PropellerAds

Saturday, April 30, 2016

Թամբալի կամ հաճախորդի արդարացումը

Գիտե՞ք. չափազանց գեղեցիկ է հնչում «Ոչինչ Ընտրական օրենսգրքից կախված չէ» պնդումը: Իսկապես հրաշագործ պնդում է: Մինգամից արդարացնում է այդ օրենսգիրքը բարելավելու պրոցեսում քո անգործությունը կամ այդ պրոցեսի վրա ազդելու քո անկարողությունը: Բայց սա դեմագոգիա է, սա հաճախորդի, լավագույն դեպքում` թամբալի արդարացում է:

Այս պարզունակ բառախաղը հատկապես «արդարացնում է» իշխանությունների ներկայացրած հակաժողովրդավարական նախագծին կողմ քվեարկելը, ինչը հպարտությամբ իրականացրեցին իրենց ընդդիմադիր հռչակած ԲՀԿ-ական պատգամավորները, Ռուբիկ Հակոբյանը և Ալիկ Արզումանյանը։

Նայեք, հարցն այստեղ կեղծիք լինել կամ չլինելու մասին չէ, այլ այդ կեղծիքի հնարավորությունը և ընտրությունների հասարակական վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնել է: Այդ ընտրակեղծիքները իրականացվում եմ օրենսդրական բացերի առկայության պայմաններում, իսկ բացերը առաջանում են, երբ օրենքը չի համապատասխանում առկա իրական պրոբլեմներին, չի նախատեսում այն խնդիրների լուծումը, որոնք այս կամ այն պատճառով կան Հայաստանում և հատուկ են մեր ընտրական գործընթացներին: Իհարկե, միայն ընտրական օրենսգրքով հնարավոր չէ հասնել հաջողության, իհարկե, վտանգավոր են նաև պատրանքներն այն մասին, որ միայն օրենսգիրքը կբացառի ընտրակեղծարարությունը և միանշանակ է, որ իշխանությունների քաղաքական կամքի բացակայության պայմաններում կարևորգույն նշանակություն է ունենալու ընտրությունների վերահսկողությունը: Սա անվիճելի է: Բայց միևնուն ժամանակ ընտրական օրենսգիրքը բարելավելու հնարավորությունը մերժելը և բացառապես վերահսկողության վրա շեշտ դնելը, մեղմ ասած, արդյունվետ չէ: 


Եթե պատը քանդելուց առաջ դու ունես այն ինչ-որ նյութով թուլացնելու հնրավորություն, ապա ինչո՞ւ չօգտվես դրանից: Ո՞ր տրաբանությունը քեզ պետք է ստիպի պատը 50 հարվածով քանդելու փոխարեն ընտրել այդ պատը 150 հարվածով քանդելու տարբերակը: Մի՞թե այն անհերքելի պնդումը, որ պատ քանդողը չագուչն է, այլ ոչ թե պատը թուլացնող նյութը...

Միայն միամիտը կամ իշխանության վերատադրության ծրագրին լծված անձը կարող է ասել, որ ընտրատեղամասում տեղադրված տեսախցիկը չի բարդացնի, իսկ ընդդիմության վերահսկողության պայմաններում գրեթե անհնարին չի դարձնի վստահված անձանց, դիտորդների կամ լրագրողների նկատմամբ բռնությունը, լցոնումը, կրկնաքվեարկությունը կամ հաշվարկի ընթացքում ձայների գողացումը, որ ընտրողների ցուցակների հրապարակումը համադրված ընդդիմության գրագետ աշխատանքի հետ չի նվազեցնի կամ ընդանրապես չի բացառի երկրից բացակայողների կամ հանգուցյալների փոխարեն քվեարկությունը և այլն:

Ի դեպ այս նույն ուժերը հենց նույն տրամաբանությամբ մերժեցին մի դեպքում սահմանադրական հանրաքվեին չդիմադրելը, մյուս դեպքուն իշխանական այդ ծրագրին «այո» ասելը։ Եվ ընդհանրապես, ՀՀ ողջ պատմության ընթացքում հենց այս՝ «միևնույն է ոչինչ չի փոխվելու տրամաբանությամբ» «ոչիշխանականներն» իրենց աջակցությունն են ցույց տվել իշխանություններին նրանց ամենաաղետալի ծրագրերում։

Թվում էր թե ապրիլյան պատերազմը սառը ցնցուղ կլինի թե՛ իշխանության և թե՛ նրանց աջակցողների համար։ Այս շրջանակը պետք է որ գիտակցած լիներ իր քայլերի հետևանքը։ Իշխանությունը ընտրություններ կեղծելու ու ժողովրդավարությունը տապալելու, «ոչիշխանականները» այդ գործի հանցակիցը լինելու մասով։ Այստեղ նրանց մեղավորության աստիճանը լիովին նույնն է։ Սակայն ինչպես երևում է իշխանությանը մոտ գտնվելու մոլուցքը շատ ավելի ուժեղ գտնվեց քան պետական, ազգային շահի գիտակցումը։

Հ.Գ. Ընդդիմության և քաղաքացիական հասարակության պահանջները ներառած ընտրական օրենսգիրքը վերջնական հաղթանակ չի լինի, սակայն միանշանակ կդառնա վերջնական հաղթանակի հասնելու լավ հիմք: Եվ սրա համար պետք է պայքարել ու առաջին հերթին իշխանական նախագծին ԱԺ-ում դեմ քվեարկելով։


No comments:

Post a Comment