կրթական, մշակութային արդյունք ստեղծողի անհատականությունը։ Գիտական, կրթական և մշակութային հիմնարկների կենտրոնական միավորն ու ֆինանսավորման տնօրինողը պետք է լինի գիտաշխատողը, դասախոսը։

ՀՀ գիտական և կրթական քաղաքականության մեջ քաղաքացու ներգրավվածության և անհատի ստեղծագործական ազատության ապահովումը երաշխավորում է բազմաձև մասնակցության հնարավորություններ` ինչպես մասնավոր-անհատական, այնպես էլ հասարակական, համայնքային և այլ բնույթի նախաձեռնությունների տեսքով:

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության զարգացման հեռանկարային ծրագիրն» արդյունավետ կարող է գործել միայն հասարակության, հատկապես բարձրագույն կրթության և գիտության բնագավառում ներգրավված հանրության հետ ակտիվ համագործակցությամբ և իրականացվող գործընթացներին ու վերահսկմանը մասնակցության լայն հնարավորությունների ապահովմամբ:


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

1. Գիտության ֆինանսավորման հիմնական աղբյուրը շարունակում է մնալ պետական բյուջեն, իսկ բուհերինը՝ ուսանողների վարձավճարները: Գիտության ոլորտում ծախսերի բաժինը (ՀՆԱ 0.25%) առնվազն տասն անգամ ցածր է զարգացած երկրների նմանատիպ ցուցանիշներից:

2. ԽՍՀՄ-ից ժառանգած գիտության կառուցվածքը, որը բնորոշ է մեծ պետությունների համար, փոփոխություններ չի կրել։ Այն շարունակում է բաժանված մնալ մի կողմից ակադեմիական/ճյուղային, մյուս կողմից՝ բուհական, իրարից խիստ տարանջատված մասերի։

3. Բուհերում շարունակում է պահպանվել խզումը դասավանդման և հիմնարար հետազոտությունների միջև։ Հետազոտական աշխատանքներին բուհերն իրենց բյուջեից հատկացումներ գրեթե չեն կատարում: Հետազոտություններ կատարվում են հիմնականում արտասահմանյան դրամաշնորհների և հետազոտողների անհատական նախաձեռնության ու նվիրումի շնորհիվ: Դասախոսները շարունակում են գերբեռնված լինել դասավանդմամբ և չեն կարող զբաղվել հետազոտական աշխատանքներով:

4. Գիտության և կրթության ոլորտներում շարունակում է պահպանվել ֆինանսավորման կենտրոնացված սխեմաների կիրառումը՝ ֆինանսավորումը տրվում է հիմնարկներին, որոնք բաշխում են այն ըստ ստորաբաժանումների և աշխատակիցների։

5. Գիտական և գիտահետազոտական բնագավառը մշտապես թերֆինանսավորված է, ինչը՝

հնարավորություն չի տալիս իրականացնել խոշոր գիտական նախագծեր.

չի լուծում նորագույն թանկարժեք սարքավորումների ձեռքբերման և սպասարկման խնդիրները.

չի ստեղծում հնարավորություն գիտության, գիտական խմբերի և տնտեսության միջև ճկուն հարաբերություններ հաստատելու համար.

վտանգված է հայաստանյան գիտակրթական գիտահետազոտական հաստատությունների միջազգային վարկանիշը.

բացասաբար է ազդում երիտասարդ գիտնականներին հետազոտությունների ոլորտ ներգրավելու վրա.

նպաստում է երիտասարդ գիտնականների և գիտական ներուժի արտահոսքին:

6. Ոլորտում ձևավորված չէ մրցակցային միջավայր, չի կազմավորվել կրթական և հետազոտական ծառայությունների շուկա:

7. Բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերը ճկուն չեն և ի վիճակի չեն արագ փոփոխվելու, զուրկ են հետազոտական և գործնական հենքից և ունեն պատմողական, նկարագրական բնույթ` միտված դեպի նյութի սերտում և վերարտադրում։ Ուսումնական ծրագրերի կազմավորման պրոցեսը բյուրոկրատացված է, զուրկ մրցակցային հենքից և անկախ փորձագիտական գնահատումից։

8. Մասնագետներին ներգրավելու բաց, թափանցիկ և ճկուն մեխանիզմների բացակայությունը, անցկացվող մրցույթների ֆորմալ բնույթը, կադրերի ընտրության հարցում անձնական հավատարմության, կլանախմբային շահերի գերակայությունը, հնարավորություն չեն տալիս առկա առաջարկներից ընտրել լավագույնը: Բացակայում են երիտասարդ մասնագետներին մասնագիտական զարգացման մեխանիզմները և նրանց աշխատանքով ապահովելու ռեալ հնարավորությունները:

9. Համակարգված չէ միջազգային գիտական տարածքի մեջ ինտեգրվելու գործընթացն ու միջազգային գիտական կազմակերպությունների հետ աշխատանքը: Կատարվում է միջազգային հաստատությունների կողմից հատկացված գիտահետազոտական դրամաշնորհների փոշիացում: Միջազգային ֆինանսական օժանդակությունը հիմնականում նպաստում է միայն գիտական ներուժի ֆիզիկական պահպանմանն ու արտահոսքին:

10. Ցածր է ակտիվությունը նորարության (ինովացիոն) ոլորտում.

Ներկայացվող գյուտերի, գիտատար ապրանքի հիմնավորման համար հայրենական արդի գիտահետազոտական աշխատանքների, հոդվածների վրա հղումների քանակը սակավաթիվ են.

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների բնագավառում գյուտերի ֆիզիկական հայտատուների փոքրաթիվ լինելը և նրանց ցածր ակտիվությունը հետևանք է ժամանակակից հետազոտությունների կատարման համար անհրաժեշտ նյութական ու ֆինանսական միջոցների անտնտեսվար և անարդյունավետ գործունեության:

11. Պետական կառավարման համակարգում բացակայում է այն մեխանիզմը, որն ի զորու կլինի կուտակել ու համակարգել գիտահետազոտական բնագավառին առնչվող ամբողջ տեղեկատվությունը և ուղղորդել այն` երկրի տնտեսական զարգացման քաղաքականությանը համապատասխան:

12. Պետական բուհերի և գիտահետազոտական հաստատությունների ներկայիս կարգավիճակը (ՊՈԱԿ) ակնհայտորեն հակասում է ազատ շուկայական տնտեսական օրենքների հիման վրա գործող կրթական ծառայությունների շուկա ձևավորելու նպատակին։

13. Կրթության և գիտության կենտրոնացված, վարչահրամայական կառուցվածքով, ձևով և բովանդակությամբ ժողովրդավարական համակարգին օտար կառավարման համակարգը վերացնելու և նոր, մարդակենտրոն, ժողովրդավար համակարգի ներդրման համար կիրականացվի գիտության ենթակառուցվածքների կառավարման եւ ֆինանսավորման ապակենտրոնացում: Ապակենտրոնացումը կկատարվի հաշվի առնելով կրթության, գիտության և մշակույթի ենթակառուցվածքներն ըստ սեփականության, կառավարման և ֆինանսավորման ձեւերի:

Սեփականության ձևը

1. Կվերանայվի պետական բուհերի՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավական կարգավիճակը՝ դրանք կվերածվեն հանրային ուսումնական հաստատությունների։ Պետության մասնակցությունը բուհերի ակտիվների և ուսումնական կառավարման գործընթացին կիրականացվի օրենսդրությամբ՝ հաշվի առնելով վերջինիս ֆինանսական ներդրումները։ Բուհերի և գիտահետազոտական հաստատությունների կողմից օգտագործվող անշարժ գույքը և նյութատեխնիկական ենթակառուցվածքները վերահաշվառումից հետո անհատույց` որպես պետական ներդրում, կփոխանցվի վերակազմավորվող հաստատություններին։

2. Կիրականացվի գիտության ենթակառուցվածքների կառավարման և ֆինանսավորման ապակենտրոնացում, իսկ գիտահետազոտական հաստատությունները կստանան ինքնակառավարման և իրավական կարգավիճակի ընտրության հնարավորություն:

3. Հիմնարար գիտությամբ զբաղվող գիտական հիմնարկների համար կձևավորվի իրավական կարգավիճակ, որը հնարավորություն կտա հիմնականում (80% և ավելի) ֆինանսավորվել պետության կողմից և ունենալ գիտական հետազոտությունների ուղղություններ ընտրելու ազատություն։

4. ԳԱԱ ակադեմիկոսների ինստիտուտը կվերակազմավորվի հասարակական կազմակերպության, իսկ գիտական կազմակերպությունների ներկա համակարգը կվերածվի ինքնակառավարվող գիտական միավորման: Անհրաժեշտության դեպքում` ելնելով գիտության զարգացման շահերից, ինքնակառավարվող գիտական միավորման մեջ մտնող կազմակերպություններին իրար հետ կամ համակարգից դուրս, բուհական և ճյուղային կառույցների հետ միավորվելու հնարավորություն կտրվի:

5. Պետությունը կերաշխավորվի ինստիտուտների կոլեկտիվների ու գիտական խորհուրդների՝ վերկազմավորման որոշում կայացնելու և ձևի ընտրության ազատ հնարավորությունը, ինչպես նաև գիտական կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ պայմանները: Ինստիտուտների կողմից օգտագործվող անշարժ գույքը ու նյութատեխնիկական միջոցները վերահաշվառումից և հաստատության վերակազմավորումից հետո անհատույց` որպես պետական ներդրում կփոխանցվի վերակազմավորվող ինստիտուտ-հիմնադրամների օգտագործմանը:

Կառավարումը

6. Կվերացվի «ավագ դպրոց–բուհ» անցման ընթացքում տարատեսակ քննությունների (միասնական, կենտրոնացված և այլն) ներկայումս գործող համակարգը։ Ընդունելության կարգը կսահմանվի բուհի կողմից։ Բուհը և մասնագիտությունն ընտրելու ազատ իրավունքը կվերապահվի դիմորդին: Կրթական նախորդ աստիճանում ձեռք բերած ցուցանիշների հիման վրա դիմորդը կստանա համապատասխան կրթական դրամաշնորհ և հաշվի առնելով բուհի` ըստ մասնագիտությունների սահմանած վճարման համակարգը կընտրի իր նախընտրած մասնագիտությունը։ Պետպատվերն այսպիսով կարգավորվելու է ոչ թե մասնագիտություններին հատկացվող տեղերի քանակով և ըստ բուհերի տեղաբաշխմամբ, այլ դիմորդներին և ուսանողների կրթական դրամաշնորհների տրամադրմամբ:

7. Կառավարության որոշումներով և օրենսդրական ակտերով մասնագիտությունների ցանկի և պարտադիր առարկայացանկերի հաստատման պրակտիկան կբացառվի: Կառավարության կողմից Որակավորումների ազգային շրջանակի հիման վրա միջազգայնորեն ընդունված անվանացանկին համապատասխան կհաստատվեն շնորհվող որակավորումների անվանումները: Բուհերին հնարավորություն կընձեռվի առավել ազատորեն մշակել և ճկուն դարձնել կրթական ծրագրերը, արագ արձագանքել փոփոխվող մասնագիտական, հասարակական և շուկայական պահանջներին։

8. Կվերացվեն ուսանողների՝ կուտակած կրեդիտների հիման վրա մասնագիտությունը փոխելու կամ այլ բուհ փոխադրվելու իրավունքը խոչընդոտող օրենսդրական և կանոնակարգային արհեստական արգելքները։

9. Կվերափոխվի ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման գործող համակարգը՝ այն կհամապատասխանեցվի միջազգայնորեն ընդունված ձևաչափերին և միաժամանակ կապահովվի ՀՀ գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական համակարգերի արագ ինտեգրումը միջազգային համակարգերին։ Միջազգային ճանաչման արժանանալուն զուգընթաց, պետության կողմից գիտական խորհուրդների հաստատված չափորոշիչների համաձայն՝ աստիճանական անցում կկատարվի նրանց կողմից գիտական աստիճանների և կոչումների շնորհմանը։ Այդ նպատակով աստիճանաբար կիրականացվի ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործառույթների կրճատում և վերջինիս վերակազմավորումը Գիտական աստիճանների գրանցման կենտրոնի, որը կիրագործի հետևյալ հիմնական գործառույթները.

ա. բուհերի և գիտահետազոտական հաստատությունների կողմից տրվող գիտական աստիճանների և գիտական արտադրանքի հաշվառումն ու գրանցումը.

բ. բուհի կամ գիտական հաստատության կողմից մերժված կամ տրված գիտական աստիճանի բողոքարկման դեպքում, այդ նպատակով ստեղծված անկախ գիտական խորհրդի կազմակերպումն ու անցկացումը:

10. Կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության դիտարկման, օրենսդրության կիրարկման մեթոդական օգնության կազմակերպման, հեռանկարային զարգացման ծրագրերի մշակման, հանրակրթության պետական ծրագրերի, դասագրքերի, ուսուցողական այլ նյութերի մշակման մրցույթների անցկացման ու քննարկումների կազմակերպումը կիրականացվի պետական լիազոր մարմնի կողմից։

11. Գիտության և կրթության ոլորտների զարգացման և ծրագրերի իրականացման ընթացքը վեր հանելու և հանրությանը ներկայացնելու համար պետական լիազոր մարմնի կողմից նվազագույնը տարեկան մեկ անգամ կհրապարակվի «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ազգային զեկույց»։ Զեկույցը կներկայացնի ոլորտի բոլոր ենթակառուցվածքների ծրագրերի իրականացման կատարողականությունը` ֆինանսական աուդիտը, թերություններն ու կոռուպցիոն ռիսկերը։

12. Հնարավորինս սեղմ ժամկետներում օրենսդրորեն կկարգավորվեն գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական գործունեության ոլորտի հեղինակային իրավունքի հետ կապված հարցերը, հիմնվելով միջազգային փորձի վրա, հստակեցնելով հեղինակ–կազմակերպություն–պետություն–շուկա շղթայում բոլոր սուբյեկտների իրավունքներն ու պարտավորությունները։ Առանձնակի ուշադրություն կդարձվի ռեզիդենտների հեղինակային իրավունքների պաշտպանության ֆինանսավորմաը։

Ֆինանսավորումը

13. Հայաստանի Հանրապետության ՀՆԱ–ի գիտատարության նվազագույն գործակիցը` հետագա կայուն տարեկան 0.2% աճի միտումով, պետք է սահմանել առնվազն 1 տոկոսը` ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան ֆինանսավորման կայուն աճը։

14. Գիտահետազոտական թեմաների համար նախատեսված միջոցները պետական բյուջեից կհատկացվեն թեմատիկ ֆինանսավորման տեսքով։ Բազային ֆինանսավորման սխեման կարող է կիրառվել միայն հատուկ դեպքերում՝ ՀՀ ԱԺ-ը կողմից հաջորդ տարվա բյուջեն հաստատելիս համապատասխան հավելվածում այդ գիտահետազոտական ծրագրին տեղ հատկացնելու դեպքում։

15. Իբրև գիտական թեմաներ կատարող կամ գիտահետազոտական ծրագիր իրականացնող շահառու սուբյեկտներ կարող են հանդես գալ թեմատիկ խմբերը, անհատները, բուհերը, վերակազմավորված գիտական հաստատությունները, հետազոտողների ասոցիացիաները և և այլն։

16. Գիտահետազոտական թեմաների գնահատումը, որպես կանոն, կիրականացվի պետության կողմից ֆինանսավորվող տեղական և միջազգային (համատեղ) փորձաքննության միջոցով։ Միջազգային փորձաքննության պարագան կարող է չկիրառվել ազգային անվտանգության խնդիրների հետ անմիջական կապ ունեցող թեմաների դեպքում։ Այն գիտական թեմաները, որոնք ՀՀ կողմից տրամադրվող դրամաշնորհներից բացի կունենա նաև այլ աղբյուրներից (տեղական կամ միջազգային) դրամաշնորհներ ոչ միայն կպահպանեն դրանք, այլ նաև կքաջալերվեն: Նյութատեխնիկական միջոցների հատկացումները և ծառայությունները կհամարվեն հատկացված դրամաշնորհների բաղադրիչ:

17. Պետբյուջեի կողմից տրվող ֆինանսավորումը կիրականացվի համապատասխան հիմնադրամի միջոցով, որի կառավարմանը պետության մասնակցությունը կլինի ֆինանսավորման ծավալներում պետական միջոցների տեսակարար կշռին համապատասխան։ Կրթության և գիտության պետական պատվերը մշակող և դրանք ֆինանսավորող մարմինները կառանձնացվեն։ Հիմնադրամը` բյուջեի ֆինանսավորումը շահառուներին կտրամադրի եռամսյակային հաշվետվության ընդունումից հետո, իսկ ծրագրային դրամաշնորհները՝ ըստ հաստատված ծրագրերի հաշվետու փուլերի։

18. Կվերացվի թեմաների հաստատման պրակտիկան: Պետության կողմից կորդեգրվի ծրագրերի ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակցային ֆինանսավորման քաղաքականություն: Կստեղծվի գիտահետազոտական հաստատություններից և առանձին գիտնականներից թեմաների առաջադրման և անկախ գիտական խորհուրդներով միջոցների ներդրման դրամաշնորհային համակարգ։ Մտահղացումը հեղինակային իրավունքի առարկա կդիտարկվի և ամենևին նշանակություն չի ունենա թեմա-ծրագիրն առաջարկողը գերատեսչական, թե մասնավոր հաստատություն է, գիտահետազոտական խումբ է, թե ֆիզիկական անձ:

19. Կկատարվի գիտական մշակումների ներդրման ու գիտության ֆինանսավորման դիվերսիֆիկացիա՝ հետևյալ աղբյուրների ներառմամբ.

ա. վենչուրային հիմնադրամներ պետության և մասնավոր մասնակցությամբ.

բ. արդյունաբերական քլաստերների ֆինանսավորման ու կայունության հիմնադրամից կհատկացվի որոշակի տոկոս գիտության ֆինանսավորման համար.

գ. պետական երաշխիքների ինստիտուտի հետ միասին կխրախուսվի ապահովագրական և այլ հիմնադրմների ազատ միջոցների ներգրավում.

դ. Հայաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացումը կհանդիսանա շոշափելի աղբյուր գիտության ֆինանսավորման և բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման համար:

20. Գիտական արդյունքի առևտրայնացումն ապահովելու նպատակով կստեղծվեն «գիտելիք–պահանջարկ» (հիմնարար հետազոտություններ–կիրառական մշակումներ–արտադրություն), ինչպես նաև «պահանջարկ–գիտելիք» գործընթացները կարգավորող (մոդերատոր) կառույցներ՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր:

21. Բուհերում ուսման ծախսերի հետ կապված հատկացումները պետության կողմից կիրականացվեն հիմնադրամից տրվող տարբեր չափերի դրամաշնորհներով՝ ըստ դիմորդների ուսումնառության նախորդ աստիճանում (կիսամյակում) ձեռք բերած բարձրագույն ցուցանիշների որոշակի շեմերի։ Կբացառվի պետական դրամաշնորհից օգտվելու անխախտ իրավունքը ուսումնառության ողջ ընթացքում։ Բուհում ուսումնառության առաջին կիսամյակի համար պետական դրամաշնորհից օգտվելու հարցը կորոշվի հանրակրթության վերջնական ուսումնական առաջադիմության ցուցանիշների հիման վրա։ Կրթական դրամաշնորհների հատկացման եղանակը կկիրառվի կրթական յուրաքանչյուր հաջորդ աստիճան (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) դիմելիս։

22. Բուհերի ֆինանսական առավելագույն անկախությանը նպաստելու համար կստեղծվեն նպատակային հիմնադրամներ (“Endowment Funds”), որոնք կարճ ժամանակվա ընթացքում կապահովեն բուհերի հիմնական ծախսերի մոտ 30-40 տոկոսը: Հիմնադրամների կենսունակությունն ու արդյունավետությունը ապահովելու համար կընդունվի համապատասխան օրենք, որով կերաշխավորվի դրանց մայր գումարի պաշտպանվածությունը։

23. Գիտության և բարձրագույն կրթության ոլորտում պետական լիազորված մարմնի կողմից կիրականացվի շենք-շինությունների, նյութատեխնիկական միջոցների հաշվառում։ Օրենսդրորեն կսահամանվի և կկարգավորվի ՀՀ գիտամշակութային ժառանգության պահպանման, տնօրինման և օգտագործման կարգը: Հաշվառման արդյունքում կստեղծվի ձեռք բերված տվյալների շտեմարան, կկանոնակարգվի շտեմարանից օգտվելու կարգը: Այն մատչելի կլինի ինչպես գիտական և մշակութային հաստատությունների, գիտահետազոտական խմբերի, այնպես էլ լայն հասարակայնության համար:

24. Բարձրագույն կրթության ոլորտում՝ գնահատման անաչառությունն ու հուսալիությունը ապահովելու համար համապատասխան չափանիշների և ստանդարտների հիման վրա առավելագույնս կֆորմալիզացվի գիտելիքի գնահատման գործընթացը: Այդ նպատակով կկիրառվի այլ դասախոսների կողմից գնահատում անցկացնելու պրակտիկան: Աստիճանական անցում կկատարվի այնպիսի համակարգի, երբ գիտելիքի ավարտական գնահատումը կիրականացվի արտաքին եղանակով` այլ բուհերի մասնագետների կողմից:

25. Կստեղծվեն գիտելիքի գնահատման անկախ կենտրոններ, որտեղ ուսանողներին և մասնագետներին պարբերաբար վերաորակավորվելու հնարավորություն կտրվի:

21 Մարտ 2012

No comments:

Post a Comment