PropellerAds

Sunday, April 1, 2012

Վրաստանը հայաթափվում է


ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ Շիրակ Թորոսյանը սենսացիոն բացահայտումներ է արել` ս.թ. մարտի 31-ին “Հայկական Ժամանակ” օրաթերթին տված իր հարցազրույցում: Նա հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները իրականացնում են Ջավախքի հայաթափման ծրագիր: Այլ կերպ չի կարելի մեկնաբանել այն պարտադրանքը, որի համաձայն ջավախահայերը հաշվառում են ստանում Հայաստանում:

Հայաստանի իշխանությունները, փաստորեն, պետական մակարդակով նպաստում են ոչ միայն Վրաստանում ապրող մեր հայրենակիցների արտագաղթին, այլեւ՝ նրանց գրանցում են Հայաստանում՝ վերջիններիս միջոցով ընտրակեղծիքներ իրականացնելու համար: Այսինքն, օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում չբնակվելով՝ ապօրինաբար ստանում են Հայաստանում իշխանություն ձեւավորելու իրավունք՝ հավասար մեր` ՀՀ իրական քաղաքացիներիս իրավունքներին: Նրանք ապրում են Վրաստանում, հարկերը վճարում են Վրաստանում, հարստացնում մեր սիրելի հարեւանին, բայց ընտրություններին մասնակցում են մեզ հետ հավասար պայմաններով:

Կարծում եմ՝ այս հանգամանքը պետք է արժանանա բոլոր` արդար ընտրություններով շահագրգռված կազմակերպությունների գնահատականին, իսկ մենք, Հայաստանցիներս, պետք է հաշիվ պահանջենք իշխանություններից` թե ինչո՞ւ են նրանք կրկնակի վտանգի տակ դնում ջավախահայությանը. մի դեպքում հարվածի տակ դնելով Վրաստանում նրանց քաղաքացիության եւ ունեցվածքի հարցը, մյուս դեպքում էլ՝ վերջիններիս Հայաստանում ապօրինի ներքաշելով հակաօրինական գործողությունների մեջ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կենսական նշանակությունը առանց այդ էլ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար:

Սեփական հանցավոր ռեժիմի վերարտադրությունն ապահովելու մոլուցքը չի կարող արդարացնել նման հակապետական գործունեությունը:

Իմ անձնական կարծիքով` ընտրությունների վերաբերյալ դիտորդների կողմից ներկայացվելիք զեկույցներում առաջին տողով պետք է նշվի ՀՀ իշխանությունների միջոցով նախաձեռնված տասնյակ հազարավոր օտարերկրյա քաղաքացիների ՀՀ ընտրություններին մասնակցության ապօրինի փաստը: Ավելին, մենք ինքներս բոլոր հնարավոր միջոցներով հետամուտ ենք լինելու, որպեսզի այս աղաղակող ապօրինությունը հայտնվի ոչ միայն միջազգային դիտորդների, այլեւ տարածաշրջանային կայունությամբ եւ անվտանգությամբ մտահոգ միջազգային բոլոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:

Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին

Վլադիմիր Կարապետյան
Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համակարգող 
Նյութը տեղադրված է Վլադիմիր Կարապետյանի Facebook-ի անձնական էջում:

No comments:

Post a Comment