PropellerAds

Tuesday, January 3, 2012

Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում (մաս 3/1)



Ներկայացված է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության կողմից
9 օգոստոսի, 2011թ., Երեւան


 Զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներին
  Գործող նախագահական եւ խորհրդարանական իշխանության ոչ լեգիտիմության հաջորդ ապացույցը զինված ուժերի ներգրավումն է ներքաղաքական գործընթացներին:

  ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնական անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով»:

  ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածը սահմանում է. «ՀՀ Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Քաղաքական հարցերում զինված ուժերը պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»:
  ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը հստակ եւ սպառիչ սահմանում է այն դեպքերը, երբ ՀՀ նախագահը Սահմանադրության 8.2-րդ հոդվածով լիազորված է զինված ուժերի գործադրման որոշում ընդունելու: Դրանք են.
ա) Հանրապետության վրա զինված հարձակման ժամանակ
բ) Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգի դեպքում
գ) պատերազմ հայտարարվելու դեպքում


Սահմանադրության նույն հոդվածը այս բոլոր դեպքերում զինված ուժերի գործադրման որոշում կայացնելու համար նախատեսում է մեկ լրացուցիչ պարտադիր նախապայման եւս` ռազմական դրության հայտարարումը: Այսինքն` նույնիսկ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի վերը թվարկված երեք դեպքերի առկայության պայմաններում ՀՀ նախագահը չի կարող զինված ուժերի գործադրման որոշում ընդունել, քանի դեռ չի հայտարարել ռազմական դրություն:

  Վերը շարադրված հոդվածների բովանդակությունից հետեւում է, որ ՀՀ Զինված ուժերը կոչված են ապահովելու բացառապես ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը, բացառությամբ վերը նշվածի, իրավասու չեն եւ նրանց ուղղակի արգելվում է մասնակցել եւ միջամտել այլ խնդիրների լուծմանը (այդ թվում` քաղաքական, սահմանադրական ու հասարակական կարգի պահպանության եւ այլ):

Սակայն.
1. 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարը ստորագրել է թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը (Հրամանի քաղվածքը հրապարակվել է մամուլում: Դրա ի հայտ գալու կապակցությամբ 2010թ. մայիսի 4-ին ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը` 1 տարվա ազատազրկման): Նախարարի 0038 հրամանով ՀՀ ԶՈՒ ողջ անձնակազմը բերվել է զորանոցային վիճակի, Երեւանում ձեւավորվել է զինվորական կառավարման նոր` ապօրինի մարմին, այն դեպքում, երբ
- փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակում չի իրականացվել
- չի արձանագրվել զինված հարձակման անմիջական վտանգ
- որեւէ պետություն Հայաստանին պատերազմ չի հայտարարել

2. 2008թ. փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում սահմանային զորամիավորումներից ստեղծվել-կազմավորվել էին առանձին խմբեր ու ստորաբաժանումներ, տեղափոխվել ու տեղակայվել Երեւանում կամ նրա մերձակայքում (Չարբախի զորահավաքակայան, բանակի սպորտային բազա, Բալահովիտի զորամաս եւ այլն): Արդեն մարտի 1-ին, նույնիսկ մինչեւ արտակարգ դրության հայտարարումը, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները փաստացիորեն ներգրավվել են քաղաքական գործընթացներին` տեղակայվելով Երեւան քաղաքի տարբեր մասերում (Հանրապետության հրապարակում, Մելիք-Ադամյան, Տիգրան Մեծ փողոցում եւ այլն)՝ կրելով մարտական սպառազինություն: Առկա են այս փաստերն ապացուցող ինչպես լուսանկարներ, այնպես էլ տեսաժապավեններ:

3. Մարտի 1-ին փորձ է արվել հետին թվով օրինականացնել բանակի ներգրավումը, հայտարարելով արտակարգ դրություն: 2008թ. մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Երեւան քաղաքում 20 օր ժամկետով «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»։ Հրամանագրի ընդունումը հիմնավորել-պատճառաբանել է ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նկատառումներով։ Հրամանագիրը ստորագրելիս նախագահը ղեկավարվել է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետով։

  ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի ու վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ ամենի մասին ուղերձով դիմում է ժողովրդին։Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով հրավիրվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։
Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով»։

  ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 117-րդ հոդվածի 6-րդ կետը ՀՀ նախագահին իրավունք է վերապահում արտակարգ դրություն հայտարարել մինչ այդ օրենքի ընդունումը։

ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի համաձայն. «Հանրապետության նախագահը հրապարակում է հրամանագրեր ու կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին ու ենթակա են կատարման հանրապետության ամբողջ տարածքում»։ Ի դեպ, «Արտակարգ դրության» իրավական ռեժիմը մինչ օրս օրենսդրությամբ սահմանված չէ, չնայած այն հանգամանքին, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 3-րդ մասը պարտադրում-թելադրում է, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմը պետք է սահմանվի օրենքով։

  Ռոբերտ Քոչարյանի` մարտի 1-ի «Երեւան քաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի 3-րդ կետով արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է ՀՀ Ոստիկանությանն ու ՀՀ Պաշտպանության նախարարությանը։ Որպեսզի ակնհայտ դառնա այն իրողությունը, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը պաշտպանության նախարարությանը վերապահելով` ներգրավվել են ՀՀ Զինված ուժերը, հարկ է վկայակոչել 2008թ. մարտի 1-ի դրությամբ գործող «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը։ «Զինված ուժերը ներառում են պաշտպանության նախարարության զորամասերի, զորախմբերի, զորամիավորումների, զինվորական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ռազմա-ուսումնական հաստատությունների ամբողջական համակարգը»։

  Վկայակոչված օրենքի դրույթը լիովին բավարար է եզրակացնելու համար, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը ՀՀ պաշտպանության նախարարությանը վերապահելը նույնական է զինված ուժերին վերապահմանը։ Իսկ «զինված ուժեր» ասվածը բանակն է։

Վերը վկայակոչված Սահմանադրական նորմերի համադրումից ու ուսումնասիրությունից միանշանակ հետեւում է, որ ՀՀ նախագահի 01.03.2008թ. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրում որպես ղեկավարման իրավական հիմք նշված ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետը եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետը ՀՀ նախագահին ՀՀ զինված ուժերի կիրառման կամ գործադրման լիազորությամբ չեն օժտում։

  ՀՀ Սահմանադրության համաձայն, զինված ուժերի գործադրման որոշում կարող էր ընդունվել միմիայն հանրապետության վրա անմիջական հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության, կամ` պատերազմ հայտարարվելու դեպքում, այն էլ` ռազմական դրություն հայտարարելու պարագայում (ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետ)։

  Ակնհայտ է, որ «Արտակարգ դրություն» հայտարարելիս զինված ուժերի կիրառման, գործադրման բոլոր սահմանադրական-իրավական հիմքերն իսպառ բացակայել են։
  Հետեւաբար, նախագահ Ռ. Քոչարյանը «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 01.03.2008թ. հրամանագրով աներկբա դուրս է եկել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից, կատարել է գործողություններ, որոնց համար լիազորված չի եղել ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով Երեւան քաղաքում մտցրել է ռազմական դրությանը հատուկ սահմանափակումներ (տես` «Ռազմական դրության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի է, ը, թ, ժ, ժէ կետերը), բանակը ներգրավել է ներքաղաքական գործընթացներում, կատարել է իշխանազանցություն, ինչը հանգեցրել է ծանր հետեւանքների` առնվազն 10 մարդ է սպանվել, հարյուրավորները վիրավորվել են, ՀՀ քաղաքացիներին, կազմակերպություններին ու պետությանը պատճառվել է միլիոնավոր դրամների վնաս, ճնշվել ու խափանվել են հազարավոր ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքների ու ազատությունների խաղաղ իրականացումը։

  Այսպիսով, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության եւ օրենքների բազմաթիվ դրույթներ՝ գործող իշխանությունը օգտագործել է ՀՀ Զինված ուժերը ՀՀ Նախագահի 2008թ. ընտրությունների ընթացքում` (հիշեցնենք, որ ընտրական գործընթացն սկսվում է թեկնածուների առաջադրումից եւ ավարտվում ՍԴ վճռի հրապարակմամբ, եթե առկա է բողոքարկում) ներքաղաքական գործընթացներն իր համար ցանկալի հունով տանելու եւ կեղծված ընտրությունների արդյունքների դեմ ծառացած հասարակական բողոքի ալիքը բռնի ուժով ճնշելու համար, ըստ էության՝ իրականացնելով ռազմական հեղաշրջում:

  Գործող նախագահի եւ Ազգային ժողովի ոչ լեգիտիմության վկայություն է նաեւ այն հանգամանքը, որ ո՛չ գործող նախագահը, ո՛չ էլ խորհրդարանը իրենց լիազորությունների շրջանակներում չեն արել ոչինչ` այս հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու համար: Ավելին` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, գերակշռորեն կազմված իշխող կոալիցիայի ներկայացուցիչներից, լիովին անտեսել է 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում իշխանությունների կողմից զինված ուժերի ներգրավման հարցը: Անհետեւանք են մնացել նաեւ հանցագործության մասին ՀՀ դատախազությանն ուղղված հաղորդումները:

  2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում զինված ուժերի ներգրավման վերաբերյալ սպառիչ մանրամասները շարադրված են Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ մարտի 1-2-ի իրադարձություններին» 14.05.2010 թվակիր զեկույցում:



մաս 6 http://aregevorgyan.blogspot.com/2012/01/6.html

No comments:

Post a Comment