Եվ ինչ որ մեկը այս երկրում դեռ կարծում է, որ մենք ունենք ազատ ու արդար դատական համակա՞րգ, ինչ որ մեկը հավատում է, որ արդար դատարանը իր արդար մղումներից ելնելով ընդունել է կալանքը՝ որպես Հայկ Գևորգյանի խափանման միջոց, դուք հավատում էք, որ ՀԱԿ յոթ ակտիվիստների դեմ շարունակվող դատական նիստերում դատավոր են հանդիսանում դատարաններում սև շորերով նստած մարդի՞կ: Իհարկե դուք այդքան միամիտ չեք: Դուք չեք կարող մոռանալ, որ դեռ ուժի մեջ են հարյուրավոր նախկին քաղբանտարկյալների շինծու գործերը, նրանք ազատ են արձակվել առանց արդարացվելու... Մենք բոլորս շատ լավ տեսնում ու հասկանում ենք, որ դատարաններն այսօր դեռևս գտնվում են վարչախմբի տոտալ վերահսկողության տակ, քանի որ հանցավոր ճանապարհով իշխանության եկածներն այդ նույն մեթոդներով էլ պիտի այն պահեն, պիտի անդադար խախտեն օրենք, և այդ նույն հանցագործությունները թաքցնելու ու վերահսկալու համար պիտի կրկին ու կրկին սարքեն գործեր ոստիկանությանների ու դատախազությունների միջոցով, պիտի լկտիաբար ուղղորդեն դատարաններին ու դատավորներին: Եվ սա նորմալ է, նորմալ է քանի դեռ մենք թույլ ենք տալիս... Քանի դեռ մենք արդարանում ենք դատարաններում, երբ մեր կամ մեր համաքաղաքացիների նկատմամբ իրականացվում է ակնհայտ քաղաքական հետապնդում... Մենք ընդունում ենք խաղի կանոնները, որ մեզ պարտադրվում է: Բայց ժամանակը փոխվել է, մենք չենք խաղում այլևս այս կանոններով, մենք կպարտադրենք մեր խաղը, մեր կանոններով և վարչախումբը կամ կխաղա կամ ուղղակի կհեռանա:
Հ.Գ. ՀԱԿ երիտասարդների դեմ հունվարի 7-ին կայացած դատական նիստում ես տեսա մարդ, որը հավատում էր, թե դատարանները չեն ուղղորդվում, նա շատ զարմացավ և խնդրեց ինձ ազատել դատական նիստերի դահլիճը, երբ նիստի ընթացքում ես բարձրացրեցի "Սերժի կամակատար դատարան" գրառումով պաստառը: Այդ մարդը սև շորերով էր ու նստած էր ուղիղ այն տեղում, որտեղ նստում են դատավորները:
No comments:
Post a Comment