PropellerAds

Saturday, August 24, 2013

Թիրա՞խ, թե՞ թիրախներ

Սկզբից դու հասկանում էս, որ քեզ թալանում են: Սկսում էս պայքարել այդ ապօրինության դեմ: Հետո հասկանում էս, որ թալանի համար պատասխանատու են մեկ-երկու պաշտոնյա: Սկսում էս պայքարել նրանց պաշտոնանկության համար: Հետո հանկարծ պարզվում է, որ քո արդար քաղաքացիական պահանջը խոչընդոտվում է ոստիկանների կողմից: Դու սկսում էս պայքարել անօրինություններ գործող ոստիկանեների դեմ: Հետո դու հասկանում էս, որ ոստիկաններին պատժող դատախազները զբաղված են հանցավոր անգործությամբ: Սկասում էս պահանջել պատասխանատու դատախազների պաշտոնանկությունը: Վերջապես գործը հասնում է դատարան: Այստեղ կրկին քեզ հիասթափություն է սպասվում: Դատավորներն էլ իրականացնում են դատախազների ցանկությունները: Խնդիրը հասնում է կառավարություն, բայց այստեղ նորից զգացվում է պայքարելու կարիք: Բոլոր հույսերը հոդս են ցնդում, երբ խորհրդարանական մեծամասնությունը նույնպես հանցավոր որոշում է կայացնում: 

Ինչ-որ պահի այնքան էս հեռվանում քո առաջնային նպատակից, որ մոռանում էս, թե ինչից էս սկսել: Հանկարծ հասկանում էս, որ իշխանության բոլոր ճյուղերը փաստորեն ծառայում են քո պայքարի սկազբնական թիրախին` թալանին: Նրանք պաշտպանում են թալանողներին և պահպանում են թալանի մեխանիզմները: Բայց ովքե՞ր են այդ թալանողները, որոնց իշխանության այս բոլոր ճյուղերը ծառայում են... Տալով այս հարցի պատասխանը և գալով տրամաբանական եզրակացության, դու անխուսափելիորեն հայտնվում էս Բաղրամյան 26-ում` միակ պահանջով. «Սերժիկ, հեռացիր»:

Հ.Գ Մարդիկ կան, որ այս ճանապարհը մեկ շաբաթում են անցնում, մյուսները` մեկ տարում: Սակայն կան նաև նրանք, որ այս ամենը հենց առաջին օրվանից հասկանալով հասարակության պայքարի ներուժը ցրում են ապօրինությունների այս անսկիզբ ու անվերջ կծիկում` տանելով այն Սերժ Սարգսյանի հանցախմբի համար անշառ ուղիներով:

Մի խճճվեք: Ամեն ինչ շատ ավելի պարզ է, իսկ լուծումները շատ ավելի դյուրին, քան դուք կարծում էք:

Saturday, August 17, 2013

Ազատվել հակաժողովրդական ռեժիմից

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի օվշորային հանցագործությունները չբացահայտելը, ռիսկային 700 միլիարդը թալանողներին և ուղևարձի ապօրինի թանկացման մեղավորներին չպատժելը ու նոր ավտոկանգառների վերաբերյալ քաղաքապետարանի որոշումը խոսում են այն մասին, որ ռեժիմը չի հրաժարվել քաղաքացիներին թալանելու իր ծրագրից, որպես անձնական հարստության կուտակման միջոց:

Վերջին օրերին ոստիկանական ապօրինությունները քաղաքապետարանիաշխատակիցների հրաժարականը պահանջող ակտիվիստների նկատմամբ, կոնգրեսականների նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումները և մականունավորի վերադարձը ոստիկանական համակարգ խոսում են այն մասին, որ ռեժիմը չի պատրաստվում հրաժարվել բռնաճնշումներից ու հալածանքներից, որպես իշխանության պահպանման մեթոդ:

Լեռնային Ղարաբաղի բանակցային սեղանի շուրջ չլինելը, 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրող հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն համաձայնվելը խոսում են այն մասին, որ ռեժիմի չի պատրաստվում հրաժարվել իր հակապետական գործունեությունից, որպես ներքին լեգիտիմության բացակայության պայմաններում իշխանության պահպանման արտաքին երաշխիքներ ստանալու հնարավորություն:

Հայրենիքի դավաճանությունը, քաղաքացիների ունեզրկումն ու բռնությունները խոսում են այն մասին, որ պետք է ազատվել հակաժողովրդական այս ռեժիմից, որպես հայաստանցիների բարեկեցության և Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգության երաշխիք:


Friday, August 9, 2013

Ելույթ Վերաքննիչ քրեական դատարանի առջև. Արեգ Գևորգյան

Օգոստոսի 9-ից ուղիղ երկու տարի անց հարկ է վերհիշել այդ իրադարձությունների ընթացքը և գործում տեղ գտած ապօրինությունները: 

Ինչ է իրականում տեղի ունեցել 2011թ-ի օգոստոսի 9-ին:

Ժամը 21-ի սահմաններում, Տերյան փողոցում կարմիր բերետավորները ապօրինաբար խուզարկում են մի քաղաքացու: Դեպքին ականատես ՀԱԿ ակտիվիստներ Արտակ Կարապետյանն ու Տիգրան Առաքելյանը հորդորում են ոստիկանին գործել օրենքի սահմաններում: Իրենց հերթին, հատուկ ջոկատայինները ճանաչելով երիտասարդներին, հայհոյանքներով և հարվածներ հասցնելով հարձակվում են վերջիններս վրա: Ակտիվիստները ծեծի են ենթարկվում չորսից հինգ տասնյակ կարմիր բերետավորների կողմից: Իրենց ընկերոջը օգնության հասած Սարգիս Գևորգյանին, Սահակ Մուրադյանին, Վահագն Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արեգ Գևորգյանին եւս ենթարկում են դաժան ծեծի: Բերման ենթարկելիս, ոստիկանության մեքենայում բռնություններ են կիրառվում ձեռնաշղթայված ՀԱԿ ակտիվիստների հանդեպ, իսկ կարմիր բերետավորներից մեկը` Տիգրան Ավետիսյանը փորձում է խեղդել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Ոստիկանության բաժանմունքում եւս շարունակվում են նրանց իրավունքների ոտնահարումը, բռնություններ են կիրառվում նրանց եւ նրանց փաստաբանի հանդեպ, ինչին ՀԱԿ ակտիվիստները համապատասխան պատասան են տալիս: Երիտասարդների ձերբակալման որոշումները կայացվել են առանց փաստաբանների ներկայությունն ապավելու: Ապօրինության կազմակերպիչներն ու իրագործողները պատասանատվության չեն ենթարկվել:

Քրեական գործի հարուցման առաջին իսկ օրերից մեկնարկում է նախաքննական մարմինների բացահայտ հրապարակային ուղղորդումը ոստիկանապետի կողմից, ինչպես նաև վերջինիս կողմից անմեղության կանխավարկածի խախտումը, նա պահը չեր կորցնում երիտասարդներին պիտակավորելու և մեղավոր ճանաչելու համար, սկզբնական շրջանում ոստիկանությունը լինելով կոնֆլիկտի կողմ ինքն է շարունակաբար, բացահայտ կողմնակալությամբ քննում տվյալ գործը` սկզբից քննչական վարչությունում այնուհետև ՀԿԳ ԳՔՎ-ում, սակայն կողմնակալությունից և ակնհայտորեն քաղաքական պատվեր կատարելուց զերծ չի մնում նաև դատախազության Հատուկ քննչական ծառայությունը: Երիտասարդների հետ հարցաքննությունների ընթացքում արձանագրվում են սպառնալիքների և բռնության գործադրման դեպքեր: Արդյունքում ամբողջ մեղադրանքը կազմվում է բացառապես ոստիկանական ցուցմունքների հիման վրա, փորձ չի կատարվում պարզելու երիտասարդների վրա առկա բռնությքան հետքերի պատճառները, կամ բացահայտել երկար ժամանակ ոստիկանության բաժնում նրանց և նրանց փաստաբանների իրավունքները սահմանափակողների ինքնությունը: Դատարանները նույնպես շարունակում են այս ապօրինությունների շղթան: Մասնավորապես սկսած առաջին ատյանից բազմաթիվ անգամ խախտվում է կողմերի հավասարության իրավունքը, Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը ոչ մեկ անգամ զրկվել են հարցեր տալու, խոսքով հանդես գալու իրենց իրավունքից կամ ընդհանրապես հեռացվել են դատական նիստերի դահլինճից: Չեն ուսումնասիրվել ոստիկանության մեղավորությունը ապացուցող բազմաթիվ ապացույցներ, չեն հարցաքննվել պաշտպանական կողմի վկաները, իսկ մեղադրող կաղմի վկաները տվել են բացահայտ սուտ և ուղղորդված ցուցմունքներ, ինչը ավելի ուշ նրանք խոստովանել են:

Եվ այսօր, երբ արդեն անցել է 2 տարի վերոնշյալ դեպքերից, ոչինչ չի խոսում նրա մասին, որ տվյալ գործով կարող է արդար վճիռ լինել: Այս տարիների ընթացքում գործով փոքր կամ մեծ հաջողությունների պատճառը եղել և մնում են բացառապես հասարակական հնչեղությունը, փողոցային չդադարող պայքարը, միջազգային ճնշումները:

Ակնհայտ է մի պարզ իրականություն. այն պահից, երբ Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկան հանցագործները, իրավապահ և դատական համակարգը դարձան ուղղակի գործիք այդ իշխանությունը պահելու համար՝ խնդիր ունենալով բռնությամբ, տարբեր տեսակի հալածանքներով ճնշել քաղաքական, քաղաքացիական, առավել եւս երիտասարդական ակտիվության ցանկացած դրսևորում:

Սրա լուծումը կարող է լինել նույն հանցագործ իշխանություններից օր առաջ ազատվելը: Եվ միայն այս պարագայում մենք կունանաք իրական հաղթանակ:

09.08.2013

Քաղաքականացված ոստիկանություն



Եթե անգամ ակտիվիստների գործողությունները պարունակում են վարչական իրավախախտման տարրեր, ապա ոստիկանության գործառույթը այդ պարագայում հանդիսանում է ոչ օրինական գործողության կանխումը կամ դադարեցումը, ինչը մենք այսօր չտեսանք: Ոստիկանները սպասեցին այնքան ժամանակ մինչ ակտիվիստներն իրենց գործողությունը հասցնեն տրամաբանական ավարտին: 

Սա կարող է նշանակել երկու բան. կամ ոստիկանները միտումնավոր չէին կանխում, իրենց կողմից ապօրինի որակված բողոքի ակցիան` մասնակիցների բերման ենթարկելու ավելի տպավորիչ հիմքեր ունենալու համար, ինչը հասարակական կարգի պահպանության գործառույթ ունեցող իրավապահ մարմնի կողմից անթույլատրելի և անպատասխանատու գործելաոճ է, կամ, որը ավելի հավանական է և տարիների ընթացքում սովորական դարձած, 10-15 րոպե շարունակ ոստիկանները ոչինչ չէին ձեռնարկում, քանի դեռ չկար հրաման վերադասի կողմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանը կոչված է իր կողմից արձանագրված իրավախախտումները բարդ իրավիճակներում առանց հրամանների, ինքնուրույն կանխելուն կարելի է համոզված ասել, որ ոստիկանները նման հանրային հնչեղություն ունեցող դեպքերում ունեն գործողությունները վերևների հետ համաձայնեցնելու մեխանիզմ, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը իր գործառույթները իրականացնում է ըստ քաղաքական անհրաժեշտության և նպատակահարմարության:

Նմանատիպ երևույթի առկայությունը հերթական անգամ ապացուցում է, որ ոստիկանությունը քաղաքացիների և հանցավոր իշխանության կոնֆլիկտում օրինականության պահպանման փոխարեն իրեն վերապահել է իշխանությունների պաշտպանի դերը: Սա նշանակում է, որ ոստիկանույթան կարևորգույն գործառույթը այսօր հանդիսանում է հակաիշխանական արդարացի բողոքների ճմշման նպատակով քաղաքական հետապնդումների իրականացումը:

Հ.Գ. Ինչպես 2008-ին ռեժիմի կողմից կազմակերպված սպանդի ընթացքում, այնպես էլ մինչ օրս Վովա Գասպարյանը շարունակում է սահմանադրական և իր կողմից այդքան սիրված բարոյական նորմերի խախտմամբ պաշտպանել Սերժ Սարգսյանի հակաժողովրդական գործողությունները:

Thursday, August 8, 2013

Արեգ Գևորգյանի ելույթը վերաքննիչ դատարանի առջև. (Տեսանյութ)

Մի քանի օրից` օգոստոսի 9-ին լրանում է 2 տարին, ինչ շարունակվում է ոչ միայն իշխանություններին, այլ նաև ՀՀ քաղաքացիներիս և Հայաստանի Հանրապետությանը պատիվ չբերող այս խայտառակ գործը: Երկու տարիների ընթացքում գործում տեղ գտած ապօրինություններն այնքան շատ են, որ անհնար է դրանք ամբողջովին ներկայացնել մեկ ելույթում:



Բայց այն, որ գործը ի սկզբանե ունեցել է քաղաքական դրդապատճառներ ու աբողջովին կազմված է շինծու ապացույցներից բազմաթիվ անգամ ապացուցել է հենց նախաքննական մարմիններում և դատարանների դահլիճներում: Միայն վճռաբեկ դատարանն էր, որ չհանդգնեց մտնել ապօրինությունների նմանատիպ բեռի տակ, այն էլ, իհարկե, իշխանությունների ցուցումով, բացառապես խուսափելու համար միջազգային ճնշումներից: Շատերը դա համարեցին հաղթանակ, իսկ դատարանի որոշումը ադեկվատ:

Իհարկե սա կարելի էր հաղթանակ համարել: Միանշանակ որոշումը հասարակական և միջազգային ճնշման արդյունք էր: Բայց ասել, որ այս քայլից հետո իշխանություններից կարելի է սպասել արդարացի որոշումների` ուղղակի միամտություն է: Իշխանություններից հնարավոր է ունենալ ակնկալիքներ միայն այն դեպքում, երբ դատական գործի ետ ուղարկելուն զուգահեռ հարուցվեին տասնյակ քրեական գործեր թե’ ոստիկանների, թե’ քննչական մարմինների ներկայացուցիչների, թե դատախազների ու դատավորների նկատմամբ: Իսկ քանի դեռ գործ սարքողները պատասխանատվության չեն ենթարկվում հետևությունը մեկն է. քաղաքական հետապնդումները խրախուսվում են իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով:

Այլապես ինչպես բացատրել այս գործի քննության ընթացքում ի հայտ եկաց ճչացող ապօրինությունների վերաբերյալ պատկան մարմինների արձագանքի բացակայությունը: Երիտասարդների անմեղությունը և ոստիկանության մեղավորությունն ապացուցող տասնյակ փաստեր անտեսվել են թե’ նախաքննական մարմինների, թե’ դատարանի կողմից:

Դրանցից հարկ է առանձնացնել, հատկապես, երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնության գործադրման փաստերը, վկաների ցուցմունքներում առկա հակասությունները, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից սպառնալիքների տակ ուղղորդված կեղծ ցուցմունքները: Իշխանությունների կողմից այս դեպքերին չի եղել ոչ մի արձագանք, չնայած նրան, որ դեպքերից յուրաքանչյուրը հանդիսանում է հաղուրդում ծանր հանցագործության մասին:

Ավելի կոնկրետացնելու համար վերը թվարկվածը վերցնենք վկա Հրանտ Միրիջանյանի ցուցմունքը դատարանում, իսկ այնուհետև նրա տված հարցազրույցը , որում նա պարզ հայերենով, շատ հստակ խոստովանում է, որ իր ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը և, որ նա ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ ոստիկանները նրան ստիպել են: Ավելի պարզ հաղորդում հանցագործության մասին դժվար է պատկերացնել:

Այս պարագայում դժվար է չհիշել Վովա Գասպարյանի հավաստիացումները օրինականության պահպանման, հանցագործների պատժման անխուսափելիության վերաբերյալ, իսկ ամենակարևորը Սերժ Սարգսյանի բոլորովին վերջերս կազմակերպած խորհրդակցությունը, որտեղ նա ուղիղ դիմելով Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հորդորեց այսուհետ անմիջապես արձագանքել հանցագործության մասին ցանկացած հրապարակման, ստուգել ինֆորմացիան, իսկ այնուհետև հրապարակել կատարած քննության արդյունքները:

Խնդրեմ, Միրիջանյանի խոստովանությունը` ոչ միայն լրատվամիջոցներում հրապարակված, այլ նաև դատարանի դահլիճում հնչեցված ինֆորմացիա: Որտե?ղ է դատախազության արձագանքը, որտեղ են ապօրինաբար ցուցմունք կորզողները: Դատախազությունը պետք է պատասխաներ և դեռ կարող է պատասխանել այս հարցերին, եթե իհարկե հենց ինքը Սերժ Սարգսյանի ուղիղ հրահանգով չի նախաձեռնել այս խայտառակ գործընթացը:

Սակայն Հայաստանի հանրապետությունում դժվար թե հայտնվի մեկ մարդ, որ կկասկածի դրանում: Բոլորին է հայտնի, որ Հայաստանում քաղաքական հետապնդումները ծառայեցվում են բացառապես Սերժ Սարգսյանի հանցավոր ճանապարհով ձեռք բերված իշխանության պահպանման գործին:

Հետևաբար` դատարաններից կամ իրավապահներից սպասել կամավոր արդարացի քայլերի և որոշումների կլինի ոչ այդքան տրամաբանական: Եթե այս գործով երիտասարդներին արդարացնելու և ազատելու ակնկալիքներ կան, ապա դրանք կապված են միմիայն այստեղ հավաքված մարդկանց հետ: Ինչքան քաղաքացիները ակտիվ դամադրեն ռեժիմին, այդաքան ավելի արագ նա ստիպված կլինի նահանջել: Սրա ապացույցն էր օրերս ինքնակազմակերպված քաղաքացիական խմբերի հաղթանակը ռեժիմի նկատմամբ, կապված տրանսպորտի թանկացման հետ: Չնայած, որ ուղեւորափոխադրման գնի բարձրացման որոշման ժամանակավոր կասեցումը, երաշխիք չէ հետագա ապօրինի թանկացումների կամ այլ հանցագործությունների բացառման համար, այն մեծ ձեռքբերում էր Հայստանում գիտակից քաղաքացիական հասարակության ձեևավորման ճանապարհին, ինչը, իր հերթին, Հայաստանում օրինականության վերականգնման հիմնական երաշխիքներից է: Ուստի երիտասարդների ազատությունը, իսկ այնուհետև Հայաստանի ազատագրումը Սերժ Սարգսյանի հանցախմբից հարկավոր է ոչ թե պահանջել, այլ պարտադրել:

Ազատություն Տիգրանին, Արտակին, Սարգիսին, Դավիթին

Ազատություն քաղբանտարկյալներին

Ազատություն Հայաստանին

Տեսանյութը այս հասցեով` http://www.youtube.com/watch?v=c-pq9H6q-68&feature=youtu.be
Լուսանկարը iLur.am-ի

Wednesday, August 7, 2013

Հայրենական արտադրության եվրոպական կտերը

Ֆեյսբուքը սկսեց քննարկել, թե ինչ հակաժողովրդավարական քայլ է անում ոստիկանությունը: Իբր այն պաշտպանում է մեծամասնության շահը, անտեսում է ու հալածանքներ է նախապատրաստում փոքրամասնության նկատմամբ: Առաջին հայացքից, իհարկե, հենց այսպիսի տպավորություն ենք ստանում:

Սակայն, իրականում այս դատողությունները բացարձակապես կապ չունեն իրականության հետ: Ոստիկանությանը և առհասարակ Հայաստանում գործող հակաժողովրդական իշխանություններին չեն հետաքրքրում ոչ միասեռականները, ոչ երկսեռականները և ոչ էլ ընդհանրապես մեծամասնության ու փոքրամասնության շահերը: Իսկ Վովա Գասպարյանի ղեկավարած կառույցի, ինչպես նաև Սերժ Սարգսյանին սպասարկող մյուս իշխանական հատվածների հրապարակային ցանկացած գործողություն հարկավոր է դիտարկել, որպես կոնկրետ քարոզչական նպատակներ ունեցող թատրոն:

Նման «սկանդալային» լուրը, ինչպես ոստիկանության «միջնադարյան» առաջարկն է օգտագործվում է բացառապես իրական կարևոր և սկանդալային թեմաներից (քաղաքական հետապնդումներ, Սերժ Սարգսյանի կողմից վարվող միջազգային գախտնի բանակցություններ, թանկացումներ և այլն) հասարակական ուշադրությունը ժամանակավորապես շեղելու նպատակով: Մանավանդ, երբ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում փորձում է երևալ հնարավորինս ժողովրդավար: Չի բացառվում նաև, որ հենց արևմուտքին քծնելու նպատակով է հայրենի ավազակապետը նախաձեռնի, իսկ այնուհետև հրապարակայնորեն դատապարտի նման հակաժողովրդավարական քայլը:

Միակ բանը, որ Սերժ Սարգսյանի հանցախումբը լավ է իրականացրել այս տարիների ընթացքում դա Հայաստանի և հայաստանցիների թալանն ու, իհարկե, թատերական ներակայացումների կազմակերպումն է:

Համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո Վովա Գասպարյանն ու Սերժ Սարգսյանը անգործ չեն մնա: Լավ շոու-ներկայացումները պահանջված են ամենուր:


Արեգ Գևորգյան http://www.facebook.com/aregface/posts/608688262509591?notif_t=like

Հարցազրույց ՀԱԿ անդամներ Արեգ Գևորգյանի և Եվա Թովմասյանի հետ. (Տեսանյութ)


ՀԱԿ ներկայացուցիչներ Արեգ Գևորգյանը և Եվա Թովմասյանը համոզված են, որ հասարակական մասշտաբային բողոքի ալիք բարձրացնելու դեպքում Տիգրան Առաքելյանին հնարավոր կլինի տեսնել ազատության մեջ:

Տեսանյութը դիտեք այս հասցեով` http://www.youtube.com/watch?v=xsz-Hr1kf34

Monday, August 5, 2013

Իշխանությունները հրահրել են նոր, ավելի հզոր ընդվզման ծնունդը


Ամբողջ օրվա ընթացքում փորձում էի մտաբերել գոնե մեկ ակտիվ քաղաքական, քաղաքացիական շրջանակ, որը ներկա չէր այսօր Վերաքննիչ դատարանի դիմաց կազմակերպված բողոքի միջոցառմանը: Փորձս անհաջողության մատնվեց: Բոլորն էլ ներկա էին, իսկ եթե կային բացականեր, համոզված եմ, բացառապես հարգելի պատճառներով: Սա իսկապես շատ ուրախալի և խոստումնալից երևույթ է: Երկրի ապագայով մտահոգված ուժերը իսկապես շատ պատասխանատու մետոցում են ցուցաբերում ստեղծված շատ ծանր իրավիճակի նկատմամբ: Կարծում եմ՝ պատճառը բնական է: Այսպիսի պայմաններում, իսկապես ստեղծվել է ոչ թե նեղ շահերի բավարարման, այլ ուղղակի ինքնապաշտպանության և ինքնապահպանման անհրաժեշտություն:

Անկախ մեր տարբերություններից ու տարաձայնություններից, Հայաստանի Հանրապետության քաղաքացի տեսակի պահպանման խնդիրը պահանջում է միասնականություն և համագործակցություն Սերժ Սարգսյանի ռեժիմին ցուցաբերվող ցանկած մակարդակի և տեսակի դիմադրության ընթացքում:

Հպարտանում եմ բոլոր նրանցով, ովքեր իսկապես գիտակցել են պահի կարևորությունն ու պատրաստ են ներդնել իրենց եռանդն ու ջանքերը Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու գործում: Չեմ ասում՝ մի կողմ դնելով անձնական շահը, որովհետև համոզված եմ, որ ի վերջո օրենքի Հայաստանն է բոլորիս ամենակարևոր անձնական շահը:

Հ.Գ. Հաջորդ դատական նիստը պատահմամբ, կամ միտումնավոր նշանակվեց օգոստոսի 9-ին, հենց այն օրը, երբ լրանում է 2 տարի ոստիկանական հայտնի սադրանքից: Օգոստոսի 9-ին` 11:30 Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, համոզված եմ, իշխանությունները կգիտակցեն, որ ոչ միայն չեն հասել վախի մթնոլորտ տարածելու և իրենց նկատմամբ դիմադրությունը մեղմելու այդքան բաղձալի նպատակին, այլ նաև հրահրել են նոր, ավելի հզոր ընդվզման ծնունդը:

Ազատություն քաղբանտարկյալներին

Ազատություն Հայաստանին
 

Saturday, August 3, 2013

Միասնական դիմադրություն Սերժ Սարգսյանի իշխանությանը

Քանի դեռ իշխանությունը պատկանում է Սերժ Սարգսյանի խմբավորմանը, Հայաստանում լինելու է 2 միլիոն պոտենցիալ քաղբանտարկյալ:


Այսօր տեղի ունեցավ ևս մեկ ուրբաթօրյա բողոքի ակցիա և ուրախալի էր տեսնել այդքան նոր դեմքեր` մարդկանց, որոնք ոչ այնքան հաճախ կամ ընդհանրապետ չեն մասնակցել քաղբանտարկյալների ազատությունը պահանջող միջոցառումներին: Ընդհանրապես արդեն ակնհայտ է այս հարցի շուրջ հասարակական ուշադրության մեծացումը: Սա, իհարկե, կրկին խոսում է Հայաստանում իրական քաղաքացիական հասարակության ձևավորման և քաղաքացիական գիտակցության բարձրացման մասին:

Քաղաքական հետապնդումները ժողովրդի դեմ պատերազմում բռնապետության զինանոցի ծանր հրետանին է: Սա իսկապես շատ ազդեցիկ զինատեսակ է: Ձերբակալելով մեկին հնարավոր է վերահսկել նրա թիմի գործողությունները, վախի մթնոլորտ տարածել, զսպել մյուսների ակտիվությունը ռեժիմի դեմ պայքարում: Սակայն երբ հասարակության մի զգալի շերտ հասնում է այն մակարդակի, որ պատրաստ է անգամ նմանատիպ զրկանքների և շատ արագ ու ադեկվատ արձագանքում է քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերին, ապա այս զենքը շուտով կարող է սկսել աշխատել ի վնաս ռեժիմի: Ամեն նոր բռնաճնշում, քաղաքական բանտարկություն կարող է բերել իշխանությունների նկատմամբ ատելության տարածման և էլ ավելի մեծ հուզումների:

Այս պարագայում շատ կարևոր է պայքարող քաղաքացիների միասնականությունն ու միմիանց օգնելու և պաշտպանելու պատրաստակամությունը: Ռեժիմի դեմ կռվի ընթացքում տուժած յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա իր թիկունքին հարյուրավոր ընկերների ներկայությունը: Սա է ռեժիմի դեմ կազմակերպվող դիմադրության հաջողության հասնելու երաշխիքը: Միայն այս դեպքում շարժման ծավալները կարող են աճել` ներգրավելով ռեժիմից տուժած նորանոր շերտերի, այդ թվում նաև բանակը ու ոստիկանությանը:

Ռեժիմի ֆինասկական և ուժային անգերազանցելի ռեսուրսի դեմ քաղաքացիների միակ զենքը միասնականությունն է: Ինչքան ավելի միասնական, այնքան ավելի պաշտպանված, իսկ ինչքան պաշտպանված է իրեն զգում քաղաքացին ռեժիմի դեմ պայքարում, այնքան ավելի անվախ է նա դառնում: Ինչքան քիչ է վախը, այնքան ավելի շատ մարդ է ներգրավվում պայքարի մեջ, քանի որ նրանց զսպողը միայն վախն է իշխանությունների նկատմամբ:

Ուստի հարկավոր է միասին բացառել վախը` օգնելով անվախ դառնալ նաև մյուս քաղաքացիներին: Թե նահանջի, թե հարձակման դեպքում մենք չպետք է մարտի դաշտում թողնենք մեր ընկերներին:

Օգոստոսի 5-ին` ժամը 12:00-ին բոլորս ներկա լինենք Վերաքննիչ դատարանի դիմաց մեր աջակցույթունը հայտնելու ռեժիմին ձեռնոց նետած, քաղաքական հետապնդման ենթարկվող Տիգրանին, Սարգիսին, Դավիթին, Արտակին, ինչպես նաև պահանջելու և պարտադրելու քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատությունը:

Ազատություն քաղբանտարկյալներին

Արեգ Գևորգյան http://www.facebook.com/aregface/posts/606655952712822?notif_t=like