PropellerAds

Sunday, March 4, 2012

Գալիք ընտրությունների միջոցով հեղափոխություն. Լեւոն Զուրաբյան

Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ
- Հայ Ազգային Կոնգրեսի համամասնական ցուցակը կազմելու համար ի վերջո Լեւոն Տեր-Պետրոսյանի միջամտության անհրաժեշտություն առաջացավ: Սա ինչո՞վ էր պայմանավորված, Կոնգրեսում չէի՞ն կարող կոնսենսուսի գալ ու համամասնական ցուցակ կազմել:
- Բնականաբար, իդեալականն այն կլիներ, որ «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինք կազմող կուսակցությունները կոնսենսուսի գային ցուցակի վերաբերյալ: Ի վերջո, ԸՕ համաձայն, նախընտրական դաշինքի կազմող կուսակցությունները պետք է իրենց համաձայնությունը տան ամբողջական ցուցակին: Դա էր պատճառը, որ հենց սկզբից մենք նախաձեռնեցինք Կոնգրեսի բոլոր կուսակցությունների միջեւ կոնսենսուսի ձեռքբերման գործընթացը: Եղան բավական արդյունավետ քննարկումներ, ինչ-որ իմաստով որոշակիացվեցին սկզբունքները, թե ինչպիսի չափանիշներով մարդիկ, անկուսակցականների եւ անկուսակցական գործիչների միջեւ ինչպիսի համասնանությամբ, պետք է ընդգրկվեն ցուցակում: Բնականաբար, նրանք պետք է լինեն ժողովրդին ոգեւորող լիդերներ, հաասարակության համար ընդունելի, ընկալելի գործիչներ: Պարզ է նաեւ, որ ցուցակի մեջ պետք է տեղ գտնեն կուսակցությունների կարեւորագույն առաջնորդները: Բոլորի կողմից նաեւ ընկալվեց, որ այլ պայմանների հավասարության դեպքում պետք է առավելություն տրվի քաղբանտարկյալներին, քանի որ նրանք մարդիկ են, որոնք պատրաստ են իրենց քաղաքական հայացքների ու սկզբունքների համար գնալ զրկանքների: Ընդունվեց նաեւ, որ մեծամասնական ընտրակարգով մասնակցելու պատրաստակամություն հայտնած մարդիկ պետք է այլ ցուցանիշների հավասարության դեպքում ստանան առավելություն, ինչպես նաեւ պետք է ապահովել երիտասարդ, թարմ դեմքերի զգալի ներկայություն: Կարեւոր էր հասնել կոնկրետ կոնսենսուսի՝ կոնկրետ անունների վերաբերյալ, այսինքն՝ պետք է լիներ կոնկրետ անունների շարք: Քաղխորհուրդը չկարողացավ կոնսենսուսի հասնել, իսկ հետո արդեն միջկուսակցական խորհրդակցությունների ֆորմատով ամենօրյա ռեժիմով շարունակվեցին քննարկումները: Սակայն կուսակցությունները կրկին չկարողացան գալ կոնսենսուսի: Դրանից հետո Տեր-Պետրոսյանը հրավիրեց խորհրդակցություն՝ քաղխորհրդի ղեկավարների ու տարածքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ քննարկվեցին կոնսենսուսի հասնելու տարբերակները: Ասեմ, որ տարբեր եղանակներ են ներկայացվել, այդ թվում՝ որ ստեղծվի մի մարմին, որը կոնսենսուսով կձեւավորի ցուցակը` պայմանով, որ դա կընդունվի բոլորի կողմից, անկախ արդյունքից: Բայց քննարկումը շատ արագ ցույց տվեց, որ ճնշող մեծամասնությունը ճիշտ է համարում այն տարբերակը, որի մասին արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց հանրահավաքում: Այսինքն՝ ցուցակը վերջնական տեսքի բերելու պարտականությունը պետք է պատվիրակվի Լեւոն Տեր-Պետրոսյանին:

- Եվ պատվիրակվե՞ց:

- Խորհրդակցության բոլոր մասնակիցները կողմ արտահայտվեցին այդ տարբերակին, ու որոշումն ընդունվեց: Մի քանի կուսակցություններ կան, որոնք չեն մասնակցի ընտրություններին: Սա տեղավորվում է Հայ Ազգային Կոնգրեսի հռչակագրի դրույթների մեջ: Այնտեղ գրված է, որ ցանկացած կուսակցություն ինքն է որոշում ընտրություններին մասնակցության իր ձեւաչափը, ընդհուպ մինչեւ՝ առանձին մասնակցությունը: Մի քանի կուսակցություն, մնալով Կոնգրեսի կազմի մեջ, շարունակելով կազմել պայքարի մաս, այնուամենայնիվ, չեն ցանկանում մասնակցել ընտրություններին, թեեւ՝ իրենց հավաստիացումներով, ամեն ինչով կօգնեն:

- Եվ որոնք են այդ կուսակցությունները:

- Դրանք են՝ «Հայրենիք ու պատիվ», «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ», «Ազգային վերածնունդ» կուսակցությունները եւ «Հայ կամավորականների համախմբում» քաղաքական նախաձեռնությունը: Մենք հարգում ենք իրենց ընտրությունը, իրենք բոլորն էլ ասացին, որ տարբեր պատճառներով չեն ցանկանում մասնակցել ընտրություններին: Այնպես որ, ընտրական դաշինքը կկազմվի բոլոր մյուս կուսակցությունների կողմից:

- Իսկ «Հանրապետություն» կուսակցությո՞ւնը: Նրանց քաղաքական խորհուրդը որոշել էր, բացի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից, այլ թեկնածու չառաջադրել:

- Դա որեւէ կապ չունի ընտրական դաշինք կազմելու եւ ընտրություններին մասնակցելու որոշման հետ: Նույն հայտարարության մեջ նրանք նշել են, որ եւ ընտրական դաշինքի մաս են կազմում, եւ ակտիվորեն մասնակցելու են ընտրական գործընթացին: Այլ բան է, որ ունեն որոշում՝ համամասնական ցուցակում ընդգրկվել միայն կուսակցության առաջնորդի մակարդակով:

- Ե՞րբ է վերջնականապես պարզ դառնալու կուսակցության համամասնական ցուցակը:

- Օրենքով նախատեսված ժամկետներ կան՝ հայտը ԿԸՀ պետք է ներկայացվի մարտի 12-22-ը: Հաստատ կարող եմ ասել, որ դա կլինի մինչեւ մարտի 22-ը:

- Իսկ Տեր-Պետրոսյանի կազմած ցուցակը որքանով գոհացուցիչ կարող է լինել:

- Գոհացուցիչ տարբերակ չի կարող լինել: Բանն այն է, որ Հայ Ազգային Կոնգրեսն իսկապես քաղաքական ուժերի, վառ քաղաքական անհատականությունների աննախադեպ համախմբում է, եւ բոլորն էլ այնպիսի խոշոր տրամաչափի լիդերներ են, որ իսկապես կարող են հիմնավորված հավակնություններ ունենալ՝ բարձր տեղերի համար: Բայց խնդիրն այն է, որ դա հնարավոր չէ անել, հնարավոր չէ բոլորին իրենց վաստակին համարժեք տեղ հատկացնել: Այնպես որ, չեմ կարծում, թե համամասնական ցուցակից որեւէ մեկը կարող է գոհ լինել: Բայց այստեղ գործում է այլ սկզբունք՝ քաղաքական համախմբումը ոչ թե կայացել է հանուն ընտրացուցակում տեղ ունենալու, հանուն մանդատներ ստանալու, այլ՝ հանուն ժողովրդավարական Հայաստանի կայացման: Անգամ եթե զուտ հավակնությունների, գնահատականների տեսանկյունից իրենց համար քիմքին հաճելի չլինի, այնուամենայնիվ, բոլորը հանուն գործի պատրաստ են ընդունել վերջնական որոշումը: Կա եւս մեկ խանգարող խնդիր. որոշ մարդկանց կարող է թվալ, թե ով ում է հաջորդում այդ ցուցակում, սահմանում է ինչ-որ աստիճանակարգ, որը բնորոշում է մեկի գերադասությունը մյուսի նկատմամբ: Նման բան չկա, եւ չի էլ կարող լինել: Ցուցակը պետք է հասարակությանը ներկայացնի, թե ինչ կազմով ենք գնում ԱԺ ընտրությունների, մյուս կողմից այն պետք է ունենա մոբիլիզացիոն էֆեկտ: Ցուցակի առավել բարձր տեղերում պետք է լինեն մարդիկ, որոնք ունեն առաջին հերթին մարդկային լուրջ ռեսուրսներ, լուրջ ազդեցություն, որոնց անունը միայն առավել քանակով քաղաքացիների կներգրավվի ակտիվ քաղաքական մասնակցության մեջ:

- Իսկ մեծամասնական ընտրակարգով թեկնածուների հարցը որոշվա՞ծ է, թե համամասնական ցուցակի համեմատ, այն երկրորդ պլան է մղվել:

- Մենք համամասնական ցուցակին զուգահեռ զբաղվում ենք նաեւ մեծամասնական ցուցակով, եւ աշխատանքները դեռ շարունակվում են:

- Այս համատեքստում ինչպես կգնահատեք իշխող կոալիցիայի՝ ԱԺ ընտրություններին առանձին-առանձին մասնակցության որոշումը: Այս տարբերակը Կոնգրեսին ձեռնտո՞ւ է, թե ոչ:

- Եթե իշխանական թիմը լիովին վերահսկելի լիներ Սերժ Սարգսյանի համար, ապա դա նրա համար ավելի գերադասելի տարբերակ է: Մի քանի կուսակցությունով գնալով ընտրությունների, իշխանությունները կփորձեն հավաքել նաեւ այն մարդկանց ձայները, որոնք չեն ընդունի Սերժ Սարգսյանի Հանրապետականին, չեն քվեարկի նրա օգտին: Բայց այստեղ ավանդական տրամաբանությունը խախտվեց նրանով, որ տեսնելով ԲՀԿ-ի աճող անկախությունն ու ինքնուրույնությունը՝ որպես քաղաքական գործոն, Սերժ Սարգսյանը լուրջ անհանգստություն ունեցավ ու սկզբնական շրջանում հրաժարվեց ընտրություններին առանձին-առանձին գնալու սկզբունքից, փորձեց ստեղծել կոալիցիոն միասնական ցուցակ: Դրանով ձայն կկորցնեին, բայց՝ վերահսկելի կդարձնեին ԲՀԿ-ին: Սա չհաջողվեց Ս. Սարգսյանին, ԲՀԿ-ն մերժեց այդ տարբերակը: Եվ այն հանգամանքը, որ կոալիցիան գնում է առանձին-առանձին, հետեւանքն է նրա, որ մերժվել է Ս. Սարգսյանի նախընտրական պլանը: Դա ցույց է տալիս, որ բավական լուրջ հիմքեր կան մտածելու՝ ԲՀԿ-ն դառնում է Ս. Սարգսյանի համար ավելի ու ավելի քիչ վերահսկելի: Բայց իրականում երկու տարբերակն էլ սկզբունքորեն ձեռնտու են Համաժողովրդական շարժմանը: Երկու դեպքում էլ կան առավելություններ, որոնք անմիջապես պետք է օգտագործվեն: Ի վերջո, կամ ԲՀԿ-ն պետք է համաձայնվի ստանալ մանդատների այն քանակը, որ իրեն շնորհվում է վերեւից, եւ այդ դեպքում բոլորին ակնհայտ է դառնում, որ ԲՀԿ-ն ընդամենը այս ընտրությունների «ՕԷԿ»-ն է: Կամ ԲՀԿ-ն պետք է ամեն ինչ անի, որ ընտրությունների օրը տեղի ունենա ազատ եւ արդար քվեարկություն, եւ այդ դեպքում, հնարավորություն կա ջախաջախելու Հանրապետականին ընտրություններով:

- Հայ Ազգային Կոնգրեսը կարծես թե շատ է կարեւորում ԲՀԿ-ին, իր վերջին ելույթներում էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաճախ է դրան անդրադառնում՝ դրական լույսի ներքո: Ինչով է դա պայմանավորված, որ Կոնգրեսը բավական բայրացակամ է ԲՀԿ-ի հանդեպ:

- Շատ պարզ՝ մենք պատրաստ ենք համագործակցել եւ Ժառանգության հետ, եւ ՀՅԴ-ի հետ: Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այդ համագործակցությունը խորանում է: Բայց ԲՀԿ-ն նրանցից առանձնանում է իր քաղաքական կշռով: Այն ուղղակի ավելի ազդեցիկ քաղաքական գործոն է, քան մյուսները՝ եւ ընտրազանգվածի առումով, եւ այն հանգամանքի շնորհիվ, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս է կազմում ու ՀՀԿ-ից նրա անկախացումը ավելի հեռուն գնացող հետեւանքներ ունի:

- Մտավախություն չունե՞ք, որ այսօր ԲՀԿ-ն հանուն իր ձայների նաեւ Կոնգրեսի հետ կփորձի <լավամարդ> լինել, որոշակի ընդդիմադիր իմիջ ձեռք բերել, բայց ընտրություններից հետո կրկին հայտնվի իշխանական կոալիցիայում:

- Ձեր ասածը ՕԵԿ-ացման տարբերակն է, ոչ մեկը չի կարող դա բացառել: Բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հիմնական միտումը հակառակ ուղղությամբ է ընթանում. գնալով երեւում են հակասությունները, ընդգծվում ԲՀԿ-ի ինքնուրույնությունը: Ճիշտ է, այդ հակասությունները ժամանակ առ ժամանակ ավարտվում են փխրուն զինադադարներով, բայց դա երկար չի տեւում: Իսկ եթե ակնհայտ լինի, որ այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանին հաջողվել է ԲՀԿ-ին մղել դեպի ՕԵԿ-ացում, մենք միշտ էլ կհասցնենք հետեւություններ անել եւ հասարակությանը այդ իրողությունը ներկայացնել: Բայց այս պահին շատ կարեւոր է օժանդակել ԲՀԿ-ի լիակատար անկախացմանը:

- Տեսակետ կա, որ ԲՀԿ-ի՝ անկախացման փորձերը պայմանավորված են Ռոբերտ Քոչարյանի հետ նրանց ունեցած կապով: Մյուս կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անհամաձայնություն հայտնեց այդ կարծիքին: Ինչպես կմեկնաբանեք:

- Շատ տարրական պատճառ կա, թե ինչու Տեր-Պետրոսյանի ասածը ճիշտ է՝ Ռոբերտ Քոչարյանն այսօր չունի որեւէ ազդեցության լծակ՝ ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի վրա: Նա չունի որեւէ ուժային լծակ, քանի որ իշխանության մեջ չի, չի կարող ազդել պետական որեւէ մարմնի որոշման վրա, այդ լծակները Սերժ Սարգսյանի ձեռքում են: Ֆինանսական լծակներ եւս չի կարող ունենալ, քանի որ ԲՀԿ-ն ունի իր ֆինանսական հնարավորություններն ու կարիք չունի Քոչարյանի ֆինանսական օգնության: Հասարակական կարծիքի ստեղծման տեսակետից եւս չունի ոչ մի լծակ, փոխարենը՝ Կոնգրեսն ունի նման լծակ: Իսկ Քոչարյանը հրապարակային գործունեություն չի ծավալում եւ անգամ եթե ծավալի, դա միայն հակառակ արդյունք կտա, քանի որ նա վարկաբեկված է:

- Շրջանառվող լուրերի համաձայն՝ Քոչարյանն ու Ծառուկյանը համատեղ բիզնեսներ ունեն, նրանք փայատերեր են:

- Սկսենք նրանից, որ փայատեր լինելը չի ստեղծում ազդեցության լծակ եւ այնտեղ կախվածությունը փոխադարձ է: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ ԲՀԿ-ն ծավալում է քաղաքական գործունեություն, ունի լուրջ իշխանական լծակներ, հարց է՝ ով, ումից է կախված: Այնպես որ, դա չի կարող ազդեցության լծակ դառնալ: Ամփոփելով տեսնում ենք, որ Քոչարյանը չունի ազդեցության որեւէ լծակ եւ չէր էլ կարող ունենալ: Եթե կարող էր ազդեցության որոշակի լծակ Քոչարյանին տալ` ապագայում նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը, ապա նրա դեպքում սա եւս բացառվում է: Ինքն այնքան է վարկաբեկված, որ չի երեւում քաղաքական գործընթացը, որը կարող է բերել նրա դիրքերի փոփոխմանը:

- Իսկ որն է ստեղծված վիճակում Կոնգրեսի ռազմավարությունը:
- Կոնգրեսի ռազմավարությունը այս պահին` գալիք ընտրությունների միջոցով հեղափոխությունն է: Իսկ թե ինչպես ենք մենք դա պատկերացնում, կխոսենք ավելի մանրամասն մեր մարտի 30-ի հանրահավաքում , երբ կլուծենք ընտրություններին մասնակցելու հետ կապված բազմաթիվ հարցեր: Կարծում եմ, մարտի 30-ին Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական բանակը արդեն շարված կլինի եւ պատրաստ ընդհանուր հարձակման:

Lragir.am
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

No comments:

Post a Comment