PropellerAds

Tuesday, December 27, 2011

Ամենաճակատագրական ճակատամարտերի տարի


Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը Lragir.am-ին տված հարցարզույցում ամփոփեց անցնող 2011թվականը:

- Եթե ամփոփելու լինենք անցնող տարին, ապա այն ինչ տվեց Հայ Ազգային Կոնգրեսին:

- Վստահաբար կարող եմ պնդել, որ Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումից ի վեր սա ամենաարդյունավետ տարին է եղել: Կոնգրեսը հռչակվեց 2008թ. օգոստոսի 1-ին, ու այդ ընթացքում միակ հարցը, որ մենք կարողացանք մինչեւ 2011թ. լուծել, այն էր, որ ստիպեցինք իշխանություններին հաշտվել հանրահավաքներ, երթեր անելու մեր իրավունքի հետ, թեեւ միայն մասնակիորեն, քանի որ Ազատության հրապարակը շարունակում էր մնալ օկուպացված: Սրա հիմնական պատճառն այն էր, որ իշխանությունները որդեգրել էին «ոչ մի զիջում թշնամուն» կարգախոսը: Իսկ թշնամին նրանց համար ազատատենչ ժողովուրդն էր: 2011թ. այս առումով համարում եմ բեկումնային, որովհետեւ ի վերջո հաջողվեց իշխանություններին պարտադրել մեր բոլոր նախապայմանների կատարումը՝ երկխոսության ծավալման համար: Ավելին, հաջողվեց իշխանություններին նստեցնել բանակցությունների սեղան ու նրանց հետ քննարկել ՀՀ-ում լեգիտիմ իշխանության ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը: Սա մեծ բեկում էր, որը ցույց տվեց Հայաստանի ընդդիմության արդյունավետությունն ու կշիռը: Հետխորհրդային որեւէ տարածքում ընդդիմությունը երբեք նման հաջողության չի հասել:

- Իսկ որոնք էին ձախողումները:
- Եթե կարելի է դա ձախողում համարել, ապա կնշեմ հետեւյալը. ինչ-որ պահից իշխանությունները ճանապարհի կեսից հրաժարվեցին դեպի ժողովրդավարություն բանակցային անցման մոդելից ու դադարեցին կոմպրոմիսով հարցերը լուծելու քաղաքականությունը: Սա միայն մեկ բան է նշանակում՝ մեզ մարտահրավեր է նետած, որ հարցերը պետք է լուծենք ժողովրդի ճնշմամբ: Մենք այդ մարտահրավերն ընդունում ենք, եւ արդեն փետրվարից սկսելու ենք ժողովրդական ճնշման այն ալիքը, որն իշխանություններն իրենց գործողություններով են հրահրել:

- Բայց եթե Կոնգրեսը մի կողմից պահանջում է Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականը, բայց մյուս կողմից հանրահավաքների երկամսյա դադար է հայտարարել, արդյոք սա անտրամաբանական կամ անհասկանալի չէ:

- Որեւէ անհասկանալի բան չկա: Մենք պետք է կազմակերպենք ժողովրդական ճնշման ալիքն այն ժամանակ, երբ գործընթացի արդյունավետության համար լավագույն նախադրյալները կլինեն: Գործում է մի քանի կարեւոր քաղաքական գործոն, որոնք փետրվար-մարտ ամիսներին մաքսիմումի են հասցնում մեր մոբիլիզացիոն ռեսուրսի ծավալը: Առաջինն այն է, որ տասնյակ հազարավոր մարդկանցից կազմված սեզոնային աշխատանքի գնացողների բանակը Հայաստանում է գտնվում: Դրանք մեր պայքարի ամենաբնական դաշնակիցներն են, մարդիկ, որոնք չունեն աշխատանք, աշխատանքը փնտրում են դրսում, իրենց հացի համար կախված չեն իշխանություններին ու իրենց ընտանիքներից այս բաժանումը համարում են իշխանությունների վարած քաղաքականության եւ ապօրինության հետեւանք: Եվ ահա մեր Շարժման այս ամենաբնական դաշնակիցները փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում են լինում: Երկրորդ մոբիլիզացիոն ռեսուրսը գյուղացիներն են, որոնք մինչեւ ապրիլ չունեն լուրջ գյուղատնտեսական աշխատանքներ ու պատրաստ են մասնակցել քաղաքական գործընթացներին: Երրորդ հանգամանքն այն է, որ ձմեռվանից հետո, անցնելով բոլոր զրկանքները, լինելով սոված ու մրսած, մարդիկ ավելի շատ են պատրաստ փոփոխություններ թելադրել իշխանություններին: Չորրորդը՝ մեր մարտիմեկյան ավանդական միտինգն է, որը միավորում է ոչ միայն մեր աջակիցներին, այլեւ՝ շատուշատ մարդկանց, որոնց համար կարեւոր է հիշատակի տուրք մատուցել նրանց, ում արյունը հեղել է սեփական իշխանությունը: Ի դեպ, եթե մենք չափենք մեր միտինգներում մարդկանց դինամիկան ըստ 2009-2011 թթ. մարտիմեկյան հանրահավաքների, ապա կտեսնենք, որ տեղի է ունենում աճ եւ ամենամեծ հանրահավաքները հենց այս տարի են եղել: Վերջապես, հինգրերորդ գործոնը նախընտրական սեցոնի ազդեցությունն է, որը ուզեն, թե չուզեն, ակտիվացնում է մարդկանց, քաղաքականացնում հասարակությանը: Դրան կարող են ավելանալ նաեւ միջազգային զարգացումներ, ինչն էլ կնպաստի ժողովրդի ակտիվացմանը: Այս բոլոր գործոնները հաշվի առնելով, եկել ենք այն եզրահանգման, որ այս տարի մենք պետք է ստեղծեինք Սերժ Սարգսյանի հեռացման իրավաքաղաքական հիմքերը, իսկ արդեն բուն գործողությունները պետք է սկսել փետրվարին: Ահա սա է պարզ քաղաքական հաշվարկը, որն ընկած էր մեր որոշման հենքում:

- Այսինքն՝ հաջորդ տարվա ձեր գլխավոր անելիքը այդ գործողություններն իրականություն դարձնելն է:

- Ես կասեի ավելին՝ ըստ էության 2012թ.-ի կատարվելիք իրադարձությունները լինելու են մեր շարժման համար ամենաճակատագրական ճակատամարտը: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ ցանկցած ընդդիմության համար ամենամեծ պրոբլեմն ընտրությունների բացակայությունն է: Որովհետեւ, առանց ընտրությունների պահել շարժումը մի իրավիճակում, երբ հասարակությունը քաղաքականացված չէ, շատ դժվար, եթե չասենք՝ անհույս գործ է: Եվ ահա այդ անհույս թվացող գործը մենք կատարեցինք: Մենք միակ երկիրն ենք աշխարհում, ուր ընդդիմությունը տասնյակ հազարավոր մարդկանց տարին 20 անգամ կարողանում է հանել ցույցերի: Այս տարի մենք 22 համապետական հանրահավաք ենք արել, ներառյալ 8-օրյա շուրջօրյա հանրահավաքը, էլ չեմ խոսում փոքր ակցիաների մասին, որոնք մի քանի տասնյակ էին: Այն, ինչ կատարվեց այս չորս տարվա ընթացքում, հրաշք կարելի է համարել: Իսկ ընդդիմության համար անհրաժեշտ թթվածինը կստանանք ընտրություններին: Իշխանությունները որքան էլ խուսափեն արտահերթ ընտրություններից, հերթական ընտություններից խուսափել չեն կարողանա: Այսինքն՝ անգամ, եթե փետրվարին, մարտին մենք չկարողանանք պարտադրել արտահերթ նախագահական ընտրություններ, հերթական խորհրդարանական ընտրություններից խուսափել ռեժիմը չի կարողանա: ՈՒստի ամեն դեպքում մենք մտնելու ենք լրջագույն ճակատամարտի մեջ: Մեր նպատակն է լինելու ԱԺ ընտրությունները վերածել նախագահական արտահերթ ընտրությունների այն առումով, որ քվեարկությունը ըստ էության դառնա Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվե: Մենք 2012թ. դարձնելու ենք ժողովրդավարության համար ամենաճակատագրական ճակատամարտերի տարի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

No comments:

Post a Comment