PropellerAds

Thursday, January 26, 2012

Սպանենք մեր մեջ ապրող ստրուկին

  Բազմաթիվ անգամ լսում եմ խոսքեր, թե «Ես պայքարում եմ, բայց համալսարաններում բոլորն էլ փող տալով են քննություն ստանում», «Ես ուզում եմ ապրել Ազատ Հայաստանում, բայց գործը մնաում ա գործ, առանց երկու կոպեկ խաղացնելու բան դուրս չի գա», կամ «Ես գամ միտինգի, իմանան գործից հանեն, ընտանիքս սովա՞ծ մնա» և այլն: Իհարկե, այս խոսքերի հեղինակները ազատ են պայքարել- չպայքարելու, հանրահավաքներին մասնակցել-չմասնակցելու հարցում, նրանք անգամ կարող են ավելացնել` «Տո դուք էլ, ձեր Հայաստանն էլ», «Էս երկիրը երկիր չի դառնա» խոսքերը և իրենց ընտանիքների համար կյանքի որոշակի պայմաններ ապահովելու համար լքել հայրենիքը: Կարող են, ու շատերը հենց էդպես էլ անում են, բայց նրանցից ոչ ոք երբեք բարոյական իրավունք չի ունենա դժգոհելու և արդարություն պահանջելու ՀՀ-ում, քանի որ մենք չենք կարող տեսնել արդարություն քանի դեռ մենք ինքներս մեր հանդեպ արդար չենք:

Համոզված եմ՝ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը կասկած չունի, որ այս իշխանությունները տարիներ շարունակ վարել են ապազգային գործունեություն ու այսօր էլ շարունակում են երկիրը տանել կործանման: Նրանք խժռել են ամեն ինչ՝ մեր տնտեսությունը, մեր մշակույթը: Մնացել են մարդիկ՝ ՀՀ քաղաքիցիները, սակայն արտագաղթի այս տեմպերի շարունակվելու դեպքում մեր հարցն էլ շատ շուտով կլուծվի, և ռեժիմը այլևս հանգիտ կկարողանա վայելել դատարկ ու անտեր Հայաստանը:

Մենք այնքան միամիտ չենք, որ մտածենք, թե այս ամենն այդ մի քանի հանցագործներն արեցին իրենք իրենցով, առաց ինչ-որ ուժի օգնության: Իհարկե, նրանց օգնեցին ու շարունակում են օգնել, սակայդ դա ոչ թե արտաքին կամ ինչ-որ գերբնական ուժեր են, այլ իրենց «երեխաների, իրենց ընտանիքների մասին մտածող, հանապազօրյա հացը վաստակող» ՀՀ քաղաքացիները: Այս իշխանությունների գոյատևման և վերարտադրության միակ երաշխիքը մենք ենք, որովհետև ստել ենք ու շարունակում ենք ստել, կեղծել ենք ու շարունակում ենք կեղծել: Մենք հադուրժում ենք: Մենք շարունակում ենք կաշառք տալ ու վերցնել ծննդատներում ու մանկապարտեզներում, դպրոցներում ու համալսարաններում, զինկոմիսարիատներում ու հիվանդանոցներում, դատարաններում ու ոստիկանության բաժիններում, կադաստրներում ու հարկայիններում:

Պատկերացնո՞ւմ էք արդյոք, թե ովքեր են գնում բանակ, երբ մենք ազատում ենք մեր տղային զինվորական ծառայությունից, թե ով է մնում գործազուրկ, երբ մենք ծանոթի միջոցով ստանում ենք մեր ուզած աշխատանքը, կամ ով է դառնում իշխանություն, երբ մենք վաճառում ենք մեր ձայնը: Ու կարևոր էլ չէ թե ինչպես ենք դա անում՝ հինգ հազար դրամով, թե համալսարանից կամ աշխատնքից չհեռացվելու պայմանով: Այս հարցերը կարելի է երկար շարունակել, բայց պարզից էլ պարզ է, որ մեր կամ մեր երեխաների տեղը բանակ են գնում տկարները, որոնց համար բանակ գնալը երաշխավորված մահ է, որ գործազուրկ են դարնում լավ մասնագետները, ինչը նրանց ստիպում է հեռանալ երկրից և վերջապես, իշխանություն են դառնում հանցագործներն ու անբարոյականները, որոնք սպանում են մեզ բանակում, որոնք զրկում են մեզ ուսում ստանալու հնարավորությունից կամ աշխատանքից, որոնք ստիպում են մեզ հեռանալ մեր տնից, մեր ընտանիքներից, մեր հայրենիքից:

Սա շարունակվելու է այնքան ժամանակ քանի դեռ մենք չենք գիտակցել մեր մեղավորությունը այս ամենում և չենք սկսել ուղղել մեր սխալները: Բայց դա անելու փոխարեն մենք շարունակում ենք պահանջել արդարություն ինչ-որ անձերից, պահանջում ենք աստվածներից կամ տիեզերքից , բայց չենք պահանջում մեզնից: Այսպիսով մենք ընդունել ենք իշխանություն կոչվող խուժանի խաղի կանոնները և դարձել ենք նրա մի մասնիկը: Հենց մենք տարին տարվա ետևից քանդել ենք մեր երկիրը, անճոռնիացրել ենք այն միջավայրը որտեղ ապրում ենք, և այսօր հանկարծ հիասթափվել ենք արդրության պակասից, ապագայի բացակայությունից ու հեռանում ենք մեր տներից՝ մեր Հայաստանի ապագան թողնելով բախտի, իսկ ավելի ճիշտ վարչախմբի քմահաճույքին:

Մենք համառորեն չենք ուզում ընդունել այն իրականությունը, որ ոչ միայն Սերժիկներն ու ոչ միյն Ռոբիկներն են մեղավոր այս վիճակի համար: Մեղավորը ես և դու ենք, որ ստրկացել ենք: Ես և դու, որ շարունակում ենք լռել, հանդուրժել, ենթարկվել:

Բայց այսպես շարունակվել այլեւ չի կարող: Հերի՛ք ա: Ոչ ոք մեզ չի փրկելու՝ ո՛չ մի ներքին կամ արտաքին ուժ: Ո՛չ մի հրաշագործ քաղաքական գործիչ կամ առաջնորդ ի զորու չէ լուծել մեր խնդիրները: Վերջապես պետք է փոխենք ինքներս մեզ: Արդարության վերականգնումը պետք է սկսվի մեզնից: Մենք պետք է լինենք էնպիսին, ինչպիսին որ ուզում ենք, որ լինեն մեր իշխանությունները: Պետք է լավ պատկերացնենք այն Հայաստանը, որի մասին երազում ենք, որտեղ պիտի ապրենք, որտեղ պիտի ընտանիք ստեղծենք, որտեղ պիտի ապրեն մեր երեխաները: Մենք պետք է պայքարենք այդ Հայաստանի համար: Միայն ցանկությունն ու պայքարի պատրաստակամությունն է, որ կարող է իրականություն դարձնել Երազանքների Հայաստանը:



Սահմանադրական կարգի վերականգնման և իշխանությունը ՀՀ քաղաքացուն վերադարձնելու գործում 2012-ը կլինի վճռական տարի: Փետրվարից վերսկսելու է հանրահավաքային ալիքը, որով Հայաստանում կմեկնարկի քաղաքացիական պայքարի վերջնական փուլը և ալևս չի դադարի մինչև այդ պայքարի անխուսափելի ու հաղթական ավարտը:Սակայն վերջին ճակատամարտի տևողությունը կախված է միայն մեր ակտիվությունից՝ ինչքան շատ մարդ դուրս գա փողոց, այդքան ավելի կմոտենա վարչախմբի վերջնական տապալման օրը, այդքան ավելի շուտ մենք կունենան Ազատ Հայաստան:
                                                                            
                                                                                Արեգ Գևորգյան

No comments:

Post a Comment