PropellerAds

Monday, March 21, 2016

Թիմից թռածները

Երբևէ մտածել եք, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ամիսը մեկ թիմ փոխողները: Երևի չեք մտածել: Սովորական դարձած երևույթների մասին մի տեսակ մտածելդ չի գալիս: Իսկ Հայաստանում թիմը գուլպայի պես փոխելը, ցավոք, դարձել է սովարական՝ առօրեական երևույթ:

Սկզբից մի քաղաքական թիմի անդամ են լինում, հետո երկրորդի, հետո քաղաքացիական նախաձեռնության, հետո երրորդ քաղաքական թիմի և այդպես շարունակ: Ու պարտադիր ամեն նոր թիմում իրենց գործունեությունը ծավալելուց փնովում են իրենց նախորդ թիմին: Էս մարդիկ դժվար էլ հասկանան, որ նախորդ թիմի գործունեությունը հենց իրենց գործունեությունն է, որ դրան հայհոյելը նույնն է, ինչ քաղաքով շրջես ինքդ քեզ հայհոյելով: Դժվար է հասկանալ, որ թիմը դա առաջին հերթին ստանձնած պատասխանատվություն է, որը նորմալ երկրում ցանկացած հասարակական քաղաքական գործչի համար պետք է լինի բարձրագույն արժեքներից մեկը:


Հասկանում եմ` կասեք, թե կյանք է, ամեն ինչ կարող է պատահել: Բայց եթե պատահել է, էլ ինչպես են փորձում մեզ համոզել, որ դա վերջին անգամն է ու էլ էդպիսի բան չի պատահելու, հատկապես, երբ դա առաջին անգամը չէ, երբ ձեր երկրորդ թիմին հայհոյում եք նույն խանդավառությամբ, որով հայհոյում էիք առաջին թիմին երկրորդում լինելու ժամանակ, երբ երկրորդ թիմում ձեր ճշմարտացիությունը ապացուցում եք նույն հրճվանքով, որով ապացուցում էիք առաջինում: Մենք ինչպես վստահ լինենք, որ մեկ անգամ արդեն իր թիմի, իր պատասխանատվության մասին կարծիք փոխողը չի անի դա երկրորդ, երրորդ, չորրորդ......... անգամ:

Իսկ միգուցե խնդիրը ոչ թե թիմի, այլ ձեր մեջ է, ձեր չբավարարված հավակնությունների, ձեր բավարար գնահատված չլինելու, կարճ ասած, խնդիրը ձեր անձն է, որը մի քիչ չափից ավելին եք գնահատում: Գուցե խնդիրն այն է, որ ձեր պատկերացմամբ դուք պետք է լինեք ոչ թե թիմի անդամ, այլ թիմը պետք է ձեզ հարմարվի:

Դուք ոչ թե թիմ փոխող եք, այլ թիմից թռնող, պատասխանատվությունից խուսափող: Դուք երբեք չեք կարող հաջողել ձեր գործում, որովհետև քաղաքականության մեջ թիմային աշխատանքը հաջողության կարևորահգույն երաշխիքներից մեկն է, իսկ դուք չեք պատկերացնում, թե ինչ բան է թիմը, դուք ամենալավը պատկերացնում եք ձեզ, ձեր դիրքը այդ թիմում, ձեր գործի նշանակությունը և ամբողջ աշխարհը, որ պտտվում է ձեր անձի շուրջ:


No comments:

Post a Comment