PropellerAds

Tuesday, February 10, 2015

Ծիծեռնակաբերդում Սերժի ստվերն անգամ չպետք է երևա

Ինչպես և սպասվում էր, տարվա սկզբից մեկնարկեց «Սերժ Սարգսյանը սպիտակ ձիու վրա նստած նշում է ցեղասպանության հարյուրամյակը» գովազդային հոլովակը: Եվ ահա երեկ ևս մեկ անգամ ականատեսը եղանք այդ հոլովակի հերթական դրվագներից մեկին։ 

Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ խորհրդաժողով՝ ՀՀ պետական մարմինների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ։ Ուշադրություն դարձրեք, որ տվյալ միջոցառումը անցկացվում է բացառապես Ցեղասպանության հարյուրամյակի հարցով, մինչդեռ, Հայաստանի առջև առնվազն վերջին ամիսներին ծառացած խնդիրները այնքան շատ են, որ եթե հայաստանյան իշխանությունները իսկապես մտահոգված լինեին պետության և ազգի ապագայով, ինչպես ներկայացվում է 1915 թվականի դեպքերին նվիրված միջոցառումների ժամանակ, ապա արդեն տարվա սկզբից մենք ականատես կլինեինք ոչ թե մեկ, այլ տասը նման խորհրդաժովների, որտեղ կքնարկվեին Հայաստանում առկա կառավարման ճգնաժամը՝ իր բոլոր հետևանքներով՝ դրամի գահավիժում, ակտիվիստների և քաղաքական գործիչների նկատմամբ ահաբեկչական հարձակումներ, սահմանային լարվածություն, Գյումրիի դեպքեր և բազմաթիվ այլ հարցեր։ Բայց ունենք այն, ինչ ունենք։Իհարկե կլինեն մարդիկ, ովքեր կասեն, թե մարդը հազիվ մի լավ գործ է անում, օր ու գիշեր զբաղվում է հայության ամենացավոտ խնդրով, ի՞նչ վատ բան է անում, կարող է խելքի է եկել, ի՞նչ վնաս է տալիս: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ Սերժը հանկարծ խելքը գլուխը հավաքած լինի եւ որոշած լինի մի օգտակար գործ անել, բայց եթե դա այդպես է, ապա այս գործում նրա ամենամեծ օգուտը կլիներ հարյուրամյակին նվիրված միջոցառումներից հնարավորինս հեռու մնալը:

Առաջին


Արդեն հազար անգամ ասվել է, որ Ցեղասպանության հարցը չպետք է վերածվի ո՛չ էժան քարոզչական նպատակներ ունեցող Սերժ Սարգսյանի անձնական նախաձեռնությունների շարքի, ո՛չ էլ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային հարցի, այսինքն՝ քաղաքական էժան շահարկումների և առևտրի առարկայի:

Երկրորդ

Ի՞նչ իրավունք ունի Սերժ Սարգսյանը իրենից գոհ դեմքով մասնակցել Ցեղասպանությանը նվիրված բոլոր միջոցառումներին, երբ այն ինչ նա իր թիմով արեց վերջին տարիներին ոչնչով չի զիջում 1915-ին թուրքերի կողմից իրականացված ոճրագործությանը: Ի՞նչ իրավունք ունի ցեղասպանությունից խոսել ու որպես հայերի իրավունքների պահանջատեր ներկայանալ մի մարդ, ով Երիտթուրքերից բեթար թալանում ու հալածում է հայերին, ով այդ թալանելու հնարավորությունը ձեռք բերելու համար կազմակերպել է նույն հայերի մարտիմեկյան գնդակահարությունը, ում տգետ ու հակապետական կառավարման արդյունքում օր օրի աճում է արտագաղթը՝ Հայաստանում հայաթափման մի այնպիսի կատարյալ մեխանիզմ, ինչի մասին անգամ Երիտթուրքերը կերազեին:

Երրորդ

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչիպիսին է աշխարհի վերաբերմունքը այս միջոցառումներին, երբ դրանք ներկայացնողը և, այսպես ասած, դրանց դեմքը հանդիսանում է միջազգային ասպարեզում անսկզբունքայինի, ազգային արժանապատվության զգացում ու պետական մտածողություն չունեցողի համբավ ձեռք բերած Սերժ Սարգսյանը:

Այնպես որ, եթե Հայաստանի թիվ մեկ հանցագործը Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում օգուտ տալու ցանկություն ունի, ապա ամեն ինչ պետք է անի, որ ոչ տարատեսակ ընդունելությունների, ոչ ցուցահանդեսների, ոչ համերգների ժամանակ, ոչ էլ Ծիծեռնակաբերդում իր ստվերն անգամ չերևա:

Եվ քանի որ Սերժ Սարգսյանի բարի նպատակների մասին խոսակցությունները, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում, ապա Ցեղասպանության հարցի և առհասարակ Հայաստանի պաշտպանությունը վարչախմբի հակահայկական գործունեությունից պետք է ստանձնի ՀՀ քաղաքացին՝ Ազատության հրապարակում:


 Արեգ Գևորգյան

No comments:

Post a Comment