Ինչքան էլ բռնությունների վերջին դեպքերը լիովին տեղավորվում են Հայաստանում գործող ավազակապետական համակարգի տրամաբանության մեջ, միևնույն է հարկավոր է փաստել, որ նման մեթոդները ոչ միշտ են օգտագործվել որպես ընդդիմության դեմ պայքարի հիմնական միջոց։ Իշխանության պահպանման գործում այսօրվա համակարգը երբեք չի հրաժարվել ամենաստոր մեթոդներից՝ ոստիկանական բռնություններից, շինծու դատավարություններից, բանտարկություններից, ունեզրկումից, վարկաբեկման փորձերից և այլն։ Սակայն վերջին չորս ամիսներին սկիզբ առած ահաբեկչական գործողությունները էապես տարբերվում են մինչ այս օգտագործվող քաղաքական հաշվեհարդարի տեսակներից։
Առանձնահատկությունն այն է, որ իշխանություններն այլևս որևէ կերպ չեն փորձում այս գործերով իրենց վրա ուղիղ պատասխանատվություն վերցնել։ Ինչպես Արտակ Խաչատրյանի առևանգման դեպքում, այնպես էլ ազատամարտիկների, քաղաքաքացիական ակտիվիստների ու Կոնգրեսի ներկայացուցիչների նկտմամբ հարձակումները կատարվում են փոքրոգաբար, դիմակներով՝ իբր կենցաղային հողի վրա։
Սրանով համակարգը, անկասկած, փորձում է լուծել նույն խնդիրները, ինչ անցյալում. առաջինը՝ լռեցնել կամ պայքարից ետ պահել բռնության օբյեկտ հանդիսացող կոնկրետ անհատներին կամ որոշակի խմբերին /լինեն դրանք կուսակցություններ, քաղաքացիական նախաձեռնություններ, թե հասարակական կազմակերպություններ/ և երկրորդը՝ հասարակական ավելի լայն շերտերում տարածել վախի մթնոլորտ։ Սակայն հարձակումների նոր մեթոդները բավական դժվարեցնում են այս խնդիրների լուծումը։
Անհատների ահաբեկումը առաջին հայացքից ամենահեշտ լուծվող խնդիրն է։ Բայց ոչ Հայաստանում։ Ցանկացած մարդ մեր երկրում դուրս գալով պայքարի ռեժիմի դեմ, այսինքն՝ գնալով բաց առճակատման ողջ ռեպրեսիվ համակարգի հետ հոգեբանորեն պատրաստ է ամենածանր զրկանքների՝ իր մտքում ունենալով Հայաստանում ներքաղաքական պայքարի անցյալի փորձը։ Այս հանգամանքը մշտապես թերագնահատվել է սարգսյանական խմբավորման կողմից և /բացառությամբ եզակի դեպքերի/ երբեք չի տվել իր ցանկալի արդյունքը։
Վախի մթնոլորտի տարածման գործում չափազանց կարևոր է վիզուալ էֆեկտը։ Շատ հստակ պետք է երևա, թե ով է ուժ գործադրողը, ինչքան անվախ ու անպատիժ է նա, ինչքան վտանգավոր է հենց նրա հետ գործ ունենալը, հենց նրա դեմ պայքարելը։ Պետք է երևա կարգապահ, հետեւողական, քարի պես ամուր, փոթորկի պես անողոք մի համակարգ, որը կճզմի ցանկացած դիմադրություն։ Սակայն այսօր մենք ուղիղ հակառակ պատկերի ականատեսն ենք։ Մենք տեսնում ենք դիմակների ետևում թաքնվող, շքամուտքերում խփող- փախչող բանդայի գործունեություն։ Տրամաբանեք ինքներդ: Ո՞վ է թաքնվում դիմակի ետևում: Միանշանակ նա, ով վախենում է պատժից: Ո՞վ է հարվածելուց հետո ճողոպրում: Միանշանակ նա, ով վախենում է պատասխան ստանալուց։
Իհարկե, կան մարդիկ, ովքեր վերջին դեպքերը ռեպռեսիվ մեքենայի լկտիության գագաթնակետն են համարում, բայց սա, մեղմ ասած, չափազանցություն է։ Լկտիություն կարելի էր անվանել հրապարակային միջոցառումների ժամանակ ոստիկանների կողմից մարդկանց առևանգումը՝ ոչ ձերբակալելու նպատակով, նույն ոստիկանների կողմից ակտիվիստների նկատմամբ իրականացված ֆիզիկական հաշվեհարդարի դեպքերը, բարձրաստիճան ոստիկանների կողմից քարոզչական նյութեր գողանալը, շինծու գործերով մարդկանց տարիներով բանտերում պահելը և այլն։ Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր լկտիություն չէ, սա ուղղակի թուլամորթություն է, կործանվող իշխանության վախկոտություն:
Պատահական չէր նաև գյումրեցի երիտասարդի ազատ արձակումը, պատահական չեր այն, որ դեպի Արցախ երթը չկանխվեց ՀՀ սահմաններում։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի մեկուսացված թիմը չի ցանկանում, ավելի ճիշտ՝ չի կարողանում իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը։ Քաղաքական հետապնդումները նրա համար չափազանց թանկ հաճույք են։ Նա այլևս ոչ արտաքին, ոչ ներքին ռեսուրս չունի ժողովրդի հետ բաց առճակատում նախաձեռնելու համար։
Նման իրավիճակում ժողովրդի կողմից նախաձեռնված առճակատումը ուղղակի օրերի ընթացքում կարող է տապալել նրա փտած ու վախեցած համակարգը։
Այժմ գերհասունացել է հենց այդ պահը, երբ համաժողովրդական շարժումը պետք է ասի իր վճռական խոսքը եւ ոչ միայն միասնական հրապարակի ու համաժողովդական ընդվզման միջոցով կանգնեցնի ռեժիմի ահաբեկչական մեքենանան, այլև վերջնականապես ազատվի Սերժ Սարգսյանի բանդիտական խմբավորումից:
Արեգ Գևորգյան
No comments:
Post a Comment