PropellerAds

Saturday, October 20, 2012

Հայաստանը չի վստահում Սերժ Սարգսյանին



Ինչո՞ւ է հասարակությունը, մեղմ ասած, այսպես թերահավատորեն մոտենում վերջերս Սերժ Սարգսյանի ցուցաբերվող ակտիվությանը: Ինչո՞ւ հնարավոր չէ հավատալ նրա փոփոխություններ անելու ցանկությանը և, ընդհանրապես, նրա անկեխծությանը:

Միանշանակ է այն հանգամանքը, որ երկրի խնդիրների հանդեպ ցուցաբերվող «մտահոգությունը» հենց նախագահական ընտրությունների նախաշեմին արդեն իսկ կասկածի տեղիք է տալիս: Գործելակերպը վաղուց սովորական է դարձել Հայաստանի Հանրապետությունում: Իշխանությունները կառավարման ողջ ընթացքում վայելում են իրենց աթոռները` դույզն իսկ չմտածելով ժողովրդի մասին, իսկ ընտրություններից մի քանի ամիս առաջ անցնում են դատարկ խոստումներ տալու և երկրի խնդիրների հանդեպ արհեստական հետաքրքրություն ցույց տալու գործին:

Դժվար է վստահել մի մարդու, որը իր նախագահության ընթացքում համաժողովներ ու խորհրդակցություններ կազմակերպելու և երկրում իրական փոփոխություններ անելու երկարատև ժամանակ և հազարավոր հնարավորություններ է ունեցել, սակայն դա չի արել: Այսինքն`Սերժ Սարգսյանին առնվազն թերահավատորեն մոտենալու պատճառը ոչ թե նրա կազմակերպվող այժմյան թաթերական ներկայացումներ հանդիսացող, այլ նախկինում երկրում առկա լրջագույն խնդիրների վերաբերյալ չարված խորհրդակցություններն են:

Կեխծված ընտրությունների վերաբերյալ չարված խորհրդակցություն:

Սերժ Սարգսյանը պետք է կանչեր արտակարգ խորհրդակցություն 2008 կեխծված ընտրությունների հարցով քաղաքապետերի, մարզպետների, նախարարների, բարձրաստիճան ոստիկանների, օլիգարխների մասնակցությամբ: Այստեղ պետք է քննարկվեին ընտրակաշառքներ բաժանելու, լցոնումների, քաղաքացիներին ահաբեկելու, հեռուստաալիքների թեկնածուներին ոչ հավասարաչափ լուսաբանելու, կեղծ անձնագրերով քվեարկելու, ընդդիամդիր թեկնածուի վստահված անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, ավելի քան 500 հազար գոյություն չունեցող մարդկանց ընտրական ցուցակներում հայտվելու և այլ բազմաթիվ ընտրախախտումների մասին: Պետք է մատնացույց արվեին բոլոր մեղավորները, ԱԱԾ պետին ու դատախազին պետք է ցուցումներ տրվեին զբաղվելու կոնկրետ անուններով` նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Իսկ «մեծ գլուխներից» խոսելուց առաջ կամ անմիջապես հետո Սերժ Սարգսյանը պետք է ընդուներ, որ ինքը` լինելով վարչապետ Սահմանադրության կոպտագույն խախտմամբ, առանց իր պաշտոնական լիազորությունները վայր դնելու մասնակցել է քարոզարշավին որպես թեկնածու, որ նույն Սահմանադրության 53.1 հոդվածի խաղտմամբ («Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում, եւ հանրապետության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը») ընտրությունների մաս կազմող Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում դարձել է ՀՀ նախագահ: Անմիջապես այս խոսքերից հետո, Սերժ Սարգսյանի անկեղծ լինելու դեպքում, մենք կլսեինք նրա հրաժարականի մասին հայտարարությունը:

Մարտի 1-ի սպանդի վերաբերյալ չարված խորհրդակցություն

Սա թերևս պետք է լիներ ամենակարևոր խորհրդակցությունը, որի չկազմակերպումը իհարկե սպասելի էր Սերժ Սարգսյանի արյունահեղության կազմակերպման հետ անմիջական կապ ունենալու պայմաններում: Սակայն, ազնվություն և պետական մտածողություն ունենալու դեպքում Մարտի 1-ի սպանդի արդյունքում նախագահ դարձած անձը պետք է բարձրաձայն խոսեր դրա մասին:

Պետք է խոսվեր մասնավորապես` ոստիկանական ուժերի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների վրա հարձակմնաև և ծեծի ենթարկելու, այնուհետև Մյասնիկյանի արձանի շրջակայքում նրանց նկատմամբ հրազեն օգտագործելու կամ հատուկ միջոցները ոչ նշանակությամբ` քաղաքացիների գնդակահարման համար օգտագործելու, ցույցը դադարեցնելու նպատակով իշխանամերձ օլիգարխների թիկնապահներից կազմված զինված խմբավորումներ ներգրավվելու, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարելուց, թե' առաջ, թե' հետո Սահմանադրության խախտմամբ ներքաղաքական խնդիրները լուծելու նպատակով բանակային ստորաբաժանումներ օգտագործելու (ՊՆ 0038 գաղտնի հրաման) և այս ամենի արդյունքում առնվազն 10 քաղաքացիների սպանության և հարյուրավորների վիրավորման մասին:

Պետք է հրապարակվեին բոլորին քաջ հայտնի մեղավորների անունները, ուժային բոլոր նախարարները պետք է հեռացվեին պաշտոններից և ենթարկվեին քրեական պատասխանատվության: Իսկ երբ խոսքը կրկին հասներ «մեծ գլուխներին» Սերժ Սարգսյանը պիտի խոսեր Ռոբերտ Քոչարյանի և իր տված հրամանների մասին, հայտարարեր իր հրաժարականի և այնուհետև որպես ամբաստանյալ ցուցմունքներ տալու պատրաստակամության մասին:

Հայաստանում քաղաքական հալածանքների առկայության վերաբերյալ չարված խորհրդակցություն



Նման խորհրդակցություն Սերժ Սարգսյանը կարող էր հրավիրել ցանկացած պահի` սկսած 2008 նախագահական ընտրությունների նախընտրական շրջանից (այն ժամանակ որպես վարչապետ) և մինչ օրս: Սակայն այդպիսի խորհրդակցություն չարվեց: Չխոսվեց քաղաքական հակառակորդների նկատմամբ շինծու գործերով քրեական հետապնդումների, չխոսվեց նրանց ազատազրկումների, նրանց ընտանիքի անդամների ահաբեկումների, ոստիկանության կողմից հասարակ քաղաքացիներին տեռորի ենթարկելու, հանրահավաքներ, ցույցեր չթույլատրելու, նրանց մասնակիցների ազատ տեղաշարժի իրավունքը խաղտելու, հավաքների օրերին ճանապարհները փակելու և այլ խնդրների մասին:

Չխոսվեց նաև այս ամենում մեղավորների, երկար տարներ ժողովրդի սիստեմատիկ ահաբեկումը կազմակերպող` դատավորների, դատախազների, ոստիկանների , բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների: Խոսքը` Աղվան Հովսեփյանի, Վովա Գասպարյանի, Գորիկ Հակոբյանի և այլ նմանատիպ պաշտոնյաների մասին է:

Եվ իհարկե չկայացած խորհրդակցության վերջում մենք այդպես էլ չլսեցին Սերժ Սարգսյանի ինքնախոստովանությունը «մեծ գլուխների» վերաբերյալ առ այն, որ այս «ազգանվեր» գործում հրաման տվողը ինքն է եղել և ինքն է բռնության միջոցով փորձել իշխանություն պահել, որ հալածանքները Հայաստանում բացառելու փոխարեն այն դարձրել է գործիք քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով:

Բանակում առկա խնդիրների վերաբերյալ չարված խորհրդակցություն

Էլ ով պետք է զբաղվի բանակում բարոյահոգեբանական վիճակի բարելավմամբ, եթե ոչ երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Սերժ Սարգսյանը իմանալով թե' առկա խնդիրների մասին, թե' մեղավորների մասին, ունենալով ազդեցություն` մեկ ժամում կարող էր լուծումներ տալ դրանց:

Իսկ լուծումները շատ պարզ են, և եթե Սերժ Սարգսյանն այդքան մտահոգված է բանակում առկա խնդիրների հանրայնացումից` թշնամու ջրաղացին ջուր չլցնելու նպատակով, ապա որևէ խնդիր չեր լինի, որ տվյալ հարցերի լուծումը չտրվեին խորհրդակցությունների ժամանակ, տեսախցիկների առջև: Դրա կարիքը առավելևս չեր լինի, երբ բոլորը` այդ թվում և Սերժ Սարգսյանը հոյակապ գիտեն թե' մեղավորների անունները, թե' առավել վտանգավոր զորամասերը, որտեղ ամենից շատ զինվորներ են սպանվում կամ ինքնասպան լինում, թե՛բանակից ազատվելու կամ «լավ տեղ» ծառայելու սակագները և թե այդ գումարները ում միջոցով ում են տրվում և վերջում ում են հասնում:

Սակայն հանրայնացումից դժվար կլիներ խուսափել, երբ գործը հասներ  «մեծ գլուխներին»: Պետք է պաշտոնանկ արվեին և քրեական պատասխանատվության ենթարկվեին պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառակերության համար բոլորին լավ հայտնի պաշտոնյաները` ՊՆ նախարար Սերյան Օհանյան, նախկին ՌՈ պետ Վովա Գասպարյան, Գլխավոր շտաբի պետ Խաչատուրով և այլոք: Իսկ վերջում հարյուրավոր զինվորների մահվան, բանակում բարոյահոգեբանական վիճակի և մարտունակության նվազման պատճառ դարձած, այս խնդիրների նկատմամբ հանցավոր անգործություն ցուցաբերած Սերժ Սարգսյանը պետք է ներկայացներ իր հրաժարականի դիմումը:

Միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի թուլացման վերաբերյալ չարված խորհրդակցություն

Իրականում այս հինգ տարիների ընթացքում մենք ականատեսն ենք Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ խորհրդակցությունների, համաժողովների և այլ միջոցառումների: Քանակային առում սրանք իսկապես մեծ թիվ են կազմում, բայց բովանդակության և արդյունավետության առումով իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Հենց այսպիսի ձևական բնույթ կրող քաղաքականությունն էլ պատճառ հանդիսացավ մեր դիրքերի թուլացմանը:

Անկախ նրանից, որ կեղծված ընտրությունները, մարտիմեկյան սպանդը, ոչ օրինակարգ իշխանությունները, քաղբանտարկյալների առկայությունը անդառնալի բացասական հետևանքներ ունեցան մեր միջազգային վարկանիշի վրա, գործվեցին նաև այլ բազմաթիվ սխալներ: Ռոբերտ Քոչարյանի կողմից Ղարաբաղը, որպես կողմ բանակացային գործընթացից դուրս թողնելուց հետո, այս նույն քաղաքական գիծը հետևողականորեն շարունակեց Սերժ Սարգսյանը: Ցեղասպանության խնդիրը մնաց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային հարցերերից մեկը, այդպիսով անխուսափելիորեն դառնալով քաղաքական առևտրի առարկա, ինչը վերջիվերջո հանգեցրեց հայ-թուրքական արձանագրություններում 1915 թվականի դեպքերն ուսումնսիրող հանձնաժաղովի ստեղծման մասին կետի ամրագրմանը, որը ստորգրվեց Սերժ Սարգսյանի կողմից և ինչը ոչ այլ ինչ քան ցեղասպանության ուրացում դիտարկել չի կարելի: Իսկ վերջերս Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից արտահանձնումը և Ադրբեջանի կողմից հերոսացումը նույնպես իշխանությունների հանցավոր անգործության արդյունք էր:

Ելնելով նրանից, որ նախագահը Հայաստանի արտաքին քաղաքականության գխավոր պատասխանատում է, կարելի է ասել, որ այստեղ ամենևին խորհրդակցության և մեղավորների փնտրտուքի կարիք կարող է չլինել: Սերժ Սարգսյանին հարկավոր է առանձին սենյակ, մեկ հայելի, տղամարկություն և կամք սեփական սխալները ընդունելու և հրաժարականի մասին որոշումը կայացնելու համար:

Կոռուպցիայի, աղքատության, գործազրկության, արտագաղթի ծավալների մեծացման վերաբերյալ չարված խորհրդակցություն

Անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ Հայաստանը հաստատուն անկում է ապրում գրեթե բոլոր բնագավառներում: Եվ եթե ցանկություն կա այս իրավիճակից դուրս գալու հարկավոր է ոչ թե մեկ-երկու, այլ ամնօրյա արտակարգ խորհրդակցությունների շարք կազմակերպել և փորձել երկիրը փրկել կործանումից: Երկրի նախագհի աթոռը զբաղցնող անձը և նրա գլխավորած կուսակցությունը լիովին կրում են ստեղծված իրավճակի պատասխանատվությունը, երբ հակառակ նրանց խոստումների Հայաստանը ոչ թե զարգանում այլ ետընթաց է ապրում:

Երկրի կառավարման համակարգը ավելի ու ավելի է թաթախվում կոռուպցիայի մեջ, սրա հետևանքով ահագնացող տեմպերով աճում է աղքատությունն ու գործազրկությունը: Արդյունքում ծայր առած արտագաղթը արդեն իսկ սպառնում է ազգային անվտանգությանը` վերջին 4-5 տարների ընթացքում դատարկելով երկիրը շուրջ 200 000 մարդով: Սրա հետ մեկտեղ օր-օրի աճում է մեր արտաքին պարտքը: Այն արդեն կազմում է մոտավորապես 4 մլրդ դոլլար, որի 2012-ից սկսվող սպասարկումը ծանրագույն հարված է հասցնելու պետական բյուջեին և ստիպելու է էլ ավելի մեծացնել պարտքերի թիվը:
Այս հարցերով չկազմակերպված խորհրդակցություններին պետք է մասնակցեին երևի թե ամենամեծ թվով մարդիկ: Այն բոլորն ովքեր օգտվում են ընդհանուր, իշխանական կերակրատաշտակից` պատգամավորներ, նախարարներ, քաղաքապետեր, մարզպետներ, օլիգարխներ, Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներ: Այս խորհրդակցությունների արդյունքում տարիներով պետական հարստությունները հափշտակած բոլոր անձինք պետք է զրկվեին գողացված գումարներից ու պաշտոններից և ենթարկվեին քրեական պատասխանատվության: Նրանցից են` Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսանդր Սարգսյանը (Սաշիկ), Միքայել Մինասյանը (Միշիկ), Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Արթուր Բաղդասարյանը, Արմեն Գեւորգյանը, Վարդան Այվազյանը, Գագիկ Խաչատրյանը, Արթուր Ջավադյանը և այլոք:

Իսկ Սերժ Սարգսյանը` ընդունելով իր երկիր ղեկավարելու անկարողությունը և տարիների ընթացքում վերոնշյալ անձանց հետ միասին ժաղովրդին անխղճաբար թալանելու իրողությունը պետք է առանց այլևայլությունների հեռանար զբաղեցված պաշտոնից:

Այսպիսով բազմաթիվ հանցագործություններ գործած, այսքան հնարավորություններ չօգտագործած ու այսքան ճակատագրական հարցերում թերացած մարդը անկախ կազմակերպվող տարատեսակ շոու-ներկայացումների քանակից չի կարող ժողովրդի կողմից համակրանքի արժանանալ: Այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքացիներին կարողացել է համոզել մեկ բանում, որ ինքը հակաժողովրդական և հակապետական գործիչ է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետության, այլ անձնական շահերով, որ նա երբևիցէ կամովին չի հրաժարվի իր և իր մերձավորների բարեկեցության աղբյուր հանդիսացող աթոռից: 

Այսինքն` քաղաքացին նրանից ակնկալիքներ չի կարող ունենալ: Եվ քաղաքացուն մնում է միայն վերգտնել սեփական ուժերը ու զրկելով Սերժ Սարգսյանին իր աթոռից` դադարեցնել Հայաստանի պատմության այս ողբերգական ընթացքը:


Արեգ Գևորգյան

No comments:

Post a Comment