PropellerAds

Friday, November 2, 2012

Ելույթ դատարանի դիմաց. Արեգ Գևորգյան

Ցույցի հարգելի մասնակիցներ, կարծում եմ դուք շատ լավ հասկանում էք, որ դատարանը որպես ցույցի անցկացման վայր ընտրելը կրում է մեծապես սիմվոլիկ բնույթ: Չեմ կարծում, որ ձեզանից որևէ մեկը ակնկալիքներ ունենա Վերաքննիչ կամ այլ ատյանների դատարաններից, կամ դատավորներից, կամ ընդհանրապես դատական համակարգից: Վերջապես` եթե այդպիսի հույսեր լինեին, ապա մենք ընդհանրապես էստեղ հավաքված չեինք լինի, ինչպես նաև կարիքը չեր լինի ստեղծելու «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը: Ակնհայտ է, որ եթե դատական վճիռները Հայաստանում կախված լինեին դատարաններից ու դատավորներից, ապա մենք չեինք կարող գործ ունենալ «քաղաքական բանտարկյալ» հասկացության հետ: Մենք կունենաինք ուղղակի անարդար դատավճիռներ, որոնց շտկմանը հասնելու համար կպայքարեինք ոչ թե փողոցում, այլ ավելի բարձր կանգնած դատական ատյաններում: Իսկ քանի դեռ Հայաստանի հանրապետությունում դատական վճիռները կայացվում են ոչ թե դատական նիստերի դահլիճում, այլ գործադիր իշխանության բարձրադիր ներկայացուցիչների գրասենյակներում, նստավայրերում, կամ առանձնատներում, մենք չենք կարող խուսափել դատարանների որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք օգտագործումից:

Հենց այսպիսի քաղաքական հաշվեհարդարի նպատակով էլ սկզբից ձերբակալվեցին և այնուհետև մինչև վեց տարվա ազատազրկման դատապարտվեցին Կոնգրեսի չորս երիտասարդները: Այս գործի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ռեժիմը այն օգտագործեց մի քանի նպատակով, ժամանակային տարբեր հատվածներում: Առաջինը` Օգոստոսի 9-ի սադրանքի կազմակերպմամբ և երիտասարդների կալանավորմամբ իշխանությունները լուծեցին իրենց համար շատ ծանր պրոցեսից` բանակցություններից ճողոպրելու հարցը: Երկրորդ անգամ այս գործը օգտագործվեց հայտնի դեպքերից շուրջ մեկ տարի անց: Սույն թվականի հուլիսի 20-ին դատարանը կայացրեց իր պատմության մեջ ամենախայտառակ դատավճիռներից մեկը: ՀԱԿ չորս երիտասարդ ակտիվիստները դատապարտվեցին մինչև վեց տարվա ազատազրկման: Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում հասել էր իր բարձրակետին, կապված Հարսնաքարում տեղի ունեցած դեպքերի հետ, երբ մեղավորները արդարացիորեն փնտրվում էին արդեն ոչ թե նշված ռեստորանային համալիրում, այլ կառավարությունում, դատախազությունում, նախագահականում: Քաղաքացիական ընդվզումը լուրջ վտանգ էր ներկայացնում ռեժիմի համար իսկ այդ երիտասարդները կանգնած էին քաղաքացիական պայքարի առաջին շարքերում: Նրանց դատապարտումը այս պարագայում հարված էր ամբողջ հասարակությանը և յուրատեսակ նախազգուշացում էր մյուս քաղաքացիներին: Սա մարտահրավեր էր մեզ բոլորիս, սա փորձ էր վախի մտնոլորտի տարածմամբ խեղդելու քաղաքացիական ակտիվությունը:

Այո, մենք կարող ենք փաստել, որ իշխանությունները չկարողացան լուծել իրենց առջև դրված խնդիրը, և դրա ապցույցը այսօրվա բազմամարդ ցույցն է: Սակայն այս դեպքերը մեզ ցույց են տալիս մեկ բան. Հայաստանում իշխանությունները բռնազավթած անձինք շարունակում են երկրի իրական տերերի` ՀՀ քաղաքացիների հետ խոսել բռնության լեզվով: Շարունակում են հովանավորել մարդասպաններին` խրախուսելով ամենաթողությունը: Նրանց հրահանգներով արդարացվում են մարդասպանները, դատապարտվում են անմեղները: Ապացույց են արդեն ավարտված Հանրապետության Հրապարակի պայթյունի, դեռևս ընթացող Վահե Ավետյանի սպանության, Արտակ Նազարյանի սպանության, Կոնգրեսի երիտասարդների և բազմաթիվ այլ դատական գործերը: Ամեն քայլափոխի մենք ականատաեսն ենք անարդարության, քաղաքացիների իրավունքների խախտման: Սակայն պետք է խոստովանել, որ սրա հետ մեկտեղ մեծանում է քաղաքացիների դիմադրողականությունը և պատրաստակամությունը պայքարելու:

Եվ հաշվի առնելով այս հանգամանքները` կարծում եմ վերջապես եկել է ժամանակը անարդարության այս շղթային վերջ դնելու համար: ՀՀ քաղաքացին վերջապես պետք է ձեռնամուխ լինի ինքնուրույն գործողությունների սեփական իրավունքները վերականգնելու նպատակով: Իսկ պայքարը հարկավոր է սկսել քաղաքացու ամենակրևոր` Ազատության իրավունքի վերականգնումից:

Այս երիտասարդների ձերբակալությունը` մեր բոլոիս ձերբակալությունն է, նրանց ազատությունը` մեր ազատությունն է:

Կեցցե՜  Ազատ Հայաստանը

Ազատություն քաղբանտարկյալներին

No comments:

Post a Comment