Օրերս «Հրապարակ» օրաթերթը, որպես իմ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների ցուցակում ընդգրկված չլինելու պատճառ ներկայացրել էր տարիքային ցենզը, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Իրականում, իմ անունը ներառված է եղել սկզբնական ցուցակում, սակայն հետագայում հեռացվել է անհրաժեշտ տեղեկանքի բացակայության պատճառով: Ասեմ, որ ոստիկանությունը հրաժարվել է ինձ՝ Երևան քաղաքում 25 տարվա հաշվառում ունեցող քաղաքացուն տրամադրել համապատասխան փաստաթուղթ, այն պատճառաբանությամբ, որ վերջին 6 ամիսների ընթացքում իմ հաշվառումը ընդհատվել է 10 օրով: Միևնույն ժամանակ, շատ կասկածելի է ինձ հաշվառումից հեռացնելու փաստը: Բնակարանի սեփականատերը, առանց ինձ տեղյակ պահելու հենց ընտրությունների նախաշեմին՝ մարտի 5-ին հանկարծ դիմում է ներկայացրել ինձ հաշվառումից հանելու պահանջով: Հիշեցնեմ, որ դեռևս 2012թ. Խորհրդարանական ընտրությունների ընթացքում, երբ հայտնաբերվեցին բազմաթիվ հասցեներ, որտեղ առանց սեփականատերերի համաձայնության փաստացի գրացում էին ձեռք բերել տասնյակ, երբեմն հարյուրավոր քաղաքացիներ ոստիկանությունը հրաժարվում էր այդ քաղաքացիներին սեփականատիրոջ պահանջի հիման վրա հեռացնել հաշվառումից:
Այժմ հնարավոր է, որ փորձեմ իմ իրավունքը վերականգնել դատական կարգով, չնայաց որ թեկնածուների անունների ներկայացման ժամկետները սպառվել են:
Ինչևէ, հարկ եմ համարում նշել, որ լիովին վստահում իմ թե՛ ավագ, թե՛ սերընդակից այն բոլոր ընկերներին, որոնց անունները ներառված են ՀԱԿ ցուցակում: Վստահ եմ, որ փորձն ու երիտասարդ ոգին կնպաստեն Երևանի առջև ծառացած խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: Անկախ ամեն ինչից, իմ ընկերների հետ միասին անելու եմ առվելագույնը Հայաստանի և հայ ժողովրդի գլխին աղետ դարձած Սերժ Սարգսյանի հանցավոր վարչակարգից ազատվելու նպատակով:
Այս խնդրի լուծման համար մոտակա շաբաթներին չենք կանգնելու որևէ խոչընդոտի առջև և փորձելու ենք զրկել ռեժիմին Երևանից:
Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան
Սկսենք Երևանից
http://www.facebook.com/aregface/posts/549374035107681?notif_t=like
No comments:
Post a Comment