PropellerAds

Wednesday, January 18, 2012

Ժողովրդի ընդվզում փետրվարին


  Հայ ազգային կոնգրեսը փետրվարից ժողովրդի ընդվզման նոր ալիք կբարձրացնի։ ՀԱԿ քաղխորհրդի նիստի ավարտից հետո այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքերով, մինչ համապետական հանրահավաքների մեկնարկը՝ Կոնգրեսը փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ակտիվորեն կպաշտպանի Սասուն Միքայելյանի թեկնածությունը։

Պարոն Զուրաբյանը տեղեկացրեց նաեւ, որ այսօրվա նիստում քննարկվել են ՀԱԿ նախընտրական ցուցակների ձեւավորման սկզբունքներին եւ մեծամասնական ընտրությունների մասնակցությանը վերաբերող հարցեր:

«Հասկանալի է, որ դրանք բավականին լուրջ հարցեր են։ Բնականաբար, ՀԱԿ մաս կազմող 18 կուսակցությունները տարբեր տեսակետներ ունեն, եւ մեր նպատակն է այդ բազմակարծությունը հասցնել կոնսենսուսի», - ասաց պարոն Զուրաբյանը։

Անդրադառնալով համամասնական ընտրակարգի անցնելու գաղափարի հակառակորդների այն փաստարկներին, թե միջազգային փորձը ապացուցել է մեծամասնական ընտրակարգի արդյունավետությունը, ՀԱԿ համակարգողը նշեց այս հարցում տարբեր երկրների առանձնահատկությունները։

«Օրինակ, Իտալիայում շատ երկար գործում էր համամասնական տարբերակը, որն արդյունքում բերեց կուսակցական ապարատների կոռումպացվածությանը։ Դրանից հետո Իտալիան անցավ մաժորիտար համակարգի, դա էլ իր հերթին որոշ ժամանակ հետո հանգեցրեց մաֆիոզ խմբավորումների ուժեղացմանը եւ կոռումպացվածությանը տեղերում», - ասաց նա։

Ըստ նրա, Հայաստանում այսօր մեծամասնական համակարգը ծառայում է նրան, որ ընտրությունների շրջանում իշխող կուսակցությունը գործարքի մեջ է մտնում տեղական հեղինակությունների հետ. վերջիններս օգտվում են իշխանության աջակցությունից մեծամասնական պայքարում, մյուս կողմից՝ իրենց կրիմինալ խմբերի ընդգրկմամբ բռնությունների, կեղծիքների իջոցով ապահովում են իշխանության հաղթանակը համամասնական ցուցակներով։

«Ստեղծվել է իշխող կուսակցության եւ տեղական հեղինակությունների միջեւ մի սիմբիոզ, եւ հենց այս համակարգն է, որ պետք է քանդել՝ մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու ճանապարհով», - նշեց նա։

Լեւոն Զուրաբյանը փաստեց, որ ընդդիմադիր դաշտի ուժերը, անկախ գաղափարական ուղղվածությունից, արդեն համախմբվել են այս գաղափարի շուրջ։

No comments:

Post a Comment