PropellerAds

Saturday, April 6, 2013

Վտանգավոր հակասություններ հարթակում

Հնարավոր չէ չհամաձայնվել այն մտքի հետ, որ ընդդիմադիր ուժերի քննարկման և քննադատության առաջնային թիրախը պետք է լինի Հայաստանի գլխին աղետ դարձած վարչախումբը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Սակայն ներկայիս իրավիճակը ստիպում է խոսել նաև ընդդիմադիր դաշտում գործող ուժերի սխալներից, որ արդեն սկսել են առնչվել քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգությանը:

Ինչքան մոտենում է ապրիլի 9-ը, այդքան ավելի են ակտիվանում ժողովրդին ոտքի հանելու կոչերը, ինչը հասկանալի և ընդունելի երևույթ է, սակայն դրան զուգահեռ մեծանում են այդ օրվա անելիքների հետ կապված անորոշությունն ու հարթակում կանգնածների ակնհայտ հակասական կեցվածքն ու խոսքերը, ինչն իր մեջ լրջագույն վտանգներ է պարունակում: Եթե Րաֆֆին հայտարարում է հավաք Ազատության հրապարակում, ապա Նիկոլը քաղաքապետարան իրազեկում է ներկայացնում Հանրապետության հրապարակում հավաք անկացնելու մասին: Րաֆֆին էլ իր հերթին հայտարարում է. «...մենք մեկ ենք փողոցներում, հրապարակներում` Ազատության, թե Հանրապետության»: Այնուհետև վերջինս հարթակից հայտարարում է երթի ուղղությունը, որի մեջ չի մտնում Բաղրամյան պողոտան, սակայն արդեն երեկոյան` հանրահավաքից հետո սոցիալական ցանցերում նիկոլական ուղղվածություն ունեցող քարոզիչները սկսում են խոսել դեպի Բաղրամյան 26 երթ նախատեսելու մասին: Սրանք հակասությունների շատ փոքր մասն են, որոնք, սակայն, արդեն անհամատեղելի են «անվտանգ զանգվածային միջոցառում» ասվածի հետ:

Ցանկացած կազմեկերպվող հավաք, երթ, ցույց պետք է ունենա միլիմետրերի ճշտությամբ հաշվարկած գործողությունների պլան: Հակասություններն ու տարատեսակ կարծիքները կարող են տեղ ունենալ միայն որոշման կայացումից առաջ: Դրանից հետո ուղղակի անթույլատրելի են կազմակերպիչների հրապարակային հակասական հայտարարությունները, որոնք կարող են շատ վտանգավոր մոլորության մեջ գցել քաղաքացուն: Հավաքի կազմակերպիչները պատասխանատվություն են կրում հավաքին հրավիրվող քաղաքացիների կյանքի և առողջության համար, մանավանդ այն դեպքում, երբ հանցավոր իշխանությունները պատրաստ են ցանկացած պահի բիրտ ուժ գործադրել ցուցարարների նկատմամբ: Սակայն այս դեպքում իրավիճակը բարդանում է նրանով, որ հարթակում, փաստորեն, չկա վերջնական որոշում կայացնելու մեխանիզմ:

Այդ օրը` ինչ-որ պահի կարող են հնչել մի քանի կարծիքներ գործողությունները շարունակելու վերաբերյալ` ամենապարտվողականից, մինչև ամենածայրահեղական: Եվ ստացվում է, որ ի տարբերություն նախորդ տարիների սադրիչ և պառակտող գործողությունները մեկնարկելու են ոչ թե իշխանությունների ջանքերով` ներդրված սադրիչ-ակտիվիստների, այլ ընդդիմադիր կոչվող` հարթակում կանգնած լիդերների կողմից:

Այսինքն` այս պահին լրջագույն վտանգ են ներկայացնում ոչ թե իշխանական բռնության մեքենան, որից հարվածները սպասելի են, այլ հարթակում կանգնածների արկածախնդիր և անպատախանատու գործողությունները: Այս վտանգներից խուսափելու լավագույն ձևը կլիներ նմանատիպ կազմակերպչական թերություններ ունեցող հավաքներին չմասնակցելնը, սակայն, եթե կան մարդիկ, որ դա անհնար են համարում, ապա գոնե պետք է հաշվի առնեն այս հանգամանքները և զգուշանան սադրանքներից` գիտակցելով, որ իշխանության ղեկից հանցագործների վտարման և Հայաստանում ժողովրդավարության հաստատման միակ ճանպարհը կազմակերպված և Սահմանադրությանը չհակասող պայքարն է:

Արեգ Գևորգյան

No comments:

Post a Comment