PropellerAds

Thursday, December 29, 2011

Մահացու հարված սերժանտական վարչախմբին




   2011 թվականը դարձավ շարժման երևի թե ամենաակտիվ ու իրադարձություններով լի շրջանը, որը կարելի է կոչել հաղթանակների տարի: 
  Գարնանային քաղաքացիական զարթոնք, վերանվաճված Ազատության հրապարակ, հրապարակում կանգնած ՀՀ քաղաքացու կողմից պարտադրված քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, նույն կերպ պարդադրված երկխոսություն, ընդհանուր առմամբ երկու տասնյակից ավել բազմահազարանոց հանրահավաքներ ու երթեր, ութ օր տևած կամային շուրջօրյա հանրահավաք:
  Սակայն պայքարը շարունակվում է: Բազում հաղթանակներից հետո պատերազմը իշխանությունը զավթած խուժանի դեմ դեռ չի ավարտվել և այս առումով վիշապի տարին կլինի վճռական: Մենք պե՛տք է այն դարձնենք վերջնական հաղթանակի տարի:
   2011-ը տվեց էլ ավելի պինդ ու հաղթանակի հավատով լցված, ինքնավստահ և վճռական քաղաքացի, որը 2012–ին կհասցնի սերժանտական վարչախմբին վերջնական և մահացու հարված: Սակայն այս նպատակը կյանքի կոչելու և հրարավորինս արագ իրագործելու համար այս անգամ մեզ հարկավոր կլինի ժողովրդական ուժերի
աննախադեպ մոբիլիզացիա: Մեր թիվը պետք է կրկնապատկվի, քառապատկվի, տասնապատկվի: Եվ հե՛նց հիմիկվանից , հե՛նց այս նախատոնական և տոնական օրերից սկսած մենք բոլորս` ե՛ս, դու՛ պետք է տրամադրվենք, նախապատրաստվենք, ամենայն լրջությամբ նախապատրաստվենք այն իրադարձություններին, որ մեզ սպասվում են փետրվար-մարտ ամիսներին: Այսինքն մենք պետք է պատրաստ լինենք  բարձրացնել այնպիսի համաժողովրդական բողոքի ալիք, որին չի դիմանա ո՛չ մի ռեժիմ, ո՛չ մի բռնապետ: Մեր մեկ միասնական քայլը պետք է ցնցի ամբողջ Երևանը և տարածվի ամբողջ Հայաստանով մեկ:
Մե՛նք պետք է հաղթե ՛ նք: 


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հաղթանա՛կ, Հաղթանա՛կ, Հաղթանա՛կ…                                                                                                                                                                              
                                                                             
                                                                               Արեգ Գևորգյան

Tuesday, December 27, 2011

Փաստաբան Ալիկ Սարգսյանի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը: Դատական նիստը ևս մեկ անգամ ապացուցեց այն հանգամանքը, որ սույն գործը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ, վերահսկվում է ամբողջ պրոցեսը, ուղղորդվում են թե դատավորի, թե դատախազի և թե այսպես կոչված տուժած կողմի գործողությունները:

Օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ էր մնացել միայն Տիգրան Առաքելյանը:Այսօրվա դատական նիստի ժամանակ երիտասարդներից Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալների նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել և դադարեցնել քրեական հետապնդումը, քանի որ այս գործով նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ, իսկ միջադեպի օրը ոստիկանների կողմից կատարված ապօրինի գործողությունները քողարկվել են այդ գործում և իր պաշտպանյալների նկատմամբ անհիմն մեղադրաքներ են ներկայացվել:Բացի դրանից, պաշտպանը միջնորդության մեջ նշել է, որ իր պաշտպանյալները ծեծի են ենթարկվել ոստիկանության մի խումբ աշխատակիցների և կարմիր բերետավորների կողմից, նրանց ծեծել են ոչ միայն բերման ենթարկելիս, այլ նաև ոստիկանական բաժանմունքում:Պաշտպանը հավելել է, որ միջադեպի օրը ոստիկանների թիվը շատ մեծ է եղել, և դա արվել է նպատակային` երիտասարդների քաղաքական հայացքների համար:Տիգրան Առաքելյանը միջնորդել է, որպեսզի միջնորդությունը իրեն ևս վերաբերվի և որևէ մեկը դա չի առարկել: Դատավորը այս միջնորդության որոշումը հետաձգել է:Այնուհետև Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը միջնորդել է փոխել Առաքելյանի խափանման միջոցը կամ նրան գրավի դիմաց ազատ արձակել: Գրիգորյանը նաև նշել է, որ Առաքելյանին կալանքի տակ պահելու համար չկան բավարար փաստեր, և մեղադրողը չի կարող բերել անգամ մեկ փաստ, որը կապացուցի, որ իր պաշտպանյալը, լինելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը կամ թաքնվել նախաքննական մարմնից:Մեղադրողը, սակայն, փորձել է բերել մի փաստ, որն առաջացրել է դահլիճում ներկա գտնվողների ծիծաղը: Նա նշել է, որ միջադեպի օրը իրենց ունեցած տեսնյութում երևում է, որ Տիգրան Առաքելյանը արյունոտ վերնաշապիկով է, այնուհետև նա երևում է մերկ, իսկ քիչ անց` մաքուր վերնաշապիկով: Եվ դա մեղադրող դատախազ Մարտիրոսյանին հիմք է տալիս կարծելու, որ Առաքելյանը ազդեցություն կարող է ունենալ իր ընկերների վրա և խոչընդոտել քննությանը: Բացի դա, դատախազը նշել է, որ կա այս գործից անջատված մաս: Փաստաբանը հարցրել է, թե ինչ կապ ունի դա անջատված մասի հետ, և հավելել, որ այն, ինչ ասում է դատախազը, ոչ մի տեղ նշված չէ: Դատախազը իր առարկությունը չի հիմնավորել:Միջնորդության որոշում կայացնելու համար դատավոր Գագիկ Պողոսյանը երկու ժամից ավել գտնվել է խորհրդակցական սենյակում, այնուհետև հայտարարվել է կես ժամ ընդմիջում: Ընդմիջումից հետո դատավորը մերժել է միջնորդությունը: Այնուհետև հարցաքննվել է առաջին տուժողը: Փաստաբան Վահե Գրիգորյանը փորձեց տուժողից պարզել, թե հանդիպել է արդյոք նա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, քանի որ լուրջ հիմքեր կան կասկածելու, որ նախկին ոստիկանապետն ուղորդել է վարույթն իրականացնող մարմնին: Այս հարձը անմիջապես հանվեց դատավորի կողմից` այդպիսով թույլ չտալով տուժողին պատասխանել: Վահե Գրիգորյանն էլ իր հերթին առաջարկեց, որպեսզի դատարանն այլևս ավելորդ ջանքեր չգործադրի Ա. Սարգսյանին պաշտպանելու համար հաջորդ դատական նիստին ապահովվել նաև նախկին ոստիկանապետի փաստաբանի ներկայությունը:

  Հաջորդ դատական նիստը կկայանա 2012 թվականի հունվարի 24-ին, ժամը 14.00-ին:


 Տիգրան Առաքելյանը շնորավորեց Նոր Տարվա կապակցությամբ:

Ամենաճակատագրական ճակատամարտերի տարի


Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը Lragir.am-ին տված հարցարզույցում ամփոփեց անցնող 2011թվականը:

- Եթե ամփոփելու լինենք անցնող տարին, ապա այն ինչ տվեց Հայ Ազգային Կոնգրեսին:

- Վստահաբար կարող եմ պնդել, որ Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումից ի վեր սա ամենաարդյունավետ տարին է եղել: Կոնգրեսը հռչակվեց 2008թ. օգոստոսի 1-ին, ու այդ ընթացքում միակ հարցը, որ մենք կարողացանք մինչեւ 2011թ. լուծել, այն էր, որ ստիպեցինք իշխանություններին հաշտվել հանրահավաքներ, երթեր անելու մեր իրավունքի հետ, թեեւ միայն մասնակիորեն, քանի որ Ազատության հրապարակը շարունակում էր մնալ օկուպացված: Սրա հիմնական պատճառն այն էր, որ իշխանությունները որդեգրել էին «ոչ մի զիջում թշնամուն» կարգախոսը: Իսկ թշնամին նրանց համար ազատատենչ ժողովուրդն էր: 2011թ. այս առումով համարում եմ բեկումնային, որովհետեւ ի վերջո հաջողվեց իշխանություններին պարտադրել մեր բոլոր նախապայմանների կատարումը՝ երկխոսության ծավալման համար: Ավելին, հաջողվեց իշխանություններին նստեցնել բանակցությունների սեղան ու նրանց հետ քննարկել ՀՀ-ում լեգիտիմ իշխանության ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը: Սա մեծ բեկում էր, որը ցույց տվեց Հայաստանի ընդդիմության արդյունավետությունն ու կշիռը: Հետխորհրդային որեւէ տարածքում ընդդիմությունը երբեք նման հաջողության չի հասել:

- Իսկ որոնք էին ձախողումները:
- Եթե կարելի է դա ձախողում համարել, ապա կնշեմ հետեւյալը. ինչ-որ պահից իշխանությունները ճանապարհի կեսից հրաժարվեցին դեպի ժողովրդավարություն բանակցային անցման մոդելից ու դադարեցին կոմպրոմիսով հարցերը լուծելու քաղաքականությունը: Սա միայն մեկ բան է նշանակում՝ մեզ մարտահրավեր է նետած, որ հարցերը պետք է լուծենք ժողովրդի ճնշմամբ: Մենք այդ մարտահրավերն ընդունում ենք, եւ արդեն փետրվարից սկսելու ենք ժողովրդական ճնշման այն ալիքը, որն իշխանություններն իրենց գործողություններով են հրահրել:

- Բայց եթե Կոնգրեսը մի կողմից պահանջում է Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականը, բայց մյուս կողմից հանրահավաքների երկամսյա դադար է հայտարարել, արդյոք սա անտրամաբանական կամ անհասկանալի չէ:

- Որեւէ անհասկանալի բան չկա: Մենք պետք է կազմակերպենք ժողովրդական ճնշման ալիքն այն ժամանակ, երբ գործընթացի արդյունավետության համար լավագույն նախադրյալները կլինեն: Գործում է մի քանի կարեւոր քաղաքական գործոն, որոնք փետրվար-մարտ ամիսներին մաքսիմումի են հասցնում մեր մոբիլիզացիոն ռեսուրսի ծավալը: Առաջինն այն է, որ տասնյակ հազարավոր մարդկանցից կազմված սեզոնային աշխատանքի գնացողների բանակը Հայաստանում է գտնվում: Դրանք մեր պայքարի ամենաբնական դաշնակիցներն են, մարդիկ, որոնք չունեն աշխատանք, աշխատանքը փնտրում են դրսում, իրենց հացի համար կախված չեն իշխանություններին ու իրենց ընտանիքներից այս բաժանումը համարում են իշխանությունների վարած քաղաքականության եւ ապօրինության հետեւանք: Եվ ահա մեր Շարժման այս ամենաբնական դաշնակիցները փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում են լինում: Երկրորդ մոբիլիզացիոն ռեսուրսը գյուղացիներն են, որոնք մինչեւ ապրիլ չունեն լուրջ գյուղատնտեսական աշխատանքներ ու պատրաստ են մասնակցել քաղաքական գործընթացներին: Երրորդ հանգամանքն այն է, որ ձմեռվանից հետո, անցնելով բոլոր զրկանքները, լինելով սոված ու մրսած, մարդիկ ավելի շատ են պատրաստ փոփոխություններ թելադրել իշխանություններին: Չորրորդը՝ մեր մարտիմեկյան ավանդական միտինգն է, որը միավորում է ոչ միայն մեր աջակիցներին, այլեւ՝ շատուշատ մարդկանց, որոնց համար կարեւոր է հիշատակի տուրք մատուցել նրանց, ում արյունը հեղել է սեփական իշխանությունը: Ի դեպ, եթե մենք չափենք մեր միտինգներում մարդկանց դինամիկան ըստ 2009-2011 թթ. մարտիմեկյան հանրահավաքների, ապա կտեսնենք, որ տեղի է ունենում աճ եւ ամենամեծ հանրահավաքները հենց այս տարի են եղել: Վերջապես, հինգրերորդ գործոնը նախընտրական սեցոնի ազդեցությունն է, որը ուզեն, թե չուզեն, ակտիվացնում է մարդկանց, քաղաքականացնում հասարակությանը: Դրան կարող են ավելանալ նաեւ միջազգային զարգացումներ, ինչն էլ կնպաստի ժողովրդի ակտիվացմանը: Այս բոլոր գործոնները հաշվի առնելով, եկել ենք այն եզրահանգման, որ այս տարի մենք պետք է ստեղծեինք Սերժ Սարգսյանի հեռացման իրավաքաղաքական հիմքերը, իսկ արդեն բուն գործողությունները պետք է սկսել փետրվարին: Ահա սա է պարզ քաղաքական հաշվարկը, որն ընկած էր մեր որոշման հենքում:

- Այսինքն՝ հաջորդ տարվա ձեր գլխավոր անելիքը այդ գործողություններն իրականություն դարձնելն է:

- Ես կասեի ավելին՝ ըստ էության 2012թ.-ի կատարվելիք իրադարձությունները լինելու են մեր շարժման համար ամենաճակատագրական ճակատամարտը: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ ցանկցած ընդդիմության համար ամենամեծ պրոբլեմն ընտրությունների բացակայությունն է: Որովհետեւ, առանց ընտրությունների պահել շարժումը մի իրավիճակում, երբ հասարակությունը քաղաքականացված չէ, շատ դժվար, եթե չասենք՝ անհույս գործ է: Եվ ահա այդ անհույս թվացող գործը մենք կատարեցինք: Մենք միակ երկիրն ենք աշխարհում, ուր ընդդիմությունը տասնյակ հազարավոր մարդկանց տարին 20 անգամ կարողանում է հանել ցույցերի: Այս տարի մենք 22 համապետական հանրահավաք ենք արել, ներառյալ 8-օրյա շուրջօրյա հանրահավաքը, էլ չեմ խոսում փոքր ակցիաների մասին, որոնք մի քանի տասնյակ էին: Այն, ինչ կատարվեց այս չորս տարվա ընթացքում, հրաշք կարելի է համարել: Իսկ ընդդիմության համար անհրաժեշտ թթվածինը կստանանք ընտրություններին: Իշխանությունները որքան էլ խուսափեն արտահերթ ընտրություններից, հերթական ընտություններից խուսափել չեն կարողանա: Այսինքն՝ անգամ, եթե փետրվարին, մարտին մենք չկարողանանք պարտադրել արտահերթ նախագահական ընտրություններ, հերթական խորհրդարանական ընտրություններից խուսափել ռեժիմը չի կարողանա: ՈՒստի ամեն դեպքում մենք մտնելու ենք լրջագույն ճակատամարտի մեջ: Մեր նպատակն է լինելու ԱԺ ընտրությունները վերածել նախագահական արտահերթ ընտրությունների այն առումով, որ քվեարկությունը ըստ էության դառնա Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվե: Մենք 2012թ. դարձնելու ենք ժողովրդավարության համար ամենաճակատագրական ճակատամարտերի տարի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Sunday, December 25, 2011

Forbes-ը Մարտի 1-ի մասին


  Forbes-ը Մարտի 1-ը ճանաչեց տասնամյակի ամենաաղմկահարույց հետընտրական իրադարձություններից մեկը:
2008-ին տեղի ունեցած իրադարձությունները նկարագրվում են հետևյալ կերպ` 
  «Փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, պարտված թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (21.50%) կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում կազմակերպեցին շուրջօրյա բողոքի հանրահավաքներ: Հանրահավաքների մասնակիցների կարծիքով, ընտրություններն ուղեկցվել են մասսայական խախտումներով ուստի չեն կարող լեգիտիմ համարվել: Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի վրանային քաղաքը հարձակման ենթարկվեց ոստիկանության կողմից: Արդյունքում սպանվեցին հանրահավաքի ութը մասնակից և երկու ոստիկան: Ի պատասխան, տեղի ունեցան բողոքի նոր գործողություններ, որի մասնակիցները տառացիորեն իրավապահ ուժերին դուրս մղեցին քաղաքի ծայրամասեր: Մասսայական անկարգությունները կանխելու համար գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 2-ին քսանօրյա արտակարգ դրություն մտցրեց: Ընտրությունների արդյունքները չվերանայվեցին: Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնն ստանձնեց ապրիլի 9-ին»:
  Forbes-ում տեղ գտած իրադարձություններն են.
1. Ռուսաստան 07.12.2003թ. Պետդումայի ընտրություններում քվեարկել են ընտրողների 100%-ից ավելին:
2. Աբխազիա 03.10.2004թ. Նախագահի ընտրություններից հետո գրավվել է կառավարության շենքն ու նշանակվել վերաքվեարկություն:
3. ԱՄՆ 07.11.2000թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում չհաշվեցին 19000 խնդրահարույց քվեաթերթիկներ:
4. Բաշկիրիա 07 և 21.12.2003թ. նախագահական ընտրություններում 200 հազար անօրինական քվեաթերթիկների տպագրության փաստ է արձանագրվել:
5. Հարավսլավիա 24.09.2000թ. նախագահական ընտրություններից հետո գրավվեց խորհրադարանի շենքը և նախագահը ստիպված եղավ հրաժարական տալ:
6. Ուկրաինա. 2004թ. hոկտեմբեր-դեկտեմբեր. Նախագահական ընտրություններից առաջ և հետո շուրջ երկու ամիս տևած բողոքի ակցիաներ Մայդանում և վերաքվեարկություն:
7. Հայաստան 19.12.2008թ.նախագահական ընտրություններից հետո բախում ոստիկանական ուժերի հետ, որի արդյունքում սպանվեց տասը մարդ:
8. Մոլոդովա 05.04.2009թ.խորհրդարանական ընտրություններից հետո՝ արդյունքներից դժգոհ երիտասարդները գրավեցին խորհրդարանի շենքը և պարտադրեցին քվեների վերահաշվարկ:
9. Լիտվա 17.05.2009թ. նախագահական ընտրություններից երեք ամիս անց քրեական գործ հարուցվեց թեկնածուներից մեկի դեմ:
10. Աֆղանստան 20.08.2009թ. նախագահական ընտրություններում արձանագրվեց մոտ 1,5 միլիոն կեղծ քվեաթերթիկ:
11. Ուկրաինա 17.01 և 07.02.2010թ. նախագահական ընտրություններից հետո դրանց արդյունքների բողոքարկում և անվավեր ճանաչելու պահանջ:
12. Ղրղըզստան 10.10.2010թ. խորհրդարանական ընտրություններից հետո ազգայնականների բողոքի ակցիաներ «թվերի հետ խաղի» պատճառով:
13. Բելառուս 19.12.2010թ. նախագահական ընտրություններում Լուկաշենկոն ստացավ երկու անգամ ավելի ձայն, քան կանխատեսել էին դիտորդներն ու էքզիթ փոլերը:
14. Նիկարագուա 06.11.2011թ. Նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուն երրորդ անգամ է ընտրվում:
15. Հարավային Օսեթիա 13.11 և 27.11.2011թ. նախագահական ընտրություններից հետո դատարանը վերացրեց ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը:


Ավտոերթ Երևանում. Նախընտրական. ՏԵՍԱՆՅՈՒԹ


2008-ի նախընտրական ավտոերթերից մեկը, որ գլխավորում էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 


Saturday, December 24, 2011

Դիամակազերծված Արարատ Զուրաբյանը


   Ազատիչի Դեմոկրատներն իմ, իմ գաղափարակից ընկերների, ընդհանրապես Հայ Ազգային Կոնգրեսի կողմից երբեք չեն դիտվել որպես թիրախ, մեր միակ թիրախը դա Սերժիկ Սարգսյանն է ու նրա գլխավորած վարչախումբը: Սակայն Արարատ Զուրաբյանի համառ ստախոսի կեցվածքը տեսնելով, հասկանալով անգամ, որ մեծ ծառայություն եմ մատուցում նրան ուղղակի իր դավաճանությունների մասին հիշատակելով, ես չեի կարող չանդրադառնալ նրան ու նրա ստոր գործարքներին` մարդասպան խունտայի հետ:

  Ամենաանընդունելին Ազատիչի Դեմոկրատների պարագլխի հարցազրույցում այն է, որ այնպիսի մարդկանց մասին, ինչպիսիք են օրինակ` Լևոն Զուրաբյանը, Վլադիմիր Կարապետյանը, Առաքել Սեմիրջյանը փորձ է կատարվում գնահատականներ տալ մի մարդու կողմից, որի անունը դարձել է “Սուտ”, “Դավաճանություն”, “Ստորություն” բառերի հոմանիշը: Մարդ, որը ամբողջովին նվիրել է իրեն սերժանտական համակարգի սպասարկմանը և այդ գործը անելու համար չի խուսափում նաև ամենաէժանագույն մեթոդներից: Նա փորձում է սև գույների մեջ ներկայացնել մարդկանց, որոնք ի տարբերություն իրեն իրենց պաշտոններում որևէ քաղաքական պատասխանատվություն չեն ունեցել, նրանք արել են իրենց գործը, ծառայել են Հայաստանի Հանրապետությանը և լավ են ծառայել, արժանապատվորեն են ծառայել: Իսկ պետք եկած ժամանակ կանգնել են ժողովրդի կողքին, կանգնել են անմացորդ նվիրումով, կանգնել են ու կանգնած են մինչև վերջ: Իսկ ահա Արարատ Զուրաբյանի դեպքում հարցը շատ լուրջ է: Նա եղել է թաղապետ, թաղապետ որը ունեցել է շատ կոնկրետ քաղաքական պատասխանատվություններ և որը իմ համոզմամբ իր “Համեստ” լուման է ներդրել այդ տարիներին կեղծված ընտրությունների գործում:

  Ինչևիցէ, համոզմունքներից անցնենք փաստերին: Ա.Զ.-ն իր խոսքում անդրադառնում է մասնավորապես վիկիլիքսյան փաստաթղթերից մեկին, որը հիմք ընդունելով նա գալիս է այն եզրահանգման, թե իբր Դավիթ Շահնազարյանը փորձել է պայմանավորվել 75 քաղբանտարկյալների ազատ արձակվելու համար` խոստանալով նվազեցնել հանրահավաքային ակտիվությունը, թուլացնել ճնշումը իշխանությունների վրա: Այս դեպքում ամեն ինչ շատ ճիշտ է, բացառությամբ մեկ նրբության` Շահնազարյանը ո'չ թե փորցել է գործարքի գնալ, այլ ներկայացրել է իրականությունը: Այսինքն արել է այն ինչ արվում է արդեն չորս տարի, ասվել է այն ինչ ասվում է ցանկացած ազգային ազատագրական շարժման ներկայացուցչի կողմից ցանկացած բռնապետության ներկայացուցչի: Այսինքն գործադրում ենք ճնշում` սպառնալով ավելի ուժեղացնել այն մեր առաջ քաշած պայմանները չկատարելու դեպքում: Իսկ այն ժամանակվա մեր առաջնահերթ պայմանը եղել է քաղբանտարկյալների ազատ արձակումը: Նույնիսկ մենք` Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներս, երբ անցկացնում էինք ուրբաթօրյա ակցիաները, սպառնում էինք իշխանություններին անդադար շարունակել ամենշաբաթյա բողոքի միջոցառումներն այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել: Իսկ կատարվելու դեպքում շատ նորմալ է, որ ճնշումը զգալիորեն նվազելու էր: Այսինքն Դավիթ Շահնազարյանն իրականում փաստել է, որ եթե չլինեն քաղբանտարկյալներ, ապա չեն լինի նաև նրանց ազատ արձակումը պահանջող երթեր, ցույցեր, պիկետներ և այլն:

  Ուրիշ հարց է Արարատ Զուրաբյանին վերաբերվող վիկիլիքսյան բացահայտումներն, որտեղից մեզ ակնհայտորոն երևում է, թե ինչ ստոր գործարքի է գնում ''Ընդդիմադիր'' գործիչը: Նա ազատ է արձակվում միակ պայմանով` օգտվելով սեփական դիրքից, ներսից վնասել և փորձել կազմաքանդել միացյալ ընդդիմությունը: Արարատի ազատությունը թանկ է նստում նաև մնացած բոլոր քաղբանտարկյալների վրա: Միմիայն այդ դավաճանության պատճառով էր, որ 70-ից ավել քաղբանտարկյալներ մնացին բանտերում: Վարչախումբը միայն ի շնորհիվ Արարատի թուլամորթության կարողացավ նրանց պատանդ պահել, որոշակի չափով դիմադրելով հասարակական ճնշմանն` օգտվելով նրա մատուցած թանկարժեք ծառայություններից:

  Հ.Գ. Իրական հայրենասերը, որը չի ընդունում “Արարատ Զուրաբյանն ընդդեմ ՀՀ-ի“ արտահայտությունը, չի օգտվում նաև Green Card-ից` ամիսը մեկ անգամ մեկնելով ԱՄՆ, չի ներդնում իր ամբողջ կասկածելիորեն կուտակված ունեցվածքը ամերիկյան տնտեսության մեջ: Այս “Հայրենասիրական” գործունեությունը նա սկսել է ծավալել դեռևս 2007-2008 Ամանօրյա տոների ժամանակ, նախընտրական ամենաթեժ պահին, երբ Հայաստանում բոլոր գործերը թողնելով մեկնել էր ԱՄՆ` ենթադրաբար շահավետ կապեր հաստատելու:



Արեգ Գևորգյան 24.12.2011

Friday, December 23, 2011

Ստենք, որ չմեռնենք



  Կարդալով Արարատ Զուրաբյանի կողմից տրված հերթական  հարցազրույցը կարելի է զարմանալ, թե ինչպիսի համառությամբ կարելի է փորձել ապացուցել անապացուցելին, ինչպիսի համառությամբ կարել է ստել և անարդյունք համոզել սեփական դավաճան չլինելը, արդյունքում ստանալով հակառակը` ամեն անգամ  էլ ավելի   վատ վիճակի մեջ հայտնվելով, ամեն անգամ ավելի նենգաբար ստելով ու ավելի ստոր դավաճանության գնալով: Այս անգամ նա քար նետեց ոչ միայն իր թիմակիցների, այլ նաև իր մտերիմ ընկերների վրա, անվանելով նրանց դավաճան այն պատճառով, որ նրանք համաձայն չլինելով հայաստանյան փտած դատական համակարգի ապօրինի որոշումների ու վճիռների հետ` դիմել և դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:                     
  Անդրադառնալով վերոնշյալ հարցազրույցին, ես ուզում եմ ասել Պարոն Արարատ Զուրաբյանին, որ ծիծաղելի կլինի հերքել այն փաստը, թե նրա ձերբակալումը, կալանավորումը, նրա առողջական վիճակի մասին տեղեկատվությունները, փաստաբանի միջնորդությունները կամ նրա ազատ արձակումը անընդհատ եղել են և լրատվամիջոցների, և քաղաքացիների ուշադրության կենտրոնում: Սակայն շատ ավելի ծիծաղելի է այն, որ Արարատը փորձում է հղում անելով վերոնշյալ դեպքերի մասին հրապարակումներին, ապացուցել մեզ, թե շատ նորմալ է այն, որ իր ազատ արձակման համար միջնորդել է Նիկոյանը և թե այդ գործարքի մասին իմացել են ոչ միայն նրա թիմակիցներն ու ընկերները, այլ նաև ամբողջ ժողովուրդը: Իսկ Եվրոպական դատարան դիմելը նրա համար երբեք տաբու չի եղել:  Գործն ամբողջովին պատրաստ է եղել: Այն մի քանի ամիս  պատրաստվել է իրավաբանների կողմից իր իսկ իմացությամբ և ոչ առանց նրա օգնության, սակայն վերջին պահին անհասկանալի պատճառներով Ա.Զ.-ն չի տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը, գործը Եվրոպական դատրան ուղարկելու համար:
  Եվ վերջում նաև կխնդրեմ, որ Ա.Զ. - ն ասեր, թե հատկապես ինչ՞ու նրան` մեծն Արարատին, ազատեցին իր իսկ պնդմամբ առողջական խնդիրներ ունենալու պատճառով իսկ շատ ավելի ծանր վիճակում գտնվող Սասուն Միքայելյանին երեք տարի պահեցին բանտում: Պատասխանները երկուսն են` կամ նա ծառայություններ էր մատուցում վարչախմբին, կամ ուներ զրոյական ազդեցություն, որպես քաղաքական գործիչ, որպես լիդեր: 

Հ.Գ. Եթե անգամ ենթադրենք, որ Արարատ Զուրաբյանի ու մնացած դավաճանների դուրս գալը շարժման շարքերից արվել էր ոչ թե շարժմանը վնասելու և նրա ներուժը կոտրելու նպատակով, այլ ուղղակի ինչ-ինչ պատճառներով տեղի ունեցած ողբերգական իրադարձություն էր, որը պիտի ծանր հարված հասցներ Հայ Ազգակին Կոնգրեսին, ապա դա ոչ միայն չբերեց սպասված հետևանքների, այլ նաև ավելի ամրապնդեց ու հզորացրեց շարժման շարքերը: Եվ սա ապացույցն է միայն մեկ պարզ բանի, որ Ազատիչի Դեմոկրատներ կոչեցյալներն ընդդիմության շարքերում ունեցել են զրո ազդեցություն, զրո նշանակություն և նրանց առաքելությունը եղել է միմիայն ապօրինի իշխանությունների հեռացման գործին խանգարելը: Նրանք եղել են մեր շարքերի պարազիտները, որոնցից բարեբախտաբար ազատվեցինք:

Քաղաքապետի ընտրություններ 2012-ի Փետրվարի սկզբին

   
  Ավարտվել է Հրազդանում նախատեսված նիստը, որին մասնակցել են մի քանի հարյուր հրազդանցիներ, քաղաքական ակտիվ մասսայի ներկայացուցիչներ: Նիստի նպատակը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրել էր։ Սասուն Միքայելյանը, գնալով ժողովրդի կամքին ընդառաջ՝ իր թենածությունն է առաջադրելու Հրազդանի քաղաքապետի ընտրություններում:
 Ընտրությունները տեղի կունենան փետրվարի 12-ին:

Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ


- Հայ Ազգային Կոնգրեսն ընտրական պլատֆորմի շուրջ համագործակցելու առաջարկով հանդես եկավ. դուք այդ մասին հարցազրույց էիք տվել Ազատություն ռ/կ-ին: Ինչու եք հիմա անում նման առաջարկ, այլ ոչ այն ժամանակ, երբ ԱԺ-ն փոփոխություններ կատարեց ԸՕ-ում:

- Այն ժամանակ խոսքը գնում էր իշխանությունների կողմից կազմակերպված քննարկումների մասին, որոնց մենք չէինք կարող մասնակցել մի քանի պատճառով: Պատճառներից գլխավորը քաղբանտարկյալների առկայությունն էր, որը մեզ թույլ չէր տալիս որեւէ երկխոսություն կամ բանակցություն ունենալ ռեժիմի հետ: Դա մեզ սկզբունքային դիրքորոշում էր: Մենք ռեժիմի հետ չէինք կարող որեւէ բանակցությունների գնալ, քանի դեռ քաղբանտարկյալները բանտերում էին, որովհետեւ այդ ժամանակ արդեն հարցը կվերածվեր պատանդների առեւտրի եւ մեզանից յուրաքանչյուր քաղբանտարկյալի ազատ արձակման դիմաց քաղաքական զիջում կփորձեին պոկել: Երկրորդ պատճառն այն է, որ իշխանությունները, երբ կազմակերպել էին այդ քննարկումները, նպատակ էին դրել մեր ու միջազգային հանրությանը ցույց տալ, թե իբր ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ մշակում են Ընտրական օրենսգիրք: Բնականաբար, ինչպես եւ եղավ, ընդունեցին ընդդիմության առաջարկներից միայն ամենաանէականները, եւ դրանով համարեին, թե լեգիտիմացրել են նոր ԸՕ-ն: Դա հաշվի առնելով մենք եւ համապատասխան հայտարարություն արեցինք, եւ հրաժարվեցինք մասնակցել իշխանության կողմից կազմակերպած ԸՕ-ի քննարկումներին, ու մենք այդ նպատակին հասանք: Մենք այդ ԸՕ մշակմանը որեւէ մասնակցություն չենք ունեցել, եւ պատասխանատվություն չենք կրում այդ ԸՕ համար: Կարծում ենք, որ լրջագույն փոփոխություններ պետք է կատարվեն այդ ԸՕ-ում, որ քիչ, թե շատ նորմալ ընտրություններով ՀՀ-ում իշխանություն ձեւավորվի:

Այսօր խոսակցությունը գնում է մեկ այլ բանի շուրջ. Եթե կան հստակ փոփոխություններ, որոնք լրջորեն կվերափոխեն ընտրական համակարգը, եւ որոնք ընդունվում են բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի կողմից, ուրեմն՝ մենք պատրաստակամություն ենք հայտնում մասնակցել այնպիսի գործընթացի, որտեղ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերն իրենց մոտեցումները կհամախմբեն ու այդ դրույթներն ի վերջո կներկայացվեն իշխանություններին որպես հասարակության կարծիք: Սա է ողջ տարբերությունը:
- Այդ պլատֆորմն ինչ է իրենից ենթադրում. խաղի կանոնների ընդունո՞ւմ, թե ինչ:

- Բացարձակապես ոչ: Խոսքը գնում է կոնկրետ փոփոխությունների մասին, օրինակ՝ մեծամասնական ընտրակարգից հրաժարվել, բազմակի քվեարկություններից խուսափելու համար մատերի թանաքոտում, բոլոր տեղամասերում տեսախցիկների տրամադրում պետության կողմից եւ տեսագրության իրականացում, քվեարկությունից հետո ցուցակների հասանելիությունը ստուգումների համար: Սրանք կոնկրետ առաջարկներ են, որոնք բոլոր քաղաքական ուժերը կիստում են: Այդ նույն քաղաքական ուժերով հավաքվելով կարող ենք հավասար համագործակցության հիման վրա մշակել ընդհանուր փաստաթուղթ, որը արդեն կներկայացվի իշխանություններն որպես ընդհանուր պահանջ:

- Ձեր կարծիքով, ով կհամագործակցի այդ պլատֆորմի շուրջ. Ինքներդ մինչեւ հիմա քաղաքական ուժերի կողմից արձագանքները բավարար համարո՞ւմ եք, թե ոչ:

- Ես նորմալ եմ համարում քաղաքական գործիչների արձագանքները: Կարծում եմ՝ համագործակցության համար կան հնարավորություններ: Մեր կողմից ասեմ, որ բաց ենք նման համագործակցության համար:

- Կոնգրեսն առաջարկում է ընտրական պլատֆորմի շուրջ համագործակցել այն դեպքում, երբ ՀՅԴ-ն ամիսներ առաջ ստեղծեց «Քվեն ուժ է» շարժումը՝ նույն ընտրական իրավունքի պաշտպանության համար: Ու հիմա ՀՅԴ-ականներն ասում են, որ իրենք ամիսներ առաջ արդեն նախաձեռնել են այդ գործընթացը, եւ որ Կոնգրեսը կարող է միանալ դրան:

- Ես ուզում եմ շեշտել, որ մենք ոչ մի առաջարկ չենք արել: Մենք ընդամենը հայտնել ենք մեր պատրաստակամությունն այլ շահագրգիրռ ուժերի հետ ընդգրկվել ընդհանուր պլատֆորմի մշակման գործընթացում: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ մենք չպետք է վիճենք, թե ով ում է միանում, ով է ինչ-որ նախաձեռնությամբ հանդես եկել: Կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի այնպիսի պրոցեսը, որտեղ նախաձեռնությունը որեւէ մեկինը չէ, աշխատանքը չի անցկացվում որեւէ քաղաքական ուժի նախագծի հիման վրա, այլ այդ համագործակցությունը ձեւավորվում է հավասար սկզբունքով: Ես ուզում եմ շեշտել սա. մենք ոչ մի հավակնություն չունենք լինելու այդ համախմբման նախաձեռնողը կամ առաջարկողը: Ոչ էլ հավակնում ենք լինել դրա առանցքը. մենք ընդամենը պատրաստակամ ենք մասնակցել նման գործընթացի: Եթե կան շահագրգիռ ուժեր, որոնք նույնպես պատրաստ են մասնակցել այդ գործընթացին, ուրեմն՝ հավասարության սկզբունքով կարելի է կառուցել այդ գործընթացը: Եվ այդտեղ խոսք չի կարող գնալ, թե ով, ում միացավ:

- Բայց ՀՅԴ-ն հիմա արդեն նման շարժում սկսել է: Ու քանի որ ասում եք՝ չեք ուզում առանցքը լինել, մտահոգություններ կան ընտրական պրոցեսի հետ կապված, հիմա ՀՅԴ-ն ասում է՝ եկեք, միացեք եղածին:

- Որեւէ ուժ արդյունավետ գործընթաց չի ապահովում, երբ խոսում է, թե ինչ-որ մեկը պետք է միանա այդ ուժի նախաձեռնությանը: Խոսքն այնպիսի պրոցեսի մասին է, որին բոլոր քաղաքական ուժերը մասնակցում են հավասարության սկզբունքով: Եկեք այնպես կառուցենք պրոցեսը, որ այնտեղ ոչ նախաձեռնող լինի, ոչ այդ նախաձեռնությանը ուրիշներին միանալու կոչ անող լինի, ոչ այդ պրոցեսից նեղ-կուսակցական դիվիդենտներ շահող լինի, այլ՝ բոլորն աշխատեն հանուն մեկ գործի, որն էլ ի վերջո ունի ճակատագրական կարեւորություն մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետության համար:

- Այդ դեպքում մտավախություն չունե՞ք, որ այդ պլատֆորմը կողմնակիցներ չունենա. գոնե ֆորմալ առումով այն չձեւավորվի:

- Ես նպատակահարմար չեմ համարում խոսել հնարավոր ձախողումների մասին: Ընդհակառակը, կան բոլոր նախադրյալները, որ այս գործը պսակվի հաջողությամբ: Ի վերջո, եթե իսկապես բոլորը շահագրգիռ են այդ գործը գլուխ բերելու հարցում, ուրեմն՝ այդ գործը կհաջողվի: Ու միակ բանը, որ կարող է խանգարել դրան, կլինի այն, որ քաղաքական ուժերը փորձեն մտածել ավելի շատ իրենց հավակնությունների մասին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
Lragir.am

Thursday, December 22, 2011

ՀԱԿ 4 ակտիվիստների դեմ կազմակերպված դատական նիստը (VIDEO)




  Վարչախմբի կողմից կազմակերպված Արտակ Կարապետյանի,  Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի գործով շինծու դատավարության հերթական  նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 27-ը:



Այս անգամ ոստիկաններն ու դատական կարգադրիչնեչն ավելի ակտիվ էին: Նրանք փորձում էին   թույլ չտալ դատարանի դիմաց հավաքվածներին մուտք գործել նիստերի դահլիճ կամ պաստառներով անցկացնել բողոքի պիկետ:



Wednesday, December 21, 2011

«Հայաստանի կորսված գարունը»` ՏԱՐՎԱ ՖԻԼՄ. VIDEO



  «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ 2011 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը»՝ ժողովրդի լուռ մտքերն անուղղակի բարձրաձայնելու, մարտի մեկի մասին ճշմարտությունը ուղղակիորեն ներկայացնելու և Հայաստանին՝ կորսված գարուններից հետագայում զերծ պահելու գաղափարի համար:




  



Կա՛մ արդար ընտրություններ, կա՛մ հեղափոխություն



Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսում համարում են, որ 2012 թվականը պետք է դառնա լեգիտիմ իշխանության ձևավորման տարի: Այսօր, խոսելով Կոնգրեսի ապագա ծրագրերի մասին, հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Դա կլինի կա՛մ արդար ընտրություններով, կա՛մ հեղափոխական ընթացքով: Իշխանությունները որևէ պատրանք այս առումով չպետք է ունենան, այլընտրանքը հենց այդպիսին է: Կամ նրանք անցկացնում են արդար, թափանցիկ, օրինական ընտրություններ, կամ երկիրը նետում են ցնցումների մեջ: Ամենակարևորը հետևյալն է` իշխանությունները դեռ որևէ կերպ կարող են խուսափել արտահերթ ընտրություններից, բայց հերթական ընտրություններից նրանք խուսափել չեն կարող: Եվ ուրեմն արտահերթ, թե’ հերթական` 2012-ին լինելու են համապետական ընտրություններ, և, զուգորդելով մեր ավանդական փետրվար-մարտյան ալիքը ժողովրդի նախընտրական ակտիվացման հետ, մենք պետք է դա վերածենք Սերժ Սարգսյանի ռեժիմին հեռացնելու գործիքի», – ասել է բանախոսը:

Նա նաև նշել է, որ ինչ ընտրություն էլ լինի Հայաստանում, դա «դառնալու է արտահերթ նախագահական ընտրություն»:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ միջոցով են պայքարելու իշխանափոխության համար, եթե մինչ այժմ կիրառած մեթոդների արդյունքում դեռ իշխանափոխություն չի եղել, Զուրաբյանն ասել է:

«Մենք ոչ տեռորիզմի ենք դիմելու, ոչ զինված ապստամբության ենք դիմելու: Զուտ քաղաքական տեխնոլոգիաների, կոմունիկացիոն տեխնոլոգիաների առումով այն ամբողջ զինանոցը, որ գոյություն ունի, օգտագործելու ենք, բայց մեծ հաշվով մենք կազմակերպելու ենք ժողովրդի ուղիղ ճնշումը, այնպես, ինչպես դա արեցին բազմաթիվ երկրներում և հասան իշխանության հրաժարականին»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Ավարտելով իր խոսքը` Զուրաբյանը Կոնգրեսի անունից Ամանորի կապակցությամբ բոլորին մաղթել է, որպեսզի 2012 թվականը դառնա ժողովրդավարության հաստատման տարի:

Monday, December 19, 2011

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի վերաբերյալ. ՀՀՇ Երիտասարդական Միության 13-րդ համժողով. 18.12.2011




2011թ.-ի Օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների վրա ոստիկանական հարձակումը ավարտվեց 7 երիտասարդի ապօրինի ձերբակալմամբ: Այնուհետև հանցավոր իշխանությունները կալանավորեցին ՀՀՇ Երիտասարդական միության (ԵՄ) խորհրդի անդամ Տիգրան Առաքելյանին և վերջինիս ազատ արձակման խնդիրը օգտագործեցին Հայ ազգային կոնգրես - իշխանություն բանակցություններում Կոնգրեսի պատվիրակության վրա ճնշում գործելու համար: Այսպիսով իշխանությունները վերջնականապես փաստեցին Տիգրան Առաքելյանի քաղբանտարկյալ լինելու փաստը: Տիգրան Առաքելյանին մինչ այժմ անազատության մեջ պահելու և մյուս երիտասարդների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման համար հիմք հանդիսացող հարուցված քրեական գործի շինծու լինելը հաստատում են գործում առկա տասնյակից ավելի տուժող և վկա ոստիկանների ցուցմունքները, որտեղ բացահայտվում են իրենց վերադասների կողմից միջադեպի օրը արձակված ապօրինի հրամանները, եւ հատուկջոկատայինների` օրենքի տեսանկյունից աններելի գործելաոճը:

ՀՀՇ ԵՄ-ն դատապարտում է Հայաստանում նորից քաղբանտարկյալի առկայության հանգեցրած իշխանությունների գործելաոճը և հայտարարում է, որ պայքարելու է Տիգրան Առաքելյանի ազատ արձակման համար, ինչպես նաև կպայքարի Հայաստանում ցանկացածի ոտնահարված իրավունքի և ցանկացած քաղբանտարկյալի ազատության համար: Միևնույն ժամանակ վստահ ենք, որ Տիգրան Առաքելյանի և մյուս 3 երիտասարդների վերաբերյալ արդեն մեկնարկած դատավարությունը վերջնականապես ապացուցելու է երիտասարդների անմեղությունը , նորից ցույց է տալու ՀՀ իշխանությունների կրիմինալ էությունը, խայտառակելու է Հայաստանի արդարադատությունը , իսկ Տիգրան Առաքելյանը մեր պայքարի արդյունքում շուտով հայտնվելու է ազատության մեջ:

Ներկայացնում է Սարգիս Գևորգյանը





Ժողովրդավարության առաջընթացի մասին բոլոր հայտարարություններն առնվազն ծիծաղելի են. Արման Մուսինյան



«Ժողովրդավարության զարգացման մասին խոսք լինել կարող էր, եթե վարչախումբը գեթ մեկ անգամ ցուցադրեր քաղաքական վարքագիծ ու հասունություն, և չվիժեցներ երկխոսության գործընթացը»,- այսօր ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ էդուրադ Շարմազանովի հայտարարությանն ի պատասխան Tert.am-ին ասաց Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: Հիշեցնենք, որ այսօր էդուրադ Շարմազանովն իր տարեվերջյան ամփոփ ասուլիսին ասել էր, որ մեր երկիրը ժողովրդավարության զարգացման տեսանկյունից այս տարի ունեցել է առաջընթաց, ինչի մասին, Շարմազանովի փոխանցմամբ, նույնիսկ նշել է արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ըստ Արման Մուսինյանի` երկխոսության գործընթացը միակ շանսն էր, որը թույլ կտար այսօր արձանագրել ժողովրդավարական առաջընթաց: «Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սա նկատի ուներ, բայց քանի որ իշխանությունը վիժեցրեց երկխոսության գործընթացը և վերադարձավ իրեն հատուկ բռնության մեթոդներին, ապա ժողովրդավարության առաջընթացի մասին բոլոր հայտարարություններն առնվազն ծիծաղելի են»,- ասաց Կոնգրեսի մամուլի քարտուղարը:
Tert.am

Sunday, December 18, 2011

"Ճանապարհը առաջանում է քայլողի ոտքերի տակ..." Սարգիս Գևորգայնի ելույթը 18.12.2011




Խոսքս առաջին հերթին ուղղում եմ ՀՀՇ ԵՄ անդամներին և ուսանողներին:

Սիրելի ընկերներ, սիրելի սերնդակիցներ, ես կարծում եմ, որ այս համաժողովը կծառայի որպես շատ կարևոր մի փուլից առաջ մեր ուժերի գնահատման, շարքերի հստակեցման և պատասխանատվության ստանձման միջոցառում: Արդեն ակնհայտ է , որ ամանորյա տոնակատարություններց հետո գալու է մի փուլ, մի քաղաքական գործընթաց, որը մեզնից առավել ջանք ու եռանդ է պահանջելու: Եթե հիշում եք, այս տարվա 8-օրյա հանրահավաքներից հետո Հայ Ազգային Կոնգրեսը իր միակ պահանջը հռչակեց Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականը, և այն ի կատար ածելու նպատակով սկսեց ժողովրդական ճնշումը մեծացնելու և ժողովրդի համընդհանուր մոբիլիզաթիայի գործընթաց :

Եվ ուրեմն, մենք ունենք անելիք. այս դահլիճում ներկա յուրաքանչյուր երիտասարդ պետք է այս դահլիճից հեռանա արդեն իսկ իմանալով, թե ինչն է լինելու իր անելիքը հաջորդ տարվա սկզբում:

Անելիքը հետեւյալն է`հասնել Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացուն և կոչ անել նրան ազատվել այս հանցավոր համակարգի ճիրաններից սահմանելով իր քաղաքացիական վերահսկողությունը երկրի կառավարման վրա: Մենք այս համակարգի ճիրաններում ենք քանի դեռ անտարբեր ենք երկրում տիրող իրավիճակի նկատմամբ:

Ցանկացած քաղաքացի այլևս պետք է գիտակցի, որ Հայաստանում ձևավորված ավազակապետական համակարգից ազատվելու ձևը մեկն է` բազմահազարանոց հանրահավաքների և այլ համաժողովրդական միջոցառումների շնորհիվ իշխանությունների հեռացումը: Վարչախումբը թողեց միայն այս տարբերակը երբ իր հենարանի` ոստիկանության միջոցով վիժեցրեց Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսությունը Կոնգրեսի պատիրակության կողմից երկրում արտահերթ ընտրությունների անցկացման հիմնավորումների 85 էջանոց փաստաթուղթը ներկայացնելուց հետո: Այդ ողջ ընթացքում մենք բազմիցս լսել ենք ի՞նչ երկխոսություն սրանց կարանք մենակ փողոցում հաղթենք, ի՞նչ բանակցություններ սրանց կարանք մենակ հրապարակում հաղթենք արտահայտությունները:

Այս հարցերը հնչեցնողները հիմա անելիք ունեն: Հիմա այն պահն է, երբ ցանկացած քաղաքացի ով պատասխանատվության զգացում ունի Հայաստանի Հանրապետության և իր ապագայի նկատմամբ պետք է անի հնարավոր ամեն ինչ իր նպատակին հասնելու համար այն է ազատվել ավազակապետական համակարգից այդպիսով փրկել երկիրը կործանման ճանապարհից և իշխանությունը վերադարձնել ՀՀ քաղաքացուն , և ոչ ոք թող չկասկածի մեր ընտրած ուղղու արդյունավետության և ճշմարտացիության վրա:

Վրանողը, կասկածողը, հուսահատվածը թող հիշի այս տարվա սկիզբը, երբ բազմահազարանոց հանրահավաքների ճնշման տակ ինքնակամ նահանջեցին ոստիկանական խիտ շարքերը, երբ հանրահավաքներների մասնակիցները մատենադարանի հարթակից մինչև Նաիրի կինոթատրոն էին հասնում, երբ նույն հանրահավաքների ճնշման տակ իշխանությունները մեկը մյուսի ետևից կատարեցին Հայ ազգային կոննգրեսի ձևակերպած պահանջները:Հիշում եք չէ երբ քաղբանտարկյալների ազատ արձակումը կամ ազատության հրապարակի վերանվաճումը համարվում էին անհնարի ժանրից` Սերժի հրաժարականին հավասար պահանջներ, բանտերից դուրս եկան բոլոր քաղբանտարկյալները, իսկ Հայ Ազգային Կոնգրեսը հանրահավաք անցկացրեց ազատության հրապարակում` վերադարձնելով այն ՀՀ քաղաքացուն: Այս ամենը հիշելով վարանողին, կասկածողին, հուսահատվողին պարզ կդառնա մեր հետագա անելիքը:

Այսուհետ մենք պետ է ձգտենք ավելիին: Պետք է ավելի կազմակերպված և ավելի հետրողական լինենք մեր նպատակներին հասնելու գործում, եւ այդ նպատակով չպետք է խորշենք օգտագործել ցանկացած քաղաքական պրոցես ,որը լրացուցիչ գործիք կհանդիսանա հանցավոր իշխանություններից ազատվելու համար այդ թվում եվ հերթական ընտրություններ: ՍԱԿԱՅՆ ՎՍՏԱՀ ԵՄ , ՈՐ ԲԱՎԱԿԱՆ ՋԱՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԲԱՆԸ ԴՐԱՆ ՉԻ ՀԱՍՆԻ:

ԵՎ ուզում եմ հիշեցնել, որ Ճանապարհ առաջանում է քայլողի ոտքերի տակ...

Սարգիս Գևորգայնի ելույթը 18.12.2011                                   ՀՀՇ Երիտասարդական միության 13-րդ համագումարում




Friday, December 16, 2011

Արթնացող Ռուսաստանը



Ընդդիմադիր շարժման ակտիվ մասնակից Արեգ Գևորգյանը Epress.am-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հետընտրական Ռուսաստանում բարձրացած ալիքը և զուգահեռներ անցկացրել հայաստանյան իրավիճակի հետ:
- Ռուսաստանում կատարվում է այն, ինչ անխուսափելի էր, այսինքն` մարդիկ ուզում են փոփոխություն, ուզում են արմատական փոփոխություն, իսկ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խայտառակ կեղծիքները ցույց տվեցին, որ ռուսաստանյան իշխանությունները ոչ միայն հաշվի չեն նստում իրենց քաղաքացիների այդ ցանկության հետ, այլ նաև ուղղակի թքած ունեն հասարակ քաղաքացու վրա:
Անարդարության զգացումը այս երկրում կուտակվել է տարիներով, սակայն բողոքի այսպիսի մասշտաբային ալիքի բարձրացմանը մեծապես նպաստեցին արաբական երկրների հաջողված հեղափոխությունները, ուր տապալվեցին շատ ավելի ամուր և անխոցելի թվացող իշխանություններ, քան ռուսատանյանն է, ինչպես նաև ինտերնետի, սոցիալական ցանցերի զարգացումը:
Ռուս ժողովուրդը հասկացավ, որ այս իրավիճակում որևէ փոփոխության հասնելու միջոցը լայնածավալ փողոցային պայքարն է, ժողովրդի ուժի ցուցադրումը և իշխանության վրա ճնշումներ գործադրելու միջոցով նրանց փոփոխությունների գնալու պարտադրումն է, կամ ոչ ժողովրդական իշխանությունների հեռացումը: Կարճ ասած՝ Ռուսաստանում մեկնարկել է հեղափոխություն, որն անկասկած ավարտվելու է Ռուսաստանի ժողովրդավարացմամբ, սակայն սա դեռ սկիզբն է, ճանապարհը շատ դժվար է լինելու, իսկ պրոցեսի արագությունը կախված է ռուսների վճռականությունից ու հետևողականությունից:
- Ի՞նչ զուգահեռներ կան հայսատանյան իրավիճակի հետ:
- Մարդու տարրական իրավունքների խախտում ամեն քայլափոխի, կեղծված ընտրություններ, ոչ լեգիտիմ իշխանություններ և այլն: Նմանություններ կարելի է շատ գտնել, սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, մեր հեղափոխությունը մեկնարկել է 2008-ին, մենք շատ երկար, բարդ ու հետևողական պայքարի ճանապարհ ենք անցել և այսօր արդեն հասել ենք վերջնական ու ամենավճռական փուլին:
Սակայն ամենակարևոր տարբերությունը` ես կասեի մեր առավելությունը, կայանում է նրանում, որ Հայաստանում գոյություն ունի համակարգված, ինստիտուցիոնալ ուժ՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, որը առաջնորդում է արմատական փոփոխուոթյուններ պահանջող ժողովրդին, և նրա առաջնորդությամբ է, որ շատ շուտով ՀՀ քաղաքացին կազատվի հանցագործ իշխանություններից և կվերականգնի սահմանադրական կարգը:
Սակայն, իհարկե, հաշվի առնելով իշխանությունների ներկայիս կեցվածքը, գոյություն ունի վտանգ, որ նրանց ապաշնորհ ու հակաժողովրդական գործելաոճը կարող է լցնել մարդկանց համբերության բաժակը, հունից հանել ՀՀ քաղաքացուն, ինչը անվերահսկելի ժողովրդական ընդվզման պատճառ կհանդիսանա:
- Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ռուսաստանյան իրադարձությունները Հայաստանիվրա:
- Ընդհանրապես, Հայաստանը շատ զգայուն է Ռուսաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձության նկատմամբ: Եվ ես համոզված եմ, որ նրանց ժողովրդավարացմանը տանող ցանկացած գործնընթաց մեր վրա կունենա միմիայն դրական ազդեցություն:

Thursday, December 15, 2011

Արարատ Զուրաբյանը դավաճան


  «Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերի տրամադրած որոշ տեղեկություններ հիմք էին ծառայել հետադարձ հայացքով կատարելու լրագրողական մի հետաքննություն (տե՛ս «Հայկական ժամանակ», 03.12.2011), ինչի շնորհիվ պարզաբանվել էին մինչ այժմ առեղծված մնացած մի շարք հարցեր։

  Մասնավորաբար պարզվել էր, որ՝ Ա) Առնվազն 2009թ. սկզբից ԱՄՆ դեսպանատունը Հայ ազգային կոնգրեսում ունեցել է գործակալներ, որոնք ոչ միայն տեղեկատվություն են փոխանցել, այլեւ ակտիվ քայքայիչ գործունեություն են ծավալել Կոնգրեսի ներսում։ Այդ գործակալներից փաստաթղթերում անվանապես հիշատակվում է միայն Խաչիկ Քոքոբելյանը (այն ժամանակ ՀՀՇ վարչության փոխնախագահ), մյուսների մասին խոսվում է անորոշ՝ «ՀԱԿ-ի մեր կոնտակտները», «ՀԱԿ-ի ներսում ծանրակշիռ դիրք ունեցողներից մեկը», «ՀԱԿ-ի ղեկավարությունից եւս երկուսը» եւ այլն։

Բ) Սերժ Սարգսյանը, ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, 2010 թ. գարնանը փորձել է իրականացնել Կոնգրեսի կազմաքանդման մի ծրագիր՝ որպես հենման կետ ունենալով ՀՀՇ վարչության անդամների մի փոքրիկ խումբ (6-7 հոգի)՝ նույն Խ. Քոքոբելյանի գլխավորությամբ։ Դավադրությունը, սակայն, ժամանակին բացահայտվել եւ չեզոքացվել է. վարչության անդամների կողմից անվստահության մեխանիզմով պաշտոնանկ արվելու սպառնալիքի տակ ստիպված է եղել հրաժարական տալ կուսակցության փոխնախագահ Խ. Քոքոբելյանը, մի քանի օր անց, նույն մեխանիզմը գործի դնելու սպառնալիքի տակ՝ նաեւ վարչության նախագահ Ա. Զուրաբյանը։ Վերջինիս, սակայն, ի տարբերություն Խ. Քոքոբելյանի, թույլ է տրվել մնալ որպես վարչության շարքային անդամ։

Գ) Երբ մեկ տարի անց առաջին անգամ հայտարարվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծման մասին, պարզվեց` հիմնադիր անդամները հենց այդ նույն խումբն են ներկայացնում։ Փաստերի տրամաբանությունը հուշում է, որ այս կուսակցության ստեղծումն այլ բան չէ, քան «Կոնգրեսը ներսից պայթեցնելու» ձախողված ծրագրի փոխհատուցման՝ այս անգամ գեթ «դրսից» հնարավորինս վնասելու նպատակ հետապնդող տարբերակ։

  Մենք խոստացել էինք արձագանքի դեպքում հրապարակել նաեւ այլ փաստեր։ Արձագանքը եղավ («Ժամանակ», 07.12.2011), սակայն անսպասելիորեն այնպիսին, որ ոչ թե փորձ արեց հերքել, այլ ինքնախոստովանությամբ ամենակարեւոր կետերում հաստատեց մեր եզրակացությունները՝ դրանց տալով ստույգ փաստերի արժեք։ Այնպես որ, նախ` կետ առ կետ արձանագրենք դա, ապա ավելացնենք «Վիկիլիքսի» մի փաստաթղթից երկու կարեւոր վկայություն։

Ինքնախոստովանություններ
1. Պատասխանը հնչեց ոչ թե «Վիկիլիքսի» փաստաթղթերում անվանապես հիշատակվող Խ. Քոքոբելյանի, այլ Արարատ Զուրաբյանի կողմից։ Վերջինս, պատասխանողի դերն ստանձնելու փաստով, ակամա խոստովանում է, որ ինքը եղել է դեսպանատան փաստաթղթերում մի քանի անգամ անորոշ հիշատակվող «կոնտակտներից» մեկը եւ, թերեւս, Քոքոբելյանից ոչ պակաս կարեւոր դերակատարություն է ունեցել Սերժ Սարգսյան-ԱՄՆ դեսպանատուն վերոհիշյալ ծրագրում։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ 2010-ի գարնանը, (երբ «Վիկիլիքսի» այս փաստաթղթերը դեռ հրապարակված չէին), այդ մասին այլ աղբյուրներից ստույգ իմացել են ՀՀՇ վարչությունում ու դրա հիման վրա նրան եւս հրաժարական պարտադրել։

2. Ա. Զուրաբյանի ընդարձակ այդ հարցազրույցում ոչ մի անդրադարձ ու հերքում չկան մեր կողմից հավաքված փաստական նյութին՝ Ջերմուկում տեղի ունեցած սեմինարին, դրանում ՀՀՇ-ի՝ Կոնգրեսում մնալու նպատակահարմարության հարցի քննարկման ձախողված նախաձեռնությանը, Ա. Զուրաբյանի՝ վարչության եւ խորհրդի անդամների հետ «անհատական աշխատանքի» փորձերին, մերժվելուց հետո իր կուսակիցների գլխին տեղացած հրապարակային հայհոյանքներին, Խ. Քոքոբելյանին եւ իրեն անվստահություն հայտնելու օրակարգով վարչության նիստ հրավիրելու ստորագրահավաքին եւ այլն։ Սա էլյուրատեսակ խոստովանություն է այն բանի, որ մեր հայթայթած հիշյալ եւ այլ տեղեկությունները անհերքելի փաստական իրողություններ են։

3. Ա. Զուրաբյանի ամենակարեւոր խոստովանությունն այն է, որ ինքը սկզբունքորեն դեմ է եղել Հայ ազգային կոնգրեսի ստեղծմանը. «Հենց ՀԱԿ-ի ձեւավորումն ու նրա լինելու փաստը ես համարել եմ քաղաքական սխալ եւ բազմիցս այդ մասին խոսել եմ բոլոր իմ ընկերների, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Նույնիսկ կատակով ասում էի, թե երբ ենք վերջապես փակելու Կոնգրեսը, որ քաղաքականությամբ զբաղվենք»։ Հայ ազգային կոնգրեսի մեջ մտնելը, բնականաբար, բոլոր քաղաքական ուժերի համար եղել է խիստ սկզբունքային հարց։ «Ժառանգությունն», օրինակ, դեմ էր եւ չմտավ։ Եթե դեմ լինելով մտնում ես, ուրեմն մտնում ես այլ նպատակով` հանձնարարություն կատարելու համար (ինչպես կտեսնենք ստորեւ)։ Եթե սկզբունքորեն դեմ էիր՝ պարտավոր էիր այդ մասին հայտարարել բարձրաձայն ու հրապարակավ (ոչ թե «կատակով» այդ մասին ամբողջ երկու տարի «զրուցել» ընկերներիդ հետ), նույն Կոնգրեսի մասին երկու տարի շարունակ հրապարակային ներբողական ճառեր չասեիր, չվարեիր նրա հանրահավաքները, Կոնգրեսի պաշտպանությամբ չմասնակցեիր Կենտրոնի թաղապետի ընտրություններին, հարցը գեթ մեկ անգամ պաշտոնապես դնեիր ու քննարկեիր կուսակցությունում։ Ուրիշներին անսկզբունքայնության մեջ մեղադրող ու իրեն սկզբունքային համարող Ա. Զուրաբյանը, ահա, ըստ էության, ասում է, որ ամբողջ երկու տարի, փաստորեն, գործել է կուսակցության ղեկավարին անհարիր՝ դավադիր մեթոդներով։ Նրա վերոբերյալ խոսքնայլ բան չէ, քան ինքնախոստովանություն, այն հիմնական մեղադրանքի ընդունում, թե ՀՀՇ վարչության ներսում իր ու Խ. Քոքոբելյանի ղեկավարությամբ, իրոք, դավադիր մի խումբ է գործել Կոնգրեսի դեմ։Ինքնախոստովանական այս ցուցմունքը նաեւ ժամանակագրական մի տարեթիվ է ճշտում. պարզվում է, որ հակակոնգրեսական այդ գործունեությունը ծավալվել է ոչ թե 2009թ. սկզբից (ինչպես ենթադրելի էր «Վիկիլիքսի» տվյալներից), այլ շատ ավելի վաղ՝ 2008թ. օգոստոսից (Կոնգրեսի ստեղծումից) անմիջապես հետո։ Ա. Զուրաբյանի օգնությամբ կատարված ժամանակագրական այս ճշգրտումը խիստ կարեւոր է ԱՄՆ դեսպանատան գաղտնի զեկուցագրերից մեկի այն հաղորդումը «խոսեցնելու» համար, որ վերաբերում է նրա ազատ արձակման տարօրինակ հանգամանքներին, որը եւ խոստացել էինք հրապարակել։

4. Ա. Զուրաբյանը ընդունում է, որ ԱՄՆ դեսպանատան հետ «կապավորը» եղել է Խ. Քոքոբելյանը։ Բայց չի ասում, թե ինչ բնույթի ինֆորմացիա է փոխանցել։ «Վիկիլիքսի» տվյալներից ելնելով՝ եթե Կոնգրեսի մասին նրա փոխանցած ինֆորմացիան ճիշտ է, ուրեմն` լրտեսությամբ է զբաղվել, եթե ճիշտ չէ, ուրեմն` զբաղվել է զրպարտությամբ ու քայքայիչ գործունեությամբ։

5. Նույն հարցազրույցի մի փոքրիկ պարբերությունում միմյանց հակասող առնվազն երեք միտք կա շուրջօրյա հանրահավաքների օրերին սրճարանները եւ զուգարանները փակելու թեմայով։ Հակասական այդ մտքերից մի բան է ակնհայտ՝ նա եւս, ինչպես բոլոր սրճարանատերերը, ենթարկվել է «վերեւից» իջած հրահանգին։ Իսկ նրա խոսքը՝ «Տեր-Պետրոսյանը կարող էր ինձ դիմել պետքարանը բացելու համար, ոչ թե Սերժ Սարգսյանին», բարեկրթության առումով թող գնահատի ընթերցողը։

Գործարք ու դրա գինը
«Վիկիլիքսի» հրապարակումներից մեկը ուղիղ վկայություն է այն բանի, որ Ա. Զուրաբյանը 2008թ. ամռանը բանտից ազատ է արձակվել ոչ այլ կերպ, քան... Նիկոյանի հանձնաժողովի միջնորդությամբ։ Փաստաթղթի հեղինակը «Ազատ դեմոկրատների» նկատմամբ այդքան ուշադիր ու գորովալից ԱՄՆ դեսպան Յովանովիչն է.

08YEREVAN794/ 2008-10-02 (13) «Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի կազմակերպման հիմնական պատասխանատուներից մեկը լինելով՝ Արարատ Զուրաբյանը մարտի 10-ին ձերբակալվել է՝ «զանգվածային անկարգություններ հրահրելու» եւ «իշխանության բռնազավթման» մեղադրանքով։ Նա ազատվել է հունիսին՝ երկրից չբացակայելու մասին ստորագրություն տալուց եւ սրտի խնդիրների առնչությամբ հոսպիտալացվելուց հետո։ Նրա դեմ առաջադրված մեղադրանքները պահպանվել են։ Մարտի1-ի իրադարձությունների հետազոտմամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը եւս դիմել էր իրավապահ մարմիններին՝ Զուրաբյանին նախնական կալանքից ազատ արձակելու համար»։ Տխրահռչակ այս հանձնաժողովն ամեն ինչ արեց Մարտի 1-ի իրադարձությունները պարտակելու, իշխանության գործողություններն արդարացնելու եւ ընդդիմության ձերբակալված ներկայացուցիչներին դատապարտելու համար դատարաններին քաղաքական հիմքեր ապահովելու համար։ Ահա այդ հանձնաժողովը, ո՜վ զարմանք, դիմել է 100-ից ավելի ձերբակալվածներից այս մեկին ազատ արձակելու միջնորդությամբ։ Անշուշտ, այդ դիմումը չի հրապարակվել։ Ահա քեզ եւ «նոնսենս»՝ բառ, որով մի քանի անգամ Ա. Զուրաբյանը բնորոշում է Կոնգրեսի ու նրա առաջնորդի գործունեությունը։ Բանտից ազատվելու (եւ բիզնեսը պահպանելու) դիմաց ի՞նչ գին պետք է վճարեր Ա. Զուրաբյանը։ Կատարվածի եւ առկա իրողությունների շրջանակներում մենք աշխատեցինք վերականգնել այդ գինը։ Ստացվում է, որ Կոնգրեսի «ձեւավորման» եւ «լինելու» փաստին դեմ լինելու՝ Ա. Զուրաբյանի սկզբունքը ի սկզբանե ոչ թե քաղաքական է, այլ` թելադրված գործարքով, ինչին նա շարունակում է հավատարիմ մնալ։

Որքան էլ հետազոտող լրագրողի մեր պարտքն է հետամուտ լինել միայն փաստերին, մի դեպքում չենք կարող չխոսել բարոյական խնդրից։ Ա. Զուրաբյանն ասում է. «Մարտի 1-ից հետո եղան հիասթափություններ, ինչ- որ փոքրիկ վերելքներ, նաեւ կորուստներ, եւ վերջում մենք արձանագրեցինք, որ հաջողության ենք հասել, որովհետեւ քաղբանտարկյալներն ազատ են արձակվել։ Ես չեմ կարծում, որ հաջողությունը դա էր։ Միգուցե շատ ավելի լավ կլիներ, որ Հայաստանում 500 քաղբանտարկյալ լիներ...»։ Եւ սա «հերոս» ձեւանալով ասում է մի մարդ, որը բանտից ազատվել է խայտառակ գործարքով՝ տխրահռչակ «Մարտի 1-ի հանձնաժողովի» նույնքան տխրահռչակ նախագահ Նիկոյանի միջնորդությամբ։

Ամբողջացնելու համար ավելացնենք եւս մի փաստ. մեզ հաջողվեց պարզել, որ հայտնի բոլոր քաղբանտարկյալներն իրենց դատական գործերը բողոքարկել են Եվրադատարան։ Ա. Զուրաբյանը հայտնի քաղբանտարկյալներից միակն է, որ չի դիմել Եվրադատարան, ինչը, բնականաբար, չէր կարող չլինել հիշյալ գործարքի պայմանավորվածությունների մեջ։

«Գորշ միջակության» արժեքը
Սակայն սրանով չեն ավարտվում ԱՄՆ դեսպան Յովանովիչի անակնկալները։ Հենց նույն փաստաթղթում նա ընդարձակ զեկուցում է նաեւ Կենտրոնի թաղապետի ընտրությունների հանգամանքների մասին։ Հիշեցնենք, որ այդ ընտրություններում որպես թաղապետի թեկնածու առաջադրված էր նույն Ա. Զուրաբյանը՝ ունենալով Կոնգրեսի պաշտպանությունը։ Դեսպան Յովանովիչն իր զեկույցն այս թեմայով ավարտում է հետեւյալ կերպ.

08YEREVAN794/ 2008-10-02 (15) «Եթե ընդդիմությունը, գորշ միջակություն (grey mediocrity) հանդիսացող Ա. Զուրաբյանի փոխարեն, ընտրած լիներ իսկապես ժողովրդականություն վայելող եւ խարիզմատիկ մի թեկնածու, դա կարող էր ընտրապայքարում առաջ բերել իսկապես ժողովրդական խանդավառություն եւ դժվարացներ իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու ջանքերի անպատիժ մնալը»։

Շատերի համար կարող է անակնկալ լինել դեսպանի այս բնորոշումը, որ նրա պատկերավոր մտածողության լավ ապացույց է։ Բացատրությունը շատ պարզ է. լինի իշխանության մեջ թե ընդդիմության, եթե որեւէ քաղաքական գործիչ համաձայնում է ի վնաս սեփական երկրի, մաս կազմել օտար պետության խաղերին, ավելին գնահատվել չի կարող։ Կամ, որ միեւնույնն է՝ օտար որեւէ ուժ իր շահերը տվյալ երկրում առաջ տանելու համար կարող է հենվել ոչ ավելի, քան հենց քաղաքական դաշտի գորշ միջակությունների վրա։ Քանզի ոչ միայն քաղաքական, այլեւ պարզ մարդկային եւ ազգային արժանապատվություն ունեցող որեւէ մեկը դրան չի գնա եւ ոչ մի գնով։ Ու սա էլ, թերեւս, կարելի է համարել քաղաքականության ոսկե կանոնը, ինչին, բնականաբար, քաջատեղյակ է դեսպան Յովանովիչը։

                                                                          Սերգեյ Գալստյա

 ՀԺ -Դեկտեմբեր 13, 2011