PropellerAds

Saturday, August 3, 2013

Միասնական դիմադրություն Սերժ Սարգսյանի իշխանությանը

Քանի դեռ իշխանությունը պատկանում է Սերժ Սարգսյանի խմբավորմանը, Հայաստանում լինելու է 2 միլիոն պոտենցիալ քաղբանտարկյալ:


Այսօր տեղի ունեցավ ևս մեկ ուրբաթօրյա բողոքի ակցիա և ուրախալի էր տեսնել այդքան նոր դեմքեր` մարդկանց, որոնք ոչ այնքան հաճախ կամ ընդհանրապետ չեն մասնակցել քաղբանտարկյալների ազատությունը պահանջող միջոցառումներին: Ընդհանրապես արդեն ակնհայտ է այս հարցի շուրջ հասարակական ուշադրության մեծացումը: Սա, իհարկե, կրկին խոսում է Հայաստանում իրական քաղաքացիական հասարակության ձևավորման և քաղաքացիական գիտակցության բարձրացման մասին:

Քաղաքական հետապնդումները ժողովրդի դեմ պատերազմում բռնապետության զինանոցի ծանր հրետանին է: Սա իսկապես շատ ազդեցիկ զինատեսակ է: Ձերբակալելով մեկին հնարավոր է վերահսկել նրա թիմի գործողությունները, վախի մթնոլորտ տարածել, զսպել մյուսների ակտիվությունը ռեժիմի դեմ պայքարում: Սակայն երբ հասարակության մի զգալի շերտ հասնում է այն մակարդակի, որ պատրաստ է անգամ նմանատիպ զրկանքների և շատ արագ ու ադեկվատ արձագանքում է քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերին, ապա այս զենքը շուտով կարող է սկսել աշխատել ի վնաս ռեժիմի: Ամեն նոր բռնաճնշում, քաղաքական բանտարկություն կարող է բերել իշխանությունների նկատմամբ ատելության տարածման և էլ ավելի մեծ հուզումների:

Այս պարագայում շատ կարևոր է պայքարող քաղաքացիների միասնականությունն ու միմիանց օգնելու և պաշտպանելու պատրաստակամությունը: Ռեժիմի դեմ կռվի ընթացքում տուժած յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա իր թիկունքին հարյուրավոր ընկերների ներկայությունը: Սա է ռեժիմի դեմ կազմակերպվող դիմադրության հաջողության հասնելու երաշխիքը: Միայն այս դեպքում շարժման ծավալները կարող են աճել` ներգրավելով ռեժիմից տուժած նորանոր շերտերի, այդ թվում նաև բանակը ու ոստիկանությանը:

Ռեժիմի ֆինասկական և ուժային անգերազանցելի ռեսուրսի դեմ քաղաքացիների միակ զենքը միասնականությունն է: Ինչքան ավելի միասնական, այնքան ավելի պաշտպանված, իսկ ինչքան պաշտպանված է իրեն զգում քաղաքացին ռեժիմի դեմ պայքարում, այնքան ավելի անվախ է նա դառնում: Ինչքան քիչ է վախը, այնքան ավելի շատ մարդ է ներգրավվում պայքարի մեջ, քանի որ նրանց զսպողը միայն վախն է իշխանությունների նկատմամբ:

Ուստի հարկավոր է միասին բացառել վախը` օգնելով անվախ դառնալ նաև մյուս քաղաքացիներին: Թե նահանջի, թե հարձակման դեպքում մենք չպետք է մարտի դաշտում թողնենք մեր ընկերներին:

Օգոստոսի 5-ին` ժամը 12:00-ին բոլորս ներկա լինենք Վերաքննիչ դատարանի դիմաց մեր աջակցույթունը հայտնելու ռեժիմին ձեռնոց նետած, քաղաքական հետապնդման ենթարկվող Տիգրանին, Սարգիսին, Դավիթին, Արտակին, ինչպես նաև պահանջելու և պարտադրելու քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատությունը:

Ազատություն քաղբանտարկյալներին

Արեգ Գևորգյան http://www.facebook.com/aregface/posts/606655952712822?notif_t=like

No comments:

Post a Comment