PropellerAds

Tuesday, January 3, 2012

Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում. Մաս 2


Ներկայացված է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության կողմից
9 օգոստոսի, 2011թ., Երեւան 

Մարտիմեկյան սպանդ, չբացահայտված սպանություններ, ոճրագործության պարտակում
Որեւէ իշխանություն դադարում է լեգիտիմ լինել, երբ կրակում է սեփական ժողովրդի վրա: Արյան, ոճրագործության, բռնության վրա հիմնված իշխանությունը անմիջապես օտարվում է սեփական ժողովրդից: Մարտիմեկյան սպանդը այս ամենի դասական օրինակ է: Այսպես.


1. 2008 թ. փետրվարի 20-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները սկսեցին անցկացնել ամենօրյա ցույցեր նախագահական ընտրություններում աղաղակող կեղծիքներով արձանագրված արդյունքների բողոքարկման նպատակով: Տասնօրյա ցույցերը եւ երթերը, որոնց մասնակցեցին հարյուր հազարավոր մարդիկ, աչքի ընկան բարձր կազմակերպվածությամբ եւ բացառապես խաղաղ բնույթով: Հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ ցույցերի եւ երթերի ընթացքում չի արձանագրվել բռնության, անկարգություն կամ հասարակական կարգի խախտման որեւէ դեպք: Այդ մասին համապատասխան գնահատականներով հանդես եկան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Գերդտ Արենսը («Մենք տեսել ենք, որ մարդիկ իսկապես օրինապահ են այդ հրապարակում, եւ չեմ կարծում, որ այնտեղ խուլիգաններ կան: Ու հատկապես երիտասարդները մտահոգված են ժողովրդավարական ընտրություններով: Սա մի շարժում է, որին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն այս երկրի քաղաքական գործիչները: Նաեւ կարծում եմ, որ ճիշտ ձեւով պետք է վարվել այս շարժման հետ», «Ազատություն» ռադիոկայան, 29.02.2008) եւ ԵԱՀԿ-ում ԱՄՆ պատվիրակությունը («Հավաքների ազատության խաղաղ դրսեւորումը, գումարած՝ բազմության արդյունավետ եւ ոչ բռնի կառավարումը, նշանակալի ձեռքբերում են եւ ժողովրդավարության առաջընթացի նշան», 2008թ. փետրվարի 29): Պատահական չէ, որ հետագայում ոչ մի ընդդիմադիր առաջնորդի կամ ակտիվիստի նկատմամբ չի առաջադրվել ապօրինի հավաքներ կազմակերպելու մեղադրանք: Չնայած ցույցերի բացառապես օրինական եւ խաղաղ բնույթին, Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը ընդդիմության հետ քաղաքական երկխոսությամբ եւ խաղաղ բանակցություններով կարգավորելուց եւ որոշում ընդունեցին ժողովրդի օրինական բողոքը բռնի ուժով ճնշելու մասին: Ուժային մեթոդների ապօրինի գործադրման հիմնական պատճառը ընտրության արդյունքներն իրավական ճանապարհով հիմնավորելու եւ վավերացնելու հարցում՝ իշխանություն մտավախությունն էր։ Մարտի 1-ի վաղ առավոտյան, առանց նախազգուշացման, Ազատության հրապարակում բողոքի խաղաղ նստացույցը ենթարկվեց ոստիկանական ուժերի գրոհի եւ ջարդի։ Նույն օրը երեկոյան այլ տեղում հավաքված խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեց հրազեն, ինչի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 10 մարդ։


2. Իշխանությունները, մինչ ոստիկանական գործողություններ ծավալելը, ոչ մի քայլ չեն արել ընդդիմության հետ շփման մեջ մտնելու եւ լուրջ քաղաքական բանակցություններ սկսելու համար: Իսկ երբ ավելի ուշ, մարտի 1-ին, ժամը 14.00-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նման բանակցությունների առաջարկ արվեց ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաներին, այն անմիջապես մերժվեց: Հետագայում, օրվա ընթացքում, երբ բազմության քանակն արագորեն աճում էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ եւ մի շարք արեւմտյան դիվանագետների միջնորդությամբ վերջապես տեղի ունեցան նման բանակցություններ` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ՝ իրենց անվտանգության ծառայությունների պետերի միջոցով: Այնուամենայնիվ, ժամը 21.00-ին, երբ բանակցությունները դեռ շարունակվում էին, կառավարական անվտանգության ուժերը, առանց որեւէ զգուշացման, կրկին հարձակվեցին ցուցարարների վրա: Դա վկայում է, որ, բանակցություն վարելով, կառավարությունը ժամանակ էր շահում վերախմբավորելու, նախապատրաստելու իր անվտանգության ուժերը եւ ոստիկանությանը կցված հրոսակների խմբերը՝ նոր հարձակումների համար:


3. Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման եւ սպանությունների մեղավորներին պատժելու նպատակով Հայ ազգային կոնգրեսը իր հիմնադիր հռչակագրում, որպես ամենակարեւոր նպատակներից մեկը հայտարարեց «Միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ մարտի 1-ի ոճրագործության իրապես անկախ քննության իրականացումը»: Կոնգրեսը այժմ էլ վստահ է, որ իրապես անկախ, անկողմնակալ եւ թափանցիկ քննություն կարող է կատարել միայն իշխանության եւ ընդդիմության հավասար ներկայացվածությամբ, ինչպես նաեւ` միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ կազմված իրավասու մի մարմին:


4. Հայ ազգային կոնգրեսը եւ Ազգային Ժողովում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը համաձայնեցին մասնակցել 2008թ. հոկտեմբերի 23-ի նախագահական որոշմամբ ստեղծված Փաստահավաք խմբի (այսուհետեւ՝ ՓՀԽ) աշխատանքներին: ՓՀԽ-ն ստեղծվեց իշխող կոալիցիայի եւ ընդդիմության հավասար ներկայացվածության սկզբունքի հիման վրա, թեեւ այդ որոշումը չէր ապահովում ո՛չ ՓՀԽ-ի աշխատանքների թափանցիկությունը, ո՛չ էլ միջազգային փորձագետների ներկայությունը:


5. ՓՀԽ-ն բավականին արդյունավետ գործեց 2008թ. նոյեմբերից մինչեւ 2009թ. մայիսն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում ՓՀԽ կողմից շուրջ 160 գրավոր հարցում է ուղարկվել տարբեր պետական կառույցների, որոնք առնչվում էին մարտի 1-ի դեպքերին: Հարցաքննվել են ոստիկանության եւ բանակի 70 սպաներ: ՓՀԽ-ի կողմից ներկայացված քննության նյութերը բաղկացած են հարցաքննությունների 80-ժամյա տեսանյութերից, վկաներից հավաքված, դեպքերին առնչվող ավելի քան 100 տեսաձայնագրություններց, 2600 էջանոց փաստաթղթերից, ներառյալ` հարցումները եւ պաշտոնական պատասխանները:


6. Իշխանություններն, այնուամենայնիվ, տարբեր ձեւերով խոչընդոտեցին ՓՀԽ-ի աշխատանքները, մասնավորապես, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարվեցին ՓՀԽ-ին վկայություններ տալուց (ամենակարեւորը` Պետական ապահովության ծառայության ներկայիս պետ Հայկ Հարությունյանը, որը ՀՀ ոստիկանապետն էր մարտի 1-ի դեպքերի ժամանակ), թույլ չտրվեց ստուգում անցկացնել ռազմական պահեստներում, թեեւ հիմնավոր կասկածներ կային, որ 2008թ. մարտի 1-ին այդ պահեստներից համազգեստ է բաժանվել ապօրինի խմբավորումներին: Պաշտպանության նախարարությունը հրաժարվեց պատասխանել այն հարցումներին, որոնք վերաբերում էին բանակային ստորաբաժանումների մասնակցությանը մարտիմեկյան դեպքերին, Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվեց ներկայացնել իր տրամադրության տակ գտնվող, մարտի 1-ին վերաբերող տեսանյութերը, հրաժարվեց նաեւ տրամադրել փետրվարի 28-29-ին վերաբերող այն օպերատիվ տեղեկատվությունը, որն, ըստ ոստիկանության պնդումների, մարտի 1-ի ոստիկանության գործողությունների ծավալման հիմք էր հանդիսացել: ՓՀԽ-ին թույլ չտրվեց հետազոտել այն փաստական ապացույցները, որ ոստիկանությունը ձեռք էր բերել 2008թ. մարտի 1-ին, ՓՀԽ-ին հրաժարվեցին տրամադրել մարտի 1-ին ոստիկանության կողմից օգտագործված հրաձգային (բալիստիկ) զենքի քննության հաշվետվությունը: Սկսած 2009 թ. ապրիլի 22-ից՝ բոլոր պետական մարմինները հրաժարվեցին գրավոր պատասխան տալ կատարվող հարցումներին, իսկ մայիսի 5-ից մինչեւ մայիսի 18-ը թույլ չտրվեց ՓՀԽ-ի ընդդիմադիր անդամների մուտքը իրենց աշխատավայր:


7. Տարբեր պատճառաբանություններով ընդհատվեցին ՓՀԽ-ի աշխատանքներն անմիջապես այն բանից հետո, երբ վերջինս 2009թ. ապրիլի 22-ին հրապարակեց իր առաջին զեկույցը, իսկ Խումբը վերջնականապես լուծարվեց 2009թ. հունիսի 6-ի նախագահական որոշումով: Զեկույցը հետաքննել էր 2008թ. մարտի 1-ին ոստիկանության կապիտան Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքները: Հայտնաբերվել էր, որ մահվան հանգամանքների լուրջ իրավական եւ գործընթացային խախտումներով վարած պաշտոնական հետաքննության նպատակն է եղել պաշտպանել մահվան հանգամանքների պաշտոնապես ներկայացված տարբերակը, համաձայն որի՝ կապիտանը, իբր, մահացել էր ցուցարարների կողմից նետված նռնակի պայթյունի հետեւանքով:


8. Խմբի աշխատանքներն արդյունավետ են եղել մինչեւ այն պահը, քանի դեռ չէր հրապարակվել վերը նշված առաջին զեկույցը, որով կասկածի տակ էր դրվում դեպքերի պաշտոնական վարկածը: Այդ պահից ի վեր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, որը ընդդիմության ներկայացուցիչ անդամների հետ միասին ստորագրել էր այդ զեկույցը, դարձավ իշխանությունների կողմից ճնշումների առարկա, ինչի հետեւանքով նա վերջնականապես հրաժարվեց մասնակցել ՓՀԽ աշխատանքներին: Չնայած այն բանին, որ դրան հաջորդեցին նաեւ իշխող կոալիցիայի երկու ներկայացուցիչների հրաժարականները, ընդդիմության երկու ներկայացուցիչները շարունակեցին իրենց աշխատանքները եւ 2009թ. հունիսի 4-ին, նախագահական որոշմամբ Խմբի լուծարումից ճիշտ երկու օր առաջ, հրապարակեցին մեկ այլ զեկույց՝ հիմնված ՓՀԽ-ի ձեռք բերած փաստերի վրա:


9. Երկրորդ զեկույցն ամփոփում էր Ոստիկանության Ներքին զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների պաշտոնական քննության նյութերի հետազոտությունը: Այն ընդգրկում է անհերքելի փաստեր, որոնք ապացուցում են, որ Տիգրան Աբգարյանին սկզբում ենթարկել են դաժան ծեծի եւ հետո սպանել ընդհուպ կրակոցներով: Ձեռք բերած փաստերը եւ դրանց մանրամասն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հատուկ քննչական ծառայությունը միտումնավոր կեղծել է փաստական ապացույցները եւ թաքցրել ճշմարտությունը, որպեսզի դրանք հարմարեցնի պաշտոնական վարկածին, համաձայն որի՝ 2008թ. մարտի 1-ին ցուցարարներն օգտագործել են հրազեն, եւ որ հեռու տարածությունից արված այդպիսի մի կրակոցից էլ զոհվել է Ներքին զորքերի զինծառայողը: Մամուլում հրապարակված այն մեղադրանքները, թե Տիգրան Աբգարյանը, հավանաբար, մահապատժի է ենթարկվել իր իսկ հրամանատարների կողմից, հաստատվում է այն փաստով, որ նա բռնության է ենթարկվել եւ ապա ընդհուպ կրակոցով սպանվել այն վայրում, որտեղ շրջապատված էր եղել իր ծառայակից ջոկատայիններով։ Չնայած ՓՀԽ-ի կողմից ձեռք բերված նյութերն ուղարկվել էին մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովին, փաստերի այդ հսկայական քանակը պատշաճ կերպով չի ուսումնասիրվել, վերլուծվել եւ համադրվել:


10. Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը (այսուհետեւ` Հանձնաժողով) ցուցադրել է կողմնակալ եւ աչառու վերաբերմունք՝ փորձելով ամեն գնով պաշտպանել 2008թ. մարտի 1-ի դեպքերին առնչվող պաշտոնական վարկածը, անտեսել է փաստացի վկայությունները, խուսափել է իշխանություններին քննադատելուց՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով քննության վստահելիությունը:


11. Հանձնաժողովի զեկույցի՝ «2008թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրություններ» գլխում ոստիկանության գործողությունները ներկայացված են որպես «տեղանքի զննում», որոնք հետագայում, իբր, բախվելով ցուցարարների դիմադրությանը, վերածվել են «ապօրինի զանգվածային հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցման»: Հանձնաժողովը չի անդրադարձել այն հակասություններին եւ անհամապատասխանություններին, որ գոյություն ունեին պետական պատկան մարմինների պաշտոնական փաստաթղթերում եւ ոստիկանական պաշտոնյաների վկայություններում: Թեեւ սկզբնական շրջանի որոշ պաշտոնական փաստաթղթերում ոստիկանական գործողությունները ներկայացված են որպես «ապօրինի զանգվածային հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցում», սկզբնական շրջանի այլ փաստաթղթերում դրանք նկարագրվում են որպես «օպերատիվ գործողություն՝ ապօրինի զենք եւ զինամթերք հայտնաբերելու եւ առգրավելու համար»: Քանի որ այս երկու տարբերակներն էլ բացահայտորեն հակասում էին օրենքին, ավելի ուշ իշխանությունները ներկայացրեցին ոստիկանության առաջին գործողությունը որպես «տեղանքի զննություն»: Այս տարբերակը նույնպես որեւէ քննադատության չի դիմանում, քանի որ այսպիսի գործողությունները նախատեսում են գաղտնի դիտարկում ոստիկանության մասնագիտացված սպաների կողմից, բայց ոչ երբեք համազգեստավոր ոստիկանների կամ հատուկ ջոկատայինների ներկայությամբ: Բացի դրանից, չկար ժամանակային տարբերություն «տեղանքի զննության» եւ «ապօրինի զանգվածային հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցման» միջեւ, որն ապացուցում է, որ ուժի օգտագործմամբ ցուցարարների ցրումը նախօրոք պլանավորած էր: Խախտելով օրենքը՝ ոստիկանությունն առանց զգուշացման հարձակվել է ցուցարարների վրա առավոտյան ժամը 6.20-ին, երբ դեռ լույսը չէր բացվել: Հեռուստալրագրողների եւ ականատեսների կողմից արված բազմաթիվ տեսաձայնագրություններ առգրավվել եւ ոչնչացվել են ոստիկանության կողմից: Չնայած ՓՀԽ-ը Հանձնաժողովին էր ուղարկել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննության տեսագրված նյութեր, ինչպես նաեւ ոստիկանությանը եւ այլ պետական պատկան մարմիններին ուղղված գրավոր հարցումները եւ նրանցից ստացված պատասխանները, այդ նյութերից որեւէ մեկը չի ուսումնասիրվել, չի վերլուծվել կամ համադրվել Հանձնաժողովի զեկույցում:


12. Մարտի 1-ի առավոտյան ոստիկանության եւ անվտանգության կառույցների գործողությունները, այդ թվում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին դե ֆակտո տնային կալանքի տակ պահելը, ընդդիմության մի քանի հայտնի առաջնորդների ձերբակալությունները եւ բազմության արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ աուդիոսարքավորումների ոչնչացումն ապացուցում են, որ իշխանությունների գործողությունների նպատակն էր ոչնչացնել բազմությունը անհրաժեշտ հսկողության տակ պահելու՝ ընդդիմության կարողությունը, եւ որ իշխանությունները հետապնդել են խաղաղ ու կազմակերպված հանրահավաքները քաոսի եւ զանգվածային անկարգությունների վերածելու նպատակ: Ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու՝ իշխանությունների վերը նշված անպատրաստակամության հետ մեկտեղ՝ այս ամենը պարզորեն ցույց է տալիս, որ ճգնաժամի հենց սկզբից երկրի քաղաքական ղեկավարները ցանկացել են ստեղծված ճգնաժամը լուծել ոչ թե բանակցությունների, այլ ուժով այն ճնշելու միջոցով:


13. Ոչ մի դատավարություն չի բացահայտել որեւէ կապ ընդդիմության եւ խանութները թալանողների միջեւ: Երեք կողոպտիչներ իրենց դատավարության ժամանակ վկայել են, որ իրենք եղել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք: Հանձնաժողովը մեքենաները հրկիզելու եւ խանութները թալանելու մեղքը գցել էր ընդդիմության վրա՝ առանց որեւէ փաստական ապացույցի: Մինչդեռ ոչ ոք չի մեղադրվել կամ դատապարտվել մեքենաներ հրկիզելու համար: ՓՀԽ-ը ներկայացրել էր տեսագրված նյութեր թե՛ մեքենաներ հրկիզելու, եւ թե՛ կողոպուտի վերաբերյալ՝ բացահայտելով, որ այդ գործողությունները կատարվել են ոստիկանության աչքի առջեւ, որոնք հանգիստ կանգնած են եղել եւ չեն միջամտել: Տեսանյութերում որոշ կողոպտիչներ կրում են համազգեստներ: Հանձնաժողովը չի ուսումնասիրել այդ ապացույցները եւ որեւէ կերպ չի անդրադարձել դրանց:


14. ՓՀԽ-ն ուսումնասիրել է նաեւ Պաշտպանության նախարարության տեխնիկական սպասարկման ռազմական պահեստից գաղտնազերծված մի փաստաթուղթ, ըստ որի՝ մարտի 1-ին 950 համազգեստ եւ 140 ռազմական գլխարկ է տրամադրվել հինգ բարձրաստիճան պաշտոնյաների (Վարչապետի անվտանգության ծառայության պետին, փոխվարչապետին, Սյունիքի մարզպետին, Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետին, Երեւանի Էրեբունու թաղապետին) եւ իշխանություններին մոտ կանգնած չորս մեծահարուստ պատգամավորների: Ընդդիմությունը հաստատում է, որ այդ համազգեստները եւ գլխարկներն օգտագործվել են անօրինական զինված խմբավորումները հանդերձավորելու համար, որոնց նպատակն է եղել աջակցելու կառավարության անվտանգության ուժերին՝ բողոքի ցույցերն ուժով ճնշելու գործում: ՓՀԽ-ն փորձել է ձեռնարկել պահեստի ստուգում, սակայն նրանց արգելել են մուտք գործել պահեստ՝ խախտելով ՓՀԽ-ի ձեւավորման նախագահական որոշման դրույթները: Այնուհետեւ ՓՀԽ-ի երկու ընդդիմադիր ներկայացուցիչները Հանձնաժողովին են ուղարկել հատուկ զեկույց՝ վերը նշված փաստաթղթի հետազոտման կապակցությամբ: Հանձնաժողովը հրաժարվել է ընդգրկել ՓՀԽ-ի երկու անդամների այդ հատուկ զեկույցը իր հաշվետվություն մեջ:


15. Ընդդիմության կողմից կազմակերպված հզոր եւ խաղաղ հանրահավաքներին բախվելով՝ իշխանությունները որոշել էին ճնշել այդ բողոքի ցույցերը ուժի գործադրմամբ եւ այդ նպատակով կատարել էին անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Ուժային գործողություններով իշխանությունները ցանկացել են քաոսի եւ անկարգության վերածել բողոքի ցույցերը եւ անգամ բեմականացրել են մեքենաների հրկիզում եւ խանութների թալան` արտակարգ դրության հայտարարման եւ ոչ համարժեք ուժի գործադրման համար իրավական եւ բարոյական հիմքեր ստեղծելու նպատակով:


16. 2008թ. մարտի 1-ի սպանությունների կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել միայն մի քանի ամիս անց: Սպանվածները ճանաչվել են տուժող, իսկ նրանց հարազատները` որպես տուժողի իրավահաջորդ, միայն դեպքերից 5 ամիս անց եւ միայն հանրային ճնշումների արդյունքում: Մինչ օրս ո՛չ ոք չի մեղադրվել սպանությունների գործով, ո՛չ ոք չի ճանաչվել որպես կասկածյալ, ո՛չ ոք չի ձերբակալվել կամ դատվել՝ չնայած այն փաստին, որ սպանություններին ականատես են եղել հարյուրավոր քաղաքացիներ եւ ոստիկաններ, եւ չնայած այն փաստին, որ դեպքերի մեծ մասում առկա է տեսագրությունը: 9 զոհերի հարազատները դիմել են գլխավոր դատախազի գրասենյակ՝ բողոքարկելու Հատուկ քննչական վարչության անգործությունը եւ պահանջել են վարել պատշաճ քննություն: Տեխնիկական պատճառներ առաջ քաշելով` դատախազի գրասենյակը ուշացրել է վերաքննության դիմումի գրանցումը, որից հետո չի նախաձեռնել որեւէ քննություն: ՓՀԽ-ի կողմից երկու ոստիկանների եւ երեք քաղաքացիների սպանության գործերի քննությունը բացահայտեց քննչական մարմինների բազմաթիվ ընթացակարգային եւ օրենքի դիտավորյալ խախտումներ, որոնք իրականությունը թաքցնելու ակնհայտ եւ հանցավոր նպատակ են ունեցել:


17. Սպանությունների չբացահայտման խնդիրը լրջագույն հարված է հասցրել իշխանությունների լեգիտիմությանը նաեւ միջազգային ասպարեզում: Վերջերս ԵԽ եւ այլ կառույցների փաստաթղթերում դրանց բացահայտման պահանջը դարձել է առանցքային։ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի ս.թ. ապրիլի 14-ի զեկույցից. «2008թ. մարտի իրադարձություններում իրենց դերակատարման համար որոշ անձանց շարունակվող ազատազրկումը, ինչպես նաեւ այդ իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած 10 մահվան դեպքերի պատշաճ հետաքննության բացակայությունը շարունակում են թունավորել Հայաստանի քաղաքական միջավայրը»։ Եւրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը մայիսի 9-ի զեկույցում համարում է, որ մարտի 1-ին ուժի կիրառումը եղել է անհամաչափ, իսկ մահվան 10 դեպքերի հետաքննությունը՝ անարդյունավետ. «Պատասխանատուներից ոչ մեկն առ այսօր չի բացահայտվել։ Ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների հրամանների համար պատասխանատվությունը, թվում է, որ երբեք չի դիտարկվել լրջորեն։ Հայաստանի իշխանությունները պետք է վճռականորեն շարունակեն այդ հետաքննությունները եւ պատասխանատվության ենթարկեն բոլոր մեղավորներին։ Տասը զոհերի ընտանիքները պետք է ստանան համապատասխան փոխհատուցում իրենց հարազատների կորստյան համար եւ պետք է լիարժեք կերպով ներգրավվեն եւ տեղեկացվեն հետաքննության ընթացքին»։ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2009թ. «Մարդու իրավունքների զեկույց. «Նշանակալիորեն կեղծված 2008թ. նախագահական ընտրությունները եւ բողոքողների բռնի ցրումը, որի ընթացքում տեղի ունեցավ 10 մահ, շարունակում են նպաստել տարվա ընթացքում չկարգավորված եւ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներով արտահայտվող քաղաքական ճգնաժամին»։ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2010թ. զեկույց. «2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկող բողոքի ելած մարդկանց եւ ոստիկանության բախման հետեւանքով ութ քաղաքացիական անձանց եւ երկու ոստիկանի սպանությունների հարցով անցկացվող քննությունում որեւէ զարգացում չկա։ Երկրորդ տարին է, ինչ իրականացվում է քննությունը, եւ ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել»։
  
մաս 6 http://aregevorgyan.blogspot.com/2012/01/6.html

No comments:

Post a Comment