ՀԱԶԱՐԱՄՅԱ ՓՈՐՁԻ ԹԵԼԱԴՐԱՆՔԸ
Նոյեմբերի 25-ին բազմահազարանոց հանրահավաքը միաձայն և բուռն վանկարկումներով ընդունեց Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված <<ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ>> վերնագրով փաստաթուղթը:
Հայ Ազգային Կոնգրեսը շարունակում է հավատարիմ մնալ իր այն հիմնարար սկզբունքին, որ Հայաստանում իշխանափոխությունը՝ ոչ օրինակարգ իշխանության հեռացումը, ավազակապետության կազմաքանդումը և սահմանադրական կարգի վերականգնումը, պետք է տեղի ունենա երկրի ու ժողովրդի համար անվտանգ ու անցնցում տարբերակով: Հինգ ամիս առաջ Կոնգրեսը իշխանությունների հոտ բանակցությունների սեղանին դրեց << Հայաստանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման և օրինակարգ իշխանության ձևավորման անհրաժեշտության հիմնավորում>> վերնագրով ընդարձակ՝ 85 էջանոց փաստաթուղթը: Դրանում բազմաթիվ փաստերով հիմնավորված էր ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Ազգային ժողովի ոչ օրինակարգությունը: Իշխանական կողմը ոչ այդ ժամանակ, ոչ էլ հետագայում այդպես էլ չհամարձակվեց հրապարակել իր կազմած պատասխան՝ իբր, 135 էջանոց փաստաթուղթը: Նա պարզապես գերադասեց վիժեցնել բանակցությունները: Դա նույնն է, ինչ պարտվող շախմատիստը, որպես միակ ելք, շուռ է տալիս խաղատախտակը: Դրանով, սակայն փակվեց փոխհամաձայնությամբ արտահերթ ընտրությունների միջոցով սահմանադրական կարգը վերականգնելու առաջին սահմանադրական ճանապարհը:
Սահմանադրությամբ գոյություն ունի երկրորդ՝ գործող նախագահին պաշտոնանկ անելու ճանապարհը: Հայ Ազգային Կոնգրեսի՝ <<ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ>> այդ երկրորդ ճանապարհն ապահովող փաստաթուղթն է, որն արդեն քննարկում ու համաձայնեցում է ենթադրում, այլ՝ պարզապես գործադրում: Դրա գործադրման մենաշնորհը Ազգային ժողովինն է: Հասկանալի է, որ այսօրվա Ազգային ժողովն իր այս կազմով, առանց համաժողովրդական հզար ճնշման, որևէ հավատ չի ներշնչում նման գործի համար: Արդար ընտրություններով ընտրված օրինակարգ խորհրդարանը այդ բանը կանի առանց որևէ արտաքին ճնշման՝ որպես իր առաջին խնդիր: Սակայն հրապարակված փաստաթղթին, որտեղ մեկի փոխարեն բերված է ինը հիմք, ԱԺ-ն պարտավոր է ինչ որ կերպ պաշտոանպես անդրադառնալ: Այլապես պատագամավորներից յուրաքանչյուրն ստիպված է լինելու ընտրողներին պատասխան տալ, թե ինչ՞ու անտեսեցին այն ու չնախաձեռնեցին ծանր հանցանքներ գործած Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը: Ճիշտ է՝ առաջին հերթին այդ պատասխանը պահանջելու է խորհրդարանում ընդդիմադիր կարգավիճակ ունեցող ուժերի պատգամավորներից, սակայն տվյալ դեպքում քաղաքական պատասխանատվությունից չի խուսափելու ոչ մի պատգամավոր:
Կոնգրեսի հրապարակած փաստաթուղթը, որպես հռչակագիր, հասկանալի է, իր մեջ ընդգրկում է միայն հիմնական կետերը, որոնք պաշտոնանկության գործընթաց սկսելու դեպքում լրացվելու ու հիմնավորվելու են հսկայական փաստական նյութերով ու փաստաթղթերով: Այդ նյութերի մեծ մասը, նախաձեռնողների պահանջով, պարտավոր են լինելու տրամադրել համապատասխան պետական մարմինները:
Իշխանության զավթումը, իշխանագողությունը, իշխանության յուրացումը ծանր հանցանք է համարվել հազարավոր տարիներ՝ մարդկության քաղաքական պատմությունից ի վեր: 21-րդ դարում այն ոչ միայն անախրոնիզմ է և ազգային խայտառակություն, այլև աշխարհի աչքում ամբողջ մի ժողովրդի իջեցում է 2-րդ սորտի արհամարհելի ազգի կարգավիճակի: Ինչպես հազար տարի առաջ, այնպես էլ հիմա, իշխանության յուրացումը համարվում է ծանրագույն հանցագործություն, համարվում է ազգի ոչնչացման ավելի կարճ ճանապարհ, քան նույնիսկ օտար բռնատիրությունը: Հազարամյա փորձը չի կարող խաբել:
Հայ Ազգային Կոնգրեսի թերթոն
Դեկտեմբեր 2011
No comments:
Post a Comment