Համաձայն ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության հրապարակման` այս տարվա ինը ամիսներին Հայաստանից մեկնածների և վերադարձածների տարբերությունը 90 հազար է։ Անցած տարի նույն ինը ամսվա տվյալներով այդ տարբերությունը 65 հազար էր: Ելնելով վերջին տարիների փորձից` տարեվերջում այդ թիվը կնվազի ոչ ավելի, քան մինչև 40-45 հազար, ինչը և կլինի 2011 թվականին ընդմիշտ արտագաղթածների քանակը (10-15 հազարով ավելի, քան 2010թ):
Չինաստանի համար, օրինակ, արտագաղթը թերեւս ամենամեծ հաջողություններից մեկն է։ Այդ կերպ նրանք կարող են տիրել աշխարհը։ Հայաստանի համար արտագաղթը ոչ թե չարիք, ոչ թե ողբերգություն, այլ մահացու է ոչ միայն պետականության, այլեւ ուղղակի հայ ազգի, հայ տեսակի համար։ Դրա հետեւանքով մենք՝ որպես ազգ, կարող ենք վերանալ աշխարհի երեսից։
Սարսափելին այն է, որ այս պրոցեսի մեջ ավելի ու ավելի է ներգրավվում գյուղը, որ դարեր շարունակ հանդիսացել և այսօր էլ հանդիսանում է ազգային ավանդներից սկսած՝ մինչեւ ազգային գենոֆոնդի կարեւոր կրողը։ Արդեն անզեն աչքով իսկ ցանկացած գյուղում երեւում են արտագաղթի հետեւանքները. անբնակ տներ, մեկ կամ երկու հոգանոց ընտանիքներ, մարող դպրոցներ, անկենդան դարձած գյուղամեջեր։
Այն, ինչ տեղի է ունենում, արտագաղթ է միայն ձեւով, ըստ էութան՝ դա բռնագաղթ է։ Անշուշտ, բռնություն իրականացնողը ենիչերին չէ, ոչ էլ բռնության գործիքը յաթաղանն է կամ հրացանը։ Բռնությունն էլ արտաքուստ բռնություն չէ։ Անպարկեշտ պաշտոնյա, անորակ սերմացու, ջրի անհասկանալի բարձր գին, անորակ ու ամեն տարի թանկացող պարարտանյութ ու ծառայություններ, արտադրանքի իրացման խոչընդոտներ, վարկային ծուղակ, ապահովագրական անպաշտպանություն, ճորտական վիճակ, անորակ դպրոց, ոչ մի հույս ու հեռանկար... Մարդը իր գյուղը, երկիրը լքում է ՍՏԻՊՎԱԾ՝ իր ապրելը վտանգող պայմաններից։ Հարյուր տարի առաջ էլ հայն իր երկիրը լքում էր ՍՏԻՊՎԱԾ՝ իր կյանքը վտանգող պայմաններից։ Ապրելն ու կյանքը նույն բանն են։ Ստիպված արտագաղթը նույն բռնագաղթն է։ Համենայնդեպս՝ արդյունքը նույնն է։ Այսօր ստիպված արտագաղթի հասցնողներն էլ նույն են, ինչ հարյուր տարի առաջ բռնագաղթ իրականացնողները։ Իսկ դա, կարծես թե, հենց (ավազակա)պետական քաղաքականություն է, ինչպես բացահայտ մի քանի ամիս առաջ անզգուշորեն խոստովանեց երկրիս վարչապետը. «մնան, որ հեղափոխություն անե՞ն»։ Հարյուր տարի առաջ էլ Թուրքիայում նույն պետական մտահոգությունն էր. «թողնենք, որ հեղափոխություն անե՞ն»։ Այն ժամանակ «հեղափոխություն» բառը քաղաքական բառապաշարում ուղղակի նշանակում էր «ազգային-ազատագրական պայքար»։ Այսօր «հեղափոխությունը», ըստ էության, ձեռք է բերում նույն նշանակությունը։
***
Ըստ հրապարակված պաշտոնական տվյալի՝ այս տարի չի մշակվել 110 հազար հեկտար վարելահող՝ եղած վարելահողերի մոտ 30%-ը։ Հողի սեփականաշնորհումից հետո որպես պահուստային առանձնացված 20% հողի մեծագույն մասն արդեն իսկ դարձել է խոշոր օլիգարխների և իշխանավորների սեփականությունը հարյուրավոր ու հազարավոր հեկտարներով։ Չմշակվող հողերը, արդեն՝ չնչին գներով կարժանանան նույն բախտին։ Սա ծրագրված քաղաքականություն է։ Միջնադարում անգամ այդպես չի վարվել ոչ մի օտար նվաճող։
Հնարավո՞ր է շտկել վիճակը։ Իշխող ավազակապետության փոխարեն՝ ցանկացած օրինակարգ իշխանություն անխուսափելիորեն ձեռնարկելու է այն առաջին կենսական քայլերը, որոնք կարող են վերակենդանացնել ու վերականգնել գյուղը։ Այդ քայլերը մանրամասն մշակված են Հայ Ազգային Կոնգրեսի «100 քայլ» տնտեսական ծրագրում։ Ահա դանցից մի քանիսի խիստ համառոտ նկարագրությունը.
- Գյուղացուն վերադարձնել գյուղատնտեսական հողերը տնօրինելու ու տիրապետելու առաջնային իրավունքը։
- Ապահովագրել գյուղացիական տնտեսությունները բնական աղետներից:
- Սուբսիդավորել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը և խրախուսել դրանց արտահանումը:
- Հիմնել մեծածախ և մանրածախ շուկաներ, որոնց փայատերերը պետք է լինեն միայն գյուղացիները:
- Լուծել որակյալ սերմացուի, բուժանյութերի, մատչելի սպասարկման և արտադրանքի ինքնարժեքի վրա ազդող այլ գործոնների խնդիրը։
- Առաջարկվել է վարկային ծուղակում հայտնվածներին դրանից ազատելու, ինչպես նաև վարկավորման այնպիսի համակարգի ստեղծման ծրագիր, որն իրոք կծառայի գյուղատնտասական արտադրությանը ու մատչելի կլինի բոլորին։
Գյուղի վերակենդանացումն ու զարգացումը վաղուց արդեն միայն տնտեսական խնդիր չէ։ Այն այլեւս ազգային անվտանգության, ազգի գոյության ապահովման խնդիր է։
Հայ Ազգային Կոնգրեսի թերթոն Նոյենբեր 2011
No comments:
Post a Comment