Ամբողջ Հայաստանը շունչը պահած սպասում է գալիք նախագահական ընտրություններին, որոնք իսկապես շատ մեծ կարևորություն են ունենալու մեր երկրի ներկայի և ապագայի համար:
Իհարկե 2013 նախագահական ընտրություններից ամենամեծ ակնկալիքներն ունեն ըդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը, որոնք արդեն իսկ սկսել են պատրաստվել այդ բեկումնային իրադարձությանը:
Ընդդիմադիրները պետք է գալիք ճակատամարտից առաջ ամրապնդեն իրենց թիմերը, փորձեն ձեռք բերել ռեժիմի դեմ կռվի պատրաստ հնարավորինս շատ դաշնակիցներ, դրան զուգահեռ հարկավոր է պաշտպանվել վերարտադրության խնդիր ունեցող ռեժիմի կողմից հասցվող հարվածներից, ինչպես նաև մտածել արդեն իսկ հարձակման անցնելու մասին:
Ժողովրդական ուժերն այս անգամ, ի տարբերություն 2008 թվականի նախագահական ընտրությունների ունեն նաև եզակի հնարավորություն ռեժիմին դիմադրելու և հարվածելու հենց խորհրդարանում` ժողովրդի և միջազգային հանրության առջև ավելի հեշտությամբ բացահայտելով Հայաստանում ձևավորված իշխանությունների ողջ հանցագործ կեցվածքը, կաշկանդելով ու զսպելով ոչընտրյալների հանցավոր գործունեությունը:
Ելնելով մամուլում տեղ գտած հրապարակումներից` կարելի է ենթադրել, որ հենց այդպիսի "խորհրդարանական կռվի" է նախապատրաստվում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, որի յոթ հոգուց բաղկացած ֆռակցիայի կոալիցիոն ուժերին նեղելու ունակություններին մենք ականատես եղանք առաջին նստաշրջանում: Մասնավորապես, ուշադրության է արժանի ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցն այն մասին, որ Կոնգրեսի խմբակցությունը նախապատրաստվում է ԱԺ-ում հանդես գալ մարտի 1-ի դեպքերի հետաքննության նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս` այդպես էլ Սերժ Սարգսյանի կողմից չմարսված թեմայով հասարակական ճնշումների նոր ալիքը կարող է վարչախմբի համար ծանր հետևանքներ ունենալ թե' Հայաստանի սահմաններում, թե' դրանցից դուրս:
Այս և մնացած նմանատիպ նախաձեռնությունները կարող են ցավոտ հարվածներ հասցնել Սերժ Սարգսյանի դիրքերին և ստիպել նրան ներքաշվել հյուծող և մեծ ֆինանսական ներդրումներ պահանջող տեղեկատվական պատերազմի մեջ` փորձ կատարելու համար փոխել որոշակի հանրային ընկալումներ, ինչը գործող իշխանությունների անթիվ մեղքերի առկայության դեպքում մեղմ ասած շատ բարդ է:
Սեպտեմբեր ամսին գոյություն ունի ևս մեկ հնարավորություն Սերժ Սարգսյանի վերարտադրվելու գործին լծվել պատրաստվող ուժերին հարված հասցնելու համար: Այդ հնարավորությունը ՏԻՄ ընտրություններն են, որոնք տեղի են ունենալու երկու ալիքով` սեպտեմբերի 9-ին և սեպտեմբերի 23-ին: Եվ ամենևին պարտադիր չէ դրա համար տեղերում ունենալ սեփական ավագանու, գյուղապետի կամ քաղաքապետի թեկնածուներ: Այստեղ կարևորը ճիշտ կոչն է ժողովրդին:
Այն պարագայում, երբ գերնպատակ է ռեժիմին հարվածներ հասցնելն իսկ այնուհետև նրան իշխանությունից զրկելը, լավագույն կոչը, որով ընդդիմադիրները կարող են դիմել հանրությանը` դա արդեն մեկ անգամ իր դրական արդյունքները տված "Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին" կարգախոսն է:
Հ. Գ. 2013 թվականի նախագահական ընտրություններում ժողովրդական ուժերի հաջողությունն ու Սերժ Սարգսյանի հանցավոր իշխանության տապալումն ապահովված կլինի, այն ժամանակ, երբ ամբողջ հանրությունն ըդդիմադիր ուժերի օգնությամբ իր փրկության միակ տարբերակը կտեսնի օրինական իշխանություն ձևավորելու մեջ և ուղղակի կասի. "Ո'չ ռեժիմին", "Ո'չ Սերժիկին":
No comments:
Post a Comment