PropellerAds

Tuesday, January 3, 2012

Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեվավորման անհրաժեշտության հիմնավորում (մաս 4/1)


Ներկայացված է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության կողմից
9 օգոստոսի, 2011թ., Երեւան

 

Ժողովրդավարական ազատությունների սահմանափակումներ եւ մարդու իրավունքների ոտնահարումներ
 
  Ժողովրդավարական ազատությունների սահմանափակումները եւ մարդու իրավունքների խախտումները ցանկացած ոչ լեգիտիմ իշխանության անբաժանելի մասն են կազմում եւ աստիճանաբար ավելի են խորացնում ռեժիմի ոչ լեգիտիմության ընկալումը, ավելի ու ավելի օտարելով նրան ժողովրդից: 2008-2010 թվականներին Հայաստանում ժողովրդավարական ազատությունների սահմանափակումները եւ մարդու իրավունքների խախտումները կրել են համակարգային եւ համատարած բնույթ: Քանի որ «Աննախադեպ քաղաքական հալածանքներ» եւ «Անկախ դատական իշխանության բացակայություն» բաժիններում արդեն անդրադարձել ենք մարդու մի շարք իրավունքների խախտմանը, պատկերը լրացնելու համար, այս բաժնում կանդրադառնանք միայն խոսքի եւ մամուլի ազատության, հավաքների ազատության, ինչպես նաեւ քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների կատարած խոշտանգումներին եւ բռնություններին, սեփականության իրավունքի ոտնահարումներին:

1. Հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որը սիստեմատիկ կերպով խախտվել է ՀՀ իշխանությունների կողմից: Ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, իշխանությունները միայն Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցություններին 206 անգամ (2008թ.` 94 անգամ, 2009թ.` 21, 2010-2011թ.թ.` 91 անգամ) արգելել են հանրահավաքներ անցկացնել: Քանի որ արգելման որոշումները չեն հիմնավորվել օրենքի պահանջներով, 43 դեպքում դրանք անգամ բողոքարկվել են դատարաններում, բոլորը` ապարդյուն: Իշխանությունների ճնշումների պատճառով արգելվել են անկախ ՀԿ-ների եւ ընդդիմության ավելի քան երեք տասնյակ փակ դահլիճային միջոցառումներ: Իշխանությունների ճնշման ներքո պետական եւ մասնավոր սեփականություն հանդիսացող կոնֆերանս դահլիճները, հյուրանոցային համալիրներն ու ուսումնական հաստատությունները հրաժարվել են տրամադրել իրենց հարմարությունները ժողովների համար, բացառությամբ կուսակցական համագումարների պարագայում: Մինչեւ 2011թ. ապրիլի 28-ը առանց որեւէ օրինական հիմքի արգելվել են հանրահավաքները Ազատության հրապարակում: Իշխանությունները մինչ օրս շարունակում են ահաբեկել եւ բռնություններ գործադրել հանրահավաքի մասին իրազեկող Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ, ինչպես նաեւ խոչընդոտներ ստեղծել հանրահավաքների օրերին տրանսպորտի անխափան աշխատանքի համար: Այս մասին Հայ ազգային կոնգրեսը, բազում իրավապաշտպան կազմակերպություններ տարածել են բազմաթիվ հաղորդագրություններ, հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացվել ՀՀ Դատախազություն, փաստերի մասին նշվում է ԵԽԽՎ համապատասխան բանաձեւերում եւ հայտարարություններում, ԵԽ Մարդու իրավունքների Հանձնակատարի վերջին զեկույցում:

2. Հեռուստատեսությունը շարունակում է մնալ նախագահական աշխատակազմի խիստ վերահսկողության տակ: Հանրային հեռուստատեսությունը, ինչպես նաեւ բոլոր հեռուստատեսությունները սահմանափակել են Հայ ազգային կոնգրեսի հնարավորությունները` ներկայացնելու իր տեսակետները հանրությանը, շարունակում է գործել Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող տեսահոլովակների հեռարձակման արգելքը: Ինչպես նշված ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների 2010թ. զեկույցում. «Հեռուստակայանների մեծ մասի սեփականատերերն են կառավարամետ քաղաքական գործիչները կամ լավ կապեր ունեցող գործարարները, մի գործոն, որ հուշում է այս ընկերություններում աշխատող լրագրողներին դիմել ինքնագրաքննության: Խոշոր հեռարձակող լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ ներկայացրել են կառավարամետ դիրքորոշումներ եւ խուսափել են խմբագրական մեկնաբանություններ ու կառավարությանը քննադատող նյութեր ներկայացնելուց»: Թվայնացման հետ կապված օրենքի ընդունման արդյունքում հեռուստահաճախականությունների քանակը ավելանալու փոխարեն կրճատվեց, հակառակ իշխանությունների խոստումների: Այդ օրենքի ընդունումը խստորեն քննադատվեց ԵԱՀԿ Լրատվամիջոցների ազատության գրասենյակի, միջազգային եւ տեղական մասնագիտական կազմակերպությունների կողմից: Խոսքի ազատության խորհրդանիշ հանդիսացող «Ա1+» հեռուստաընկերության իրավունքների շարունակական ոտնահարմանը անդրադարձ կա նաեւ ԵԽԽՎ բանաձեւերում, ԱՄՆ պատքարտուղարության Մարդու իրավունքներին նվիրված զեկույցում: Թեեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել էր «Ա1+» հեռուստաընկերության ազատ արտահայտվելու իրավունքի խախտում, այնուամենայնիվ ՀՀ իշխանությունները շարունակում են խոչընդոտել «Ա1+»-ի հեռարձակումը: Դեկտեմբերին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը 13-րդ անգամ մերժեց 2002թ. եթերից դուրս մղված «Ա1+» անկախ հեռուստաընկերության հաճախականություն ստանալու հայտը, ցուցադրելով ակնհայտ խտրականություն: Շարունակվել են գրանցվել բռնության եւ ահաբեկման դեպքեր լրագրողների դեմ, որոնք մնում են անպատիժ, ինչի մասին բազմաթիվ հաղորդագրություններ կան միջազգային եւ տեղական կազմակերպությունների զեկույցներում:

3. Իրավապաշտպան կազմակերպությունների, ԱՄՆ Պետքարտուղարության տարեկան զեկույցի համաձայն, անվտանգության ուժերի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից կանոնավոր կերպով կիրառվել են խոշտանգումներ եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ: Դա սաստկացել է հատկապես «Մարտի 1-ի» գործերի առնչությամբ: 2008թ. հետընտրական բողոքներից երկու շաբաթ անց Երեւան ժամանած Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչների քրեակատարողական հիմնարկներ կատարած այցի մասին 2010թ. մարտի 19-ին հրապարակված զեկույցում նշվում էր, որ հանձնաժողովի ներկայացուցիչները զրույց են ունեցել հետընտրական դեպքերի հետ կապված մեղադրանքներով կալանքի տակ գտնվող շուրջ 70 հոգու հետ: Գրեթե բոլորը նշում էին, որ ձերբակալելիս իրենց նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել, թեպետ իրենք որեւէ դիմադրություն ցույց չեն տվել: Հնչեցված բռնությունները ներառել են հրելը, մահակով հարվածելը, ոտքով եւ բռունցքով մարմնին եւ գլխին հասցված հարվածները, քարշ տալով ոստիկանական մեքենա հասցնելը: Երբեմն այս վատ վերաբերմունքը շարունակվել է ոստիկանական բաժանմունք հասնելու ճանապարհին ու ոստիկանական բաժանմունքներում:

4. Իշխանությունը չի բավարարվել ընդդիմության ներկայացուցիչներին բանտերը լցնելով եւ տարբեր բնույթի ահաբեկումներով։ Տնտեսական ծանր հարված ստացան ընդդիմադիր թեկնածուին պաշտպանած գործարարները։ Ամենաբնորոշ օրինակներից է Սուքիասյանների ընտանիքի մասնավոր սեփականությունը հանդիսացող «Բջնի» հանքային ջրերի գործարանի, ինչպես նաեւ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշերի ապօրինի խլումը եւ յուրացումը։ Դրանք անցել են իշխանամերձ օլիգարխներից մեկի վերահսկողության տակ։

Խորհրդարանի ոչ լեգիտիմությունը
ՀՀ Սահմանադրության 65 հոդվածը սահմանում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:

Ներկա Ազգային Ժողովի պատգամավորների մեծ մասը խախտում է Սահմանադրության վերը նշված հրամայական դրույթը` զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ:



մաս 6 http://aregevorgyan.blogspot.com/2012/01/6.html

No comments:

Post a Comment