PropellerAds

Wednesday, December 21, 2011

Կա՛մ արդար ընտրություններ, կա՛մ հեղափոխություն



Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսում համարում են, որ 2012 թվականը պետք է դառնա լեգիտիմ իշխանության ձևավորման տարի: Այսօր, խոսելով Կոնգրեսի ապագա ծրագրերի մասին, հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Դա կլինի կա՛մ արդար ընտրություններով, կա՛մ հեղափոխական ընթացքով: Իշխանությունները որևէ պատրանք այս առումով չպետք է ունենան, այլընտրանքը հենց այդպիսին է: Կամ նրանք անցկացնում են արդար, թափանցիկ, օրինական ընտրություններ, կամ երկիրը նետում են ցնցումների մեջ: Ամենակարևորը հետևյալն է` իշխանությունները դեռ որևէ կերպ կարող են խուսափել արտահերթ ընտրություններից, բայց հերթական ընտրություններից նրանք խուսափել չեն կարող: Եվ ուրեմն արտահերթ, թե’ հերթական` 2012-ին լինելու են համապետական ընտրություններ, և, զուգորդելով մեր ավանդական փետրվար-մարտյան ալիքը ժողովրդի նախընտրական ակտիվացման հետ, մենք պետք է դա վերածենք Սերժ Սարգսյանի ռեժիմին հեռացնելու գործիքի», – ասել է բանախոսը:

Նա նաև նշել է, որ ինչ ընտրություն էլ լինի Հայաստանում, դա «դառնալու է արտահերթ նախագահական ընտրություն»:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ միջոցով են պայքարելու իշխանափոխության համար, եթե մինչ այժմ կիրառած մեթոդների արդյունքում դեռ իշխանափոխություն չի եղել, Զուրաբյանն ասել է:

«Մենք ոչ տեռորիզմի ենք դիմելու, ոչ զինված ապստամբության ենք դիմելու: Զուտ քաղաքական տեխնոլոգիաների, կոմունիկացիոն տեխնոլոգիաների առումով այն ամբողջ զինանոցը, որ գոյություն ունի, օգտագործելու ենք, բայց մեծ հաշվով մենք կազմակերպելու ենք ժողովրդի ուղիղ ճնշումը, այնպես, ինչպես դա արեցին բազմաթիվ երկրներում և հասան իշխանության հրաժարականին»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Ավարտելով իր խոսքը` Զուրաբյանը Կոնգրեսի անունից Ամանորի կապակցությամբ բոլորին մաղթել է, որպեսզի 2012 թվականը դառնա ժողովրդավարության հաստատման տարի:

No comments:

Post a Comment