PropellerAds

Saturday, November 19, 2011

Ավազակապետությունը դատապարտված է ինքնաոչնչացման: Արեգ Գևորգյան


Իշխանական ճանբարում տեղի են ունենում հետաքրքիր, ինտրիգային իրադարձություններ՝ աղմկոտ հրաժարականներ, խուլիգան ոստիկանապետեր ու մարզպետներ, հարբած վարչապետներ, չկեղծված իջևանյան ընտրություններ: Հանկարծ դադարեցվում է «հեքիաթային»  Հայաստանի ցուցադրումը հեռուստատեսությամբ և հակառակը՝ բոլոր լրատվամիջոցները սկսում են բարձրաձայն խոսել ամենաարգելված թեմաների մասին, նկատել ժողովրդի գլխին կուտակված խնդիրները: Նրանք մեկ գիշերվա ընթացքում. ենթադրաբար կախարդական փայտիկի օգնությամբ` դառնում են օբյեկտիվ: Այս ամենն իհարկե  ուղղված է մեզ համոզելու այն բանում, թե վերջապես Հայաստանում էլ ձևավորվեց մի այնպիսի իշխանություն, որն ունի բավականաչափ կամք և վճռականություն լափելու սովորությունից ազատվելու և ինքնամաքրման ճանապարհով օրինակարգ իշխանություն ձևավորելու համար: Սակայն հետաքրքրությունը կայանում է նրանում, որ ստեղծված իրավիճակը հավասարապես թե անսովոր է, թե սովորական և ունի շատ պարզ անուն՝ «նախընտրական թատրոն»: 
 Ուղղակի արդար լինելու համար պետք է փաստել, որ ԱԺ նաղընտրական շրջանի համար թատրոնի սցենարը չափից դուրս ինտրիգային է: Շատացել են գլխավոր դերակատարները, բարձրացել է նրանց դերասանական վարպետությունը: Ի տարբերություն նախկին «բեմականացումների», երբ ստեղծվում էին բազմաթիվ կեղծ ընդդիմադիրներ, որոնք ջանասիրաբար քննադատում էին վատ իշխանություններին և որոնց վրա կառուցվում էր քոչարյանասերժական իշխանության ամբողջ նախընտրական խաղը, այս անգամ տեղի է ունենում հակառակը՝  ավազակախումբը, ճի'շտ է չհրաժարվելով փսևդո ընդդիմությունների բազմացումից, ինքն է փորձում ստեղծել Հայաստանում առկա բոլոր արատավոր երևույթների քննադատողի, հետևողականորեն դրանք լուծողի կամ լուծել ցանկացողի կերպարը:  Անգամ սրանց հաստավիզ ներկայացուցիչները փորձում են ստեղծել բարեգործության խաբկանք՝ մեր դիմացը գցելով մեզնից իսկ տարիների ընթացքում գողացվածից կռճոնքերը, ակնկալելով մեր երախտագիտությունը:
 Սակայն Սերժ Սարգսյանի գլխավորած համակարգը, նրա թիմը մտել են շատ բարդ և իր անկանխատեսելիության պատճառով վտանգավոր ու ռիսկային խաղի մեջ: Նրանք հայտնվել են պատերազմի կիզակետում` ստիպված լինելով անմիջականորեն ընդունելով բոլոր հարվածները և զրկված լինելով «բուֆերային գոտուց», այսինքն՝ դհոլնորով ու ԱԽՔ-երով պաշտպանված լինելու հնարավորությունից: Վարչախումբը մնացել է մեն–մենակ իր գլխավոր թշնամու՝ ՀՀ Սահմանադրության և ՀՀ քաղաքացու դիմաց:
Բայց մի՞թե վերոնշյալ խաղի կանոնները Սերժ Սարգսյանի ընտրությունն են հանդիսանում: Իհարկե ո'չ: Իրավիճակը պարտադրված է իշխանություններին: Պարտադրված է չորս տարի հետևողականորեն պայքարող ժողովրդի, և նրան առաջնոջդող քաղաքական ուժի` Հայ Ազգային Կոնգրեսի կողմից: Հենց այս պայքարի արդյունքում է, որ ռեժիմը ստիպված եղավ սպառել իշխանություն պահելու գրեթե իր ողջ զինանոցը: Ինչի արդյունքում ռեպրեսիվ միջոցները ամբողջովին սպառեցին իրենց և այլևս էֆեկտիվ չեն: Տարիների ընթացքում միասնական ընդդիմության պայքարը, որի ընթացքը չի կարողացել կասեցնել ոչ մի բիրտ ուժ իր գործով ապացուցել է, որ ցանկացած բռնություն ծնելու է տասնապատիկ անգամ ավելի հակադրություն: Համաժողովրդական շարժումը ճնշելու յուրաքանչյուր փորձ էլ ավել է մեծացրել ՀՀ քաղաքացու դիմադրողականությունը, և ավելի խացելի է դարձրել ռեժիմին: Այս ընթացքում բացահայտվել են բոլոր դավադրությունները, որ կազմակերպել են իշխանությունները սեփական ժողովրդի դեմ դհոլների ու ազատիչների տեսքով:
 Հետևություն անելով այս ամենից, կարելի է ասել, որ իսկապես այն խաղի կանոնները, որ  «ընտրել է» Սերժ Սարգսյանը լավագույնն են նրա ունեցած բոլոր վատ տարբերակների միջից: Նա ստիպված է ելք փնտրել իշխանության` թիմի ներսում դրանով իսկ ծանր հարվածներ հասցնելով և ավելի ու ավելի թուլացնելով այն սյուները, որոնց վրա կանգնած է ռեժիմը:
Այսպիսով վարչախումբը ինքն իրեն գցել է փակուղու մեջ և դատապարտված է ինքնաոչնչացման, իսկ Հայ Ազգային Կոնգրեսն իր հերթին` այլևս առանց որևե ակտիվ գործողության, ուղղակի իր գոյությամբ` կարող է ամբողջովին քայքայել և վերջնականապես կազմաքանդել ավազակապետությունը: Սակայն, ՀՀ քաղաքացին իրավունք չունի սպասելու: Եկել է ժամանակը`կրկնապատկելու, քառապատկելու, տասնապատկելու համաժողովրդական ճնշումը` Հայաստանում օր առաջ օրինակարգ իշխանություններ ձեավորելու և մեր «Երազանքների հայրենիքը» իրականություն դարձնելու նպատակով:


Արեգ Գևորգյան
19.11.2011 

No comments:

Post a Comment