PropellerAds

Sunday, January 15, 2012

Տեր-Պետրոսյանը պատասխանում է քաղաքացիների ամենասուր հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ





ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 03.10.2011 Ազատության հրապարակում պատասխանել է լրագրողների եւ քաղաքացիների հարցերին. հարց է հնչել` ճի՞շտ է արդյոք, որ տեղյակ չեք եղել Շուշիի ազատագրմանը եւ դեմ եք եղել դրան:                                                                                          

«Եթե ձեզ թվում է, որ ինձնից պետական գաղտնիք կկորզեք, բացառված է: Ես Ղարաբաղի մասին ոչ մի պետական գաղտնիք չեմ հայտնի մինչեւ այդ հարցը վերջնականապես չլուծվի: Ես կուրծք ծեծողը չեմ սրանց նման, որ Ղարաբաղը իրենք են ազատագրել: Ես միշտ խուսափել եմ այդպիսի խոսակցություններից եւ թող ասեն` ես տեղյակ չեմ եղել Շուշիի ազատագրումից..., ինձ համար դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ Շուշին ազատագրված է, Քելբաջարը ազատագրված է: Հայտնի արտահայտություն կա` հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը որբ է: Թող հաղթանակ լինի, ով ուզում է, այդ հաղթանակին տեր կանգնի... Շատ են ասում, որ 1994թ. մայիսին Ղարաբաղի բանակը այնքան հզոր էր, որ կարող էին արդեն գրավել Միրբաշիրն էլ, Եվլախն էլ, Բարդան էլ, Կիրովաբադն էլ, Բաքուն էլ, Լեւոնը չթողեց: Այ ընկեր, եթե մինչեւ այդ այդ յոթ շրջանը գրավեցիք, այդ ո՞նց Լեւոնի չթողնելով գրավեցիք: Եւ եթե Լեւոնը չէր թողնում` այդ 7 շրջանը առանց Լեւոնի թողնելու եք գրավել, ձեզ ի՞նչ էր խանգարում. էլի Լեւոնը թող չթողներ, դուք գնայիք, Բաքուն գրավեիք»,- ասել է առաջին նախագահը:

Առաջին հարցը հետեւյալն էր. «Պարոն Տեր-Պետրոսյան, 2008 թ. մարտի 1-ը շատերը համեմատում են 1996թ. սեպտեմբերի 26-ի դեպքերի հետ, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ»: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ համեմատությունը տեղին է ընդամենը 1 պարագայում, որ 2 իրադարձություններն էլ տեղի են ունեցել ընտրություններից հետո, ընտրությունների արդյունքների հետ կապված բողոքի ցույցերի արդյունքում: «Այդքանով համեմատությունը ավարտվում է, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել մարտի 1-ին, աննախադեպ է հայոց նորանկախ պետության համար: Այսպիսի բռնություն 20 տարվա մեջ ժողովրդի նկատմամբ եւ այսպիսի զոհերի արդյունքով չի եղել:

Փաստ, որ արձանագրված է նաեւ ամերիկյան դիվանագետների վերջերս հրապարակված զեկուցագրերում: Ի՞նչ է տեղի ունեցել 96 թվականի սեպտեմբերի 26-ին: Ընդդիմության թեկնածուն` Վազգեն Մանուկյանը այս հրապարակում հանրահավաք է կազմակերպել, հանրահավաքը տեղափոխել ԱԺ շենքի առջեւ եւ հայտարարել հետեւյալը` հիմա ես մտնում եմ խորհրդարան ԿՀԸ նախագահ Խաչատուր Բեզիրջյանի հետ բանակցելու եւ եթե 20 րոպե հետո դուրս չգամ, բոլորդ եկեք իմ հետեւից: Հենց 20 րոպե հետո ժողովուրդը` մի 5 հազար մարդ, սկսեց բարձրանալ խորհրդարանի ճաղերին, ես իմ գրասենյակում էի, բոլոր նախարարները` ուժային, իրավապահ, եւ այդ օրվա անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր այն ժամանակ դեռեւս ուրիշ անունով հայտնի Սերժիկ Սարգսյանի վրա, որպես Ազգային անվտանգության նախարար. նա էր կոորդինացնում եւ ՆԳ, եւ ԱԱ, եւ մնացյալ իրավապահ մարմինների գործողությունները, անգամ իմ անձնական անվտանգության ծառայությունը դրված էր նրա հրամանի տակ: Ոչ Վանո Սիրադեղյանը, ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ իմ թիկնապահ Ռոման Ղազարյանը այս հարցում որեւէ վճռական խոսք չունեին` բացարձակապես: Նրանք ենթարկվում էին Սերժիկ Սարգսյանի հրամանին (Սերժիկը հետո ինքը փոխեց Սերժ, անձնագրով նա Սերժիկ է): Այդ պահին, երբ բարձրացան ճաղերով եւ ներխուժեցին ԱԺ շենք, Սերժ Սարգսյանը, որպես պատասխանատու, մոտեցավ ինձ (գրասենյակում մի 20 մարդ կար), ասաց` շեֆ, պետք է կրակել: Ասացի` ոչ մի դեպքում, սպասեք: Բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողները առեւանգել եւ Լինչի դատաստանի են ենթարկել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, Սերժ Սարգսյանը նորից կրկնեց` պետք է կրակել: Ես մի պահ մտածեցի եւ ասացի` միայն օդ: Օդ կրակեցին, 10 րոպե հետո ամբողջ ժողովուրդը ցրվեց, եւ մենք կարողացանք այդ առեւանգվածներին փրկել: Ահա այն, ինչ տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին: Ոչ մի արյունահեղություն այդ իրադարձությունների ընթացքում, ոչ մի մարդ հրազենային վնասվածք չի ստացել: Իսկ մարտի 1-ին` 10 սպանված, մոտ 100 հրազենային վիրավորներ, եւ հիմա եկեք այս 2 իրադարձությունները համեմատեք: Ովքեր համեմատում են, նրանք այս մարդասպանների փաստաբաններն են»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Քաղաքացի Կարեն Հարությունյանը հարց էր ուղղել. «Ձեր ժամանակ էլ են եղել քաղբանտարկյալներ` հանձինս դաշնակցական գործիչների, ի՞նչ կասեք այս կապակցությամբ»: Տեր-Պետրոսյանը նշեց, որ դաշնակցական քաղբանտարկյալներ ասելով, ՀՅԴ-ականները նկատի ունեն «Դրոյի գործը» եւ «31-ի գործը»: «Հիշում եք, «Դրոյի գործը» բացվեց 94թ. դեկտեմբերին, իսկ «31-ի գործը» բացվեց 95թ. հուլիսին: Ուրեմն պարզվել էր Բեյրութից Երեւան տեղափոխվող թմրանյութերի մի գործ, մենք ստացել էինք համապատասխան ինֆորմացիա եւ Ռուսաստանի անվտանգության ուժերի հետ համատեղ գործողությամբ կարողացանք բացահայտել այդ գործը: Երբ տեղի ունեցան խուզարկություններ, մեր ձեռքն ընկան փաստաթղթեր, եւ դրանցից պարզվեց, որ այստեղ գործում է մի հզոր տեռորիստական խումբ: Հետո պարզվեց, որ դաշնակցականներ են: Մի 8 հոգի դատվեց տարբեր մեղադրանքներով` նարկոտիկներ, անօրինական զենք եւ այլն, մի 3-4-ը` մարդասպանությունների գործով: 3 մարդասպանություն բացահայտվեց` իրենց ձեռքով կատարված, իրենց իսկ փաստաթղթերով հաստատված: Հիմա` ի՞նչ է տեղի ունեցել: Եթե քաղբանտարկյալ էին դրանք, այդ մարդկանցից 2-ը «Դրոյի գործով», իսկ 1-ը` «31-ի գործով», մինչեւ հիմա նստած են բանտում: Իմ իշխանության օրոք նրանք նստել են 3 տարի, իսկ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ դաշնակցական իշխանության օրոք, որովհետեւ սա դաշնակցական իշխանություն էր 98 թվականից, նրանք կոալիցիայի մաս էին, իրենց այդ դաշնակցական ընկերները նստել են 14 տարի: Եթե նրանք այն ժամանակ քաղբանտարկյալ էին, այսօր էլ են քաղբանտարկյալ, ինչու այդ դաշնակցությունը, որ ինքը իշխանություն էր, այդ մարդկանց չազատեց բանտից, եթե նրանք անարդար էին դատվել: Եւ մի փաստ էլ ասեմ, ավարտեմ: «Դրոյի գործը» բացահայտել է Դավիթ Շահնազարյանը, երբ Ազգային անվտանգության նախարարն էր, իսկ «31-ի գործը» բացահայտել եւ ամբողջ հետաքննությունը վարել ու մինչեւ դատական նիստերի ավարտը վերահսկել է Ներքին գործերի նախարար Սերժիկ Սարգսյանը»,- ասաց առաջին նախագահը:

Մի քաղաքացի հարցրել էր, թե ինչու չեք խոսում ձեր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած սխալներից` ատոմակայանի փակում, սխալ կադրային քաղաքականություն: Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ ատոմակայանը փակվել է 1989-ին հունվարին, երբ ինքը նստած էր Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում, եւ «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամները եւս բանտարկված էին: Նա հիշեցրեց, որ ատոմակայանը փակվել է ԽՍՀՄ ամենաբարձր ատյանների որոշմամբ, անձամբ Հայաստան է եկել Մինիստրների խորհրդի նախագահ Ռիժկովը, այդ ժամանակ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը Սուրեն Հարությունյանն էր, Մինիստրների խորհրդի նախագահը` Ֆադեյ Սարգսյանը, եւ այս 3-ով կայացրել են ատոմակայանը փակելու որոշումը: «Կարծեմ, մի անգամ Ռոբերտ Քոչարյանն էլ խոսեց, թե` հիմար էին այն մարդիկ, որոնք փակեցին ատոմակայանը` ակնարկելով, որ դա մենք ենք փակել: Շատերի մոտ էլ ստեղծվեց այն տպավորությունը, որ մենք փակել ենք, Ռոբերտ Քոչարյանն էլ բացել է: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան է եկել որպես վարչապետ` 1997-ին: Իսկ ատոմակայանը վերագործարկվել է 1995թ. սեպտեմբերին եւ այդ սեպտեմբերից սկսած, մենք արդեն լրիվ հաղթահարել էինք էներգետիկ ճգնաժամը, մենք ժողովրդին էլ, արդյունաբերությանն էլ կարողացանք ապահովել 24 ժամյա էլեկտրաէներգիայով: Ահա սա է փաստը»:

Հարց հնչեց` տնտեսության մոնոպոլ վիճակից դուրս գալու համար ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, ինչպե՞ս եք պայքարելու կոռուպցիայի դեմ: Սույն հարցին հաջորդեցին ռեպլիկներ` չասես, կսովորեն: Ընդհանրապես, ե՛ւ հնչեցված հարցերին ե՛ւ պատասխաններին հանրահավաքի մասնակիցներն արձագանքում էին շատ բուռն:

Տեր-Պետրոսյանին հարցրել էին նաեւ, թե ինչպես է գնահատում Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, մասնավորապես նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի առաջադրման մասին հայտարարությունը, որքանով ազդեցություն կունենան հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա եւ ինչպիսին կլինի այդ ազդեցությունը. «Ես հիմա ինձ թույլ չեմ տա գնահատել Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որովհետեւ դա ոչ միայն քաղաքական առումով կոռեկտ չի լինի: Բայց մի բանի մասին կարող եմ խոսել` ինչպե՞ս կարող են ազդել Ռուսաստանի իրադարձությունները Հայաստանի վրա: Ինձ թվում է, բացարձակապես չեն ազդելու: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները արդեն ստրատեգիական հարաբերություններ են, կայացած, ֆունդամենտալ հարաբերություններ են, եւ իշխանության փոփոխությունը որեւէ ազդեցություն չի ունենա այդ հարաբերությունների վրա: Մի առասպել կա, միայն դրա մասին կարելի է խոսել: Այս թեման նրա համար է Հայաստանում այդքան հետաքրքրություն առաջացրել, որ Մեդվեդեւ-Պուտին այդ փոխատեղումները հանկարծ Հայաստանում օրինակ չծառայեն եւ չօգտագործվեն որոշ մարդկանց կողմից, այդպիսի փոխատեղումներով Հայաստանում իշխանությունը պահելու համար: Գիտեք` Ռոբերտ Քոչարյանի մասին է, որը նաեւ շշուկներով, իր շրջապատի մարդկանց միջոցով տարածում է, որ ինքը Պուտինի մարդն է եւ ինքը լավ թիկունք ունի Ռուսաստանում, հիմա որ Պուտինը եկավ, արդեն վերջ, Սերժը վերջացավ, հիմա սկսում է նորից Ռոբերտի դարաշրջանը: Գուցե ինքը հավատում է այդ բաներին, բայց ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, մենք էլ Լուսնի վրա չենք ապրում, մենք էլ Մոսկվայի հետ ունենք հարաբերություններ, կապեր, մենք շատ լավ գիտենք, թե Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այդ հենարանները փուչ են: Այս մարդը 3 տարի շարունակ չափչփում է Մոսկվայի պետական գերատեսչությունների երրորդական կարգի պաշտոնյաների դռները իր մասին բարենպաստ կարծիք ձեւավորելու համար: Նա երբեք չի հասնում ավելի բարձր մարդկանց, բարձր պաշտոնյաների կամ քաղաքականության մեջ որոշումներ կայացնող մարդկանց: Մոռացեք, դա փուչ առասպել է. գալիս է Երեւան, հավաքում այս միամիտ օլիգարխներին ու նրանց շատ շշուկով բացատրում` գիտե՞ք ինչ, Մոսկվայում բոլոր հարցերը լուծված են, հեսա Պուտինն էլ եկավ, մեր գործերը հաջող են գնալու, հեսա Սերժն էլ պրծավ. Լեւոնն էլ պրծավ, ազգն էլ պրծավ, հեսա մենք ենք: Ասում եմ` ես այդ մարդուն գիտեմ, եւ մի բան էլ կա` այնքան է ասել, որ կամաց-կամաց արդեն ինքն էլ է սկսում հավատալ իր ստերին»,-նշեց Տեր-Պետրոսյանը:
Քաղաքացիներից մեկը հարցրել էր, թե ինչու հրապարակում չեն վճռական գործողությունների կոչ անողները` Սեֆիլյանը, Խզմալյանը, Արարատ Զուրաբյանը, Ռուբինյանը, Արզումանյանը: Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Մի քիչ անհարմար է, որ ես խոսեմ իմ ընկերների մասին: Այստեղ են, այստեղ չեն, դա իրենց ընտրության հարցն է, եւ այդ հարցը, ինձ թվում է, իրենց պետք է ուղղեք: Նաեւ մի բան ասեմ, ինչ-ինչ պատճառներով նրանք խռովել են կամ ինձնից, կամ Լեւոն Զուրաբյանից, կամ Կոնգրեսից: Նորմալ է, քաղաքական երկարատեւ պայքար է, երկարատեւ ծանր աշխատանք, մի մասը չի դիմանում, մի մասը անկեղծորեն համաձայն չէ Կոնգրեսի ղեկավարության գծին, սա էլ եմ շատ նորմալ համարում, բայց կարելի է ինձնից էլ խռովել, Լեւոն Զուրաբյանից էլ` բայց հիմա այստեղ հավաքված է ժողովուրդը, նշանակում է, այդ մարդիկ ժողովրդից են խռովել, ժողովրդից են նեղացել, այ, այդ մի բանը ես չեմ կարող հասկանալ: Որքան ուզում եք` ինձնից խռովեք, Կոնգրեսից խռովեք. ոչ ոք իրավունք չունի խռովելու ժողովրդից»:

                                                                                                                                                                           <<Հայկական Ժամանակ>> Հոկտեմբերի 4, 2011
                                                                                                                                                                

No comments:

Post a Comment