PropellerAds

Wednesday, October 24, 2012

Վահրամի ազատությունն ընդդեմ Սաֆարովի արտահանձնման

Հոկտեմբերի 23-ին դատարանի դահլիճից ազատ արձակվեց Բուդապեշտում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրը՝ Վահրամը, որը ի սկզբանե մեղադրվում էր սպանության մեջ: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց միայն ապօրինի զենք կրելու մեջ և դատապարտեց 1 տարի, 2 ամիս ժամկետով ազատազրկման: Եվ քանի որ Վահրամը արդեն 1 տարուց ավել է գտնվում էր բանտում նրա պատժաժամկետը համարվեց ավարտված: Այսպիսով` տեղի ունեցավ մի շատ անսովոր դատավարություն, երբ անհասկանալի պատճառներով մեղադրող դատախազը հանկարծ փոխեց ամբողջ մեղադրանքը, ինչի արդյունքում մեղադրյալը հայտնվեց ազատության մեջ:

Ուշադրություն դարձրեք. դատաքննությունը ավարտվել էր, կողմերը լսել էին վկաներին, նրանք հանդես էին եկել միջնորդություններով, ներկայացվել ու հետազոտվել էին գործով բոլոր ապացույցները: Այս ամենի ընթացքում դատախազը համառորեն մնացել էր այն դիրքորոշմանը, որ հենց Մարգարյանն է իրականացրել սպանությունը: Սակայն, երբ գործը հասնում է ավարտին և արդեն ժամանակն է գալիս պատժաչափը պահանջելու, դատախազը ամբողջովին փոխում է իր դիրքորոշումը և վերաձևակերպում է մեղադրանքը` հրաժարվելով Վահրամին սպանության մեջ մեղադրելուց: Թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ամիսներ տևած ամբողջ ընթացքում երիտասարդի անմեղության մեջ չհամոզված դատախազը հանկարծ կայացնում է այսպիսի որոշում: Հարց է առաջանում, թե ի՞նչը կարող էր ազդել մեղադրողի վրա, ի՞նչը կարող էր մտափոխել նրան և ստիպել կայացնել այսպիսի անհամաչափ որոշում: Իսկ ազդել է այն ինչ Հայաստանում մշտապես ազդում է թե՛ դատախազների, թե՛ դատավորների որոշումների վրա: Ազդել է նախագահական նստավայրից եկած կարգադրությունը:

Այն, որ այս գործը գտնվում էր նախագահականի ուշադրության կենտրոնում կասկած չի հարուցում: Ընդհանրապես` նրանց ուշադրության կենտրոնում պետք է լիներ Գուրգեն Մարգարյանին առնչվող ցանկացած երևույթ: Եվ նրա եղբոր դատը բացառություն չպետք է լիներ: Մանավանդ, երբ Վահրամի ավելի խիստ պատիժը կարող էր հասարակական դժգոհություն առաջացնել և լուրջ վտանգ հանդիսանալ առանց այդ էլ Սերժ Սարգսյանի հողին հավասարված վարկանիշի վրա: Այսինքն` գործի վերահսկողությունը նախագահականի կողմից արվում էր ոչ թե ազգային անվտանգության նկատառումներով, այլ «աթոռային անվտանգության» սկզբունքով:

Արդյունքում` դժգոհություններից խուսափելու նպատակով, որոշում է կայացվում ազատ արձակել սպանության մեջ մեղադրվողին: Ինչը, իր հերթին, փեսացույամերձ քարոզչամեքենան փորձելու է ներկայացնել, որպես Սերժ Սարգսյանի մարդասիրության դրսևորում` տարածելով այն միտքը, որ մի ընտանիքից երկու զավակի կորուստ շատ կլիներ. մեկը զոհվել էր թուրքի ձեռքից, իսկ մյուսը հայտնվել էր բանտում և, որ անկախ ամեն ինչից, եղբոր արժանիքների համար, հարկավոր էր ազատ արձակել Վահրամին, ինչը և «մեծահոգի» Սերժ Սարգսյանը արեց:

Այսպիսով` մենք գործ ունենք նախագահականի կազմակերպած հերթական էժանագույն փիարի հետ: Սերժ Սարգսյանը, որը իր հանցավոր անգործության արդյունքում ըստ էության թույլ տվեց Սաֆարովի արտահանձնումը և հերոսացումը այժմ այսպիսի քայլով փորձ է կատարում փրկել իր դեմքը` Վահրամ Մարգարյանի ազատ արձակումը դարձնելով յուրատեսակ պատասխան Ադրբեջանին և Հունգարիային:

Սակայն ամենասարսափելին այն չէ, որ Սարգսյանը փորձում է իր փիարով զբաղվել, սարսափելին այն է, որ տվյալ գործը հանդիսանում է հերթական ապացույցը այն բանի, որ մեր երկրում ազատություն շնորհողը կամ ազատությունից զրկողը ոչ թե դատարաններն են, այլ դրանք վերահսկող ռեժիմը: Հերթական անգամ մենք ականատեսը եղանք ընտրովի, ուղղորդված դատավճռի ինչպես Մարտի 1-ի գործերով, ինչպես Կոնգրեսի չորս երիտասարդների գործով և ինչպես Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի գործով: Սա հերթական ապացույցն է, որ մեր երկրում դատական իշխանությունը անկախություն չունի, որ մենք ապրում ենք հանցագործ ռեժիմի լծի տակ, որից օր առաջ հարկավոր է ազատվել:
Արեգ Գևորգյան 

No comments:

Post a Comment