PropellerAds

Tuesday, January 3, 2012

Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում. Նախաբան մաս 2


Ներկայացված է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության կողմից
9 օգոստոսի, 2011թ., Երեւան


6. Նախագահի ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների, ընտրական թիմի ակտիվիստների նկատմամբ քարոզարշավի ընթացքում, ընտրության օրը եւ դրանց հետո, մասնավորապես՝ մարտի 1-ի իրադարձությունների առիթով իշխանության կողմից իրականացվել են ահաբեկումներ եւ բռնություններ։ Ընտրության օրը շատ տեղամասերից դուրս են քշվել վստահված անձինք, նույնիսկ՝ հանձնաժողովի ընդդիմադիր անդամներ, դիտորդներ, լրագրողներ կամ խոչընդոտվել, խափանվել է նրանց աշխատանքը։ 150-ից ավելի մարդ ձերբակալվել է, հարյուրավորներ ենթարկվել են հալածանքների, հազարավոր մարդիկ ենթարկվել են խուզարկությունների եւ տարաբնույթ հետապնդումների։ Այս ամենն ունեցել է զուտ քաղաքական դրդապատճառ՝ նպատակաուղղված իշխանության թեկնածուի հաղթանակի ապահովմանը եւ պահպանմանը։

7. Բացի ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից, նրան պաշտպանող երկու տասնյակ քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից, հարյուրհազարավոր քաղաքացիներից, ընտրությունները եւ դրանց արդյունքները կեղծված ճանաչեցին նաեւ Հայ հեղափոխական դաշնակցություն եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների թեկնածուները։ Դա արձանագրված է, մասնավորապես, միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում։ ՕԵԿ-ի ներկայացուցիչն այդ մասին հայտարարեց Համաժողովրդական շարժման տասնօրյա հետընտրական հանրահավաքներից մեկում (փետրվարի 21-ին)։ Դաշնակցության թեկնածու Վ. Հովհաննիսյանը, որպես բողոքի նշան, հրաժարական ներկայացրեց ԱԺ փոխնախագահի իր զբաղեցրած պաշտոնից 2008թ. փետրվարի 22-ին, իսկ ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչը փետրվարի 24-ին հրաժարվեց ստորագրել ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը՝ դրա տվյալները համարելով կեղծված։ Այսպիսով, անգամ համաձայն պաշտոնական տվյալների` մոտ 45% ձայն հավաքած ուժերը չեն ճանաչել ընտրությունների արդյունքները:

8. Եվրոպական դիտորդական առաքելությունների զեկույցներում մանրամասնորեն արձանագրվել են ընտրական օրենսգրքի խախտումների, անհավասար քարոզչական հնարավորությունների, լցոնումների, ընտրակաշառքի, կրկնակի քվեարկությունների, իշխանությունների կողմից կիրառված բռնությունների, ձայների ամփոփման ժամանակ տեղի ունեցած զեղծարարությունների, վստահված անձանց աշխատանքի խափանման, վարչական ռեսուրսների օգտագործման բազմաթիվ դեպքեր։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության Վերջնական զեկույցում արձանագրված է մասնավորապես.

«Գործող կառավարությունը, այդ թվում նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն, եւ նախագահ Ռ. Քոչարյանը, զգալի առավելություն ունեին ընտրական հանձնաժողովների ղեկավար պաշտոնների նշանակումների թվի մեջ, ինչը մտահոգություն է առաջացնում ընտրական վարչարարության անկախության եւ անկողմնակալության վերաբերյալ»։

- «Պարոն Սարգսյանը լրացուցիչ հասարակայնություն եւ քարոզչական առավելություն ստացավ իր պաշտոնական դիրքի միջոցով»։

- «Որոշ տեղերում ակնառու են եղել ահաբեկման դեպքեր, գործընթացը մանիպուլյացիայի ենթարկելու փորձեր, եւ իշխանությունները համարժեք կերպով չեն արձագանքել ընտրությունների օրը եւ դրանից հետո հայտնված այս խնդիրներին։ Որոշ տեղամասային ընտրական հանձնաժողովներ չեն ցանկացել գրանցել պաշտոնական բողոքները»։

- «Հակասություններ են եղել քվեաթերթիկների վավերության որոշման մեջ, դժկամություն նշված քվեաթերթիկները ցույց տալու գործում, մի թեկնածուի քվեաթերթիկի վերագրում մի այլ թեկնածուի, արձանագրությունների ստորագրում մինչ հաշվարկի ավարտը, չլրացված արձանագրությունների ստորագրում, արձանագրությունների մեջ տվյալների փոփոխում, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով արձանագրությունների հանրային ցուցադրման ձախողման դեպքեր»։

- «Ընտրական նյութերի առաքումը չկնքված փաթեթներում, թեկնածուների վստահված անձանց կողմից հանձնաժողովի անդամի գործառույթի իրականացում, ամփոփման սխալների նկատմամբ ոչ հետեւողական մոտեցում, ինչպես նաեւ դիտորդներին արձանագրությունները ցույց չտալը։ ՏԸՀ արդյունքների վերահաշվարկի բազմաթիվ պահանջներ են եղել, որոնց մի մասը մերժվել է ԸԸՀ-ի կողմից առանց հիմնավոր պատճառի»։

- «ԿԸՀ-ի կողմից բողոքների վարումը թափանցիկ չի եղել։ Հիմնականում բողոքների քննարկումը ԿԸՀ-ը կազմակերպել է ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, որոնց վստահված անձինք, դիտորդները եւ լրատվամիջոցները հրավիրված չեն եղել եւ մերժել է դրանք առանց համապատասխան քննության»։

- «Թեեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներիննախընտրական շրջանում եւ քվեարկության ժամերին, որոշ պարտավորությունների նկատմամբ ի հայտ եկան լուրջ մարտահրավերներ՝ հատկապես ընտրությունների օրվանից հետո։ Սա ժողովրդավարական ընտրությունների համար էական չափանիշների նկատմամբ ցուցաբերեց անբավարար հարգանք եւ արժեզրկեց ամբողջ ընտրական գործընթացը»։

Դիտորդական առաքելության Վերջնական զեկույցն արձանագրում է, որ իրենց կողմից վերահսկված ընտրական տեղամասերի 16%-ում ընտրություններն անցել են «վատ» կամ «շատ վատ»։ Հասկանալի է, անշուշտ, որ արտասահմանյան դիտորդների վերահսկած ընտրատեղամասերում ընտրակեղծարարները շատ ավելի կաշկանդված են եղել։ Բայց եթե անգամ այս 16%-ը տարածենք ողջ հանրապետության վրա (պայմանականորեն համարելով, որ մնացած 84%-ում ընտրություններն իդեալական են անցել) իսկ «վատ» եւ «շատ վատ» գնահատականների տակ դնենք նվազագույն՝ 100-150 կեղծված ձայն, ապա սա միայն բավարար է Ս. Սարգսյանի ընտրված չլինելը թվաբանորեն փաստելու համար։ Մինչդեռ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի՝ խախտումներն «արժեզրկեցին ամբողջ ընտրական գործընթացը» գնահատականը կեղծված ձայների շատ ավելի մեծ քանակ է ենթադրում, եւ անհեթեթ կլիներ, եթե դրա տակ ձայների ընդամենը 2,5% կեղծիք ենթադրվեր։ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից վերահաշվարկ պահանջող դիմումներից մեկը բավարարվեց 9-րդ ընտրատարածքի տեղամասերից մեկում։ Վերահաշվարկով պարզվեց, որ Ս. Սարգսյանի օգտին առանձնացված 709 քվեաթերթիկներից միայն 376-ն են նրա օգտին քվեարկված, 333-ը նրա տրցակի մեջ դրվել էր տարբեր թեկնածուների, մեծագույն մասը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները։ Վերահաշվարկի այս ճշգրտված տվյալներով պաշտոնական արձանագրությունը հրապարակվեց փետրվարյան հանրահավաքներից մեկում։ Վերահաշվարկի երկրորդ փորձը կատարվեց Շիրվանզադեի անվան դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում, որտեղ, սակայն, վերահաշվարկը դեռ չսկսված, նրանց առջեւից սեղանի վրայից հափշտակվեց եւ առեւանգվեց փաստաթղթերի պարկը։ Այլեւս որեւէ տեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց վերահաշվարկի հնարավորություն չտրվեց։ Մյուս թեկնածուների վստահված անձանց դիմումների հիման վրա կատարված ստուգումները կրել են ձեւական բնույթ։

9. Ընտրակեղծիքների մասին փաստագրումները տեղ են գտել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության 2008թ. Հայաստանին վերաբերող զեկույցներում։ Մասնավորապես՝ Մարդու իրավունքների 2008թ. զեկույցում արձանագրված է.

«2008թ. նախագահական ընտրությունները նշանակալիորեն կեղծված էին։Խնդիրները ներառում էին իշխանական թեկնածուի բարենպաստ լուսաբանումը, լցոնումների դեպքերը, փողով ձայների գնումը, բազմակի քվեարկությունը, ընտրողների ահաբեկումը, ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր անդամների եւ վստահված անձանց նկատմամբ բռնությունը եւ քվեարկության մասնակիցների չափազանց մեծ թիվը»։ Իսկ ընտրությունները գնահատվում են ոչ այլ կերպ, քան «նշանակալիորեն արատավոր» (significantly flawed)։

Այս դեպքում եւս՝ նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանն, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել է ընդամենը անհրաժեշտ ձայներից 2.5% ավելի, ապա «նշանակալիորեն կեղծված», «նշանակալիորեն արատավոր» կոշտ որակումները եւ արտահայտած տարակուսանքը «քվեարկության մասնակիցների չափազանց մեծ թվի» վերաբերյալ ամենեւին համարժեք չեն ընդամենը 2,5% խախտումների։ Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահն այդպես էլ շնորհավորական ուղերձ չհղեց Սերժ Սարգսյանին՝ նկատի ունենալով, անշուշտ, նրա, ըստ էության, ընտրված չլինելու հանգամանքը։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի 2010թ. զեկույց. «Ս. Սարգսյանն ստանձնեց նախագահի պաշտոնը նշանակալիորեն կեղծված ընտրություններից հետո։ Քաղաքացիների իրավունքը՝ փոխել իշխանություններին խաղաղ ընտրություններով, սահմանափակված է շարունակական, նշանակալի ընտրակեղծիքներով ուղեկցվող ընտրություններով, ներառյալ՝ հունվարին տեղի ունեցած վերընտրությունները խորհրդարանական թափուր տեղի համար»։

10. Ընտրությունների կեղծված լինելը հիմնավորվում է նաեւ ընտրությունների պաշտոնական արդյունքների գիտական վերլուծությամբ։ Policy Forum Armenia կազմակերպության հրապարակած զեկույցը ուշադրություն է հրավիրում 2008թ. ընտրությունների պաշտոնական արդյունքների չորս աղաղակող վիճակագրական անոմալիաների վրա։

- Ընտրատեղամասերում ընտրողների մասնակցության վիճակագրական ստանդարտ ակնկալիքն ունենում է մաթեմատիկայում հայտնի, այսպես կոչված, «գաուսյան բաշխման» տեսք։ 2008թ. նախագահական ընտրությունների պարագայում գաուսյան կորի համապատասխան հատվածում արձանագրվել է անբնական շեղում վիճակագրական նորմայից՝ ցույց տալով ընտրողների շատ բարձր մասնակցությամբ ընտրատեղամասերի անհավանականորեն բարձր թիվ, ինչը կարող է բացատրվել միայն լայնածավալ, նպատակաուղղված արհեստական միջամտությամբ, այսինքն՝ կեղծարարությամբ։ Մասնավորապես, անհավանական է այն հանգամանքը, որ 129 տեղամասերում ընտրողների քանակը գերազանցել է 90%-ը, իսկ 6 տեղամասերում գրանցվել է 100% մասնակցություն։

- Գաուսյան բաշխման տեսք պետք է ունենա նաեւ թեկնածուների ստացած ձայների բաշխումը, այնինչ 2008թ. ընտրություններում չափազանց մեծ թվով ընտրատեղամասերում Ս. Սարգսյանի ստացած ձայների տոկոսը եղել է խիստ բարձր եւ գաուսյան բաշխումից տարբեր։ Մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում եղել են չափազանց մեծ թվով ընտրատեղամասեր, որտեղ նա ստացել է շատ փոքր թվով ձայներ (իսկ 45 ընտրատեղամասում նա ստացել է 0 ձայն), ինչը նույնպես չափազանց տարբեր է վիճակագրական ակնկալիքից։ Այստեղ հետաքրքիր է նշել, որ Արթուր Բաղդասարյանի եւ Վահան Հովհաննիսյանի ստացած ձայների բաշխումը ունի գաուսյան բաշխման տեսք առանց նմանօրինակ որեւէ շեղման, ինչը ցույց է տալիս, որ այլ թեկնածուների քվեներից ՝ գլխավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված քվեների հաշվին են կատարվել կեղծիքները հօգուտ Ս. Սարգսյանի։

- Ըստ վիճակագրական ստանդարտ ակնկալիքի՝ թեկնածուների ստացած ձայների տոկոսը որեւէ կախվածություն չպետք է ունենա տվյալ տեղամասում ընտրողների մասնակցության թվից. 2008թ. ընտրությունների վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ բարձր մասնակցության ընտրատեղամասերում մեծանում է Սերժ Սարգսյանի ստացած ձայների տոկոսը եւ փոքրանում Լեւոն Տեր-Պետրոսյանի ստացած ձայների տոկոսը։ Այս դեպքում եւս Ա. Բաղդասարյանի եւ Վ. Հովհաննիսյանի ստացած ձայների տոկոսը ընտրողների մասնակցության թվից որեւէ կախվածություն չունի եւ բավարարում է գիտական այս մեթոդաբանության պահանջներին։

- Որեւէ վիճակագրական փոխկապվածություն (կոռելյացիա) չպետք է լինի նաեւ անվավեր ընտրաթերթիկների քանակի եւ թեկնածուների ստացած ձայների տոկոսների միջեւ։ Վիճակագրական վերլուծությունը, սակայն, բացահայտում է, որ այն տեղամասերում, որտեղ շատ քիչ են եղել անվավեր թերթիկներ, շատ բարձր է եղել Ս. Սարգսյանի օգտին քվեարկածների տոկոսը, ինչը նույնպես ապացուցում է արհեստական, ապօրինի միջամտությունները հօգուտ Սերժ Սարգսյանի։

Այսպիսով, արձանագրված փաստերը եւ վերլուծությունները միանշանակ կերպով վկայում են, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ` համաձայն Սահմանադրության եւ օրինական ընթացակարգերի, ուստի Հայաստանում այս պահին գոյություն չունի ընտրված եւ լեգիտիմ նախագահական իշխանություն:




մաս 6 http://aregevorgyan.blogspot.com/2012/01/6.html

No comments:

Post a Comment