PropellerAds

Saturday, April 30, 2016

Թամբալի կամ հաճախորդի արդարացումը

Գիտե՞ք. չափազանց գեղեցիկ է հնչում «Ոչինչ Ընտրական օրենսգրքից կախված չէ» պնդումը: Իսկապես հրաշագործ պնդում է: Մինգամից արդարացնում է այդ օրենսգիրքը բարելավելու պրոցեսում քո անգործությունը կամ այդ պրոցեսի վրա ազդելու քո անկարողությունը: Բայց սա դեմագոգիա է, սա հաճախորդի, լավագույն դեպքում` թամբալի արդարացում է:

Այս պարզունակ բառախաղը հատկապես «արդարացնում է» իշխանությունների ներկայացրած հակաժողովրդավարական նախագծին կողմ քվեարկելը, ինչը հպարտությամբ իրականացրեցին իրենց ընդդիմադիր հռչակած ԲՀԿ-ական պատգամավորները, Ռուբիկ Հակոբյանը և Ալիկ Արզումանյանը։

Նայեք, հարցն այստեղ կեղծիք լինել կամ չլինելու մասին չէ, այլ այդ կեղծիքի հնարավորությունը և ընտրությունների հասարակական վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնել է: Այդ ընտրակեղծիքները իրականացվում եմ օրենսդրական բացերի առկայության պայմաններում, իսկ բացերը առաջանում են, երբ օրենքը չի համապատասխանում առկա իրական պրոբլեմներին, չի նախատեսում այն խնդիրների լուծումը, որոնք այս կամ այն պատճառով կան Հայաստանում և հատուկ են մեր ընտրական գործընթացներին: Իհարկե, միայն ընտրական օրենսգրքով հնարավոր չէ հասնել հաջողության, իհարկե, վտանգավոր են նաև պատրանքներն այն մասին, որ միայն օրենսգիրքը կբացառի ընտրակեղծարարությունը և միանշանակ է, որ իշխանությունների քաղաքական կամքի բացակայության պայմաններում կարևորգույն նշանակություն է ունենալու ընտրությունների վերահսկողությունը: Սա անվիճելի է: Բայց միևնուն ժամանակ ընտրական օրենսգիրքը բարելավելու հնարավորությունը մերժելը և բացառապես վերահսկողության վրա շեշտ դնելը, մեղմ ասած, արդյունվետ չէ: 


Եթե պատը քանդելուց առաջ դու ունես այն ինչ-որ նյութով թուլացնելու հնրավորություն, ապա ինչո՞ւ չօգտվես դրանից: Ո՞ր տրաբանությունը քեզ պետք է ստիպի պատը 50 հարվածով քանդելու փոխարեն ընտրել այդ պատը 150 հարվածով քանդելու տարբերակը: Մի՞թե այն անհերքելի պնդումը, որ պատ քանդողը չագուչն է, այլ ոչ թե պատը թուլացնող նյութը...

Միայն միամիտը կամ իշխանության վերատադրության ծրագրին լծված անձը կարող է ասել, որ ընտրատեղամասում տեղադրված տեսախցիկը չի բարդացնի, իսկ ընդդիմության վերահսկողության պայմաններում գրեթե անհնարին չի դարձնի վստահված անձանց, դիտորդների կամ լրագրողների նկատմամբ բռնությունը, լցոնումը, կրկնաքվեարկությունը կամ հաշվարկի ընթացքում ձայների գողացումը, որ ընտրողների ցուցակների հրապարակումը համադրված ընդդիմության գրագետ աշխատանքի հետ չի նվազեցնի կամ ընդանրապես չի բացառի երկրից բացակայողների կամ հանգուցյալների փոխարեն քվեարկությունը և այլն:

Ի դեպ այս նույն ուժերը հենց նույն տրամաբանությամբ մերժեցին մի դեպքում սահմանադրական հանրաքվեին չդիմադրելը, մյուս դեպքուն իշխանական այդ ծրագրին «այո» ասելը։ Եվ ընդհանրապես, ՀՀ ողջ պատմության ընթացքում հենց այս՝ «միևնույն է ոչինչ չի փոխվելու տրամաբանությամբ» «ոչիշխանականներն» իրենց աջակցությունն են ցույց տվել իշխանություններին նրանց ամենաաղետալի ծրագրերում։

Թվում էր թե ապրիլյան պատերազմը սառը ցնցուղ կլինի թե՛ իշխանության և թե՛ նրանց աջակցողների համար։ Այս շրջանակը պետք է որ գիտակցած լիներ իր քայլերի հետևանքը։ Իշխանությունը ընտրություններ կեղծելու ու ժողովրդավարությունը տապալելու, «ոչիշխանականները» այդ գործի հանցակիցը լինելու մասով։ Այստեղ նրանց մեղավորության աստիճանը լիովին նույնն է։ Սակայն ինչպես երևում է իշխանությանը մոտ գտնվելու մոլուցքը շատ ավելի ուժեղ գտնվեց քան պետական, ազգային շահի գիտակցումը։

Հ.Գ. Ընդդիմության և քաղաքացիական հասարակության պահանջները ներառած ընտրական օրենսգիրքը վերջնական հաղթանակ չի լինի, սակայն միանշանակ կդառնա վերջնական հաղթանակի հասնելու լավ հիմք: Եվ սրա համար պետք է պայքարել ու առաջին հերթին իշխանական նախագծին ԱԺ-ում դեմ քվեարկելով։


Wednesday, April 13, 2016

Թարգեք դատարկ նվնվոցը. Վերաջապես հասկացեք ներազգային համախմբման կենսական անհարժեշտությունը

Երբ ձեզ ասվում էր՝ թարգեք «ոչիշխանական» խաղերը, թարգեք «երաշխավորված հաղթանակի» սպասելը, երբ ասվում էր՝ տրորած ոտքերի ու բարձր կոմունալ վարձերի, երկրորդական չինովնիկների ու իրավապահների դեմ կռիվն ուղղեք դեպի գլխավոր խնդիրը, երբ ասվում էր, որ քանի լուծված չէ սահմանադրական կարգի խնդիրը, նման վարվելակերպը զուր ժամանակի ու ռեսուրսի վատնում է ու չի կանխելու ծանր հետևանքները, արդարացումների պակաս երբեք չէր լինում: Դա ասվում էր հենց այս օրվա համար, երբ կարևոր կռվի ընթացքում պետք է ժամանակավորապես համակերպվենք մեր ունեցածի հետ.... կարող էինք ավելի շատ ունենալ, ինչը սակայն, արդեն քիչ կարևոր է:

Իսկ հիմա դառել եք սուր «հեղափոխականներ»... Բա ուր էիք, բա չեք վախենում, որ «կասոցացվեք Կոնգրեսի հետ», որ «կքաղաքականանաք», բա դուք ասում էիք, որ քաղաքական ուժերից հույս չկա, բա հիմա ինչի եք սգավորվել..... Բարի եղեք կա՛մ կոնկրետ այս պահին, կոնկրետ այս խնդիրը լուծելու նախագահ Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակին այլընտրանք առաջարկեք, կա՛մ թարգեք դատարկ նվնվոցը:

Մի փորձեք հեղափոխական երևալ Կոնգրեսին ինադու, դուք դա չարեցիք, երբ պետք էր անել իշխանությանը ինադու:

Ուղղակի մի բան իմացեք. էս ժամանակն էլ անցնելու է, Հայաստանն այս դժվարությունը հաղթահարելու է, Կոնգրեսն իր գործը հասցնելու է հաղթական ավարտին, բայց ինչպես միշտ այդտեղ ամենաքիչ մասնակցությունը, եթե ոչ ինքնանպատակ կամ պատվիրված հակադրությունը լինելու է այսօրվա «հեղափախականների» կողմից:
...
Բացառությամբ սուր անհրաժեշտության այլևս այս թեմաներին չեմ անդրադառնալու: Հակասությունների ժամանակավոր սառեցում հարկավոր է բոլոր հասարակական շրջանակների միջև... Նույնը խորհուրդ եմ տալիս նաև ձեզ. թարգեք ու վերաջապես հասկացեք պահի կարևորությունն ու այս պահին ներազգային համախմբման կենսական անհարժեշտությունը:

Saturday, April 9, 2016

Ո՞վ է մեղավոր

Նախ մի քանի հռետորական հարց

Որտե՞ղ է խոստացված անվտանգությունը, որտե՞ղ է հարյուր տարի էլ ստուտուս քվոն պահելու ՀՀ-ի հնարավորությունը, որտե՞ղ է Արցախի հարցը ավելի լավ պայմաններով, քան 97-ին լուծելու հնարավորությունը:

Չմոռանանք, որ գործող ռեժիմը 20 տարի առաջ իշխանության եկավ հենց այս հռետորաբանությամբ. «Ղարաբաղյան կարգավորման պրոցեսում պետք է վարել ակտիվ սառեցման քաղաքականություն» (Ս. Սարգսյան), «Փուլային տարբերակը կարող է մեծացնել պատերազմի վտանգը։ Նոր դիրքերը մեզ համար դժվար կլինի ամրացնել» (Ս. Սարգսյան), «Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ կարելի է զարգանալ նաեւ մեկուսացման պայմաններում» (Ռ. Քոչարյան) և այլն:

Հիմա կոնկրետ

Ո՞վ էր մեղավոր դիվանագիտական ձախողումներում. Սառեցման քաղաքականությունը

Եթե անգամ սառեցման քաղաքականությունը կարող էր օգուտներ տալ, օրինակ, զինադադարի խախտումը հետաձգեր ևս 10-20 տարով, ապա դրանում համոզվելու համար հարկավոր էր այն սառեցված պահել լիարժեքորեն: Բայց չգիտես ինչու «ոչ մի թիզ հող չտվողների» ձեռքում այդ քաղաքականությունը սկսեց «հալչել»: Անհեռատես ու անգրագետ արտաքին քաղաքականության հետևանքով նախ թույլ տրվեց ամենակոպիտ և ճակատագրական սխալը՝ 98-ին Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից, ինչը վերջնականապես ամրագրվեց Մայնդորֆյան փաստաթուղթով (2008 թ.), դրան հետևեցին արդեն միջազգային հանրության ոչ հայանպաստ դիքորոշումները, որոնցից ամենաթարմը ԵԽԽՎ-ում ընդունված աննախադեպ հակահայկական ձևակերպումներով բանաձևն էր, որով, ըստ էության, Հայաստանը ճանաչվեց ագրեսոր (բանաձևից. Հոդված 4. «Վեհաժողովը դատապարտում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հարակից այլ տարածքների բռնազավթումը…», Հոդված 7.1. Վեհաժողովը խնդրում է «Հայկական ուժերի անհապաղ դուրսբերում նշված տարածաշրջանից»): Կարիք չկա, կարծում եմ, բացատրելու, որ այս դիվանագիտական ձախողումներով ԼՂՀ ինքնորոշման հարցը քայլ առ քայլ մղվեց երկրորդական պլան՝ տալով Ադրբեջանին մանևրելու լայն հնարավորություններ: Իհարկե, տեղի ունեցածը չի կարելի որակել, որպես բացառապես ապաշնորհության հետևանք: Սա ունի նաև շատ օբյեկտիվ պատճառ՝ ներքին լեգիտիմություն չունեցող իշխանությանը շատ դժվար է աշխարհի հետ հարաբերվելիս սեփական իշխանությունը պահելու հարցը լուծելուն զուգահեռ դրսևորել նաև պետական մտածողություն (մեղմ ասած):

Ո՞վ է մեղավոր ԶՈւ-ի 80-ականների մակարդակում մնալու համար. Զարգացումը մեկուսացման պայմաններում

Սրա մասին բավականին հաճախ արտահայտվել է հենց Սարգսյան Սերժը: Օրինակ՝ «Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք և հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում և չենք կապելու:» 2016.,փետրվար: Գուցե որոշ առումով այս անհավանական պնդումն էլ հնարավոր լիներ իրականություն դարձնել, սակայն մեկ կարևոր նախապայմանով՝ եթե իշխանությունները գործադրեին գերբնական ջանքեր հավանական պատերազմի պատճառով ներդրումների համար գրավչություն չունեցող Հայաստան ֆինասական հոսքեր ապահովելու համար: Ինչի համար հարկավոր էր ամրապնդել ժողովրդավարությունը, ոչ մի դեպքում թույլ չտալ կոռուպցիայի և մենաշնորհների զարգացումը, խթանել արդյունաբերությունը, ստեղծել ջերմոցային պայմաններ բիզնեսի զարգացման համար, զարգացնել զբոսաշրջությունը և այլն: Սակայն այստեղ նույնպես «ոչ մի թիզ հող չտվողները» արեցին ճիշտ հակառակը: Պետության հաշվին հարստանալու Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի մոլուցքը ոչնչացրեց տնտեսությունը, Հայաստանը դարձավ դժոխք ներդրումների համար, իսկ կեղծվող ընտրությունները բացառեցին ժողովրդավարության զարգացումը, որը խթանեց աղետալի մակարդակի հասնող մարդկային ռեսուրսի կորուստ՝ արտագաղթ: Այս հանգամանքները չէին կարող չազդել Հայաստանի սպառազինության քանակական և որակական հատկանիշների, հատկապես 80-ականների մակարդակում մնալու վրա:

Ո՞վ է տասնյակ զոհերի պատասխանատուն. Պաշտպանական դիրքերը

Ոչ ոք չի վիճի, որ ապրիլի 1-2-ին բանակը գործել է ստեղծված իրավիճակին ու իր հնարավորություններին համահունչ և իր գործը կատարել է բարձր մակարդակով: Նույնը վերաբերվում է նաև մարտական գործողությունների ողջ ընթացքին: Սակայն ինչպե՞ս կարող էր 19 տարի ամրացվող պաշտպանական դիրքը նման կերպ ճեղքվել: 19 տարում այդ գիծը կարելի էր դարձնել Մոժինո կամ Չինական պատ: 19 տարում ողջ ճակատով այնքան ամրություններ ու ժամանակակից նախազգուշացնող համակարգ կարելի էր դնել որ ադրբեջանցիների մտքով անգամ չանցներ փորձել անցնել սահմանը, եթե անգամ խրամատներում մարդ չլիներ: Իհարկե ընդանրապես անանցանելի ամրություն ստեղծելը անհնար է, բայց այդ դեպքում հակառակորդը, եթե անգամ հանդգներ հարձակվել, ստիպված կլիներ սահմաննին կուտակել շատ ավել մեծաքանակ զորամիավորումներ, ինչը իր հերթին անգամ ամենավատ հետախուզության համար աննկատ մնալ չէր կարող: Հիմա կասեք, թե սա ահռելի ծախսերի հետ է կապված: Միանշանակ: Բայց հիմա գումարեք քսան տարին Սերժ Սարգսյանի ու նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանից թալանված գումարների հետ և կտեսնեք, թե քանի անանցանելի պաշտպանական գիծ կստացվի:

Հ.Գ. Այս իշխանության 19-ամյա հանցավոր գործունեությունը վերջ ի վերջո ստիպեց Ալիևին տրվել ուժային տաբերակով հարցը լուծելու գայթակղությանը: Ուզած թե չուզած, (նշանակություն չունի) գործող իշխանությունը՝ իր ոչ օրինակարգությամբ և դրանից բխող բոլոր հետևանքներով Հայաստանը և Արցախը թուլացնելու գործում դարձավ Ալիևի ամենաօգտակար դաշնակիցը:

Հ.Գ. Իրականում դեռ կա սթափվելու, անցած ճանապարհը վերաիմաստավորելու, սխալները հասկանալու և իրավիճակին համարժեք քայլերով լուծումներ փնտրելու գործին լծվելու հնարավորություն: Իսկ խնդիրները վերջնականապես լուծելու նպատակով Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն պետք է պատրաստ լինեն կամավոր ստանձնել սեփական իշխանությունը կորցնելու գնով Հայաստանի և Արցախի անվտանգության ամենակարևոր երաշխիքի՝ օրինակարգ իշխանության ձևավորմանը նպաստելու պարտավորություն: Հակառակ դեպքի մասին չխոսենք: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե ինչ կպատահի սեփական մեղավորությամբ Ղարաբաղյան հարցը հայ ժողովրդին ոչ ձեռնտու տարբերակով «լուծած» ցանկացած իշխանության հետ: