PropellerAds

Thursday, November 27, 2014

Նիկոլի նախաձեռնությունը խղճուկ սադրանք է


Նիկոլը իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե կսատարի համաժողովրդական շարժմանը, երբ եռյակը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը:

ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին նա առաջին անգամ հայտարարեց հենց այն հարցազրույցում, որտեղ համոզմունք հայտնեց, որ եռյակը իբր դեռ չունի Սերժ Սարգսյանի հեռացման պահանջ: Այն պայմաններում, երբ Ազատության հրապարակից բազմաթիվ անգամ խոսվել է իշխանափոխության, Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալման, սահմանադրական կարգի վերականգնման անհարժեշտության մասին, սա, մեղմ ասած, փաստերի խեղաթյուրում է և ըստ էության Սերժ Սարգսյանին ծառայություններ մատուցելը արդարացնելու անօգուտ փորձ: Բայց սա մի կողմ:

Հիմա ստացվում է, որ Նիկոլը բացառել է որևէ համագործակցություն մինչև համաժողովրդական շարժումը չի ներկայացրել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ: Եթե այդպես է, ապա ինչպե՞ս է նա առանց եռյակի հետ համագործակցության պատկերացնում անհրաժեշտ 44 ստորագրություններ հավաքելը: Մի գուցե նրա հույսը ՀՀԿ-ն է:

Նույն Նիկոլը պատասխանելով իր կազմակերպության պարապության մասին հարցերին մշտապես խոսել է դրա, որպես ինստիտուցիոնալ կառույցի կայացման, կարճ ժամանակում իշխանափոխության հասնելու հստակ ծրագիր ունելու անհրաժեշտության մասին: Սիվիլնեթին տված նույն հարցազրույցում, որտեղ հրապարականացվեց իմպիչմենտի գաղափարը, նա կրկին արձանագրեց, որ իր կազմակերպությունը դեռ չունի բավարար ռեսուրսներ իշխանափոխություն իրականացնելու համար և այդ պատճառով իր կազմակերպության կողմից նման գործընթացի ձեռնարկումն այժմ ժամանակավրեպ է:

Հարց է առաջանում` ո՞րն է այս՝ իր պնդմամբ ոչ նպաստավոր պայմաններում իմպիչմենտի նախաձեռնման նպատակը, եթե իշխանափոխությունը բացառվում է:

Եվ վերջապես, ինչո՞ւ է Նիկոլը ակնկալում ստանալ ընդդիմության աջակցությունը:

Համաժողովրդական շարժումը ունի իշխանափոխության իր շատ հստակ ծրագիրը և բավար ռեսուրսներ այդ պրոցեսը հաղթական ավարտին հասցնելու համար: Հիմա Նիկոլի համար այս գործընթացը անընդունելի է և նա չի աջակցում դրան: Խնդիր չկա, Աստված նրա հետ, բայց կասկածի տեղիք է տալիս այն, որ վերջինս ակնկալում է շարժման աջակցությունը իր քայլին, երբ ոչ միայն չի ներկայացնում իր իշխանափոխության ծրագիրը, այլև օր ու գիշեր հայտարարում է, որ այդպիսին գոյությոն չունի:

Այս և մնացած այլ բազմաթիվ հարցերը, որոնց անդրադառնալու անհրաժեշտություն չկա, ցույց են տալիս, որ խնդրո առարկա նախաձեռնությունը ոչ թե նպատակ ունի նպաստել Հայաստանում մեկնարկած իշխանափոխության գործընթացին, այլ հակառակը՝ խոչընդոտել այն: Որպես ընդդիմության յուրատեսակ ստուգատես ներկայացվող այս նախաձեռնությունը, իրականում համաժողովրդական շարժմանը ֆալստարտի դրդելու խղճուկ սադրանք է:

Ընդդիմությունը տուրք չի տա նման սադրանքին, հատկապես այն դեպքում, երբ չի բացառվում, որ ինչ-որ պահի, երբ համազգային անհնազանդության միջոցառումների ճնշման տակ Խորհրդարանում տեղի ունենա ուժերի հավասարակշռության խախտում, առաջանա Սերժ Սարգսյանի պաշտոնանկության առաջադրման անհրաժեշտություն: Իսկ իմպիչմենտ չի կարելի շաբաթը մեկ ներկայացնել: Սա շարժման զինանոցում եղած այն եզակի փամփուշտներից է, որը չի կարելի օդ կրակել: Անհրաժեշտության դեպքում այն պետք է կրակել մեկ անգամ եւ ուղիղ նշանակետին:

Սարգսյանական վարչախմբը հավերժացնողներին


Որոշ «խելացիներ» ընդդիմությանը մեղադրում են քաղաքական պրոցեսները իբր դեպի 2017-2018 թ.-ի ընտրություններ տանելու մեջ: Մեկը լինի սրանց հարցնի՝ բա դո՞ւք ձեր նվնվոցներով, լաց ու կոծով, չղաձգվելով ու ոչինչ չանելով դեպի ուր էք տանում գործընթացները: Հավանաբար դեպի 2054-2055 թվականի ընտրություններ կամ, ինչը ավելի հավանական է, դեպի սարգսյանական վարչախմբի հավերժացում:

Մի բան կարող եմ ասել. էս մարդկանց շատ մոտ ապագայում խորը հիասթափություն է սպասում:

Խորհուրդ. Սերժին այլեւս չեք կարող օգնել, գոնե ձեր ծառայությունների համար հնարավորինս շատ փող պոկեք:

Saturday, November 8, 2014

Ռեժիմը տապալելու պահը


Պատկերացրեք` Սարդարապատի ճակատամարտից առաջ, երբ նախապատրաստվում էր հայկական ուժերի հակահարձակումը թուրքական զորքերի ուղղությամբ, հենց այն պահին, երբ ժողովուրդը զինվում ու միանում էր հայկական զորամասերին, հանկարծ հայտնվեին մի քանի անպոչգդալներ ու փորձեին զսպել մայիսի ազատագրական մարտերը, ասելով.«Այ ախպերներ, բա դուք, որ հիմա էս թուրքերի դեմ կռվում էք, դուք պատկերացնում եք, թե հետո ինչ Հայաստան եք ուզում, որոնք են Հայաստանը այս վիճակից հանելու ձեր ծրագրերը, ապագա Հայաստանի ինչ տեսլական ունեք, ովքեր են փոխարինելու թուրքերին, ինչու եք վստահ, որ թուրքերի հեռացումով մեր խնդիրները լուծվելու են: Եկեք էս հարցերի պատասխանները գտնենք ու նոր գնանք ազատագրական պայքարի, որովհետև մեր խնդիրը թուրքերը չեն, մեր խնդիրները համակարգային ու փիլիսոփայական բնույթ ունեն» և նմանատիպ այլ տռիվռիներ:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար այս, մեղմ ասած, այլ կարծիք ունեցողների հետ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ բախտի կարժանանային թուրքահաճո նման հայտարարություններ անողները:

Դե պատկերացրեք: Ու հիմա հասկացեք, որ Հայաստանը զավթված է 1918թ-ին հայկական տարածքները ավիրող թուրքերից բացարձակապես ոչնչով չտարբերվող, դեռ մի բան էլ բազմաթիվ հարցերում նրանց գերազանցող Սերժ Սարգսյանի ավազակախմբի կողմից: Հայաստանի ժողովուրդը ամեն օր թալանվում ու կեղեքվում է, ամեն օրը նոր կորուստներ է բերում մեր երկրին: Տեսլականների, ծրագրերի ու այլ նվնվոցների վրա ծախսած յուրաքանչյուր վայրկյանը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր անկախության ու պետականության համար:

Պայքարը, որը մեկնարկել է 2008թ.-ից և նոր թափ է ստացել 2014թ-ի հոկտեմբերի 10-ից բառի բուն իմաստով ազգային ազատագրական շարժում է: Ապագայի վերաբերյալ մտորումները կարևոր, բայց այս օրհասական պահին երկրորդական հարց են:

Սա ընդդիմության չհապաղելու և արժանապատվություն ունեցող, Հայաստանի ապագայով մտահոգվող յուրաքանչյուր քաղաքացու` գողերի ու մարդասպանների ռեժիմից ազատվելու այս գործընթացին միանալու պահն է:


https://www.facebook.com/aregface/posts/853544361357312?pnref=story

Tuesday, November 4, 2014

Իշխանափոխությունն անխուսափելի է


Եթե ընդդիմության քննադատների մեջ կան իսկապես ազնիվ մարդիկ, ովքեր տրամաբանելու, այլ ոչ թե դեմագոգիայով զբաղվելու ցանկություն ունեն, ապա նրանք չեն կարող հաշվի չառնել հետևյալ իրողությունները.

1. 2011թ-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշված քաղաքական ծրագիրը կյանքի կոչվեց: Այս տարվա հոկտեմբերի 10-ին Գագիկ Ծառուկյանի` Ազատության հրապարակ բարձրանալով մեկնարկեց բուրժուադեմոկրատական հեղափոխությունը:

2. Հարթակում կանգնած 4 քաղաքական ուժերը՝ Կոնգրեսը, Բարգավաճը, Ժառանգությունը, ՀԺԿ-ն իրենց ելույթներում, հայտարարություններում, հարցազրույցներում արդեն բազմաթիվ անգամ պաշտոնապես հայտարարել են, որ մեկնարկած գործընթացի վերջնական նպատակը ամբողջական իշխանափոխությունն է:
 

3. Շարժման ղեկավարությունը անվտանգության և գործողությունների արդյունավետության նկատառումներից ելնելով առայժմ չի հրապարակայնացնում իր քայլերը ժամանակացույցը և հերթականությունը՝ իշխանություններին շարժման դեմ արդյունավետ դիմադրություն կազմակերպելու հնարավորություն չտալու համար: Ինչքան էլ որ մենք այսօր ապրում ենք բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում, հավատացեք` դեռևս պահպանվել են հատուկ ծառայություններից ինֆորացիա թաքցնելոը մեթոդներ:

4. Միևնույն ժամանակ նույն քաղաքական գործիչների պաշտոնական խոսքերում մեկ անգամ չէ, որ բացվել են իշխանափոխություն ասվածի փակագծերը: Ըստ այդմ` իշախանափոխությանը առաջին փուլը վարչախմբի հեռացումն է: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկություն, Ազգային ժողովի ցրում: Երկրոդ փուլը հասարակական լայն վերահսկողության ներքո արտահերթ նախագահական և խորհրդարանական ազատ ընտրությունների անցկացումն է:

5. Շրժումը չի մտնելու արտաքին կողմնորոշումներին կողմ կամ դեմ պայքարի մեջ՝ ունենալով վստահ համոզմունք, որ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգցած է ոչ թե ինքնիշխանությունը առնողի, այլ այդ ինքնիշխանությունը՝ ներքին լեգիտիմության բացակայության պայմաններում արտաքին աջակցություն ստանալու նպատակով աճուրդի հանած Սերժ Սարգսյանի կողմից:

6. Ընդդիմությունը կարողացավ պարտադրել ռեժիմին առաջին զիջումը: Խոսքը Սերժ Սարգսյանը կողմից սահմանադարական փոփոխությունների երկարաձգման մասին է: Սա խոսում է ոչ միայն Սերժ Սարգսյանի վախերի մասին, այլ ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունները արժանացել են դիմադրության ոչ միայն ընդդիմության կողից, այլև հենց իշխանության ներսում: Կարելի է ասել, որ ռեժիմի մեկուսացմանը զուգահեռ տեղի է ունեցել նույն Սերժ Սարգսյանի մեկուսացումը հենց ռեժիմի ներսում: Եթե կարճ, ապա սահմանադրական փոփոխությունը նրա անձնական խնդիրնելը լուծող, անձնական նախաձեռնությունն էր, որը իշխանության ներսում տարատեսակ նախագահացուների առկայության պայմաններում չի արժանացել թիմի միասնական աջակցությանը:

7. Ներկա փուլում մեկնարկել է ընդդիմության միասնական շտաբերի ձևավորում, որը պետք է ընկալել, որպես իշխանափոխության պարտադրման նպատակով զանգվածային քաղաքացիական անհնազանդության գործողություններից առաջ շարժման թիկունքի ամրապնդում և արտահերթ ընտրությունների նախապատրաստում:

Սերժ Սարգսյանին մնացել է մեկ քայլ. հրաժարական: Եվ այս իրավիճակում երկրի ապագայով մտահոգ շրջանակները պետք է գիտակցեն առնվազն անիմաստ դատարկախոսությամբ համաժողովրդական շարժմանը չխանգարելու անհրաժեշտությունը:


https://www.facebook.com/aregface/posts/851083481603400?pnref=story