Իշխանական եւ «չեզոք» համարվող լրատվամիջոցները շարունակում են տարածել այն թյուր կարծիքը, թե անցած ամռանը Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախաձեռնած երկխոսությունը ոչինչ չտվեց Կոնգրեսին, ընդհակառակը, աշխատեց հօգուտ իշխանության։ Իրականության այս խեղաթյուրումը հերթական փորձն է վերջապես ինչ-որ սխալ «սաղացնել» Կոնգրեսի վրա՝ նրա նկատմամբ անվստահություն սերմանելու նպատակով։
Իրական քաղաքականությունը ուղղագիծ չէ, ինչպես պատկերացնում են շատերը։ Ամենեւին պարտադիր չէ, որ կատարված յուրաքանչյուր քայլի արդյունքը առարկայորեն գրանցվի այդ քայլից անմիջապես հետո՝ որպես հռչակված կարգախոսի ամբողջական կամ մասնակի առարկայացում։ Կարգախոսները կարեւոր են որպես մոբիլիզացիոն ուժ ունեցող գործիք։ Սակայն կարգախոսով հռչակված նպատակին հասնելու համար ամենաարդյունավետը այն քայլերն են, որոնք առաջիկայի համար քաղաքական գործընթաց են ապահովում և առարկայական արդյունքներ են գրանցում ժամանակի հետ։ Քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակի նվաճումը նախապես հարուցված կարեւոր քաղաքական գործընթացների արդյունք էին (որ շատերի համար կարող էր անտեսանելի մնալ), ոչ թե միայն տվյալ օրվա հանրահավաքի։
Քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո իշխանության հետ Կոնգրեսի նախաձեռնած երկխոսությանը քաղաքական գործընթաց ապահովող քայլ էր։ Իշխանությունը, ի սկզբանե հասկանալով, որ դրանում ինքը տանուլ է տալու, ամեն կերպ փորձեց խուսափել դրանից (հիշենք նրանց՝ ամբողջ մի ամիս տեւած տվայտանքները, պատետատ խփվելը)։ Սակայն տեսնելով, որ խոշոր հաշվով տանուլ է տալու նաև առաջարկված երկխոսությունից խուսափելու դեպքում, գնաց դրան՝ հարմար մի պահի այն վիժեցնելու ծրագրով։ Որպես քաղաքական գործընթաց ապահովող քայլ՝ այն, թեկուզ չավարտված, արդեն իսկ որոշակի արդյունքներ է տվել հօգուտ Կոնգրեսին և դեռ այսօր էլ աշխատում է։
Այսպես.
1. Ավելի քան երեք տարի Կոնգրեսը որդեգրել էր մի սկզբունք, այն է՝ քաղբանտարկյալների ազատ արձակման դեպքում պատրաստ է իշխանության հետ երկխոսության ճանապարհով գտնել երկրի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները։ Կոնգրեսը պահպանեց իր սկզբունքը՝ ապացուցելով, որ անհիմն են մինչ այդ, ինչպես ներսում, այնպես էլ դրսում իրեն տրված՝ անհաշտ ընդդիմություն լինելու գնահատականները։
2. Բանակցություններում կարողացավ պաշտոնապես օրակարգային հարց դարձնել իշխանության ոչ օրինակարգության խնդիրը։
3. Ներկայացրեց ինչպես Ս. Սարգսյանի, այնպես էլ Ազգային ժողովի ոչ օրինակարգությունը հիմնավորող ընդարձակ պաշտոնական մի փաստաթուղթ (85 էջ), ինչը նաև հրապարակվեց լայն լսարանի համար։
4. Իշխանությունը, հայտարարելով հանդերձ, որ պատրաստել է Կոնգրեսի փաստաթղթի 135 էջանոց պատասխան-հերքումը, այդպես էլ այն չհամարձակվեց հրապարակել։
Այս վերջին կետը հատկապես կարեւոր է։ Ակնհայտորեն՝ իշխանության պատասխանները խեղճուկրակ ու խայտառակ ինչ-որ մի բան են եղել, ինչի հրապարակումը բերելու էր նոր ակտիվ հրապարակային քննարկումների և հասարակության մեջ Կոնգրեսի հիմնավորումների տարածման ու ամրապնդման։ Այդ ընթացքում եղավ նաև մի անակնկալ։ Հայտնի «Վիկիլիքս» կայքը հրապարակեց ԱՄՆ պետդեպի՝ իր տրամադրության տակ եղեծ բոլոր փաստաթղթերը, որոնց մեջ շուրջ 2000-ը վերաբերում են Հայաստանին։ Պարզվեց, որ Հայաստանի իշխանության ոչ օրինակարգության մասին Կոնգրեսի իրավական և քաղաքական բոլոր հիմնավորումները, որոշ դեպքերում՝ ամրապնդված նոր փաստարկներով, առկա են նաև ԱՄՆ դեսպանատան՝ իր կառավարությանն ուղղված գաղտնի զեկուցագրերում։ Դրանից հետո արդեն իշխանության համար ինքնասպանության նման մի բան կլիներ իր պատասխանների հրապարակումը։ Եթե ինչ-որ բանի համար պետք է ափսոսալ, ապա միայն այն բանի, որ իշխանության կազմած 135 էջանոց այդ փաստաթուղթը մնաց չհրապարակված։
Այսինքն՝ հենց քաղաքական գործընթաց «հրահրելու» իմաստով Կոնգրեսն այդ երկխոսությունից արդեն իսկ խոշոր հաշվով շահած է ու հաղթանակած։ Սակայն այդ երկխոսության հարուցած քաղաքական գործընթացը դեռ չի ավարտվել։ Օրինակ՝ խորհրդարանի 76 պատգամավորների մանդատների ու նրանց՝ գործարարությամբ զբաղվելու սահմանադրական անհամատեղելիության հարցն ավելի ու ավելի հաճախ ու առարկայական քննարկումների նյութ է դարձել տարբեր ատյաններում, իսկ պատգամավորներից մեկի մանդատից զրկվելը տեղի ունեցավ հենց այդ հիմնավորմամբ։ Վերջերս Ս. Սարգսյանը հայտարարեց. «Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»։ Մենք սովոր ենք, որ նման խոսքերը գործ չեն դառնում, սակայն մի բան կասկածից դուրս է՝ Ս. Սարգսյանն ստիպված է այս միտքն արտասանել։ Եւ դա այլ բան չէ, քան խորհրդարանի (և ոչ միայն խորհրդարանի) ոչ օրինակարգության, հակասահմանադրական լինելու բացահայտ մի խոստովանություն՝ այն, ինչը հիմնավորված էր Կոնգրեսի 85 էջանոց փաստաթղթում։
Կարելի է չկասկածել, որ տեղի ունեցած երկխոսությունը Կոնգրեսի կողմից քաղաքական գործընթաց ապահովող այլ խթանիչ-քայլերի՝ վերջին շուրջօրյա նստացույց-հանրահավաքների, դրանցում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթների որոշ կարեւոր շեշտադրումների հետ միասին իր ուղղակի և միջնորդավորված ներգործությունն ունի վերջին շրջանում իշխանական ճամբարում ճաքերի գոյացման, ներիշխանական խառնաշփոթի առաջացման գործում։ Եւ այդ գործընթացները շարունակվելու են։
Հայ Ազգային Կոնգրեսի թերթոն Նոյենբեր 2011
Հայ Ազգային Կոնգրեսի թերթոն Նոյենբեր 2011
No comments:
Post a Comment