Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը: Դատական նիստը ևս մեկ անգամ ապացուցեց այն հանգամանքը, որ սույն գործը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ, վերահսկվում է ամբողջ պրոցեսը, ուղղորդվում են թե դատավորի, թե դատախազի և թե այսպես կոչված տուժած կողմի գործողությունները:
Օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ էր մնացել միայն Տիգրան Առաքելյանը:Այսօրվա դատական նիստի ժամանակ երիտասարդներից Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալների նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել և դադարեցնել քրեական հետապնդումը, քանի որ այս գործով նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ, իսկ միջադեպի օրը ոստիկանների կողմից կատարված ապօրինի գործողությունները քողարկվել են այդ գործում և իր պաշտպանյալների նկատմամբ անհիմն մեղադրաքներ են ներկայացվել:Բացի դրանից, պաշտպանը միջնորդության մեջ նշել է, որ իր պաշտպանյալները ծեծի են ենթարկվել ոստիկանության մի խումբ աշխատակիցների և կարմիր բերետավորների կողմից, նրանց ծեծել են ոչ միայն բերման ենթարկելիս, այլ նաև ոստիկանական բաժանմունքում:Պաշտպանը հավելել է, որ միջադեպի օրը ոստիկանների թիվը շատ մեծ է եղել, և դա արվել է նպատակային` երիտասարդների քաղաքական հայացքների համար:Տիգրան Առաքելյանը միջնորդել է, որպեսզի միջնորդությունը իրեն ևս վերաբերվի և որևէ մեկը դա չի առարկել: Դատավորը այս միջնորդության որոշումը հետաձգել է:Այնուհետև Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը միջնորդել է փոխել Առաքելյանի խափանման միջոցը կամ նրան գրավի դիմաց ազատ արձակել: Գրիգորյանը նաև նշել է, որ Առաքելյանին կալանքի տակ պահելու համար չկան բավարար փաստեր, և մեղադրողը չի կարող բերել անգամ մեկ փաստ, որը կապացուցի, որ իր պաշտպանյալը, լինելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը կամ թաքնվել նախաքննական մարմնից:Մեղադրողը, սակայն, փորձել է բերել մի փաստ, որն առաջացրել է դահլիճում ներկա գտնվողների ծիծաղը: Նա նշել է, որ միջադեպի օրը իրենց ունեցած տեսնյութում երևում է, որ Տիգրան Առաքելյանը արյունոտ վերնաշապիկով է, այնուհետև նա երևում է մերկ, իսկ քիչ անց` մաքուր վերնաշապիկով: Եվ դա մեղադրող դատախազ Մարտիրոսյանին հիմք է տալիս կարծելու, որ Առաքելյանը ազդեցություն կարող է ունենալ իր ընկերների վրա և խոչընդոտել քննությանը: Բացի դա, դատախազը նշել է, որ կա այս գործից անջատված մաս: Փաստաբանը հարցրել է, թե ինչ կապ ունի դա անջատված մասի հետ, և հավելել, որ այն, ինչ ասում է դատախազը, ոչ մի տեղ նշված չէ: Դատախազը իր առարկությունը չի հիմնավորել:Միջնորդության որոշում կայացնելու համար դատավոր Գագիկ Պողոսյանը երկու ժամից ավել գտնվել է խորհրդակցական սենյակում, այնուհետև հայտարարվել է կես ժամ ընդմիջում: Ընդմիջումից հետո դատավորը մերժել է միջնորդությունը: Այնուհետև հարցաքննվել է առաջին տուժողը: Փաստաբան Վահե Գրիգորյանը փորձեց տուժողից պարզել, թե հանդիպել է արդյոք նա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, քանի որ լուրջ հիմքեր կան կասկածելու, որ նախկին ոստիկանապետն ուղորդել է վարույթն իրականացնող մարմնին: Այս հարձը անմիջապես հանվեց դատավորի կողմից` այդպիսով թույլ չտալով տուժողին պատասխանել: Վահե Գրիգորյանն էլ իր հերթին առաջարկեց, որպեսզի դատարանն այլևս ավելորդ ջանքեր չգործադրի Ա. Սարգսյանին պաշտպանելու համար հաջորդ դատական նիստին ապահովվել նաև նախկին ոստիկանապետի փաստաբանի ներկայությունը:
Հաջորդ դատական նիստը կկայանա 2012 թվականի հունվարի 24-ին, ժամը 14.00-ին:
Տիգրան Առաքելյանը շնորավորեց Նոր Տարվա կապակցությամբ:
No comments:
Post a Comment