PropellerAds

Thursday, July 19, 2012

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՃԱՌ. Տիգրան Առաքելյան 19.07.2012

Երբեք մտքովս չէր անցել, որ կյանքում այնպիսի իրավիճակ կառաջանա, որ ստիպված կլինեմ պաշտպանվել: Մինչ պաշտպանական ճառս գրելը մտածում էի՝ արժե՛ արդյոք. մի՞թե դատավարության ընթացքում պարզ չդարձավ, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Այնուամենայնիվ, որոշում կայացրեցի հանդես գալ ամփոփիչ վերլուծություններով կամ, ինչպես Դուք եք անվանում՝ պաշտպանական ճառով:
Օգոստոսի 9-ի միջադեպն, այնուհետև՝ այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել մինչ այս պահը, ի նկատի ունեմ՝ մեղադրողի՝ քիչ առաջ այս դահլիճում հնչեցրած դիրքորոշումը, ինձ համոզեցին, որ գործ ունենք մի հանցագործության հետ, այն է՝ «բռնաբարությունը»: Այո՛, «բռնաբարվել են» իրականությունն ու իրավաբանությունը՝ համալիր կերպով: Ավելին՝ «բռնաբարության» մեջ մեզ ավելի հեշտ կլիներ մեղադրելը, քան այն, որ փորձ արվեց խեղաթյուրված փաստերով մեզ՝ ամբաստանյալներիս, մեղադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և խուլիգանության համար. գոնե «բռնաբարության» իրեղեն ապացույցների համար չէր պահանջվի այսքան «հեռու» գնալ:
Միևնույնն է. երկու դեպքերում էլ մեղադրանքը շինծու էր լինելու:
Լավ, ունենք այն, ինչ ունենք...
Սույն քրեական գործը հարուցվեց ստի ու բազմաթիվ աղաղակող կամ «հաչող» փաստերի վրա: Չգիտես՝ որտեղից քրեական գործում հայտնվեց «31 կմ երկարությամբ» «ագրեսիվ» մի շուն: Ի դեպ՝ շան վերաբերյալ այս զարմանալի տվյալներն ինձ հայտնի են դարձել անցյալ դատական նիստի ժամանակ, երբ մեղադրողը Դատարանին էր ներկայացնում ապացույցները: Առաջին հայացքից շան «երկարությունը» կարելի է դիտել՝ որպես սայթաքում մեղադրողի ընթերցանության ընթացքում: Բայց դա՝ միայն առաջին հայացքից:
Մեղադրողը եղել է սույն քրեական գործը վերահսկող դատախազը: Չմոռանամ հաստատել իմ՝ նախկինում արված այն հայտարարություններից մեկը, որի համաձայն սույն քրեական գործը պատվիրված է եղել Կանաչուտ գյուղի բնակիչներից մեկի կողմից, բայց հետագայում, կարծում եմ՝ պատվիրատուները փոխվել են: Քննիչները պատվերի շրջանակներում արել են ամեն ինչ, որպեսզի սույն քր. գործը հարուցվի շատ «հարուստ» կամ «չաղլիկ» փաստերի հիման վրա, իսկ շունն ընդամենը պետք է արտացոլեր գործի ողջ «հմայքը»:
Ես հիմա կապացուցեմ, որ 2011թ. օգոստոսի 9-ին՝ միջադեպի պահին, որևէ շուն՝ նույնիսկ «31 միլիմետրանոց», պարզապես չի եղել: Շատ կարևոր հանգամանք եմ համարում այն, որ այդ հրաշալի կենդանուն անհնար է կիլոմետրերով չափել և բնութագրել: Դա արդեն խոսում է ոմանց ավտոմատացված գործունեության, նրանց կողմից որևէ մեկի մեխանիկորեն, խեղաթյուրիչ ու անիրական փաստերի բերման հիման վրա մեղադրելու ցանկության մասին: Ինձ թվում է՝ հոգեբաններն ավելի տպավորիչ կկարողանան բացատրել երևույթը:
Հիմա ապացուցեմ, որ քրեական գործում առկա շունն ընդամենը «երևակայության ժանրից» է: Որպես ապացույցի հիմք՝ զուգահեռներ տանեմ երկու կարևոր անձանց կողմից արված վիճահարույց փաստարկների հարթությամբ՝ մի դեպքում դիտարկելով շան տիրոջը, մյուսում՝ շանը դիտողություն անող ոստիկանին՝ նրա զեկուցագիրը:
1. Շան տերն այս դահլիճում, բարձրաձայն՝ Դատարանի, քարտուղարի, մեղադրողի, տուժողների համար նախատեսված աթոռներին նստած ոստիկանների, լրագրողների, դահլիճում ներկաների և մեր՝ ամբաստանյալներիս, չմոռանամ նաև ինձ ուղեկցողներին, մի խոսքով՝ բոլորիս համար լսելի, հասկանալի, մեր երկրի պաշտոնական լեզվով՝ առանց թարգմանիչի, վկայություն տվեց այդ մասին և իմ հարցադրումների ժամանակ պնդեց, որ.
2011թ. օգոստոսի 9-ին՝ միջադեպից առաջ, իրեն են մոտեցել ոստիկաններ և նկատողություն արել իր շան՝ Ջոնիի՝ դնչկալ չունենալու հետ կապված, և նա, ընդունելով իրեն ուղղված նկատողությունը՝ ներողություն է խնդրել և հեռացել: Իմ հարցին, թե Կարապի լճի մոտ ո՛ր հատվածում են ոստիկանները մոտեցել իրեն և նկատողություն արել, պատասխանեց՝ Կարապի լճի կողմից՝ Տերյան փողոցի մայթին: Ապա հարցրի, թե նա դեպի որ կողմ շարունակեց իր ճանապարհը և թե արդյո՛ք որևէ միջադեպ տեսել է այդ պահից քիչ անց՝ ոստիկանների և քաղաքացիների մասնակցությամբ, ասաց, որ քայլելով իջել է դեպի Տերյան-Թումանյան խաչմերուկն ու, խաչմերուկին հասնելով՝ հետ շրջվել՝ այն վայրի ուղղությամբ, որտեղ ոստիկանները նկատողություն էին արել իրեն ու այնտեղ ոստիկանների քաշքշուկ է նկատել:
Մի պահ անդրադառնամ հետևյալին՝ անցյալ դատական նիստին մեղադրող կողմը կարդաց այն ոստիկանի զեկուցագիրը, ով նկատողություն էր արել Ջոնիի տիրոջը: Ըստ այդմ՝ Խնկո Ապոր գրադարանի մոտ ծառայություն կատարելիս ոստիկանը մոտեցել է առանց դնչկալի շան տիրոջն ու նկատողություն արել: Վերջինս ընդունել է զգուշացումը, և մի քանի քայլ հեռանալուց հետո մոտեցել ենք մենք՝ ամբաստանյալներս, ու նկատողության հետ կապված՝ սկսել ենք վիճաբանել:
Հարկ եմ համարում Դատարանի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Կարապի լճի ափին և, առավել ևս՝ Տերյան-Թումանյան խաչմերուկից մի քանի քայլ հեռավորության վրա՛ չի գտնվում Խնկո Ապոր գրադարանը և ևս մեկ անգամ կրկնել, որ շան տերը վկայեց, որ վերոհիշյալ խաչմերուկից դարձել է դեպի այն վայրը՝ այն վայրի ուղղությամբ, որտեղ ոստիկանները նկատողություն էին արել իրեն ու այնտեղ ոստիկանների քաշքշուկ նկատել, ինչն անհնար է. նշված երկու վայրերից՝ մեկից մյուսը տեսանելի չէ:
Թյուրիմացությունից խուսափելու համար ևս մի հարց հղեցի շան տիրոջը, թե երբ նա ետ շրջվեց, արդյո՛ք նույն մայթին էր տեղի ունենում քաշքշուկը՝ այնտեղ, որտեղ ոստիկանները նրան նկատողություն էին արել, և դրական պատասխան ստացա նրանից: Իսկ ոստիկանի զեկուցագրի վերաբերյալ դեռևս կավելացնեմ միայն, որ տեղը, որտեղ նա է եղել իր պնդմամբ, չի համապատասխանում շան տիրոջ նշած տեղին: Ես նույնիսկ խնդրել եմ Թումանյան-Տերյան խաչմերուկի և միջադեպի վայրի միջև ընկած այդ «մի քանի քայլը» չափել և պարզել եմ, որ խոսքը 100-120 քայլի մասին է՝ «նայած քայլողի»:

Սա, թերևս, ամենաակնհայտ հակասությունն է, ինչը հասկանալու համար նույնիսկ իրավաբանական գիտելիքներ ունենալու կարիք չկա:
2. Այստեղ վկայություններ տվեցին ավտոկայանատեղի աշխատակիցներ, տաքսու վարորդ, ոստիկաններ՝ տուժողի և/կամ վկայի կարգավիճակներում:
Սկսեմ ավտոկայանատեղի աշխատակցից, ով ճչացող արտահայտություններ արեց՝ կապված այն հարցադրումների հետ, որոնց համաձայն՝ նա պարտադրված է եղել ո՛չ միայն այս, այլ, առհասարակ՝ հաճախակի ցուցմունքներ տալ ոստիկանությունում: Խիստ կարևորում եմ այն հանգամանքը, որ վերոհիշյալ վկայի աշխատավայրից անհնար է որևէ բան տեսնել կամ լսել միջադեպի վայրից: Բայց ուշադրություն դարձրեք նաև այս «ֆանտաստիկ զուգադիպությանը»՝ Закон Мёрфи. ուրեմն՝ հետաքննիչը, կամ ավելի ճիշտ՝ օպեր լիազորները, նույն օրը շատ հետաքրքիր գործողություններ են կատարել ՝ կապված թարմ հետքերով հանցագործության բացահայտման հետ: Նրանք ո՛չ թե ընտրել են դեպքի վայրն, այլ՝ ինձ համար անհայտ ու անհասկանալի տարածք այցելել՝ վստահ լինելով, որ իրենց մշտական «ասիստենտները» հաստատ մի բան տեսած կամ լսած կլինեն դեպքի հետ կապված, ինչի շնորհիվ վերջիններիս հետ միասին «լույս կսփռեն» «դարի հանցագործության» վրա: Պարզվում է՝ նույնիսկ արդյունք է գրանցվել. հին բարեկամներն ամեն ինչ տեսել-լսել են ու օգնել նախաքննական մարմնին: Միայն հարգանքի ու ծափողջյունների է արժանի նրանց պրոֆեսիոնալիզմը, իսկ ինչու՞՝ չէ, նաև՝ ինտելեկտը (Այ-քյուն):
Թերևս՝ կարճ, բայց անդրադառնամ տաքսու վարորդին, ով մեքենայով անցնելիս կրկին ամեն ինչ տեսել էր, ու նույնիսկ հիշում էր. պատմեց այստեղ՝ այս դահլիճում... Չէ, ամեն ինչ չէր հիշում՝ իր մեքենայի գույնն ու պետ. համարանիշները մոռացել էր:
Իսկ ոստիկանները՝ վկա, թե տուժող, տեղին, թե անտեղի կրկնում էին անունս: Հարկ չեմ համարում առանձին-առանձին անդրադառնալ նրանց վկայություններին. կամփոփեմ ընդամենը հետևյալը՝ մեզ՝ ամբաստանյալներիս հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները՝ սկզբից մինչև վերջ, սուտ են:
Հիմա խոսեմ հայտնի դրվագի՝ մեքենայի մեջ տեղի ունեցածի մասին: Ըստ մեղադրանքի՝ ես գլխի հետադարձ հարվածով կոտրել եմ ոստիկանի քիթ: Այս դրվագը վերլուծելու համար քիչ և միմյանց հակասող փաստեր ու վկայություններ են առկա քր. գործում.
o Տուժած ոստիկանի ցուցմունք
Ոստիկան Տիգրան Ավետիսյանը ինձ մեղադրող իր ցուցմունքներում, մասնավորապես՝ նշում է, որ ես եմ միտումնավոր, գլխի հետադարձ հարվածով կոտրել իր քիթը:
o Իմ՝ որպես մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքը Ես՝ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանս, ինչ-որ առումով տեսականորեն չբացառելով, որ այնուամենայնիվ հնարավոր է, որ իմ
գլխի և նրա քթի, կամ իր քթի և իմ գլխի հպման արդյունքում, կամ, գուցե և՝ առանց հպման, արնահոսություն առաջացած լինի՝ միաժամանակ պնդելով, որ ես որևէ ոստիկանի, այդ թվում նաև՝ Տիգրան Ավետիսյանին, (ինձ հայտնի) ոչ մի վնասվածք չեմ պատճառել, մինչդեռ հակառակը տեղի է ունեցել:
o Տիգրան Ավետիսյանի վնասվածքների հետ կապված դատաբժշկական եզրակացություն
o Իմ վնասվածքների հետ կապված դատաբժշկական եզրակացություն
(մասնավորապես կառանձնացնեմ պարանոցիս վրա ֆիզիկական ուժի կիրառման արդյունքում առաջացած վնասվածքը)
Ընդ որում, հաշվի առնելով մեղադրող կողմի ներկայացրած վերոհիշյալ աղաղակող փաստերն ու իմ կողմից կատարված զուգահեռ վերլուծություններն՝ ինձ իրավունք եմ վերապահում կասկածի տակ դնելու այն, որ ոստիկան Տիգրան Ավետիսյանի քիթը կոտրվել է, և որ նա ստացել է քթի բազմաբեկոր կոտրվածք՝ առանց տեղաշարժի, ինչպես գրված է տեղեկանքում:
Եթե նույնիսկ այդ օրը կոտրվել է նրա քիթը, ապա՝ ինձ համար անհայտ պայմաններում, առհասարակ՝ անհայտ պատճառներով և հանգամանքներով, ինչին ես նույնիսկ մասնակցություն չեմ ունեցել, այսինքն՝ անտրամաբանական եմ համարում այդ հանգամանքը:
Այսպիսով, հարգելի Դատարան, անհերքելի է, որ սույն քր. գործում առկա են բազմաթիվ աղավաղված, հորինված, հարմարեցված և որոշ դեպքերում՝ նույնիսկ գոյություն չունեցող փաստեր: Ընդ որում, իրավաբաններն ինձ շատ լավ կհասկանան, որ ոչ թե ես պիտի ապացուցեմ անմեղությունս, այլ մեղադրող կողմը պիտի կարողանար, անհեթեթ ու իրար հակասող վկայությունների, ցուցմունքների ու հորինված փաստերի փոխարեն, հիմնավորված փաստարկների հիման վրա մեղադրանք ներկայացներ: Նույնիսկ մեկ միտումնավոր հորինված փաստը բավարար է ներկայացված փաստերն ամբողջությամբ կասկածի տակ դնելու համար: Հետևաբար՝ ո՞րն է երաշխիքը, որ նախաքննությանն, առհասարակ՝ անաչառ, անկողմնապահ, արդար ու օբյեկտիվ մոտեցում է ցուցաբերվել:
Ավարտելով ճառս՝ կրկին անգամ Ձեզ եմ դիմում, Հարգելի դատարան. ես՝ Տիգրան Առաքելյանս, հասկանալով հանդերձ, թե մենք ինչ երկրում ենք ապրում, այնուամենայնիվ, ակնկալում եմ արդարացման դատավճիռ:
Շնորհակալություն

Հարգանքներով՝
Տիգրան ԱՌԱՔԵԼՅԱՆ

No comments:

Post a Comment